ՀԻՄԱ


ՆՈՐ ԳՈՐԾԵՐԻՍ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ


Անցած շաբաթ նոր՝ վերջին գրքիցս հետո գրված բանաստեղծություններս կարդացի «Ինքնագիր» ակումբում, որն էս անգամ հանգրվանել էր «Իլիկ» սրճարանում։ Թող ներեն նրանք, որ կուզենային ներկա լինել, բայց տեղեկացված չէին՝ «Ինքնագրի» քննարկումների տեղեկացումը տեսանելի ա միայն համանուն խմբի անդամների համար, իսկ զուգահեռ իվենթ ես չսարքեցի՝ անհամեստորեն մտածելով որ «Իլիկի» աթոռները խիստ քչություն կանեն։ (և իսկապես էլ՝ անում էին):

Կարդացածս բանաստեղծությունները շուտով կհրապարակվեն «Ինքնագիր» և «Գրանիշ» կայքերում (տես՝ բայց սուտ չասես և ես չեմ ուզում վազեմ), բայց մինչև էդ ուզում եմ մի քանի խոսք ասել ընթերցումին հաջորդած քննարկման մասին։ Էդ քննարկումը անցավ արտակարգիրավիճակային էքստրեմալ պայմաններում, ճիշտ ոնց որ տարիներ առաջ «Բնագիր» ակումբի մեր քննարկումներն էին անցնում ՆՓԱԿ-ի հայտնի սենյակում։ Էքստրեմալ պայմանները միշտ իրանց անհարմարությունն ունեն՝ ոմանք, անվարժ լինելով իրավիճակին, չկարողացան արտահայտվել, ինչը լավ չէր ու դրա համար ցավում եմ։ Բայց մեկ ա՝ ես էքստրեմալ պայմաններ սիրում եմ, և նփակյան մեր հանդիպումների փորձով քաջ գիտեմ՝ ինչ շշմելու պտուղներ կարող են դրանք տալ։

Կարող եք հարցնել՝ գրականություն քննարկելու էքստրեմալ պայմանները ո՞րն են։ Ասեմ։ Էքստրեմալ պայմանները էն են, երբ խոսակցությունը գնում ա սահմանի եզրով, երբ հարցականը գնում հասնում ա ամեն ինչի ամենահիմքին։ Նման խոսակցության դեպքում սխալ մտքերը հնարավոր են և նույնիսկ անխուսափելի, իսկ հենցն ընենց խոսքը, ոչինչ չասող սիրուն խոսքը անհնար են դառնում։

Ես Հայաստանից դուրս հնարավորություն եմ ունեցել մասնակցել բազմաթիվ գրական հավաքների, և գիտեմ որ էս արևի տակ շատ քիչ են, երևի մատների վրա հաշվելի են էն վայրերը, որտեղ նշածս սահմանային խոսակցությունը դառնում ա հնարավոր։ Ու էս երջանիկ եմ, որ էդ վայրերից մեկը իմ երկրում, իմ քաղաքում ա։ Ահավոր ուրախ եմ, որ մեր Բնագիր/Ինքնագիրյան քննարկումները վերակենդանանում են։

Շատերը, իրանց խոսքում, էդ օրը կարդացածներս երկու մասի բաժանեցին՝ տեքստեր, որ ակնհայտորեն բանաստեղծություն էին, և տեքստեր, որ շատ նման չէին բանաստեղծության։ Էս երկրորդ մասի մեջ էն գործերն էին, որոնք ես առաջ եթե գրեի, որպես հոդված էի գրելու։ Հիմա գրում եմ որպես բանաստեղծություն, որ բանաստեղծության էնքան էլ նման չի ՃՃ

Սրանից հետո տենց եմ անելու։
  

Կարդացածս բանաստեղծությունները ստեղ են՝




Իլիկ սրճարան, 4 փետրվարի, 2017թ։ Լուսանկարը՝ Մարիա Մխիթարյանի

Իլիկ սրճարան, 4 փետրվարի, 2017թ։ Լուսանկարը՝ Արգամ Երանոսյանի