ՀԻՄԱ


ԹԵ ՈՆՑ ԿԼԱՐԱՆ ԾՆՎԵՑ ԳՐԱՆԻՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ԻՆՉՈՒ ՌԱՍԸ ԸՆՏՐԵՑ ԹՐԱՄՓԻՆ


Ես Սենթ Լուիս գնացել էի, որ տեղի արտիստները բանաստեղծություններիս հիման վրա իրանց երգերը կատարեն, նկարները ցուցադրեն, ես էլ մասնակցեմ համերգին ու ցուցադրությանը։ Համերգի օրը մայիսի 26-ն էր, Թոմ Ֆլետչերը եկավ մեքենայով ինձ Սենթ Լուիսի առաջին հյուրընկալներիս տնից, որ Tower Grove East թաղամասում էր, տարավ հյուսիսային Սենթ Լուիսում գտնվող իրանց տունը /սրա մասին պատմել եմ, տես՝ «Ի՞նչ կատարվեց Սենթ Լուիսում»   http://marinepetrossian.com/hy/st-louis /։ Հետո գնացինք Schlafly Tap Room գարեջրատունը, որտեղ և պետք ա տեղի ունենար համերգը։ Երաժիշտները եկել էին, իրանց արդեն ծանոթ էի, քանի որ մի երկու օր առաջ ներկա էի գտնվել համերգի փորձին՝ շատ հետաքրքիր Kirkwood թաղամասում, որտեղ հավես նկարներ եմ արել։ Հետո Ստեֆանին եկավ, Թոմի կինը, զրուցում էինք, մեկ էլ հանկարծ անունիս բարձր արտաբերումը լսեցի և շուռ եկա՝ հետևի սեղանին երկու կին էին նստած, մեկը ձեռքերն էր ինտենսիվ թափահարում ու ծիծաղում էր։  Անմիջապես ճանաչեցի ծիծաղողին, չնայած մենակ նամակներ էինք փոխանակել, նկարը ոչ մի անգամ չէի տեսել։ Կլարա Թաքմաջյանն էր, Գրանիտ քաղաքի հայուհին, որի տանը պետք ա մնայի։ Կլարան իրականում միայն կիսով՝ հոր կողմից ա հայ, բայց արտաքինն ու զվարթ-«կռվարար» շարժուձևը ակնհայտ հայկական էին, ի տարբերություն կողքին նստած քրոջ՝ Դինայի, որն արտաքինով իռլանդուհի/գերմանուհի մորն ա քաշել։

Համերգը շատ հավես անցավ, սկզբում ես բանաստեղծություններս կարդացի, հետո արտիստները դրանք երգեցին-նվագեցին, ու ամենաուրախացնողը էն էր, որ անգամ նրանք, ովքեր ակնհայտորեն ոչ թե համերգի, այլ գարեջուր խմելու համար էին եկել էդ օրը Schlafly Tap Room, հետաքրքվել էին և ուշադիր լսում էին /էս հանգամանքի վրա Ստեֆանին իմ ուշադրությունը հրավիրեց, ինքը համանման համերգների շատ էր մասնակցել և ասում էր շատ քիչ ա տենց լինում/։ Բայց համերգի մասին բավարարվեմ էսքանը պատմելով, քանի որ էս տեքստս Կլարայի, Ռասի և Մոնիկայի մասին ա։

Գրանիտ քաղաքը Մեծ Սենթ Լուիսի մեջ ա մտնում, բայց ի տարբերություն բուն Սենթ Լուիսի, որը Միսիսիպիի արևմտյան ափին ա ընկած, Միսուրի նահանգում, Գրանիտ փոքրիկ քաղաքը Միսիսիպիի արևելյան ափին ա, Իլինոյս նահանգում։ Մայիսի քսանութին Գրանիտ քաղաք էլի Թոմի ու Ստեֆանիի հետ գնացինք, կիրակի էր, հայոց եկեղեցում պատարագ էր, Թոմն ու Ստեֆանին մնացին, շատ ուշադիր ամբողջ պատարագը լսեցին, ու նկատեցի որ տպավորված էին, հարցրի՝ դուր եկա՞վ, ասեցին՝ հա, շատ հին էր, անսովոր հին։ Պատարագն ավարտվեց, եկեղեցուց դուրս եկանք, ու տեղի ունեցավ մի բան, որ լրիվ անակնկալ էր իմ համար՝ հայոց պետական դրոշի օրհնում։ Մարդիկ եկեղեցու կողքի հարթակում հավաքվեցին, մեր եռագույնը բարձրացրին / կողքից նաև ամերիկյանն էր բարձրանում/, քահանաները աղոթեցին ու օրհնեցին։ Ու ես հիշեցի որ ինձ ասել էին՝ Գրանիտ քաղաքի հայկական եկեղեցին Էջմիածնական թեմինը չի, Կիլիկյան թեմինն ա։ Օրն էլ մայիսի 28-ն էր՝ առաջին հանրապետության օրը։ Ու ես գլխի ընկա, որ էս արարողությունը դաշնակցության ազդեցության տակ գտնվող Կիլիկյան թեմի եկեղեցիները պետք ա որ վաղուց անելիս լինեն՝ առաջին հանրապետության կորստից ի վեր։ Հետո հարցուփորձով պարզեցի, որ հենց տենց էլ կա։



