ՀԻՄԱ


ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ // ԱԿԱՆԱԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ



Անցած ուրբաթ Ականաթում Ավետիք Մեջլումյանի բանաստեղծություններն էինք քննարկում: Վիոլետը որոշել ա վերականգի Բնագիր/ինքնագրային քննարկումները:

Ասում եմ Բնագիր/ինքնագրային, որովհետեւ դրանց ավանդույթը շատ հին ա, դեռ Բնագրի ժամանակներից ա գալիս, երբ որ հավաքվում էինք ՆՓԱԿի երկրորդ հարկում գտնվող փոքրիկ մի սենյակում, ամեն չորեքշաբթի, եւ խոսում էինք ու խոսում: Էդ հավաքներից տեսանյութեր չեն մնացել ինչքան գիտեմ, բայց ով մասնակցել ա դրանց, թեկուզ մի անգամ, վստահ եմ, չի մոռանա մեր քննարկումների կոպիտ  ու հզոր էներգիան: ՆՓԱԿ-ի հավաքները մի քանի տեւեցին, հետո փոքր ընդմիջում եղավ, հետո քննարկումները վերականգնվեցին Ուտոպիանայի տարածքում: Բայց ի վերջո էս երկրորդ` ուտոպիանական փուլ էլ ընդհատվեց / ավարտվեց: Ականաթի ուրբաթ օրվա  քննարկումը նոր` երրորդ փուլի առաջինն էր: Ավետիքը նախ կարդաց իրա գործերը, բավական երկար, հետո քննարկեցինք:  

Ավետիքը երբ որ կարդում էր, ես ահագին ջղայնացել էի, մթնոլորտը ջղայնացնող էր: Դե ՆՓԱԿում մենք առանձին էինք լինում միշտ, կողմնակի մարդիկ չկային: Ուտոպիանայում եթե երբեմն լինում էլ էին մեր քննարկումներին չմասնակցող մարդիկ, կողքի սենյակում էին լինում, դուռն էլ փակում էին, չէին խանգարում: Ականաթում ուրիշ էր, Ականաթը սրճարան ա ակումբ լինելուց բացի եւ մեր քննարկման ընթացքում էլ չէր դադարել լինել սրճարան, կողմնակի մարդիկ կային եւ առանձնապես լուռ չէին, սրճարան էին եկել, ոչ թե քննարկման: Էդ կողմնակի աղմուկը ինձ նյարդայնացնում էր, չգիտեմ, Ավետիքն ինքը ջղայնացել էր թե չէ, բայց եթե ես լինեի կարդացողը, կարող ա փորձեի ավտոմատ ճարել ու էդ կողմնակի աղմուկի ուղղությամբ կրակահերթ արձակել:

Բայց ջղայնությունս մենակ դրանից չէր: Ավետիքի կարդացածի մեջ էլ սուր ու ջղայնացնող բան կար: Լեզուն: Լեզուն քեզ տանում էր իրա հետեւից, հետո խփում էր պատին: Տենց մի զգացողություն էր : Ոչ էնքան պարզ, բայց շատ սուր զգացողություն: Ամբողջ քննարկման ընթացքում մի քանի անգամ խոսեցի, բայց ոնց որ թե ինձ տանջող հարցը շատ հասկանալի արտահայտել չկարողացա: «Հույզ արտահայտելու» պահը եւ Վիոլետի արձագանքը դրան` խոսակցությունը տարան սխալ ուղղությամբ: Հիմա խոսակցության հերթականությունը շատ պարզ չեմ հիշում, բայց «հույզ արտահայտելու» մասին կարծես առաջինը ինքը Ավետիքը խոսեց: Ասեց (ոչ բառացի եմ փոխանցում)` իմ համար բանաստեղծություն գրելիս կարեւորը լեզուն ա, լեզու ստեղծելն ա, ոչ թե ինչ որ հույզ արտահայտելը: Ես էլ ասեցի, որ կարդացված շատ գործերում լեզուն մի տեսակ պատի ա նման, մի տեսակ փակում ավարտում ա ամեն ինչ, այնինչ կա բանաստեղծություն, որտեղ լեզուն թույլ ա տալիս որ իմաստը ոչ թե ավարտվի լեզվի մեջ, այլ բացվի լեզվից էն կողմ: Հիմա հաստատ չեմ հիշում, ես «իմա՞ստ» բառն էի գործածում, թե «հույզ» բառը` Ավետիքի օգտագործածը կրկնելով, ամեն դեպքում, Վիոլետը հակադարձեց «հույզին», «հույզ արտահայտող» բանաստեղծությանը, բանաստեղծությունից հույզ ակնկալելուն, ասելով թե պետք չի բանաստեղծությունից հույզ ակնկալել: Ես չեմ շարունակի ստեղ էդ վեճը, քանի որ սխալ տեղ ա տանում, ավելի լավ ա փորձեմ վերադառնալ լեզվի հարցին եւ փորձեմ ավելի հստակ ձեւակերպեմ էն, ինչն ինձ համ դուր ա գալիս, համ ջղայնացնում:
Ահա մի օրինակ Ավետիքի գործերից:  

