ՀԻՄԱ


ԽԱՅՏԱՌԱԿ ԱԶՆԱՎՈՒՐԸ

Էն, ինչ Հայաստանի գլխին բերեց Շառլ Ազնավուրը, մի էն տեսակի նվաստացում ա, որ ոչ մի ձեւով հնարավոր չի լինելու մեղմել։ Մնում ա ընդամենը արձանագրել փաստը ու մտածել՝ ինչ կարելի ա անել, որ նման նվաստացումները չկրկնվեն։ Սարսափելին էն ա, որ դատելով պատահածի արձագանքներից, կրկնությունը բնավ չի բացառվում, դեռ մի բան էլ՝ հավանական ա։

Թուրքական Posta թերթի հրապարակման մասին առաջին տեղեկությունը, շատերի պես, ստացա Սիվիլնեթի կատարած թարգմանությունից՝ «Չեմ շարժվում Հայաստանի հրահանգներով. Ազնավուրը՝ թուրքական թերթին»։ Սիվիլնեթը գրում էր՝ «Հարցազրույցի որոշ հատվածներ հնարավոր է` հայ ընթերցողի շրջանում տարակուսանք առաջացնեն: Չի բացառվում, որ դրանք թուրքական մամուլի խեղաթյուրման հետևանք են, թեև դեսպանի արտահայտած որոշ մտքեր տեղավորվում են նախկինում նրա արած հայտարարությունների համատեքստումԹուրքական Posta թերթի նոյեմբերի 2-ի համարում հրապարակված հարցազրույցը ՍիվիլՆեթը ներկայացնում է թարգմանաբար, որոշ կրճատումներով:»

Թարգմանաբար ներկայացված տեքստը սկսվում էր թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանի փոքրիկ նախաբանով, որտեղ վերջինս ասում էր, թե վաղուց ճանաչում ա Ազնավուրին Փարիզից եւ գիտի որ Ազնավուրը, «չնայած տարածված ասեկոսեներին, թուրքերին շատ է սիրում», դրա համար էլ միշտ ուզեցել ա հարցազրույց վերցնել նրանից, բայց վերջինս մերժում էր։ Հետո Օզերմանը միտք ա հղացել Ազնավուրին հրավիրել ընթրիքի ՝ Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքքը Աքիլի եւ երկու թուրք շոու արտիստների հետ։ «Ազնավուրն ընդունեց հրավերը: Փարիզում մի ռեստորան գտանք, երեք ժամ զրուցեցինք և ընթրեցինք։ Ահա հատվածներ այդ հարցազրույցից»։



Ոնց որ տեսաք՝ Օզերմանը շատ չի էլ թաքցնում, որ բառիս բուն իմաստով հարցազրույց չի եղել, այլ եղել ա սեղանի շուրջ զրույց, որն ինքը ներկայացնում ա հարցազրույցի ձեւով։ Եւ ի՞նչ ա ասում Ազնավուրը էդ զրույց/ հարցազրույցում, ըստ Օզերմանի հրապարակման։  Ասում ա որ սուտ ա, թե իբր ինքը թուրքերին չի սիրում, ասում ա թե հայկական ծագում ունենալու պատճառով իրան չի կարելի նման (թուրքերին չսիրելու) մեղադրանք առաջադրել, ասում ա թե իրա մայրը թուրք էր եւ Թուրքիան շատ էր սիրում, իսկ ինքը թուրքերի դեմ ոչինչ չունի․
 
