ՀԻՄԱ


ՀՈՒՍԻԿԸ, ԿԱՐՊԻՍԸ, ՄԱՐԴԱԿԵՐՆԵՐԸ


Երեկ «Ազատություն» ռադիոկայան գնալուց առաջ ինքս ինձ ասեցի՝ Մարինե, հանկարծ ափերից դուրս չգաս, հանգիստ ժպիտով կասես ամեն ինչ, ամերիկացիներից սովորել ես չէ՞ սիրուն ժպտալ։ Բայց չէ, չստացվեց։ Լրիվ հակառակը ստացվեց, նյարդերս դավաճանեցին ու ճիշտ բաների հետ մի երկու անտեղի բան էլ ասեցի, որի համար ափսոսում եմ։ Հիմա, մեկ օր անց, տեսանյութը ուշադիր նայելուց, տակի այլանդակ քոմենթները տեսնելուց, ֆեյսբուքում մի քանի հետաքրքիր արձագանք կարդալուց հետո, նստել եմ որ վերլուծեմ հասկանամ՝ ինչու իմ նյարդերը տեղի տվեցին։ Եվ ամենակարևորը՝ նորից ասեմ էն, ինչը կիսատ ասեցի։

Երբ Նարինե Ղալեչյանն ինձ հրավիրեց «Ըստ Էության» հաղորդման մեջ Հուսիկի «Ապոկալիպտոյի» մասին խոսելու, ասելով որ լինելու ա նաև Կարպիս Փաշոյանը, ես անմիջապես համաձայնեցի, քանի որ գլխավորապես հենց Կարպիսի ասածներին առարկելիք ունեի, հենց Կարպիսն էր Հուսիկի տողերի տակ հերոսականի պատվանդան դրել։ Չորրորդ մասնակցի անունը դեռ պարզ չէր, ես Նարինեին ասեցի՝ եթե անգամ ուրիշ «դեմ» չգտնվի և ես միակ դեմը մնամ էդ բանավեճում, խնդիր չի։ Լրիվ անկեղծ էի, քանի որ հաճախ ա եղել, ֆեյսբուքյան բանավեճերի մեջ մենակ եմ մնացել ու չեմ նեղվել։ Բայց պարզվեց՝ ֆեյսբուքն ուրիշ ա, նկարահանման տաղավարն ուրիշ, և նկարահանվող մեկ սեղանի շուրջ մեկն ընդդեմ երեքի հարաբերակցությունը նյարդերի համար բավական ռիսկային հարաբերակցություն ա։  Ընդ որում մինչև հաղորդումը սկսվելը պարզ չէր թե հարաբերակցությունն էդ ա լինելու, Նարինեն ասել էր՝ չէ, կողմ ու դեմերի հավասար լինելը կարևոր ա ու ինքը կգտնի երկրորդ դեմին։ Ու գտավ Վահե Արսենին, որի ֆեյսբուքյան գրառումները հիմք էին տվել իրան որպես «դեմ» պատկերացնելու։ Իսկ ուղիղ եթերով նկարահանումը երբ սկսվեց, շուտով պարզ դարձավ, որ ոչ միայն հարաբերակցությունն ա մեկն ընդդեմ երեքի, այլև Կարպիս Փաշոյանը համարյա ձայն չի հանում, ու խոսակցությունը բուն ինձ հետաքրքրող հարցից շեղվում ա դեպի «Սպիտակցի Հայկո լսողներ»։  

Կարպիս Փաշոյանը, հիմա արդեն գիտեմ, ճարտար գրիչ ունենալու կողքին, ոնց որ ինքը ասեց, «չխոսկան ա», չի խոսում։ Լավ, ընդունեմ իրականությունը նենց ոնց որ կա, Կարպիսի հետ ձախողված տեսաբանավեճը թողնեմ անցյալում և առարկությունս շարադրեմ գրավոր։  