Մունդառ բիձեն՝ ոչ տիեզերքի ուղարկված անձ

Թխկ թխկ սալիկներին ձեռնափայտի կողմից
ծեր պարոնի որ եկել է պանրի համար
գլխարկ գլան ցանցառ մորուք մորու ուսեր
անդամատոմս գրպանում և շալվարում անգամ

հիմա որ եկել ես – որ ի՞նչ, յանի ընչի՞ էկար
յանի մահն ես դու մեր - տիեզերքի պասլաննիկ
Ո՞ւմ ես եկել, ո՞ւմ ես ուզում էստեղ շինել
Էնքան հարց տամ, որ փոշմանես ու հետ դառնաս

Մի լար պարոն, մի վնասվիր իմ սիրելի
Անմիտ բարբաջանք է – ես գրում եմ ոտանավոր
Ազդեցիկ լինելու համար գուցե
Ասեմ բառեր վիրավորող

Վայ մի լացի, տղա էղի, արա
Պոպոքի ծառի տակ նստել ես
Դու գիտես էս ում տունն ա, որ կա
Բակունցի թանգարանն ա հիմի

Հա, սաղս էլ մեռնում ենք էթանք
Հերս էլ մեռավ հունիսին
Դու էլ կմեռնես, ես էլ
Ակսելն էլ, տենում ես – չկա

Հիմի եկել նստել, լաց ես անում
Ես եմ մխիթարում - քեզ ծեր պարոն
Բայց դու եկար ինքնավստահ մռայլադեմ
Լուսադեմին անձրևի հետ, սարսռացի

Միստիկ լույսի ներքո ընկալեցի -
Խորհրդանիշ մահվան կամ կոպտության տիեզերքի
Դարբնի ձեռքով, որ եկել է մեզ դաս տալու…
Բայց դու ծեր բիձա ես գլանաձև գլխարկով

Ես էլ ասի – կյանքիս պահն է հանդիսավոր
Ինձ ասելու է վերջնական բառեր
Ու տանելու է մի տեղ ֆայտոնով…
Բայց եկել ես կաթի դույլով - պանրի...

Սկզբում որ քեզ տեսա, հատկապես ֆրակը հագիդ
Ինձ զգացի մի տեսակ աղջիկ՝ պատրաստվող անխուսափ տռախի
Բայց հետո, բայց հետո օրերի միգում, մշուշում անջրանցիկ
Նորից վերգտա ամրությունս, խեղճ, խեղճ, խեղճ պարոն

Պիտի խստաբար ինձ հետ անեիր մի բան
Որից կարթնանայի իմաստացած
Պիտի ցույց տայիր կոպտությունը կեցության
Եվ այլ գաղտնի բաներ, բայց դու
Զզվանք բիձա – եկել ես պանրի

Յանի որ ի՞նչ, յանի խի՞ սենց
Սաղն էլ կարան վեդրո առնեն էթան պանրի
Դու չպիտի լինեիր ըտենց – դու կեցել ես ֆրակ
Ձեռնափայտ ես բռնել հարգի

Դու առաքված լինեիր պիտի
Պիտի գայիր որպես սոխակ, տրտմություն,
Որպես հուշում իմաստի, արթնության կոչնակ…
Դու եկել – արթնացրել – պանիր ես ուզում

Դու – զզվելի բիձա, այնուամենայնիվ,
Ձախողելով քո միսիան ենթադրյալ
Ուզում ես որոշ բաներ հասկացնել
Դու ոչ թե խեղճ, այլ մունդառ բիձա ես
Ուզում ես յանի հասկացնես, որ սաղս լքված ենք:
Չեմ տա քո պանիրը, դե գնա դու էլ տառապի:

Կտամ քամակիդ մտրակով, կոշիկս խոթեմ անարցունք
Բակունցը մեռավ էս կյանքում, էս կյանքում մեռավ նաև հերս
Բակունցին չեմ սգում, չեմ հիշում – իսկ հորս
Կարոտում եմ, ամեն օր կարոտում

Ես իրան կարոտում էի դեռ էն – դեռ իր կենդանի վախտը
Մենք վատ էինք իրար հետ, չէինք խոսում, չէինք նայում
Ու ասում էի ինքս ինձ, որ առանց պապա եմ մեծացել
Իմ հայրը դժվար, բայց լավ մարդ էր

Հետո որ հիվանդ էր, թուլացած ու միտքն էլ գնում-գալիս էր
Ես զգում էի ինձ – որպես իրա պապա
Լինելու իրա համար էն, ինչ որ ինքը չեղավ
Ինձ համար

Չհասցրի կարգին հայր դառնալ, հերս մեռավ հունիսին
Պոկեցին մի մասս, թաղեցին հողի տակ
Ու ըտեղ հասկացա, որ կեցությունն անդարձ է
Չի լինի խոսելու առիթ, հետ չի գա իմ հայրը

Հիմի եկել ի՞նձ ես ուզում բան բացատրես, ճղճիմ բիձա,
Փաթթած ունեմ քո նման տիպերին
Դու ոչ խորհրդանիշ, ոչ էլ ծպտյալ իմաստուն ես
Էդ իմ երևակայությունն ա մեղավոր
Որ քեզ տենց եմ ձևավորել

Արի հանգիստ թող ու գնա իմ գրվածքից
Ես էլ խախանդ անցնեմ բան ու գործիս
Հավես չկա հորինելու վերջաբան մի տպավորիչ
Արի, արի, դու քո խոդով հանգիստ գնա, ձեռ չեմ տալի


Երկար տեքստ էր, բայց լրիվ մեջբերեցի, որովհետեւ սրանում շատ լավ երեւում ա էն, ինչի մասին խոսում եմ: Լեզվի խնդիրը: Բայց նախ` հույզերի, կամ ավելի ճիշտ, իմ գերադասած բառն օգտագործեմ, զգացումների մասին: Ակնհայտ ա, որ ստեղ զգացումներ կա՛ն, դրանք բոլորովին քչություն չեն անում: Ակնհայտ ա նաեւ, որ լեզուն մեկ բանաստեղծության ընթացքում մի տեսակ էս ու էն կողմ ա թեքվում, հենց հասավ մի տեղ, մեկ էլ շրըխկ` փախնում ա ու դառնում ուրիշ: Ո՞րն ա լեզվի էս անվերջ փախուստի, անվերջ վերուվարումների պատճառը: Լրիվ վստահ չեմ ասածիս, բայց կարծես թե` դրա պատճառը հենց զգացումներն են, զգացումներն ուղղակի արտահայտելու սուր ցանկությունն ու սուր վախը` իրար միախառնված: Ցանկացած զգացում ուղիղ, քյասար ասելը ամենավտանգավոր բանն ա: Վտանգավոր էն իմաստով, որ շատ մեծ ա սենտիմենտալության կամ տափակության ձորն ընկնելու վտանգը: Էդ ձորը չընկնելու համար էլ հենց բանաստեղծը հաճախ ստեղծում ա արտառոց պատկերներ, արտառոց ֆորմա, արտառոց լեզու: Մայակովսկին, օրինակ, շատ պարզ զգացումներ արտահայտելու համար, կարող էր գոռալ սարսափելի ձայնով ու իրար խառնել ամբողջ աշխարհը`  

Себе, любимому,
посвящает эти строки автор

Четыре.
Тяжелые, как удар.
"Кесарево кесарю - богу богово".
А такому,
как я,
ткнуться куда?
Где мне уготовано логово?

