ՀԻՄԱ


ՍԿՍՈՒՄ ԵՄ

Ես ծնվել եմ Սովետական Միությունում
տեսել եմ ոնց փուլ եկավ էդ երկիրը՝
աշխարհի երկու գերտերություններից մեկը 
ու դրա հետ էլ
փոխվեց ամբողջ աշխարհը

Ես տեսել եմ 1988-ի շարժումը
տեսել եմ Ղարաբաղի պատերազմը
տեսել եմ ոնց ստեղծվեց ներկա Հայաստանի Հանրապետությունը
որն արդեն 28 տարեկան ա

Ես տեսել եմ 2008-ի շարժումը
իսկ անցած տարի տեսա նաև 2018-ի հեղափոխությունը
որն ըստ էության 2008-ի հաղթական շարունակությունն էր
արդեն նոր պայմաններում և նոր առաջնորդով

Ու հիմա
2019 թվականի էս ամենաառաջին օրը
ես սկսում եմ մի տեքստ
որը չի վերջանա
միայն կընդհատվի
կընդհատվի էն ժամանակ երբ ընդհատվի իմ կյանքը

Էս վերջինս չգիտեմ երբ կլինի
բայց պարզ ա որ մի օր կլինի
ես ուզում եմ
մինչև էդ օրը
տեսնեմ ոնց ա Հայաստանը դառնում լրիվ ուրիշ
ոչ թե մեր երազներում այլ իրականում
ես ուզում եմ տեսնեմ
ոնց ա Երևանը դառնում Ոսկի քաղաք

Ես գիտեմ որն ա Ոսկի քաղաքը
բայց երկու բառով ասել չեմ կարող
պետք ա երկար պատմեմ
դրա համար էլ գրում եմ էս տեքստը

Ինձ թվում ա եթե ես պատմեմ Ոսկի քաղաքի մասին
ինքն ավելի շուտ կգա
ու ես կտեսնեմ իրան
կհասցնեմ տեսնել
ձեր հետ միասին

Դրա համար էլ գրում եմ էս տեքստը
արդեն սկսեցի


Շարունակություն՝
ՔԱՂԱՔՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  https://www.marinepetrossian.com/hy/golden-city-2


Ամբողջ տեքստը՝ 
ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ https://www.marinepetrossian.com/hy/golden-city