«Իմ մայրը թուրք է: Իզմիթցի է: Իզմիթում և Ադափազարում տասնյակ բարեկամներ ունենք: Մորս մայրենի լեզուն թուրքերենն էր, և մայրս թուրքերեն էր խոսում: Մայրս շատ էր սիրում Թուրքիան, հաճախ էր Ստամբուլ գնում-գալիս ․․․
Ռ՞ւմ` ինչ օգուտ կարող է տալ Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելն ու այդ ցավալի ժամանակներում դեռևս չստեղծված Թուրքիայի Հանրապետությանը մեղադրելն ու հնում մնացած վերքերը փորփրելը: Իսկապես շատ ամոթալի և անբարոյական է այն, որ փորձում են ինձ քաղաքական տարաձայնությունների մեջ ներքաշել, ներկայացնել որպես Սփյուռքի ներսի մարդ, իմ բերանով հայտարարել այն, ինչ իրենք են ցանկանում, ինձ օգտագործել Ցեղասպանության շուրջ վեճերը կրկին օրակարգ բերելու համար: Ցավոք, թուրքերի մի մասն էլ հավատում է այդ ամենին և կարծում, թե ես իսկապես թուրքերի թշնամին եմ: Անցյալ տարի մի հարցազրույց էի տվել և ասել, որ թուրքերը զայրանում և վշտանում են «ցեղասպանություն» բառից…. Սփյուռքը շատ մեծ հակազդեցություն ցուցաբերեց: Ինչ ասես, որ չասացին ինձ
»:

Հետո, ըստ Օզերմանի հրապարակման, Ազնավուրն ասում ա թե ինքը Ֆրանսիայի քաղաքացի ա, բայց իրան շատ ա վշտացնում, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանները փակ են. «Հարևանները պետք է բարեկամ լինեն: Ատելությունը և թշնամանքը պետք է արդեն մոռանալ: Հայաստանի ժողովուրդը չի կարող երջանիկ լինել մեծ պետություններից ուղարկված օգնությամբ, հատկապես, որ այդ օգնության մեծ մասը կազմում է զենքը։ Ես միշտ խոսել եմ այս մասին և հիմա էլ եմ այդ հարցը բարձրաձայնում: Ինչպես նշել եմ նախկինում, ես իրադարձություններին մոտենում եմ մարդկային տեսանկյունից և ոչ որպես քաղաքական գործիչ»:

Հետո գալիս ա սենց մի հատված.

«
-Ձեր խոսքերից հասկանում եմ, որ Դուք գոհ չեք Հայաստանի վարած միջազգային քաղաքականությունից: Բացահայտորեն քննադատում եք Հայաստանի կառավարության քաղաքականությունը` այն համարելով անհաջող: Սակայն միաժամանակ` Դուք Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ենք Շվեյցարիայում:

-Այո, արտակարգ և լիազոր դեսպան եմ… Սակայն դա չի խանգարում իմ անկախ գործունեությանը: Ես անկախ դեսպան եմ, այսինքն` չեմ շարժվում, չեմ շարժվի և չեմ կարող շարժվել Հայաստանի հրահանգներով: Ես շարժվում եմ այն ճշմարտություններով, որոնք ես եմ ճանաչում»:

Հետո հնչում ա հարց, թե որն ա Ազնավուրի երեխաների մոտեցումը ցեղասպանության նկատմամբ, եւ Ազնավուրն ասում ա, թե չի կարող էդ հարցին պատասխանել, քանի որ իրանց ընտանիքում ինչ ազգ ու կրոն ասես կա, ինքը «թուրք-վրացական ծագում ունի», մի աղջիկը մուսուլման ալժիրցու հետ ա ամուսնացել, մյուսը՝ հրեայի։

Հետո գալիս ա սենց ապոֆեոզային մի հատված.

«-Մեր խոսակցությունից ի հայտ է գալիս, որ ի տարբերություն մինչ այժմ տարածված կարծիքի` Դուք թուրքերին շատ եք սիրում:

-Այո, սիրում եմ: Թուրքերը խղճով մարդիկ են: Տեսեք, ընդունել են Իրաքից, Սիրիայից` մասնավորապես Քոբանիից Թուրքիա գաղթած երկու միլիոնից ավելի փախստականների: Նրանց փրկել են պատերազմից և մահվանից: Հայաստանի` հարյուր հազարից ավելի քաղաքացիներ ապօրինի աշխատում են Թուրքիայում, գումար վաստակում, այն տուն ուղարկում: Թուրքիան դա չնկատելու է տալիս և ձայն չի հանում: Եթե Անկարան ցանկանա, այդ հարյուր հազար հայերին 24 ժամում կհավաքի և կարտաքսի երկրից:
Լավ, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել: Դա ամոթ է, մղձավանջ, աղետ: Ընդունել… Այդ ամենը փորփրելը, պղտորելը, որքանո՞վ է օգտակար և որքանո՞վ է օգտակար եղել:
Այս պահին Հայաստանը Թուրքիայի կարիքն ունի: Այդ սահմանը պիտի բացվի: Դա անհրաժեշտ է Հայաստանի բարօրության և խաղաղության համար: Ես այս ամենին նայում եմ 2015թ. համատեքստում և հարցին մոտենում մարդկային տեսանկյունից»։