Если бы я был
маленький,
как океан,-
на цыпочки волн встал,
приливом ласкался к луне бы.
Где любимую найти мне,
Такую, как и я?
Такая не уместилась бы в крохотное небо!

О, если б я нищ был!
Как миллиардер!
Что деньги душе?
Ненасытный вор в ней.
Моих желаний разнузданной орде
не хватит золота всех Калифорний.

Если б быть мне косноязычным,
как Дант
или Петрарка!
Душу к одной зажечь!
Стихами велеть истлеть ей!
И слова
и любовь моя -
триумфальная арка:
пышно,
бесследно пройдут сквозь нее
любовницы всех столетий.

О, если б был я
тихий,
как гром,-
ныл бы,
дрожью объял бы земли одряхлевший скит.
Я если всей его мощью
выреву голос огромный,-
кометы заломят горящие руки,
бросаясь вниз с тоски.

Я бы глаз лучами грыз ночи -
о, если б был я
тусклый, как солце!
Очень мне надо
сияньем моим поить
земли отощавшее лонце!

Пройду,
любовищу мою волоча.
В какой ночи
бредовой,
недужной
какими Голиафами я зачат -
такой большой
и такой ненужный?


Մայակովսկին ունի, ստեղծել ա իրա սեփական բանաստեղծական լեզուն, բանաստեղծական ֆորման, որը թույլ ա տալիս սեփական զգացումները կամ կիրքը, ջղայնությունն արտահայտելու համար աշխարհում ինչ կա չկա բերել  մտցնել բանաստեղծության մեջ: Ավետիքի դեպքում, իմ տպավորությամբ, գործ ունենք լրիվ ուրիշ տեսակի լեզվի հետ: Ամեն բանաստեղծոթյան մեջ, եւ նույն երբեմն ամեն բանաստեղծության առանձին հատվածում, ստեղծվում ա առանձին լեզու, հենց էդ պահի համար, հենց էդ կոնկրետ բանը արտահայտելու համար հարմար լեզու: Էդ ասածս կոնկրետ բանը կարող ա լինել զգացում, կարող ա լինել պարզապես տրամադրություն կամ բառախաղ, բայց բոլոր դեպքերում` լեզուն մի տեսակ միժամանակյա ա, փակվում ա ինքն իրա վրա, չի թողնում շարունակման հնարավորություն:
 

Որպեսզի ասածս ավելի պարզ լինի, մեջբերեմ «Մունդառ բիձու» երկրորդ մասը, որը Ավետիքը քննարկման օրը չկարդաց, դրեց ֆեյսում ավելի ուշ:  

Մունդառ
բիձու մանկությունը
 


Մունդառ բիձեն միշտ չի գլան
Գլխարկ կրել մունդառ գլխին
Փոքր ըզվախտ ժիր մականուկ
Էր խատուտիկ:

Հեչ անդուր չէր, ըսկի:
Գինզբերգի օրենքով ոսկի
Արևածաղիկ էր, ինչպես յուրաքանչյուրը:
Շոգեքարշ` մանկության ռելսին:

Մայրիկ, էլի մայրիկ
Շատ, շատ մայրիկներ
Որ թե բան է – մեկը մեռնի
Մյուսները շարունակեն ապրել:

Իսկ ահա հետագիծը տատի
Տեղն էր բերում կաթի հոտով
Տենց օրենք կա – ինչքան մեծանում
Էնքան հոտ ա գալիս կաթի:

Սիրում էր, անջատված էկրանին տելեվիզրի
Տեսնել արտացոլքը սեփական տուտուզի
Ժպտալ, սիրված լինել, այտերին` փոսիկ
Թաթերը մտցնել երկթունել ռետուզի:

