ՀԻՄԱ


ԶԱՐՄԱՆԱԼԻ ՇԵՆՔԸ ՈՐ ՏԵՍԱ


Մի երկու շաբաթ առաջ էր, վարսավիրանոցից դուրս եկա ու սովորականի պես Թումանյանով դեպի Արաբկիր վերադառնալու փոխարեն, չեմ հիշում ինչու, որոշեցի ցած իջնել դեպի Հանրապետության հրապարակի մետրոն։ Անցած տարվանից, երբ սկսեցի Երևանի ճարտարապետության մասին գրել, ես հիմա փողոցներով քայլելիս հայացքս դեպի վեր եմ հառում, դեպի աջի կամ ձախի շենքերը, հեռախոսս էլ գրպանումս կամ ձեռքումս միշտ պատրաստ պահած ունեմ, քանի որ հասկացել եմ, որ անակնկալներն անխուսափելի են։ Էս անգամ էլ անակնկալը չուշացավ։  

Հանրապետության փողոցով իջնում էի։ Ձախում սպիտակ շենք էր։ Առաջինը հենց դա ուշադրությունս գրավեց՝ որ հին էր ու վարդագույն չէր։ Մի պահ պարզ շենք թվաց, բայց հաջորդ պահին պատշգամբների փորվածքները նկատեցի ու հասկացա, որ անակնկալը սկսվեց: Կոնստրուկտիվիզմի նշանները պարզ երևում էին, բայց պարզ կոնստրուկտիվիզմ չէր, հետը էլի ինչ-որ բան կար։ Ժեստ կար մեջը, սիրուն ու անսովոր ժեստ։ Բայց համ էլ մի տեսակ ոնց որ անփույթ գծված լիներ։ Սարքովի անփույթ։ Անփույթ-սիրուն։ Մեկ էլ հանկարծ նկատեցի ինչ մեծ ա շենքը, Հանրապետության փողոցը հատվեց Վարդանանցի հետ, դեպի ձախ շենքը անվերջ շարունակվում էր, ասեցի անցնեմ Վարդանանցի հակառակ մայթը, որ դիմացից նկարեմ, քիչ էր մնում ընկնեի մեքենայի տակ, զգացի որ հուզվել եմ։ Հետո քայլում էի, նկարում էի, ու մտածում էի՝ ինչի՞ց եմ ես սենց հուզվել։ 

Շենքը, ասեցի, մեծ էր։ Անսովոր մեծ։ Եթե Հանրապետության փողոցով ցած իջնելով ասեմ, բռնում էր էդ փողոցի ամբողջ ձախ մայթը՝  Տպագրիչների և Վարդանանցի միջև, հետո Վարդանանցով երկար շարունակվում էր դեպի ձախ՝ մինչև համանուն անցուղին, որի վրա էլի մի քիչ շարունակվելով, ընդհատվում էր ոճական առումով բավական մոտ մեկ ուրիշ շենքով, հետո նորից շարունակվում՝ արդեն Տպագրիչների փողոցի վրա, հետ, մինչև Հանրապետության, գծելով ոչ լրիվ ուղղանկյուն։ 

Արդեն հասկացել էի, որ սովետական վաղ շրջանի շենք ա։ Ու թամանյանական չի, հակառակ գիծն ա ներկայացնում՝ կոնստրուկտիվիզմ-ավանգարդ։ Հասցեն կար վրան՝ Հանրապետության 62։ Եթե օտար երկրում լինի, անմիջապես կգուգլեի հեռախոսով, կտեսնեի ով ա հեղինակը, ինչ նախապատմություն ունի շենքը։ Բայց Երևանում էի ես ու չէի շտապում, ուզում էի երկարաձգել հայտնագործումների տված վայելքի ամենաթանկ մասը՝ երբ դեռ չգիտես ինչ ա դիմացդ, բայց տեսել ես արդեն ու վայելում ես՝ անանուն։ Մի քանի անգամ պտտվեցի հսկա շենքի շուրջը։ Տպավորությունը չէր խամրում։ Ու հանկարծ հասկացա՝ ինչու էի հուզվել։ Շենքեր կան, որ պարզապես բնակվելու համար են, արվեստի հետ կապ չունեն։  Շենքեր էլ կան, որ նայելու համար են, ոնց որ Գաուդիի շենքերը,  ասում են՝ նայի, նայի ինձ, տես ինձ, գժական արվեստ եմ ես։ Էս շենքը, որ Երևանի Հանրապետության փողոցի վրա հայտնագործել էի, ոչ մեկն էր, ոչ մյուսը, ավելի ճիշտ, երկուսը միասին էր՝ բնակելի ավանգարդ, ավանգարդ, որի մեջ մարդիկ պարզապես ծնվել ու ապրում են։