Կարպիս ջան, եթե դու Հուսիկին Չաադաևի հետ համեմատող քո հանդիսավոր տեքստը չգրեիր, ես Հուսիկի բանաստեղծությանը դժվար թե անդրադառնայի։ Հուսիկը վաղուց գրում ա բանաստեղծություններ, որոնք ունեն առատ հուզականություն, նաև բավարար գրական տեխնիկա, որով էդ հուզականության շուրջ հավաքվում ա ընթերցողների մի որոշակի հաստատուն քանակ։ Դա նորմալ ա, նման բանաստեղծներ կան ու կլինեն բոլոր ժամանակներում։ «Ապոկալիպտոն» իհարկե մի քիչ տարբեր ա, սրա մեջ արդեն ոչ միայն հուզականություն կա, այլև հուսահատության հույզի վրա կառուցված մարգարեության հավակնություն, բայց ես էլի էս բանաստեղծությանը չէի անդրադառնա, գրվածը ավելորդ տեղը չարժևորելու համար / քանի որ անգամ բացսական անդրադարձը միշտ արժևորում ա բանաստեղծությունը/, եթե դու  քո գրառումը չանեիր։ Նրանց համար, ովքեր չեն կարդացել, քո գրածի հղումը դնում եմ ստեղ՝ Երբ Պյոտր Չաադաևը հրապարակեց իր առաջին Փիլիսոփայական նամակը
 ․․․․

Ոգևորված պատմելով ռուս հրապարակախոս Չաադաևի մասին, որի «Փիլիսոփայական նամակները» ժամանակին ցնցել են 19-րդ դարի Ռուսաստանը, Փաշոյանը ասում ա, թե նույնն ա արել Հուսիկ Արան՝ իրականության ճիշտ պատկերը տալով ցնցել ա «գորշ զանգվածին», «որի միակ ու անկրկնելի կերը սրբերն ու հերոսներն են՝ ողողված մոլեռանդ կրոնականությամբ ու շիզոֆրենիկ հայրենապաշտությամբ»: Ըստ Կարպիս Փաշոյանի, դրանք «նոմենկլատուրային գրականության առջև խոնարհվող զանգվածներն են, նրանց օրգազմի աղբյուրը «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» տողերն են, նրանք սնվում են մայր հայրենիքի ու Արարատի մասին պոշլի ոտանավորներով»։   Եվ ահա Կարպիս Փաշոյանը միանում ա Հուսիկ Արայի հերոսական քայլին, իրա վրա ա վերցնում մարդակերների կողմից ուտվելու վեհ առաքելությունը, ասում ա՝ «Եկեք, մի քիչ էլ ինձ հայհոյեք, մի քիչ էլ իմ արյունը խմեք, մարդակերներ ջան, որովհետև ես էլ եմ թքում այս կեղծ իրականության ու պոշլի ռազմահայրենասիրության երեսին»:

Կարպիս Փաշինյանը հայոց հանրային դաշտում անհայտ ֆիգուր չի, Սահմանադրական փոփոխություններին ոչ ասող շարժմանը մասնակցելու համար ժամանակին կորցրել ա պատմության ուսուցչի իրա աշխատանքը, դրանից հետո ակտիվ մասնակցել ա հանրային կյանքին՝ գրելով Հայաստանի քաղաքական խնդիրների մասին։ Խնդրո առարկա էս գրառման տակ լայքել են ակտիվ հանրային դիրքորշում ունեցող շատերը, որոնց մեջ քիչ չեն իմ ընկերները։ Իմ ասելիքը հենց սկզբից ուղղված էր և հիմա էլ ուղղված ա առաջին հերթին նրանց։

Ընկերներ ջան, մենք էսօր, անկախացումից 27 տարի անց, չունենք էն Հայաստանը, որը ուզում ենք ունենալ։ Մեր երկիրը քաղաքական, սոցիալ-տնտեսական շատ լուրջ խնդիրներ ունի, դրանք լուծելու համար հայաստանցին քանի քանի անգամ դուրս եկավ պայքարի, բայց արդյունքի չհասավ,  և էդ ձախողումների արդյունքում՝ հայաստանցիների մի մեծ մասը հոգեբանական ծանր վիճակում ա, հուսահատության մեջ թաղված։ Եվ ահա Հուսիկ Արան գրում ա բանաստեղծություն և դնում ֆեյսբուքում՝

Apocalypto
 

Իմ երկիրը՝ արևելյան թերմացք,
նեխելու է կեղծիքի մեջ ու ստի,
կեղտից-կեղտ սողալու է ճապաղ
ու չի բարձրանա իր կղանքից վեր:
Անսպիտակեղեն, մնալու է ցեխին տապկած՝
թևերի տակ սարդոստայն ու ոչ մի թռչող երազ.
մեր փախուստն է աշխարհում՝ ելք դեպի ներս,
որ ճակատագիր է այլևս, ոչ թե հեգնանք:
 