Դրոշի օրհնումից հետո գնացինք կողքի սրահը, որտեղ հյուրասիրություն էր կազմակերպված։ Ոնց որ պայմանավորվել էինք՝ բանաստեղծություններս կարդացի Գրանիտ քաղաքի հայոց համայնքի համար, ու քանի որ հայերեն արդեն շատ քչերը գիտեն, մի երկու բան միայն հայերեն կարդացի, ավելի շատ՝ անգլերեն։ Հետո Կլարա Թաքմաջյան-Վոթերսոնը ինձ մեքենայով տարավ իրանց տուն, ծանոթացրեց ամուսնու՝ Ռաս Վոթերսոնի հետ։

Կլարան տանն ինձ համար մի սենյակ էր նախատեսել, որտեղով տան կատուն էր սիրում ներս ու դուրս անել։ Հետո, նկատելով որ նեղվում եմ կատվի ներս ու դուրս անելուց, ինձ տվեց իրա ննջասենյակը։ Եվ առաջին բանը, որ իմ ուշադրությունը գրավեց Կլարայի ննջասենյակում, էս նկարն էր



Հարցուփորձի կարիք առանձնապես չկար, հասկանալու համար որ էդ Կլարան ու քույրն էին՝ իրանց մոր հետ։ Իսկ հայրը չկա նկարում, հայրը երևի հենց նկարողն ա եղել։ Հետո էս նկարը գտա, որտեղ Կլարայի հայրն ու մայրն են, ափսոս ֆոտոյից արածս ֆոտոն պարզ չի դուրս եկել, բայց մեկ ա, շատ տպավորիչ ա


Կլարայի հայրը՝ Հրանտ /ամերիկյան տարբերակով՝ Հարրի/ Թաքմաջյանը, և պապը՝ Տրդատ Թաքմաջյանը, Էրզրումից են։ 1915-ի կոտորածների ժամանակ ընտանիքով տեղափոխվել են նախ Պոլիս, հետո ԱՄՆ։  Ներքևի նկարում Հրանտը կանգնածներից երրորդն ա, Տրդատը՝ նստածներից մեջտեղինը․



Գրանիտ քաղաքը հիմադրել են Վիլյամ և Ֆրեդերիկ Նիդրինգհաուս եղբայրները 1896 թվին, որպես խոհանոցային պարագաներ արտադրող իրանց պողպատաձուլական գործարանի բանվորների բնակավայր։ Խոհանոցային էդ պարագաները կոչվում էին Granite ware, քանի որ դրանք էմալապատելիս օգտագործում էին հատուկ հնարք, որի արդյունքում պարագաները կարծես գրանիտից պատրաստված լինեն։ Հենց էդտեղից էլ եկել ա քաղաքի անունը։ Ու քանի որ նոր հիմնված քաղաքում աշխատանք կար, էնտեղ աշխատելու և ապրելու էին գալիս աշխարհի ամենատարբեր ծայրերից, էդ թվում՝ հայեր։ Մի որոշ ժամանակ Փրովիդենս նահանգի Ռոդ Այլենդ քաղաքում ապրելուց հետո, ի վերջո Գրանիտ քաղաքում հաստատվեցին նաև Թաքմաջյանները։

Ես Գրանիտ քաղաքի պատմությունը մի քիչ գիտեի, կարդացել էի, և Կլարային խնդրեցի որ ինձ մեքենայով տանի, քաղաքի արդյունաբերական մասը ցույց տա։ Կլարան տարավ, բայց ճանապարհին անձրև սկսվեց, էդ անգամվա նկարներս թաց ստացվեցին, մի մասը ոնց որ ջրաներկ լինեն։ Հետ եկանք տուն, Կլարային ասեցի՝ բայց անձրևը խանգարեց, լավ չնայեցի, եթե ժամանակ լինի, մի անգամ էլ գնանք անցնենք էդ թաղամասով /և իսկապես, ի վերջո ժամանակ եղավ, Սենթ Լուիս վերադառնալու օրը Ռասը քշեց, նորից անցանք էդ թաղամասերով, ու ես նորից նկարներ արեցի, էս անգամ առանց «ջրաներկի»/։ Նկատելով, որ հետաքրքրված եմ, Ռասը հաջորդ առավոտ սկսեց պատմել Գրանիտ քաղաքի մասին, հետո Սենթ Լուիսի մասին, որտեղ ինքը ծնվել էր, զրույցը երկարեց, երկարեց, անցավ Ամերիկայում կատարվող փոփոխություններին ընդհանրապես, ու հենց էդ երկար զրույցի ընթացքում էլ պատահեց 2017 թվի իմ ամերիկյան ճամփորդության ամենամեծ անակնկալը։

Ընկերներս կհիշեն, շատ եմ գրել, որ 2017 թվի իմ ամերիկյան ճամփորդության գլխավոր նպատակը, գրական բաղադրիչից՝ Սան Դիեգոյում ընթերցումներ անելուց և Սենթ Լուիսում Քրիս Քինգի Poetry Scores միության կազմակերպած “Do Not Die: The Poetry of Marine Petrossian” համերգին ու ցուցադրմանը մասնակցելուց բացի, Դոնալդ Թրամփի ընտրողներին գտնելն էր։ Մինչև Սենթ Լուիս/Գրանիտ քաղաք հասնելը ես չորս ուրիշ քաղաքներում/նահանգներում էի եղել՝ Սիեթլ/Վաշինգտոն, Սան Դիեգո/Կալիֆորնիա, Սան Անտոնիո/Տեխաս, Բոկա Ռաթոն/Ֆլորիդա, և ամեն տեղ փնտրել էի Թրամփի օգտին քվեարկածներին, հյուրընկալներիս ու ծանոթներիս խնդրել էի, որ ինձ տանեն էն սրճարանները, որտեղ հավանական ա էդ մարդկանց հանդիպեմ, մայիսի 1-ին Սիեթլում հատուկ գնացել էի հակակոմունիստական-հակաձախ հավաքին ու երթին մասնակցելու, որ թրամփականներին լսեմ, կարողանամ հետները զրույցի բռնվել։ Ու չնայած էդ մեկուկես ամսվա ընթացքում փնտրածս մի ահագին մասով գտել էի, Թրամփի օգտին քվեարկած ահագին մարդու հետ ծանոթացել էի, իրանց մոտիվացիայից ահագին բան հասկացել էի, բայց զգում էի որ մի բան պակասում ա։ Ուրիշ բան ա, երբ Թրամփին ընտրելու մասին մարդուն հարցուփորձ ես անում երթի ժամանակ կամ սրճարանում, լրիվ ուրիշ բան ա երբ էդ մարդու տանն ես մնում, տեսնում ես ոնց ա ինքը ապրում, և առանց հատուկ հարցնելու, մեկ էլ ինքն ա սկսում քեզ պատմել էն մասին, թե ինչու Թրամփին ընտրեց։ Ինչո՞ւ։ Որովհետև Ռասը ապրել ա, հիշում ա էն ժամանակները, երբ հայրենի քաղաքը ծաղկում էր, երբ աշխատանք կար և էդ աշխատանքով հնարավոր էր հպարտ ու արժանապատիվ ապրել։ Իսկ հիմա շուրջբոլորը գործարանները կանգնած են։ Ինչո՞ւ են կանգնած։ Որովհետև դրսից ավելի էժան մետաղներ են ներմուծում և ամերիկյան որակյալ պողպատը գնող չկա։ Եվ Ռասը հիշատակեց մի համաձայնագիր, որի ստորագրման արդյունքում Ամերիկայում արտադրություն վարելը դարձել ա անշահավետ։ Ճշգրիտ չեմ հիշում, բայց խոսքը հավանաբար NAFTA համաձայնագրի մասին էր, որը Թրամփը խոստացել էր, նախագահ դառնալու դեպքում, չեղյալ դարձնել։

Ես Ամերիկա իմ վերջին այցելությունների ժամանակ արդեն շատ էի լսել էն մասին, որ ԱՄՆ արդյունաբերական շատ քաղաքներ մեր «երրորդ մասի» կարգավիճակում են հայտնվել, բայց Ռասի պատմածը ուրիշ էր, ինքը պատմում էր «ներսից»։ Ընդ որում Ռասի կորցրածը փողը չէր, ինքը արդեն թոշակառու էր, աշխատել էր, հիմա թոշակով ապրում էր, և իրան տանջողը ոչ փողի պակասն էր, ոչ էլ ուղղակի իմաստով աշխատանքի պակասը, որովհետև ինքը, կրկնում եմ, արդեն թոշակառու էր։ Ռասին տանջողը էն զգացողությունն էր, որ շուրջբոլորը կյանքը ոչ թե դեպի վեր ա գնում, այլ դեպի վար, որ ամերիկացիների մեջ ապահովության և հպարտության զգացումը քչանում ա։ Դուք կարող եք ասել, որ նշածներս գուցե Ռասի տարիքի հետ կապված լինեն՝ մեծահասակը միշտ երանությամբ ա հիշում երիտասարդության տարիները, ու դրա մեջ իհարկե որոշ ճշմարտություն կա, բայց պատճառը միայն դա լինել չէր կարող, Ռասը մեր խաղաղ, երկար զրույցի ընթացքում հստակ ձևակերպեց էն, ինչը կարծում եմ զգացել են էն միլիոնավոր ամերիկացիները, ընտրություններին մասնակցած ամերիկացիները առնվազն կեսը, որ Թրամփի օգտին են քվեարկել։ Ռասը փաստացի բացատրում էր հենց էն, թե ինչ ա նշանակում "great” բառը Թրամփի Let’s Make America Great Again կարգախոսում, great բառը տվյալ դեպքում հաստատ մեծը չի, այլ հպարտն ու արժանապատիվը։ Շատ մասնագետներ իհարկե նկատում են, հնարավոր ա՝ հիմնավորված կերպով, որ գործարանային արտադրությունը Ամերիկայից դուրս հանելը օբյեկտիվ երևույթ ա, տնտեսական գլոբալացման ներկա միտումների անխուսափելի արդյունք, և էս կամ էն նախագահը, որքան էլ ցանկանա, դրա դեմն առնել չի կարող։  Բայց փաստ ա էն, որ Դոնալդ Թրամփը, բարձրացնելով ներմուծվող պողպատի և ալյումինի վրա դրվող մաքսը, հասավ նրան, որ պողպատաձուլական գործարանները ԱՄՆ-ում վերաբացվում են, ու բացվողներից մեկն էլ հենց Գրանիտ քաղաքի պողպատաձուլարանն ա ։ Ու չնայած շատ մասնագետներ սրա հետ կապված էլ են զգուշացնում, թե խոշոր հաշվով սա ամերիկյան տնտեսությանը ոչ թե օգուտ կբերի, այլ վնաս, բայց Գրանիտ քաղաքի բնակիչները էս կարծիքի հետ  համաձայն չեն  և ուրախ են, որ իրանց գործարանը նորից բացվում ա։ 



Վերևի նկարում Կլարան ու Ռասն են՝ 2005 թվին: Ավարտելով պատմությունս, նկատեմ որ Կլարա Թաքմաջյանը ներկայացնում ա սփյուռքահայերի մի շերտ, որի հետ ես առաջին անգամ էի մոտից առնչվում։ Կլարան ոչ մի անգամ չի եղել ոչ Էրզրումում, որտեղից եկել էր հայրը, ոչ ներկա Հայաստանում, բայց սիրում ա Հայաստանը ուժեղ մի սիրով, որի պտուղները ես իմ վրա զգացի, որովհետև ես էի Կլարայի տեսած առաջին «բնիկ հայաստանցին», ոնց որ ինքն էր ասում ՃՃ։ Իսկ հիմա նայեք էս աղջկան․



Էս աղջիկը Մոնիկան ա, Կլարայի աղջիկը։ Ես Մոնիկային չտեսա, որովհետև ինքը ամուսնացել, գնացել ուրիշ նահանգում ա ապրում։ Բայց եթե Մոնիկան չլիներ, ես դժվար Սենթ Լուիսում հայտնվեի։ Մոնիկան Քրիս Քինգի՝ իմ այցը և համերգային-ցուցահանդեսային ծրագիրը կազմակերպած Poetry Scores միության հիմնադրի, ջահության տարիների սերն ա եղել, ու ընդամենը մեկ քառորդով հայ լինելով, հաջողացրել ա նենց մեխել Հայաստանը Քրիս Քինգի գիտակցության մեջ, որ 2015-ին, Եղեռնի տարելիցին,  Քրիսը Ռոբերտ Գեցի՝ Հայաստանի հետ կապված ծրագիր անելու առաջարկով ոգևորվեց /ի դեպ, Ռոբերտի սիրած կինն էլ ա հայ/, դրան մասնակցելու համար փնտրեց ինձ գտավ, ու հաջորդ տարի, քանի որ բանաստեղծություններս երաժիշտներին դուր էին եկել, առաջարկեց իմ գործերով առանձին ծրագիր անել, որն էլ իրագործեցինք 2017-ին։

Ու սենց ես ծանոթացա Կլարայի, իրա ընտանիքի հետ, ու իմ համար հայտնագործեցի սփյուռքահայի էն տեսակը, որը ամերիկացի ա՝ լրիվ, բայց անշախախնդիր սիրով սիրում ա Հայաստանը՝ Հին երկիրը /The Old Country/, ոնց որ սիրում ա ասել Կլարան։