ՀԻՄԱ


ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԸ


Մի քանի օր առաջ ՆՓԱԿ-ում նայեցի Տիգրան Պասկևիչյանենց խմբի նկարած ֆիլմը՝ 1946-49թթ հայրենադարձության մասին՝ «Օ՝ Հայրենիք, սառն ու անուշ»։ Սա էդ թեմային նվիրված եռապատումի երկրորդ ֆիլմն ա, առաջինը, որ ավելի շուտ էի նայել,  կոչվում էր «Անծանոթ իմ հայրենիք»։  Ֆիլմերը մտքիցս դուրս չեն գալիս։ Որոշեցի գրել։

«Օ՝ Հայրենիք, սառն ու անուշ» ֆիլմը վավերագրություն ա բառիս բուն իմաստով, վավերագրական կոչվող ոչ բոլոր ֆիլմերին հատուկ իմաստով՝ ոչ թե պարզապես պատմում, այլ վավերագրում ա իրողություններ, և պարադոքսալ կերպով, հենց դրա արդյունքում՝ վավերագրելու և կոնկրետ մարդկային ճակատագրեր պատմելու արդյունքում,  մեր աչքերի առջևով ոչ միայն էդ  մարդկանց ճակատագրերն են անցնում, այլ նաև հեռավոր պատմություն թվացողն ա հանկարծ հայտնվում աչքերիդ առաջ, բոլորովին նոր ու անսպասելիորեն ակտուալ ռակուրսով։

Եթե եռապատումի առաջին ֆիլմը կենտրոնանում էր նրա վրա, թե ինչու և ոնց ԽՍՀՄ ղեկավարների  կողմից կազմակերպվեց 1946-49թթ հայրենադարձությունը, ապա էս երկրորդի առանցքը սիբիրյան աքսորն էր, որին ենթարկվեց հայրենադարձների մի մասը 1949 թվին։ Ստալինյան բռնաճնշումների էդ վերջին ալիքի մասին ես իհարկե գիտեի, ահագին բան էլ նոր իմացա, բայց  շշմելուն ոչ թե պարզապես էդ նոր փաստերն էին, այլ Հայաստան պետության անցած ճանապարհի էն պատկերը, որ ֆիլմը նայելուց հետո հայտնվեց աչքերիս առաջ, էն նոր ռակուրսը, որում հայտնվեց էդ պատկերը։

Չգիտեմ դուք ոնց, բայց ես մինչև հիմա ուշադրություն չէի դարձրել, թե ինչքան փոքր ժամանակային արանք կա 1915, 1918-20 և 1937, 1946-49 թվականների միջև։ Երբ որ հայրենադարձների ճակատագրերը մեկը մյուսի հետևից «կենդանի» կանգեցին աչքերիս առաջ, ես հանկարծ մեկ էլ նկատեցի, որ ոչ միայն առաջին հայոց հանրապետությունն ա ապրել ընդամենը երկու տարի, այլ որ 1915 թվի և 1937 թվի արանքում ընդամենը 22 տարի կա։ Պատկերացրի՞ք։ Իսկ մեր ներկա հանրապետությունն արդեն 25 տարեկան ա։

25 տարին մի կողմից ահագին ժամանակ ա՝ քառորդ դար։ Մյուս կողմից, կոնկրետ ապրած լինելով  Հայաստանի ներկա հանրապետության կյանքի բոլոր 25 տարիները, ես գիտեմ ինչքան կարճ ժամանակ ա դա՝ ստեղծված պետությունը ամրապնդել կարողանալու առումով։ Հիմա, մտքում ունենալով էս գիտակցումը, նայենք 20-րդ դարի հայոց պատմությանը։

Հայկական պետականություն շատ վաղուց արդեն չկար։ Հայերի մի մասը Օսմանյան կայսրությունում էր ապրում, մյուս մասը՝ Ռուսական կայսրությունում։ Իհարկե շատերը հիշում էին, որ միշտ տենց չէր եղել, որ հին ժամանակներում Հայաստան պետություն էր եղել և Հայաստանի հողերը հիմա նշված երկու կայսրությունների կազմում էին։ Բայց իրողությունն էն էր, որ հայերի մեծագույն մասը նույնիսկ էդ հողերում չէր ապրում, այլ սփռված էր երկու կայսրությունների տարածքով մեկ։ Արևմտահայերի փաստացի կենտրոնը Պոլիսն էր, որ երբեք Հայաստան չէր եղել ու չէր, արևալահայերի փաստացի կենտրոնը Թիֆլիսն էր, որ էլի՝ Հայաստան չէր եղել ու չէր։