Թուրքական թերթի հրապարակման վերջում ասվում ա, որ Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքքը Աքիլը և Էրքան Օզերմանը Ազնավուրին տվեցին թուրքական «Ոսկե սոսի» մրցանակ , նաեւ հրավիրեցին «գալիք տարվա սկզբում», այսինքն թե՝ Եղեռնի 100 ամյակի տարելիցի ճիշտ նախօրյակին, համերգ տալ Թուրքիայում, ինչը, ըստ հրապարակման, Ազնավուրն ընդունեց մեծ ուրախությամբ։ Մրցանակը ստանալու փաստը ֆիքսված ա լուսանկարով։



Սիվիլիթասի թարգմանած՝ թուրքական թերթի հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ես ինքս, շատ լավ հիշելով Ազնավուրի նախորդ մի քանի հարցազրույցներում արտահայտած անհաջող մտքերը, հակված էի մտածելու, որ թուրքերի կողմից ծաղկացնելը ծաղկացնել, բայց Ազնավուրը պետք ա որ դրա համար հիմք տված լինի, քանի որ տեսնում էի, ոնց որ Սիվիլիթասն էր իրա նախաբանում գրել, որ «դեսպանի արտահայտած որոշ մտքեր տեղավորվում են նախկինում նրա արած հայտարարությունների համատեքստում»։ Բայց հայաստանցիների մեծագույն մասը չէր կարողանում հավատալ, որ Ազնավուրը նման բաներ կարող ա ասած լինի։ Ճիշտը որ ասեմ, դա ինձ շատ չէր ջղայնացնում, որովհետեւ նրանում, որ հայաստանցին չի կարողանում հավատալ, թե Ազնավուրը կարող ա էդքան նվաստ բաներ ասել, առողջ բան կա։ Անառողջը սկսվում էր մենակ էն ժամանակ, երբ որ էդ չհավատացողներից ոմանք սկսում էին դատապարտել նրանց, ովքեր, հիշելով Ազնավուրի նախորդ հարցազրույցներն ու պահվածքը, պնդում էին թե Ազնավուրը չի բացառվում եւ իսկապես նման բաներ ասած լինի։ Բայց սա էլ՝ ջղայնացնող էր եւ ընդամենը։ Սարսափելին ուրիշ տեղ էր։ Կարդացեք էս հատվածը եւ գուշակեք, թե ով ասած կլինի՝

