ՀԻՄԱ


Ի՞ՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՀԱՍԱՆ ՋԵՄԱԼԸ

Ջեմալ փաշայի թոռան հետ կազմակերպված հանդիպումը շատ տխուր տպավորություն թողեց։ Ի՞նչ էին մտածել էդ հանդիպման կազմակերպողները՝ Հասան Ջեմելին հրավիրելով Երեւան։ Ոնց հասկանում եմ՝ մտածել էին քայլ անել հայ-թուրքական երկխոսության ճանապարհին, եւ նման ակնկալիք ունենալու համար հիմք էր ծառայել էն, որ Հասան Ջելալը գիրք ա գրել՝ «1915: հայոց ցեղասպանություն» վերնագրով։

Լավ։ Մարդը եկավ, կինոՄոսկվայի բեմից բավական երկար խոսեց, հայտնեց իրա դիրքորոշումը։ Ես դահլիճում չկայի, բայց Սիվիլնեթի եթերով նայել եմ հանդիպման ամբողջ տեսագրությունը։ Հասան Ջեմալը սկսեց նրանից, որ ինքը Հրանտ Դինքի («սիրելի Հրանտ եղբորս») միջոցով ա հաղորդակից դարձել հայոց ցավին ու գրել ցեղասպանության մասին գիրքը, հետո անցավ ազգայնականությանը՝ պնդելով թե ազգայնականությունը միշտ խաղաղության թշնամին ա։ Ջեմալը չմոռացավ նշել նաեւ սեփական ցավերի մասին։ Սկզբում հիշեց թե ոնց հայերը Լոս Անջելեսում սպանել են իր ընկեր դիվանագետին, հետո սկսեց պատմել Մորգենթաուի հիմնած մի կազմակերպության հրավերով Հարվարդի համալսարանում ունեցած մի հանդիպման մասին, անսպասելի շրջադարձ կատարեց դեպի Արմեն Գեւորգյան («իմ եղբայրը՝ Արմեն», «ես հանդիպել ու զրուցել եմ իրա հետ», «ինքը ստեղ ա»), որի պապը անցած դարասկզբին Թիֆլիսում Ջեմալ փաշային սպանող «չեթեյի» անդամներից ա եղել, նորից վերադարձավ Հարվարդի հանդիպմանը, որտեղ թռուցիկներ էին բաժանել էն մասին, թե հանդիպումը կազմակերպած տվյալ կազմակերպության անդամները դավաճանել են իրանց հիմնադիր Մորգենթաուի սկզբունքներին՝ ձեռքներն արնոտ մարդու թոռանը հրավիրելով։ Հասան Ջեմալի խոսքի էս վերջին հատվածը ամենամեծ արձագանքներին արժանացավ՝ «չեթե» (ավազակախումբ) բառի պատճառով։ Մի փոքր ավելի ուշ Հասանը հարցազրույց տվեց Սիվիլնեթին, որտեղ զայրույթ էր հայտնում, թե ինչու չարամտորեն անտեսել էին իրա ասած լավ բաները եւ կպել հենց էդ բառին, երբ որ դա ընդամենը պատահականություն էր՝ ինքը ուղղակի չէր գտել ավելի լավ ձեւակերպում։ Բայց խնդիրն էն ա, որ եթե անգամ Հասանը ավելի ավելի զգուշ գտնվելով էդ բառը օգտագործած էլ չլիներ, մեկ ա, իրա խոսքը անընդունելի էր լինելու, քանի որ առանց էդ բառի էլ, նշածս հատվածում կա զուգահեռն ու հավասարեցումը՝ ցեղասպանության հեղինակների եւ «Նեմեսիս» գործողության հեղինակների ՝ Ջեմալին սպանած վրիժառուների միջեւ։ Հենց էդ զուգահեռը անցկանցնելու համար էլ, սկսելով Հարվարդի համալսարանում ունեցած հանդիպման պատմությունը, մեր հյուրը շրջադարձ էր կատարել դեպի Ջեմալ փաշային սպանած Արմեն Գեւորգյանի պապը, հետո նորից վերադարձել Հարվարդի հանդիպմանն ու պատմել թռուցիկի պատմությունը, որտեղ գրված էր, թե չի կարելի հրավիրել ձեռքերն արնոտ մարդկանց թոռներին։ Ավելի պարզ ասած, Հասանն ասում էր՝ եթե ես իմ պապին սպանածի թոռ Արմենին ներել եմ ու իրան եղբայր եմ անվանում, ուրեմն դուք էլ պետք ա ցեղասպանությունը կազմակերպած իմ պապին ներեք, կորչի ազգայնականությունը, կեցցե խաղաղությունը։


Նման դիրքորոշում հայտնողը կամ չի հասկանում՝ ինչ ասել ա 1915 եւ ցեղասպանություն (չնայած դրա մասին գիրք ա գրել), կամ էլ հասկանում ա բայց գիտակցված լղոզում ա։ Ցավոք, կինոՄոսկվայում տեղի ունեցած հանդիպումը ավելի շատ մենախոսության էր նման եւ Հասան Ջեմալին սրա մասին չասվեց։ Երեւի փորձելով շտկել վիճակը, Սիվիլիթասը կազմակերպեց նշածս հետհանդիպումյան հարցազրույցը Հասան Ջեմալի հետ, հարցնելու համար թե ինչո՞ւ վերջինս օգտագործեց «ավազակախումբ» բառը ։ Բայց չէի ասի թե էդ հարցազրույցով վիճակը շտկվեց, որովհետեւ պարոն Ջեմելը ոչ միայն չընդունեց սեփական սխալը, այլ արդեն սկսեց մեղադրանքներ ներկայացնել, թե՝ «մի գուցե ոմանց պետք էր կառչել էդ բառից, որ իմաստազրկեին իմ ասած կարեւոր բաները»։

Հասան Ջեմալի ասածների մեջ իսկապես կարեւոր բան կար, ու շատ վտանգավոր բան՝ օգտագործել ցեղասպանություն բառը, դրա միջից հանելով բուն բովանդակությունը։ Հասկանանք սա, ու գոնե փորձ քաղենք էս տխուր հանդիպումից։ 

Էս տեքստս նախ հրապարակվել ա իմ բլոգում՝ Ի՞ՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՀԱՍԱՆ ՋԵՄԱԼԸ