Բայց ո՞վ ա նախագծել էս զարմանալի շենքը, գրողը տանի։ 

Եկա տուն, «Այլ Երևան» կայքում գտա Հանրապետության 62 շենքը, գրած էր՝ «Սինթետիկ կաուչուկի գործարանի բնակելի շենք։ Ճարտարապետ՝ Տիրան Երկանյան։ Կառուցվել է 1934-38թթ․»։ Տիրան Երկանյանի անունը կինո Մոսկվայի հետ կապված էի հիշում, որպես հեղինակներից մեկը, Գևորգ Քոչարի հետ։ Համացանցում փնտրեցի, գտա Լոլա Դոլուխանյանի հոդվածը Երկանյանի մասին, ու դրանում մի քիչ պատմված էր, թե ոնց ա եղել, որ շենքը մաքուր կոնստրուկտիվիստական չի, բայց մեկ ա՝ ավանգարդ ա։

Կոնստրուկտիվիզմը Ռուսաստանում սկիզբ առած և սովետական առաջին տասնամյակում Հայաստանում տարածված արվեստի ուղղություն էր, որը մեծապես ազդել ա ժամանակակից արվեստի, մասնավորապես ճարտարապետության զարգացման վրա՝ ամբողջ աշխարհում։ Կոնստրուկտիվիստները հեղափոխական արվեստագետներ էին, բայց հեղափոխական արվեստի ժամանակները Սովետական Միությունում, հիշում եք երևի, շատ կարճ տևեցին և արդեն 30-ականների սկզբին կոնստրուկտիվիզմը հայտարարվեց կուսակցական գծին հակառակ  ուղղություն, որի համար կարելի էր սիբիրներում հայտնվել։ Կոնստրուկտիվիզմը մաքուր ձևով շարունակելն արդեն անհնար դարձավ, և էդ ուղղության ներկայացուցիչները սկսեցին դիմել տարբեր հնարքների՝ կոնստրուկտիվիստ չկոչվելու համար։ Արդյունքում 30-ականներին ծնվեց էն ուղղությունը, որը հետադարձով հիմա անվանում են պոստկոնստրուկտիվիզմ։ Եթե կոնստրուկտիվիստական շենքերին հատուկ էր ձևերի ասկետիզմը, որն էլ հենց դարձել էր քննադատությունների թիրախ, պոստկոնստրուկտիվիստները փորձում էին դա հաղթահարել՝ մտցնելով որոշակի դեկորատիվ տարրեր։ 

Հիմա գանք կաուչուկի գործարանի բնակելի շենքին։ Կարելի՞ ա դա անվանել պոստկոնստրուկտիվիզմի դրսևորում։ Դժվար հարց ա։ Ակնհայտ ա, որ էստեղ նույնպես կոնստրուկտիվիզմի ասկետիկ ֆունկցիոնալությունը որոշակիորեն «հաղթահարված» ա՝ դեկորատիվությամբ։ Մենակ թե, եթե պոստկոնստրուկտիվիստները դա անում էին՝ դեկորատիվ տարրերը վերցնելով դասական ճարտարապետությունից, ապա Տիրան Երկանյանն էս շենքում արել ա ճիշտ հակառակը՝ դեկորատիվությունը վերցրել ա ավանգարդ արվեստից։ Արդյունքում էս շենքի դեկորատիվությունն էլ ա ինչ-որ տեղ ասկետիկ ու մինիմալիստական։ Հենց մենակ  պատշգամբների փորվածքները ինչ ասես արժեն։

Ավանգարդ ճարտարապետության ճակատագիրը ողբերգական ա Հայաստանում։ Մի կողմից՝ մենակ 30-ականներին ա, որ դրա համար Սիբիր էին աքսորում։ Բայց մյուս կողմից՝ մենակ 30-ականներին ա երևի, որ դրա մասին խոսում էին, գրում էին, քննարկում էին։ Մնացած ժամանակ՝ լռություն։ Շենքերը կան, բայց ոնց որ չկան։

Ես մի ժամանակ ճարտարապետներին նախանձում էի։ Մտածում էի՝ ճարտարապետները բանաստեղծի պես կարիք չունեն, որ ընթերցողն իրանց գիրքը ձեռք բերի, նոր կարդա, ճարտարապետի ստեղծածը բոլորի աչքի առաջ ա, մխրճվում ա բոլորի կյանքի մեջ։ Հիմա հասկացել եմ, որ երևի սխալ էի։ Ես ծնված օրիցս Երևանում եմ ապրել, Հանրապետության փողոցով եթե ոչ հազար, գոնե մի հարյուր անգամ իջած բարձրացած կլինեմ, բայց Տիրան Երկանյանի նախագծած զարմանալի շենքը չէի նկատել, նոր տեսա։ Փաստորեն շենքն էլ, տեքստի նման, կարդացվելու կարիք ունի։

Տեքստը նախ հրապարակվել ա ԹԵՐԹ․am-ի իմ սյունակում՝  ԶԱՐՄԱՆԱԼԻ ՇԵՆՔԸ ՈՐ ՏԵՍԱ