Նորություններ


ԽՈՍՔՍ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ


Էս իմ խոսքն ա Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում, ԱՐԻ գրական հիմնադրամի կողմից կազմակերպված "Գրի պատասխանատվությունը" պանելային քննարկման ժամանակ։ Քննարկման մյուս մասնակիցներին էին գրողներ Արմեն Օհանյանն ու Դաթո Տուրաշվիլին






ԳՐԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԸ
        
Երբ ինձ խնդրեցին տեքստ ուղարկել այս միջոցառման հիշաթերթիկի համար, ես ընտրեցի իմ բանաստեղծություններից էս մեկը, որն ասում ա․
 

Ձեռքս ատրճանակ կար
կրակեցի չգիտեմ ում կպավ
բայց կպել էր հաստատ որովհետեւ հանկարծ
ամեն ինչ փոխվեց
հանկարծ բոլորը ու ամեն ինչ—
մարդիկ, շները, ծառերը, և անշունչ առարկաները նույնիսկ—
թեքվել ու նայում էին ինձ
բոլորը միասին ինձ էին նայում
իսկ ես քարացել էի կանգնած տեղումս
ու չգիտեի ինչ եմ անելու հաջորդ վայրկյանին  

Էս տեքստը բավական ճշգրիտ նկարագրում ա իրավիճակը, որում ես ինձ հիմա զգում եմ որպես գրող։ Նկատի չունեմ իհարկե թե ինչ որ մեկին կրակել սպանել եմ ՃՃ։ Ո
ւղղակի ես տեսել եմ, որ բառերս գործելու ուժ ունեն, կարող են հասնել մարդկանց, ու հիմա մտածում եմ՝ որն ա էն հիմնական բանը, էն կարևոր բանը որ ես մարդկանց ուզում եմ ասել։

Հայաստանում ինձ երկու ինքնությամբ են ճանաչում՝ բանաստեղծ Մարինե Պետրոսյան և հրապարակախոս Մարինե Պետրոսյան։ 2006 թվի նոյեմբերին, «Հայաստանի ծովափին» գրքիս շնորհանդեսին, ես ներկաներին բաժանեցի մի տեքստ որ նոր Հայաստան ստեղծելու մասին էր և 
կոչվում էր «Հայկական նախագիծ»։ Նիկոլ Փաշինյանը, որ հիմա Հայաստանի վարչապետն ա, էն ժամանակ «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիրն էր։ Կարդացած լինելով իմ «Հայկական նախագիծը», Փաշինյանն ինձ առաջարկեց գրել թերթի համար։ Իմ տեքստերը Հայկական ժամանակում հրապարակվեցին ուղիղ երեք տարի՝  2007 թվի հունվարից մինչը 2009 թվի դեկտեմբեր։ Դրանք քաղաքականապես շատ կարևոր տարիներ էին Հայաստանի համար։ Քաղաքական հզոր շարժման տարիներ։ Եվ իմ տեքստերը շատ մեծ լսարան ունեին։ Ես դա հաստատ գիտեմ քանի որ հանդիպում էի իմ ընթերցողին ամեն տեղ։ Մարդիկ մոտենում էին ինձ և ասում էին որ իմ տեքստերում գտնում են իրանց սեփական երազանքը՝ նոր կյանքի, նոր Հայաստանի երազանքը։ 2008-ի շարժումը պարտվեց։ Իսկ տաս տարի հետո՝ 2018-ին, եղավ Թավշե հեղափոխությունը և հաղթեց։ Ու հիմա մենք նոր Հայաստան ենք կառուցում։

Հաճախ, երբ ես սրա մասին պատմում եմ Հայաստանից դուրս—ինչպես որ ձեզ եմ հիմա պատմում—ինձ հարցնում են՝ էդ տեքստերը, որոնց մասին պատմում ես, կա՞ն, ասենք, անգլերեն, հետաքրքիր կլիներ դրանք կարդալ։ Ու ես ասում եմ՝ չէ, չկան։ Կարող եք հարցնել՝ ինչո՞ւ։ Որովհետև տեքստերը որոնց մասին պատմում էի՝ Հայկական ժամանակում հրապարակված հոդվածներս, գրված են որպես քաղաքական տեքստեր, կոնկրետ կոնտեքստում, և էդ կոնտեքստից դուրս դրանք մեծապես կորցնում են իրանց ուժը։ Ահա թե ինչու դրանք թարգմանված չեն։

Իսկ բանաստեղծություններիս դեպքում հակառակն ա՝ գրված չլինելով որպես քաղաքական տեքստ, դրանք հաճախ քաղաքական իմաստ են ստանում։ Ուզում եմ մի օրինակ բերել որ պարզ լինի ինչի մասին եմ խոսում։  

էս ինչ սիրուն նավահանգիստ ա
էս ինչ պայծառ արեւ ա
էս ինչ սիրուն նավեր են
բա ինչի՞ էս նավերից ոչ մեկն իմը չի
ոստիկան ոստիկան
չկրակես իմ վրա
էս նավերից մեկը վերցնեմ գնամ սպիտակ կետերի հետ խաղալու
մի վախեցի ոչ ոք չի իմանա
նավը կբերեմ նորից կդնեմ նույն տեղը
եթե ուզում ես դու էլ արի