Էս բանաստեղծության մեջ հուսահատությունը առարկայացել ա որպես ստորին նվաստություն, էդ նվաստությունը ոչ միայն վերագրվել ա ամբողջ երկրին, այսինք թե՝ բոլորին, այլև պրոյեկտվել ա ապագայի վրա՝ որպես հույսի դուռը կողպող մարգարեություն։ Ի՞նչ արձագանք պետք ա ստանար նման բանաստեղծությունը։ Բնականաբար, կգտնվեին նրանք, ում  դուր կգար, քանի որ խոսքի մեջ առարկայացնում էր իրանց պատած հուսահատությունը։ Եվ իսկապես՝ գտնվեցին նման բազմաթիվ ընթերցողներ։ Բնականաբար, կգտնվեին նրանք, ում դուր չէր գա նվաստացման պատկերը՝ «թերմացք, անսպիտակեղեն, կղանք» և այլն, տրված որպես իրանց երկրի ապագայի պատկեր։ Եվ իսկապես՝ նման մարդիկ գտնվեցին, և քանի որ իրանց մեջ կային նաև Հուսիկի ծանոթ գրչակիցներից, մի երկուսը ասեցին՝ Հուսիկ, էս ինչ ես գրել, լավ բան չես արել, հանի։ Մի երկու ֆեյսբուքցի էլ ջղայնացած ավելի կոպիտ բաներ ասեցին։ Տեսնելով որ Հուսիկին կոպտում են, գրչընկերները սկսեցին հրապարակային պաշտպանել։ Էս ամեն ինչը բնական էր ու տրամաբանակսն, բայց մեկ էլ հայտնվեց Կարպիս Փաշոյանը՝ Հուսիկին որպես մարդակերների կողմից հոշոտվող հերոս պատկերող իրա գրառումով, որի տակ, արդեն ասեցի, հայտնվեցին ընկերներիս լայքերը։  

Ինչո՞ւ ա Կարպիսը թանձրացնում գույները, ինչո՞ւ ա խոսում մարդակերներից։ Երևի մտածում ա, թե լավ բան ա անում, քաղաքականապես ճիշտ բան ա անում, ոչինչ, մի քիչ չափազանցենք որ տեղ հասնի, ձեռքը դնենք վերքի վրա ու սեղմենք, որ հիվանդը հասկանա հիվանդ ա, գնա բժշկվելու։ Բայց ամբողջ խնդիրն էն ա, որ դիագնոզը բացարձակ սխալ ա տրված։  

Կարպիս ջան, հայաստանցին էսօր, այո, քաղաքական ապատիայի մեջ ա, բայց դրա մեղավորը քո կարծած «ռազմահայրենասիրությունը» չի։ Անկախության անցած 27 տարիների ընթացքում հայաստանցին բազմաթիվ անգամ ոտքի ա կանգնել ու պայքարել՝ փոփոխությունների հասնելու համար, ու եթե էդ պայքարներից ոչ մեկը մինչև հիմա հաղթանակով չի ավարտվել, արդյունք չի բերել, դրա մեղավորը հաստատ ռազմահայրենասիրությունը չի, եթե անպայման մեղավոր ես ուզում գտնել, էդ շարժումները ղեկավարած քաղաքական գործիչների մեջ փնտրի, նրանց կատարած սխալները վերլուծի։  

Հայաստանը փոխելու համար մենք նախ պետք ա ունենանք էդ ուրիշ, փոխված Հայաստանի պատկերը՝ մեր մտքում։ Որպեսզի փոխված Հայաստանի պատկերը մեր մտքում ունենանք, էդ ուրիշ Հայաստանը նախ պետք ա խոսքի մեջ ծնվի։ Հուսիկի բանաստեղծությունը անում ա սրա ճիշտ հակառակը՝ էն ամբողջ վատը, որ կա էսօրվա Հայաստանում, խտացնելով ու չափազանցելով ստեղծում ա կատարյալ անկարողության մի պատկեր, և էդ նվաստ պատկերը փորձում ա մեխել մեր ապագայի ճակատին՝ որպես անեծք։  

Եվ նրանց, ովքեր չեն ուզում ընդունել նվաստության էդ խարանը, նրանց, ովքեր իրանց ներսում ունեն ուրիշ Հայաստանի պայծառ պատկերը, դու անվանում ես «պոշլի ռազմահայրենասե՞ր»։ Ոնց որ խառնում ես, Կարպիս ջան։