ՀԻՄԱ


ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ՊԱՀԱՆՋԸ ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ


Դուք չունե՞ք էն զգացողությունը, որ Գյումրու սարսափելի դեպքից հետո Հայաստանում մի տեսակ ուրիշ ա։ Ինչ-որ բան ա փոխվել, շատ կարեւոր բան։ Աչքերս փակում եմ, փակ աչքերիս առաջ՝ գյումրեցի տղամարդկանց կոպիտ ու տխուր դեմքերն են։ Ու մի տեսակ դժվարացել ա խոսելը, ծանր մի բան կա օդի մեջ, բայց լավ իմաստով՝ ծանր, էն որ ասում ա՝ մի հատ թափ տուր քեզ։

Էսօր ռուսական մի հեռուստահաղորդման տեսագրություն էի նայում, մեկ էլ հաղորդավար աղջիկը վստահ տոնով ասում ա՝ «Գյումրիի ռուսական բազան ավելի շատ Հայաստանին ա պետք, քան Ռուսաստանին»։ Հրավիրված ռուս քաղաքագետն առարկում ա թե՝ «էնքան էլ այդպես չի, դա տարածաշրջանում մեր ազդեցության ապահովման համար ա, ռազմավարական նշանակություն ունի մեր համար»։ Հարց տանք ինքներս մեզ՝ ո՞նց ա ստացվել, որ առաջին պատկերացումը բացահայտորեն գերակշռում ա, եւ գերակշռում ա (ամեն դեպքում մինչեւ վերջերս գերակշռում էր) ոչ միայն Ռուսաստանում , այլ նաեւ Հայաստանում։ Սա ոչ թե պարզապես սխալ ա, սա մի շատ վտանգավոր հոգեբանական հանգույց ա, որը հիվանդ ա դարձնում, ես կասեի՝ հիմքից փտացնում ա հայ-ռուսական հարաբերությունները։

Եթե մենք ուզում ենք Ռուսաստանի հետ ունենալ առողջ դաշնակցային հարաբերություններ, պետք ա նախ եւ առաջ ազատվենք հոգեբանական էս թակարդից՝ թե իբր Ռուսաստանը Հայաստանին պետք ա, իսկ Հայաստանը Ռուսաստանին՝ առանձնապես չէ։ Տարրական տրամաբանությունն անգամ հերիք ա հասկանալու համար, որ տենց չի կարող լինել, որ եթե Հայաստանը Ռուսաստանին պետք չլիներ, Մոսկվան վաղուց ճամպրուկները հավաքել գնացել էր ստեղից, պետությունների հարաբերությունները երբեք բարեգործության հիմքով չեն կառուցվում, եւ Մոսկվան մեզ բարեգործություն չի անում մեր մոտ բազա պահելով, եթե էդ բազան Գյումրիում կա, ուրեմն դա Ռուսաստանին պետք ա։

Եթե գյումրեցիների բողոքի գործողությունները չլինեին, ռուսական հեռուստաալիքները ընդհանրապես բանի տեղ չէին դնի էս ողբերգությունը, ոնց որ սկզբում բանի տեղ չէին դնում, բայց հետո՝ ստիպված եղան։ Եվ Պուտինն էլ իհարկե ձայն չէր հանի, իսկ հիմա, թեկուզ կիսատ պռատ, բայց ձայն հանեց։ Հայաստանի արժանապատվությունը պահողը տվյալ դեպքում ոչ իշխանություններն էին, որոնք քաջ գիտենք որ նման բանի ընդունակ չեն, ոչ էլ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք էս դեպքում լուռ մնացին։ Հայաստանի արժանապատվությունը պահողը Գյումրու պարզ ժողովուրդն էր, որի մեջքը երկրաշարժից ու սարսափելի աղքատությունից կոտրված էր թվում։ Մի պահ գուցե իսկապես հենց կոտրված էլ կար։ Բայց ուղղվեց։ Առողջ էր ուրեմն։

Եվ հայաստանցի պարզ մարդը դրանով հստակ ու անշփոթելի պատվեր տվեց Հայաստանի քաղաքական ուժերին՝ շտկել հայ-ռուսական հարաբերությունները եւ դրանք դարձնել արժանապատիվ։ Հեշտ խնդիր չի, դժվար իրագործելի խնդիր ա։ Բայց պե՛տք ա անել։ Անպայման։ Դա իմպերատիվ ա։ Հրամայական պահանջ։ 

Էս տեքստը նախ հրապարակվել ա իմ բլոգում՝
Հայ մարդու պահանջը հայոց քաղաքական ուժերից