Վերջին տարիներին ես մի քանի անգամ հնարավորություն եմ ունեցել կարդալ բանաստեղծություններս ամերիկյան տարբեր լսարաններում։ Հենց նոր կարդացածս տեքստը ամերիկացիներին ամենաշատն ա դուր գալիս և էս տարի հրապարակվեց ամերիկյան հայտնի Chicago Review ամսագրում՝ հետաքրքիր մեկնաբանությամբ։ https://www.marinepetrossian.com/en/chicago- review-april-feature Բանաստեղծությունս «կարդալով Չիկագոյի հարավային կողմերից» / մեջբերում էր/, խմբագիրը դրա մեջ քաղաքական բովանդակություն ա տեսել և տեքստս անվանում ա հեղափոխական։  Սա հետաքրքիր օրինակ ա, թե ոնց նախապես քաղաքական բնույթ չունեցող գրական տեքստը կարող ա քաղաքական իմաստ ստանալ մեկ ուրիշ կոնտեքստում։ Հենց սրա մեջ ա գրականության ուժը։

Արդեն ասեցի որ ես մինչև վերջերս երկու ինքնություն ունեի՝ բանաստեղծի և հրապարակախոսի։ Իսկ հիմա որոշել եմ դրանք միացնել։ Ես հիմա արդեն հոդվածներ չեմ գրում, փոխարենը իմ բանաստեղծություններն ավելի քաղաքական են դարձել՝ բառիս լայն իմաստով։ Բառիս լայն իմաստով քաղաքականությունը մեր կյանքը կազմակերպելուն ա վերաբերում։ Մեր շուրջը եթե նայենք, կտեսնենք որ համարյա բոլոր երկրները քաղաքական ճգնաժամի մեջ են էսօր։ Ամբողջ աշխարհն ա ճգնաժամի մեջ։ Ճգնաժամը նշանակում ա, որ ինչ որ բան ավարտվել ա և լրիվ նոր բան պետք ա ստեղծվի։ Էդ ի՞նչն ա որ պետք ա գա փոխարինելու հին աշխարհին։ Մենք սա դեռ չգիտենք։ Պոեզիան կապ ունի՞ սրա հետ։ Հաստատ կապ ունի։ Ամենասկզբում բառն էր, և ամեն նոր բան նախ բառերի մեջ ա լինում, հետո նոր առարկայանում ա։

Ես ծնվել եմ Սովետական Միությունում, երկրում որ ստեղծվել էր նոր հասարակարգ՝ կոմունիզմ կառուցելու համար։ Երբ ես ծնվեցի արդեն պարզ էր որ էդ էքսպերիմենտը ձախողվել ա՝ կոմունիզմը կառուցել չի հաջողվում։ Ես ծնվեցի Սովետական Միությունում և տեսա դրա քանդվելը։ Հիմա ես ապրում եմ մի երկրում որը ստեղծվել ա Սովետական Միության քանդվելու արդյունքում։ Ես ապրում եմ կապիտալիստական երկրում։ Իհարկե իմ երկիրը նոր և ոչ էնքան հարուստ երկիր ա։ Բայց ես նաև շատ ուրիշ կապիտալիստական երկրներում եմ եղել, էդ թվում՝ ամենից հարուստներում։ Միացյալ Նահանգներում եմ բազմիցս եղել, որն աշխարհի ամենահարուստ երկիրն ա։ Եվ հակառակ էն փաստին, որ Միացյալ Նահանգներն իսկապես շատ հարուստ և բերեկեցիկ երկիր ա, հակառակ նրան որ էս երկրում մարդիկ ունեն խոսքի ազատություն, տեղաշարժի ազատություն և մնացած հայտնի ազատությունները, տեսնելով թե ինչպես են նրանք ապրում, ես նրանց կյանքը չէի անվանի ազատ։ ԱՄՆ- ում մարդիկ ահավոր զբաղված են փող աշխատելով, իսկ երբ մարդը շատ ա զբաղված փող աշխատելով, ազատ լինել չի կարող։ Անգամ եթե հարուստ ա։ Սա շատ մեծ խնդիր ա, իմ կարծիքով՝ ժամանակակից աշխարհի թիվ մեկ խնդիրը։

Խոսքս ուզում եմ ավարտել մի տեքստով, որը հենց էս վերջին ասածներիս հետ ա կապված։

Ինչո՞ւ են բոլորը վազում 
մեկը չկա հետը խոսես 
էսքան ջրանցքներ ենք փորել 
էսքան քաղաքներ ենք սարքել 
էսքան ծառեր ենք տնկել 
բայց էլի սոված են բոլորը 
վազում են որ փող աշխատեն 
գնալով ավելի ավելի
ավելի արագ են վազում 
ինչքան հարո՛ւստ ա երկիրը
էնքան ավելի ավելի
ավելի արագ են վազում 
մեկը չկա հետը խոսես