«Եվ ինձ համար ուղղակի վիրավորական է, որ անարժան, անլվա ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում վիրավորել կյանքի ինը տասնամյակը բոլորած մեծությանը, ով իր ապրած ողջ կյանքը նվիրել է նաեւ Հայաստանին ու հայ ժողովրդին: Ու թող ոչ ոք իրեն ավելի լավ հայ կամ ավելի հայրենասեր չերեւակայի, դա արդեն զավեշտի է վերածվում .... Ցեղասպանություն ապրած ընտանիքի զավակը, իմ պատկերացմամբ, խաղաղության, հաշտության կողմնակիցն է, իր հայրենիքի այսօրվա ու վաղվա օրվա հանդեպ մտահոգ մարդ է, ով, պատմության դառը փորձը հաշվի առնելով, չի ցանկանում, որ Հայաստանը գործիք դառնա այս կամ այն ձեռքերում: Ինձ համար նույնիսկ էական չէ, թե որքանով են աղավաղված կամ սխալ թարգմանությամբ ներկայացվել Ազնավուրի խոսքերը, որքան էլ կարեւոր, բայց առաջնային չէ, որ ՀՀ ԱԳՆ-ն հերքել է թուրքական որեւէ պարբերականի հարցազրույց տալը (թեկուզ ուշացումով, ինչի արդյունքում էլ ոմանք այսքան ակտիվացան): Էականն այն վերաբերմունքն է, որ մենք ցուցաբերեցինք: Ամոթ է, իսկապես ամոթ է: Ժամանակին մատաղ սերունդը գոնե ձգտումներ ուներ՝ երգիչ էր ուզում դառնալ, աչքի առաջ ունենալով Ազնավուրին, դերասան էր ուզում դառնալ՝ աչքի առաջ ունենալով Հրաչյա Ներսիսյանին, Մհեր Մկրտչյանին, Սոս Սարգսյանին, Խորեն Աբրահամյանին ու մեր այլ մեծերի, տիեզերագնաց էր ուզում դառնալ, գիտնական էր ուզում դառնալ, վերջապես կարգին մարդ էր ուզում դառնալ՝ դարձյալ աչքի առաջ ունենալով մեր մեծություններին: Հիմա ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները, մեր թոռներն արժեքային համակարգից զուրկ լինեն, չունենան այն չափանիշները, որոնց հասնելուն պետք է ձգտեն»։ Մեջբերման աղբյուրը՝ Հրապարակ.am, «Բեմականացումները թողեք այդ ոլորտի մասնագետներին»։ Չէի ասի, թե ես ականավոր հանրապետական, ՀՀ ԱԺ պատգամավոր եւ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանից մտքի գոհարներ էի սպասում, բայց էս աստիճանի տխմարությու՞ն։ Դուրս ա գալիս եթե անգամ Ազնավուրը իսկապես թքած լինի Հայաստան երկրի ու հայ ազգի երեսին (ասում ա, չէ՞՝ իրա համար շատ կարեւոր չի Ազնավուրը իսկապես ասել ա էդ ամեն ինչը թե չի ասել), հայ «մատաղ սերունդը» Ազնավուրին, մեկ ա, պետք ա հարգի, որովհետեւ ինքը համաշխարհային շոու աստղ ա։

Բայց սա էլ դեռ ամենասարսափելին չէր։ Ի վերջո՝ հանրապետականներից ու մեր դժբախտ Ազգային ժողովի «ընտրյալներից» տխմարություններ լսելը նոր բան չի։ Ամենասարսափելին կատարվեց հետո, երբ որ ֆեյսբուքի ֆրենդներիցս մեկը, որին ճիշտ ա մոտից չգիտեմ, բայց ֆեյսում հետը շփվելիս կարծել էի նորմալ մարդ, մեկ էլ հարցնում ա՝ իսկ ի՞նչ ա ասել Ազնավուրը որ։ Սկզբում ուզեցի հավատալ, որ հարցը բառացի ա տրվում, որ ֆրենդս ուղղակի չի նկատել հղումը եւ չի կարդացել Սիվիլիթասի նյութը, բայց հաջորդ քոմենթներից հաստատ դարձավ որ՝ չէ, ֆրենդս լավ էլ կարդացել ա հրապարակումը, եւ, ուշադրություն, չի ասում՝ չէ, աղավաղված ա, չէ, Ազնավուրը սենց բաներ չէր ասի, այլ հարցնում ա՝ իսկ ի՞նչ կա իրա էս ասածներում սխալ, այսինքն թե համարում ա, որ եթե թուրքական թերթի հրապարակման մեջ ոչ մի բան աղավաղված չլինի էլ, Ազնավուրը ճիշտ բաներ ա ասել։

Եթե մարդ ա գտնվում, որի մտքով անցնում ա հարց տալ՝ Մարինե, բացատրի խնդրեմ, իսկ ի՞նչ վատ բան կա նրանում, եթե մեկը իմ դեմքին թքի, ես չեմ պատասխանում, ես ասում եմ՝ հաջող։ Էս անգամ էլ Կարապետ ֆրենդիս ասեցի հաջող, բայց մեջս ահավոր նստվածք մնաց։ Փաստորեն ֆրենդս ,որին նորմալ մարդ էի կարծել, ուզում էր որ ես լուրջ լուրջ նստեմ ու բացատրեմ իրան՝ հասկանո՞ւմ ես, Կարապետ ջան, եթե Ազնավուրը սեփական մոր մասին, որը Եղեռնի հետեւանքով ա հայտնվել Ֆրանսիայում, իսկապես ուրիշ բան չի գտել ասելու, քան թե՝ իմ մայրը թուրք էր, իմ մոր մայրենի լեզուն թուրքերենն էր, իմ մայրը Թուրքիան շատ էր սիրում, դա ստորություն ա թե սեփական մոր հիշատակի հանդեպ, թե հայոց բոլոր մայրերի։ Անգամ եթե «իմ մայրը թուրք էր» ասելով Ազնավուրը նկատի ունեցած լինի մոր՝ ծնունդով Թուրքիայից, այսինքն թուրքահպատակ լինելը, էլի նման բան ասելը՝ «իմ մայրը թուրք էր, իմ մայրը շատ էր սիրում Թուրքիան», հրեշավոր ա հնչում, որովհետեւ Եղեռնը հենց թուրքահպատակ հայերի սպանությունն էր ու եթե սպանվողը սիրում ա իրան սպանած երկիրը, դա ամենանսեմ բանն ա, որ հնարավոր ա պատկերացնել։ Թե՞ եթե իրա մայրը փրկվել էր, չէր սպանվել, ուրեմն մնացած սպանվածների վրա՝ թքած։ Հարցին, թե ձեր երեխաները ոնց են վերաբերվում Ցեղասպանության խնդրին, Ազնավուրը, ըստ Օզերմանի հրապարակման, տալիս ա շշմելու մի պատասխան, ասում ա՝ ես էդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ մեր ընտանիքում ինչ ազգի ու կրոնի մարդիկ ասես չկան։ Փաստորեն դուրս ա գալիս՝ Եղեռնը մեր հայերիս նեղ խնդիրն ա ընդամենը, ոչ թե մարդկային իրավունքի համամարդկային հարց, դրա համար էլ եթե Ազնավուրի մի աղջիկը մուսուլման ալժիրցու հետ ա ամուսնացել, իսկ մյուսը՝ հրեայի, ուրեմն Եղեռնի հարցը իրանց չպետք ա վերաբերի, իրանց հետ ի՞նչ կապ ունի։ Ոմանք Ազնավուրին արդարացնելու համար ասում են, թե ինքը լայնախոհ կոսմոպոլիտ եվրոպացի ա։ Բայց սա լայնախոհ եվրոպացու պատասխան չի, սա նեղմիտ քաղքենու պատասխան ա։



Միշտ սարսափելիից սարսափելին կա, Օզերմանի հրապարակածի մեջ ամենասարսափելին, իմ համար, Ազնավուրի ասածներն են Հայաստանի մասին. «անկախ դեսպան եմ, չեմ շարժվում.. Հայաստանի հրահանգներով»։ Որքան էլ շշմելու լինի, էս ահավոր նախադասությունը ոմանք ընկալում են որպես Ազնավուրի հերոսության դրսեւորում, ասում են՝ ինքը ասել ա թե Հայաստանի իշխանությունները մաֆիոզ են, դրա համար էլ մաֆիոզ իշխանություններին չի ենթարկվում։ Բայց չէ՞ որ խոսքը տվյալ դեպքում Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ա։ Հայաստանի արտաքին քաղաքականությունն էլ ա Ազնավուրը մաֆիոզ համարում, դրա համար չի ենթարկվո՞ւմ։ Իսկ ո՞րն ա էդ դեպքում իրա՝ Ազնավուրի առաջարկած «ոչ մաֆիոզ» քաղաքականությունը, է՞ն, որ Թուրքիայի դեսպանին շողոքորթում ա, թե վայ, ինչքան խղճով եք, Թուրքիայում աշխատող հայերին չեք կոտորում, նույնիսկ չեք արտաքսում, թեեւ կարող էիք։ Արցունքն աչքերին Հայաստան երկրի թշվառությունն ա թուրքերին պատմում՝ վայ, ձեր մեծահոգի երկրում մի կտոր հաց աշխատող հայերն էլ չլինեին, մենք ստեղ լրիվ կոտորվելու էինք, վատ ենք, մեծահոգի թուրքեր ջան, շատ վատ ենք, վերջանում գնում ենք, ձեր գթասիրտ ձեռքը պարզեք ու մեր սահմանը բացեք, մենք հավերժ շնորհակալ կլինենք ձեզ դրա համար, անցյալի վերքերն էլ հիմարի պես չենք քչփորի, էլ ինչ Եղեռնի 100 ամյակ, ինչ բան..

-------------------

Թուրքական թերթի հրապարակումը նոյեմբերի 2-ին էր եղել, Սիվիլիթասի թարգմանությունը հրապարակվեց նոյեմբերի 4-ի երեկոյան։ Ազնավուրը լռում էր։ Միայն երբ որ նոյեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտարարեց, թե «Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել», դրանից մեկ օր հետո՝ նոյեմբերի 6-ին, այսինքն բուն հրապարակումից ամբողջ 4 օր հետո, հնչեց Ազնավուրի հերքումը՝ «Ես որևէ հարցազրույց չեմ տվել թուրքական «Պոստա» թերթին։ Խորապես վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայից»։

Ամեն ինչ խոսում ա էն մասին, որ հարցազրույց իսկապես չի եղել, բայց ընթրիք եղել ա, ու էդ ընթրիքին, Ազնավուրից եւ Օզերմանից բացի, ներկա են եղել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը եւ երկու թուրք շոու աստղ։ Սա դժվար ա ժխտել, որովհետեւ կան թե լուսանկարներ, թե հանդիպման տեսագրությունը, որը թուրքերը դրել են ինտերնետում։ Լուսանկարներից մեկում Ազնավուրի ձեռքին թուրքական մրցանակն ա, որի մասին խոսվում էր հրապարակման մեջ։ Ձայնագրությունը շատ աղմկոտ ա, ձայները հստակ չեն լսվում, եւ դժվար ա հասկանալ՝ Օզերմանի հրապարակման մեջ նշված մտքերի որ մասն ա Ազնավուրը էդ ընթրիքի ժամանակ ասում, եւ որքան ճշգրիտ են դրանք փոխանցվել։ Սիվիլնեթը կապվել ա Օզերմանի հետ ստանալու էս հարցերի պատասխանները եւ «ՍիվիլՆեթի ճշտող հարցին` արդյոք հրապարակման մեջ տեղ գտած մտքերն Ազնավուրն արտահայտել է հենց ճաշկերույթի՞ ընթացքում, թե՞ դրանք ընդամենը թուրք պրոդյուսերի ենթադրություններն են` հիմնված նախկինում շանսոնյեի արտահայտած մտքերի վրա, Օզերմանը պատասխանեց. «Ինչ տարբերություն` գրածներս նրա մտքերն են: Ես կոլաժ եմ արել: Նա, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, մտահոգ է իր ժողովրդի ճակատագրով և հենց այս պատճառով էլ կողմ է հայ-թուրքական բարեկամությանը»: Կոլաժ անելու եւ կոլաժը որպես հարցազրույց ներկայացնելու համար Օզերմանին իհարկե կարելի ա դատի տալ, բայց ամբողջ խնդիրն էն ա, որ էդ դեպքում Ազնավուրի պատճառով Հայաստանի գլխին եկած խայտառակությունը ոչ միայն առանձնապես չի մեղմվի, այլ գուցե էլ ավելի խորանա, որովհետեւ ամեն ինչ խոսում ա էն մասին, որ թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը նախօրոք շատ լավ պատրաստվել ա էս շոուին, ու եթե հրապարակի Ազնավուրի տարբեր տեղերում ասածները էս թեմայով, որոնք ինչպես երեւում ա ունի եւ որոնցից արված ա կոլաժը, պատկերը կարող ա շատ տխուր լինել։

Փաստորեն, էսօրվա վիճակով, մենք Շվեյցարիայում ունենք «արտակարգ եւ լիազոր» մի դեսպան, որը ինչ ուզի կանի։ Ոչ մի բան չի խոսում էն մասին, թե Ազնավուրը գիտակցել ա ինչ ա արել եւ հրաժարական կտա։ Համարյա բացառվում ա նաեւ, որ Սերժը կարողանա հեռացնել Ազնավուրին էդ պաշտոնից, քանի որ դրա արդյունքում մեկ էլ տեսար Շառլին հայոց սրբոց շարքը դասեն։