ՀԻՄԱ


ՖԵՅՍԲՈՒՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ



Ֆեյսբուքահայեր տերմինը դեռ մի քանի տարի առաջ հայերենում գոյություն չուներ, իսկ հիմա կա: Ու կասկած չկա, որ կան, գոյություն ունեն նաեւ ֆեյսբուքահայերը` ֆեյսբուքի հայերը: Մի քիչ ավելի բարդ ա Ֆեյսբուքահայաստանի հարցը:

Մի կողմից` ակնհայտ ա, որ կա ֆեյսբուքյան տարածք եւ ֆեյսբուքահայերը էդ տարածքում են գործում: Ակնհայտ ա նաեւ, որ դա հայկական տարածք ա, կարելի ա նույնիսկ ասել` հայաստանյան տարածք, որովհետեւ էդ տարածքում քննարկվող խնդիրները հիմնականում հայաստանյան իրականության խնդիրներն են: Ուղղակի հարցն էն ա` ունի՞ Ֆեյսբուքահայաստանը սուվերենություն` ինքնիշխանություն: Մի կողմից` կարծես թե չունի: Ինքնիշխան համարվելու համար երկիրը պետք ա ունենա ընտրված իշխանություն, ինչը Ֆեյբուքահայաստանում չկա: Բայց ախր ընտրված իշխանություն ոչ ֆեյբուքյան Հայաստանում` ՀՀ-ում էլ չկա: Փոխարենը` կա չընտրված իշխանություն, ինչը ֆեյբուքում բացակայում ա: Ֆեյբուքահայաստանում ընդհանրապես իշխանական մարմիններ չկան: Ու առանց դրանց` Ֆեյսբուքի Հայաստանը լավ էլ ծաղկում ու զարգանում ա : Առանց ֆորմալ իշխանության:

Ով ներսում ա` կհաստատի որ Ֆեյսբուքահայաստանում կա ռեալ ազատություն: Ազատություն` արտահայտելու հայացքներդ, տարածելու դրանք, բանավիճելու-կռիվ տալու դրանց համար: Կասեք` արտահայտման առումով ազատություն ոչ ֆեյսի Հայաստանում էլ կա: Թվացյալ` հա, բայց ոչ Ֆեյսի Հայաստանում արտահայտման հարթակները մեծագույն մասով իշխանության (չընտրված իշխանության) ձեռքին են եւ ուղղորդվում են։ Նրբորեն ուղղորդելու փորձեր իհարկե Ֆեյսում էլ կան, բայց դրանք խոշոր հաշվով չեն հաջողվում, դրանք չեն որոշիչը: Ֆեյսի ամեն մի բնակիչ իսկապես ունի ազատություն` արտահայտելու իրա կարծիքն ու կռիվ տալու դրա համար: Ունի Ֆեյսբուքը՝ որպես հարթակ եւ լծակ։ Դա ռեալ ազատություն ա, ոչ թե ընդամենը հայտարարված` «դու իրավունք ունես», այլ ռեալում, նյութապես ապահովված` քեզ տրված են նաեւ գործիքները, որոնցով դու կարող ես ազատությունդ իրականացնել: