Չարլզ Բուքովսկի, Չորուցամաք: Բանաստեղծություններ Մարինե Պետրոսյանի թարգմանությամբ: Արտասահմանյան գրականության մատենաշար, 2004: Գիրքը կարող եք գնել "Բյուրոկրատ" և "Մետրո" գրախանութներից

ԱՎԵՐԱԿՆԵՐ

Վիլյամ Սարոյանն ասում էր. «Կյանքս կործանեցի ամուսնանալով 
նույն կնոջը էրկու անգամ»:

միշտ մի բան կա
որ կործանում ա մեր կյանքը,
Վիլյամ,
տարբերությունն էն ա մենակ
թե ով կամ ինչը 
մեզ առաջինը
կքաղի,
մենք միշտ լավ հասած ենք
ու պատրաստ
քաղվելու համար:

կյանքի կործանվելը
նորմալ ա
թե իմաստունների համար
թե նաև մյուսների:

մենակ երբ որ
կործանվող կյանքը 
մերն ա
էդ ժամանակ ենք
գլխի ընկնում
որ ինքնասպանները 
հարբեցողները գժերը 
նստածները ծակվողները
և այլն և այլն,
գոյության բնական 
մասն են 
ոնց որ քրիզանթեմը
ծիածանը փոթորիկը
ոնց որ խոհանոցի 
դարակին մնացած
ոչ մի բանը

ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ

որոշ մարդիկ երբեք չեն կատաղում։ 
իսկ ես կարող եմ ընկած մնալ դիվանի հետևը 
մի երեք­չորս օր։ 
բայց վերջը ինձ գտնում են։ 
էս հրեշտակ ա, ասում են, 
ու գինի են լցնում կոկորդս 
կուրծքս են շփում յուղեր են ցանում վրաս։   

էդ ժամանակ ես մի ոռնոց եմ հանում
 
փրփրում եմ ու կատաղում 
հայհոյում եմ իրանց ու էս աշխարհը 
ու բոլորին գլորում եմ դուրս, խոտերի վրա թավալվելու։ 
Դրանից հետո միշտ ինձ ավելի լավ եմ զգում
 
նստում եմ իմ խաշած ձուն ուտելու քթիս տակ երգելով 
ու արդեն էնքան բարի եմ ոնց որ վարդագույն 
կուշտ կերած կետաձուկ։   

որոշ մարդիկ երբեք չեն կատաղում։
 
ինչ ահավոր պետք ա լինի իրանց վարած կյանքը։

Տես նաեւ՝  ՉԱՐԼԶ ԲՈՒՔՈՎՍԿԻ / Չորուցամաք  

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ «ԱԿՈՒՄԲՈՒՄ», 2004