ՀԻՄԱ


ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ


Երկու օր առաջ մի տեքստ գրեցի, կոչվում էր՝ «ԻՆՉՈՒ ԱՊՐԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ»։  Էն մասին էր, որ ես չեմ գնում ուրիշ տեղ ապրեմ, քանի որ Հայաստանն իմ հայրենիքն ա։ Զարմանալի սուր արձագանքներ ունեցավ էս գրածս։ Թե հավանողների քանակն էր անակնկալ, թե առարկումների կտրուկությունը։  Առարկողներն ասում են, թե իմ գործածած «հայրենիք» բառն անորոշ ա, հստակ իմաստ չունի,  ասում են՝ ճիշտ կլինի գործածել «պետություն» բառը, որ հստակ ա ու հասկանալի, իսկ հայրենիքը չես հասկանում որն ա, հնարված ա էդ բառը, ֆիկցիա։ Ասում են՝ կամ էլ բացատրի, թե ինչ ես հասկանում հայրենիք ասելով։

 
Հիմա նստել եմ՝ նոր տեքստ գրեմ ու բացատրեմ, թե ինչու եմ ես համոզված, որ հայրենիք ասվածը կա, որ ես հայրենիք ունեմ։

Չէ, հենց սկզբից ասեմ, որ ես հայրենիքի սահմանումներ չեմ մեջբերելու կամ էլ ձեւակերպելու։ Ես գիտնական չեմ ու սա իմ համար տեսական հարց չի։ Ես բացատրելու եմ իմ կյանքի, եւ ուրիշների կյանքի, կոնկրետ օրինակներով, թե ինչու եմ համոզված որ հայրենիքը կա՝ որպես պետության հետ կապված, բայց պետությունից տարբեր մի բան։

Ես ծնվել եմ, ապրել եմ Սովետական Միությունում եւ էդ երկիրը շատ լավ հիշում եմ։ Սովետական Միությունը էն պետությունն էր, որտեղ ես ապրում էի։ ՍՍՀՄ-ն իհարկե ֆորմալ առումով ֆեդերացիա էր եւ սովետական հանրապետություններից էր կազմված, որոնցից մեկն էլ Սովետական Հայաստանն էր։ Բայց Սովետական Հայաստանն իրականում պետություն չէր, չուներ ոչ սեփական ներքին քաղականություն, ոչ արտաքին քաղաքականություն, նույնիսկ սեփական դպրոցական դասագրքեր չուներ՝ մենք սովորում էինք ամբողջ Սովետական Միության համար ընդհանուր դասագրքերով, ուղղակի եթե «հայկական» դպրոց էինք գնում, էդ դասագրքերը հայերեն էին թարգմանված։ Այսինքն, կրկնում եմ, իմ ապրած պետությունը Սովետական Միությունն էր։ Բայց Սովետական Միությունն իմ հայրենիքը չէր, իմ հայրենիքը Հայաստանն էր։ Ի դեպ, սովետական ժամանակներում մի խորամանկ պրոպագանդիստական հնարք կար, ասում էին՝ «մեծ հայրենիք, փոքր հայրենիք»։ Էդ հնարքով ինձ փորձում էին համոզել, թե իմ մեծ հայրենիքը Սովետական Միությունն ա, փոքր հայրենիքը՝ Սովետական Հայաստանը։ Բայց ես չէի համոզվում։ Ես համաձայն չէի էդ հիերարխիային՝ փոքրը մեծի մեջ։ Ես գիտակցում էի, որ դա պրոպագանդա ա ու բլեֆ։ Ես ուզում էի, երազում էի, որ իմ հայրենիքն էլ, պետությունն էլ Հայաստանը լինի, որ Հայաստանն անկախ լինի։ Ես երրորդ դասարանում էի, երբ որ իմ Արմեն քեռին Րաֆֆու «Կայծերի» հսկա հատորը դրեց գիրկս, ու ես հիմա իրա ասած բառերը չեմ հիշում, բայց իմաստը հիշում եմ, ասեց՝ մի օր մենք էլ պետություն կունենանք։

(Քիչ ազգեր կան, որոնց գրականության մեջ պատմավեպն էդքան կենտրոնական ժանր լինի, ոնց որ հայերիս մեջ, ու է՛լ ավելի քիչ ազգեր կան, որոնց պատմավեպերի կենտրոնական թեման պետականաստեղծումը լինի, ոնց որ մերոնցում ա։ Երբ որ էդ վեպերը գրվում էին, Հայաստանը չկար որպես պետություն։ Բայց կար՝ որպես հայրենիք, դրա համար էլ  ստեղծվում էին էդ վեպերը։ Դրանց սյուժեն պատմական էր, պատմությունն էր, բայց դրանց թեման անցյալը չէր, ապագան էր՝ ապագա հայկական պետությունը)։

