ՀԻՄԱ


ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ


Ֆեյսբուքը, բերելով աչքիս առջև դնելով անցած տարիների մարտիմեկյան և մերձմարտիմեկյան նյութերը, հիշացրեց թե ինչերի միջով ենք անցել մենք բոլորս՝ անցած տասը տարիների ընթացքում։ Հուսավառության և հուսահատության իրար հաջորդող ալիքները չեն մենակ, դրանց արանքներում շվարում կա և ջղայնություն, կասկած կա և իրար հասցեին նետվող փոխադարձ մեղադրանքներ։  Ես դրանց բոլորի միջով անցել եմ ու դրանք բոլորը թողել եմ հետևում։ Իմ տպավորությամբ՝ երևի թե բոլորիս համար են դրանք մնացել հետևում։ Տասը տարին բավական մեծ դիստանս ա, և մեր փորձառությունն էլ դրան գումարելով, էսօր կարող ենք նոր, ավելի լայն կոնտեքստի մեջ տեսնել մեր հետ կատարվածը։

Մարդկանց, որոնք 2007-2008-ի Շարժման մասնակիցն են եղել, եթե հարցնես՝ ի՞նչն էր ամենաբնորոշը էդ շարժման համար, ի՞նչն եք ամենաշատը հիշում էդ օրերից, վստահ եմ, մեծ մասը կասեն՝ էներգիան, ոգևորության հսկա էներգիան, որ կար բոլորի մեջ։ Որտեղի՞ց էր առաջացել էդ էներգիան, ո՞րն էր դրա աղբյուրը։ Եվ ո՞ւր գնաց, ո՞ւր անհետացավ էդ էներգիան։

Իմ համար պատասխանն ակնհայտ ա՝ էներգիան գալիս էր փոփոխությունների ցանկությունից և հավատից՝ որ դրանք վերջապես հնարավոր են դարձել։ Ու հենց էս զգացողությունն էլ միավորում էր հրապարակում հավաքված էդքան տարբեր մարդկանց։ Ընդ որում անցած տարիների փորձս ինձ հուշում ա, որ ոչ միայն հրապարակում հավաքված մարդիկ էին տարբեր, այլ նաև իրանց ուզած փոփոխություններն էին իրականում տարբեր, երբեմն՝ հակադիր լինելու չափ տարբեր։ Բայց դա չէր խանգարում միավորվել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Շարժման մեջ, խարիզման հենց էդ ա՝ ամենատարբեր պատկերացումներ ունեցող մարդկանց միավորելու կարողությունը։ Միավորումը կայացավ, բայց հաղթանակը՝ չէ, և ի վերջո Շարժումը մարեց։

Իսկ ի՞նչ եղավ էներգիան, էն հսկա էներգիան, որով հնարավոր էր Հայաստանը ծայրից ծայր փոխել։ Մարե՞ց, անհետացա՞վ։ Բայց ֆիզիկայից գիտենք, որ էներգիան երբեք չի անհետանում, եթե կար, ուրեմն հիմա էլ կա, էներգիան պարզապես փոխում ա ձևերը։ Եվ 2008-ի էներգիան էլ չի անհետացել, մեր հետ ա, ուղղակի պլյուս նշանը փոխվել ա մինուս նշանի, ու եթե տասը տարի առաջ էդ էներգիան կառուցողական էներգիա էր՝ փոփոխությունների հույսից ծնված դրական էներգիա, էսօր, երբ հույսը փոխարինվել ա հուսահատությամբ, էներգիան էլ փոխակերպվել դարձել ա քանդիչ էներգիա, բացասական էներգիա, ամեն ինչի մեջ մենակ վատը տեսնելու ինքնաքայքայիչ սևեռում։

Ուրեմն ի՞նչ անել։  Ո՞նց էներգիան նորից փոխել դրականի։ Քաղաքական դաշտում ելքը չի նշմարվում, քաղաքական դաշտը կատարյալ փակ շրջանի մեջ ա հայտնվել։

Ելքը կարող ա գալ խոսքի դաշտից, մտավոր դաշտից։ Որտեղ գտնվում եմ ես և որտեղ հավանաբար գտնվում ես նաև դու, իմ ընթերցող։ Էս աշխարհում ամեն նոր բան նախ խոսքի մեջ ա լինում։ Հետո արդեն տեղափոխվում ա ռեալություն։