Դարերի փոշում կորած հայոց պետության հիշողությունը կար, Հայաստանը վերականգնելու երազանքը կար, հայոց քաղաքական ուժերն էլ արդեն կային, գործում էին։ Մանրամասն չպատմեմ, թե հետո ինչ եղավ, գիտեք երևի։  Կռիվ, պատերազմ եղավ, աշխարհը խառնվեց իրար, սահմաններ փոխվեցին, կայսրություններ կործանվեցին, նոր երկրներ ստեղծվեցին։ Կործանվածների թվում էին նաև էն երկու կայսրությունները, որում ապրում էինք։  Բայց Արևմտյան Հայաստանում հայերս պետություն ստեղծել չկարողացանք, փլատակների տակ մնացինք։ Արևելահայաստանում պետություն ստեղծեցինք, բայց մեր ստեղծած Հայաստանն ընդամենը մի ակնթարթ անկախ մնաց, Ռուսական կայսրության տեղում ստեղծված Սովետական Միությունը շուտով մեզ իրա մեջ առավ։

Հայաստանը երկու տասնամյակից ավել արդեն սովետական էր ու ՍՍՀՄ կազմի մեջ էր, Սովետական Միությունն էլ հենց նոր հաղթել էր երկրորդ համաշխարհային պատերազմում, երբ որ Մոսկվան կազմակերպեց սփյուռքահայերի զանգվածային ներգաղթը Հայաստան։ Ստալինը մտադրություն ուներ Սովետական Միության մեջ մտցնել Կարսի պայմանագրով Հայաստանից Թուրքիային անցած հողերը։ Եթե էդ պլանը հաջողվեր, Մերձավոր Արևելքից, Թուրքիայից, Եվրոպայից, Ամերիկայից Հայաստան եկող հայերը ամենայն հավանականությամբ Կարսում, Արդահանում, շրջակա հողերում էին բնակեցվելու։ Բայց Ստալինի պլանը ձախողվեց, հանդիպելով ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դիմադրությանը, որոնք նախկին դաշնակիցներից արդեն հակառակորդի էին վերափոխվել՝ սկսվող սառը պատերազմում։

Երբ 1945-ի աշնանը Ստալինը ստորագրեց դեպի Հայաստան հայրենադարձությունը արտոնող որոշումը, արդեն հստակ էր, որ Կարսն ու Արդահանը Թուրքիայից վերցնելու պլանը ձախողվել ա։ Մյուս կողմից պարզ էր նաև, որ սփյուռքահայերը ներգաղթից հետո մեծ դժվարություններ են ունենալու, քանի որ պատերազմից նոր դուրս եկած երկիրը տնտեսական ծանր վիճակում էր։ Հակառակ սրան, ոնց որ նշվում ա եռապատումի առաջին ֆիլմում, Հայաստանի ղեկավարությունը մինչև վերջ շարունակում էր պնդել, որ հայրենադարձությունն անհրաժեշտ ա։ Ու էստեղ հարց ա առաջանում՝ ճի՞շտ էին անում Սովետական Հայաստանի ղեկավարները, պնդելով որ ներգաղթը տեղի ունենա, թե՞ սխալ էին անում։

1946-49թթ հայրենադարձության արդյունքում աշխարհի բոլոր ծայրերից Հայաստան տեղափոխվեց մոտ 100 հազար հայ։ Եկան ու հայտնվեցին բավական ծանր վիճակում, քանի որ Հայաստանն ինքը ծանր վիճակում էր՝ թե տնտեսապես, թե քաղաքականապես։ Ուրեմն ճիշտ կլիներ որ չգայի՞ն։ Ինչո՞ւ ճիշտ կլիներ, որովհետև չգալու դեպքում ավելի լա՞վ էին ապրելու, իսկ գալու դեպքում վա՞տ ապրեցին։ Բայց չէ՞ որ Հայաստանում ապրող հայերն էլ էին վատ ապրում։

Իմ մորական տատն ու պապն էլ են հայրենադարձ, բայց ավելի վաղ հայրենադարձ, 1915-ից փրկվելով, մեկը՝ 1927-ին, մեկը՝ 1922-ին, Պոլսից եկել են Երևան։ Հանգիստ կարող էին, ասենք, Նյու Յորք գնալ, էդ կողմերում հարազատներ ունեին, բայց Երևան են եկել։ Ու ես շնորհակալ եմ իրանց, որ Երևան են եկել, որովհետև եթե Երևան չգային, ես չէի ծնվի Հայաստանում։ Այո, Երևանում հեչ փայլուն չէր էդ ժամանակ, աղքատություն ու նեղություն էր, դեռ 37 թիվն էլ առջևում էր։ Բայց Երևանն էր կառուցվում, Հայաստանն էր կառուցվում։  Ճիշտ ա, էդ Սովետական Հայաստանն էր, բայց Սովետական Հայաստանն էլ ա Հայաստան։ Հայրենիքը էն չի, ինչը կուզեիր որ լիներ, այլ էն, ինչը կա։

1945-49թթ հայրենադարձության ընթացքում Հայաստան եկած հայերի մի մասը, այո, բռնաճնշումների ենթարկվեց և աքսորվեց Սիբիր։ Նույնը կատարվեց հազարավոր տեղաբնակների հետ։  Հայրենադարձների է՛լ ավելի մեծ մասը, անգամ նրանք, որ չէին աքսորվել, սկզբում, մանավանդ մինչև Ստալինի մահը, այո, վախի մեջ էին ապրում։ Ոնց որ մնացած հայաստանցիները։ Բայց Ստալինը շուտով մահացավ, և Սովետական Հայաստանը կամաց կամաց ավելի ազատ դարձավ։ Նոր եկողների մի մեծ մասը շուտով  հարմարվեց նոր իրականությանը և սկսեց ակտիվորեն մասնակցել Հայաստանի հանրային կյանքին։ Ու չնայած ավելի ուշ, բրեժնևյան շրջանի վերջում, երբ Սովետական Միության սահմանները բացվեցին, հայրենադարձների մի ոչ փոքր մասը նորից հեռացավ դեպի եվրոպաներ ու ամերիկաներ, մեկ ա, 1946-49թթ հայրենադարձությունը, որ կոչում են Մեծ հայրենադարձություն, արդեն կայացել և արդյունք տվել էր։

Հայաստան երկրի վերստեղծումն  ու կայացումը, պետականության կորստից ի վեր, հայության երազանքն էր՝ դարերով։ 1915-ը հենց էդ երազանքի դեմ սարքվեց։ Որովհետև եթե հայոց երազանքը լիովին իրագործվեր, Թուրքիան շատ ավելի փոքր էր լինելու, քան էսօր կա։ Բայց Հայաստանը, մեկ ա, ծնվեց։ Ծնվեց փոքրիկ, ծնվեց նվազ։ Որ ասում եմ՝ նվազ, միայն տարածքը նկատի չունեմ, նաև մարդկանց թիվը նկատի ունեմ։ Մարդիկ քիչ էին Հայաստանում։ Սպանվել էին, քիչ էին։ Փախել, ցրվել էին աշխարհով մեկ, Հայաստանում քիչ էին։ Սով էր, համաճարակ էր, պատերազմ էր, հեղափոխություն էր, գնալով ավելի էին քչանում։ Դուք գիտե՞ք, որ Սովետական Հայաստանի բնակչությունը սկզբում էն աստիճան  քիչ էր, որ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը կազմելիս առաջարկ ա եղել կիսել  Հայաստանը Վրաստանի և Ադրբեջանի միջև, ասել են՝ Հայաստանում էնքան քիչ մարդ ա ապրում, որ առանձին հանրապետություն լինելուն չի ձգում։ Էս մասին ինձ Աղասի Այվազյանն էր պատմում, երբ «Հայություն» թերթում էի աշխատում, ասում էր՝ «Պատկերացնո՞ւմ ես, Մարինե, եթե էդ առաջարկը անցներ, հիմա Հայաստանը չէր լինի»։

Չէ, ես չեմ պատկերացնում, որ Հայաստանը չլինի։ Բայց նաև գիտեմ, որ Հայաստանում երեկ քչություն են արել և էսօր էլ քչություն են անում մարդիկ։ Ուրեմն հայրենադարձությունը Հայաստանում պահանջված ա՝ երեկ, էսօր ու տեսանելի ապագայում։ Ուրեմն բարի գալուստ վերադարձողներին, ու նաև՝ երանի։ Որովհետև նրանք նոր են գտնելու Հայաստանը, որը դրախտ չի բնավ, բայց Հայաստանն ա։

Տեքստը նախ հրապարակվել ա ԹԵՐԹ․am-ի իմ սյունակում՝ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԸ






Նկարները՝ «Հայրենադարձության թանգարան» կայքից