Ինձ իհարկե կարող են առարկել, թե էս ամեն ինչը վերաբերում ա անցյալին, իսկ հիմա, երբ կա արդեն Հայաստանի Հանրապետությունը, պետք ա հրաժարվել հայրենիք բառի գործածումից եւ գերադասությունը տալ պետություն բառին։ Ես նաեւ կռահում եմ, թե ինչու իմ որոշ ընկերների էդքան ջղայնացնում ա հայրենիք բառը։ Որովհետեւ իրանց թվում ա, թե հայրենիք բառի դիսկուրսը մեզ շեղում ա Հայաստանի էսօրվա հրատապ խնդիրներից։ Եվ ստեղ ահա գալիս հասնում ենք ամենա ամենա կարեւոր խնդրին։

Հայաստանը երիտասարդ պետություն ա, դժվար պետություն։ Նոր ստեղծված պետությունները սովորաբար հենց դժվար են լինում։ Բայց էս մեծ աշխարհում լիքը ուրիշ պետություններ կան, էդ թվում՝ մանկության դժվարությունները վաղուց հետեւում թողած, կայացած, հարուստ, բարեկեցիկ պետություններ։ Ուրեմն ինչո՞ւ ես չեմ թողնում Հայաստանն ու գնում բարեկեցիկ երկրներից մեկում ապրելու։ Որովհետեւ Հայաստանն իմ պետությո՞ւնն ա։ Հիմար պատասխան։ Է ես կգնայի Ամերիկայում կամ Ֆրանսիայում կապրեի, Ամերիկան կամ Ֆրանսիան շատ արագ կդառնային իմ պետությունը։ Ես չեմ գնում, որովհետեւ Հայաստանն իմ հայրենիքն ա։ Ես ուրիշ ո՞նց պատասխանեմ էս հարցին, որ սուտ չլինի եւ հայրենիքն բառն էլ մեջը չլինի։ Անհնար ա։

Ես տեսել եմ 88-ի շարժումը։ Տեսել եմ, քաջ հիշում եմ դրա ֆենոմենալ էներգետիկան։ Եւ դա հենց հայրենիքի՛ էներգետիկան էր, հայրենիքի սերը։ Դարերով ահընդհատ հայրենիք կորցնելուց հետո վերջապես հայրենիք վերադարձնելու հնարավորությունը տեսած ազգի պոռթկումը։  Ինչո՞ւ ա հայրենիքը ուժ տալիս քեզ։ Որովհետեւ դու հիշում ես մարդկանց, որոնք չկան արդեն, բայց ոնց որ նայում են քեզ, ոնց որ կողքիդ են ու ասում են՝ մենք չկարողացանք, իսկ դու կարողացի՛, դու կկարողանա՞ս։ Եվ քո ուժը, քո կամքը եռապատկվում ու քառապատկվում ա։ Սրա անունը իհարկե կարելի ա դնել «ֆիկցիա»։ Բայց էդ դեպքում մարդու համար ամենակարեւոր բաներն էլ են ուրեմն ֆիկցիա՝ սերը, արդարությունը, ազատությունը։ Դրանք մարդու գլխի մեջ են, բայց դրանց համար մարդիկ գնում մեռնում են։

Ես վստահ եմ՝ Հայաստան պետության էսօրվա ոչ նախանձելի վիճակը գալիս ա հենց նրանից, որ մենք չկարողացանք տեղավորել Հայաստան պետության կառուցումը հայրենիքի կոնտեքստում։ Ղարաբաղի հարցը բոլոր հայերին հասկանալի էր որ հայրենիքի հարց էր, ու մենք ազգովի ոտքի կանգնեցինք, պատերազմում էլ հաղթեցինք։ Հայաստան պետության կառուցումն էդ հաղթանակի շարունակությունը պետք ա լիներ, դարերի պարտություններից հետո վերջապես հաղթանակ տարածին արժանի հայրենիքի կառուցումը պետք ա լիներ, բայց մենք մեր պետության կառուցումը չկարողացանք կամ չուզեցինք ձեւակերպել որպես հայրենաշինություն։ Ավելին, մենք կատարեցինք ամենամեծ սխալը՝ պետության կառուցումը հակադրեցինք ղարաբաղյան հաղթանակին, եւ արդյունքում էսօր ունենք էն, ինչ ունենք՝ մեզ ոչ արժանի, մեր հաղթանակին ոչ արժանի Հայաստան։

2015թ․