ՀԻՄԱ


ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

Ես ծնվել եմ Սովետական Միությունում
տեսել եմ ոնց փուլ եկավ էդ երկիրը՝
աշխարհի երկու գերտերություններից մեկը
ու դրա հետ էլ
փոխվեց ամբողջ աշխարհը

Ես տեսել եմ 1988-ի շարժումը
տեսել եմ Ղարաբաղի պատերազմը
տեսել եմ ոնց ստեղծվեց ներկա Հայաստանի Հանրապետությունը
որն արդեն 28 տարեկան ա

Ես տեսել եմ 2008-ի շարժումը
իսկ անցած տարի տեսա նաև 2018-ի հեղափոխությունը
որն ըստ էության 2008-ի հաղթական շարունակությունն էր
արդեն նոր պայմաններում և նոր առաջնորդով

Ու հիմա
2019 թվականի էս ամենաառաջին օրը
ես սկսում եմ մի տեքստ
որը չի վերջանա
միայն կընդհատվի
կընդհատվի էն ժամանակ երբ ընդհատվի իմ կյանքը

Էս վերջինս չգիտեմ երբ կլինի
բայց պարզ ա որ մի օր կլինի
ես ուզում եմ
մինչև էդ օրը
տեսնեմ ոնց ա Հայաստանը դառնում լրիվ ուրիշ
ոչ թե մեր երազներում այլ իրականում
ես ուզում եմ տեսնեմ
ոնց ա Երևանը դառնում Ոսկի քաղաք

Ես գիտեմ որն ա Ոսկի քաղաքը
բայց երկու բառով ասել չեմ կարող
պետք ա երկար պատմեմ
դրա համար էլ գրում եմ էս տեքստը

Ինձ թվում ա եթե ես պատմեմ Ոսկի քաղաքի մասին
ինքն ավելի շուտ կգա
ու ես կտեսնեմ իրան
կհասցնեմ տեսնել
ձեր հետ միասին

Դրա համար էլ գրում եմ էս տեքստը
արդեն սկսեցի

---

Ոսկի քաղաքն էն քաղաքը չի
որ ոսկուց ա սարքած
ոսկի քաղաքն էն քաղաքն ա
ուր կարիքը չի խեղդում մարդուն
ուր մարդը կարողացել ա տարածություն բացի
ազատության համար

Կենդանին ծնվում ա, ապրում ա, մեռնում ա,
մարդն էլ ա ծնվում, ապրում, մեռնում,
մարդը տուն ա սարքում որ ապրի
կենդանին էլ ա բույն սարքում

Բայց քաղաքներ կենդանին չի սարքում
քաղաքներ մենակ մարդն ա սարքում
և քաղաքականություն բառն ու քաղաք բառը նույն արմատից են
և քաղաքականության խնդիրը մարդուն ազատ դարձնելն ա,
ազատ՝ կարիքից

Վերջին գրածս կարդալով Վիոլետը երևի չհամաձայնի,
ասի՝ չէ, տենց չի, քաղաքականության խնդիրը իշխանությունն ա,
իսկ իշխանությունը միշտ ճնշում ա բերում, ոչ թե ազատություն,
ազատությունը միայն գրականության մեջ ա հնարավոր
իսկ գրականությունը մեռնում ա

----

Վիոլետը վերջերս շատ ա խոսում էդ մասին՝
թե գրականությունը,
մասնավորապես բանաստեղծությունը,
մեռնում են։

Ինքն ուղղակի ճիշտ չի ձևակերպում,
չէ, չեն մեռնում իհարկե,
բայց հա՝ գրականությունը,
մասնավորապես բանաստեղծությունը
իսկապես մեծ ճգնաժամի մեջ են էսօր
որովհետև ընթերցողը կորել ա։

Իսկ ընթերցողը կորել ա
որովհետև ժամանակակից մարդը կորցրել ա էն
առանց որի չկա ազատություն
և չկա գրականություն,
կորցրել ա ազատ ժամանակը

Իսկ մարդը եթե չունեցավ ազատ ժամանակ
ուրեմն կարիքի մեջ ա
կարիքի զոհն ա
ուզում ա՝ աշխարհի ամենաբարձր աշխատավարձը ստանա