Քրոջ յուբկեն հագած վազել.
Սկզբի 5 րոպեն մեծերն ուրախ են,
Հետո, այ քեզ բան, սկսին հալածել.
«Սրան որ թողենք յուբկով վազվազի
Մեծ վախտ ապտեկից կառնի վազելին»:

Մունդառ բիձեն - էդ հիմի ա կոճըղ
Կտրած բնին` մրուր ու չեռնոբիլ:
Մանուկ բիձեն հեչ անդուր չէր: Ըսկի:
Էն ոտանավորի օրենքով ոսկի
Արևածաղիկ էր: Հատկապես պտույտից
Քրոջ շրջազգեստը երբ բացվում էր:


Էս տեքստում էն, ինչ մասին վերեւում ասեցի, ամենաակնհայտ ձեւով ա երեւում, որովհետեւ հասցված ա ծայրահեղության: Լեզուն փակվում ա ինքն իրա վրա: Լեզուն խաղում ա ինքն իրա հետ, ստեղծում ա փոքրիկ հաճույք, բայց խաղի վերջում մի տեսակ սրբում ջնջում ա ինքն իրան, տեղում թողնելով դատարկություն:  

Էսքանը գրել էի, հիշեցի որ Ավետիքը Իլուրին հարցազրույց էր տվել ("
Պետությունը` գուցե չէ, բայց հայրենիքը ներում է") , ու մեր քննարկման ընթացքում էն որ ասեց` «ես լեզու ստեղծելու համար եմ գրում, ոչ թե հույզ արտահայտելու», էդ հարցազրույցի հետ էր կապված: Ինչքան հիշում եմ Վիոլետը հարց տվեց` «կարծեմ մի տեղ ասել ես որ Չարենցն ա ստեղծել էն լեզուն, որով գրում ենք», ու Ավետիքը դրան պատասխանեց: Փաստորեն շարադրեց էս հատվածում ասվածը`

«Եթե կոպիտ բաժանում անեմ՝ երկու տիպի պոեզիա կա. մեկը, որում լեզուն միջոց է, որով արտահայտվում են զգացմունքներ և այլն, որը ես չեմ հավանում, նույնիսկ եթե տաղանդավոր լինի: Մյուսը, որ քո զգացմունքները, հույզերը միջոց դառնան լեզվի համար, լեզվի հարստացման համար: Հիմա ես հավատում եմ միայն դրան ու ձգտում եմ դրան. սա գիտակցված էն բանն է, որ ես անում եմ: Ես լեզուն չեմ համարում ինքնավերլուծության, զգացմունք արտահայտելու, նույնիսկ ընթերցողին հուզելու միջոց: Ես կարծում եմ, որ այդ ամենն է միջոց` լեզուն հարստացնելու համար»:
   

Էս մեջբերումը արեցի, ու իմ համար ոնց որ թե պարզ դարձավ` ինչու եմ ուզում անպայման Ավետիքին փոխանցել իրա լեզվի մասին իմ զգացածը: Որովհետեւ իմ մեջ կասկած կար, ու էս վերեւի մեջբերումներն էլ հաստատեցին իմ կասկածը, որ Ավետիքի էս լեզուն ինչ որ կոնցեպցիայի դրսեւորում ա, ու էդ կոնցեպցիան ա, որ իրա բանաստեղծությունների միջի հզոր ուժը տանում, մեծ բան խոստացող զիգզագներից հետո ի վերջո դեմ ա տալիս պատի:
 

Մայակովսկու հետ իմ համեմատությունը հեչ պատահական չէր: Ականաթում մեր խոսակցության ընթացքում ամենաջղայնացնողը էն պահերն էին, երբ որ Ավետիքի բանաստեղծությունները գնահատվում էին` հայաստանյան ներկա բանաստեղծական եւ հանրային մտածողության ինչ որ տաբուների կամ միջին մակարդակի ֆոնին: Բանաստեղծությունը, իմ համոզմամբ, միշտ պետք ա գնահատել իրա ամենաուժեղ դրսեւորումների կոնտեքստում: Իհարկե, ամեն բանաստեղծություն չէ, որ դրա հնարավորությունը տալիս ա: Ավետիքի դեպքում` կա դրա հնարավորությունը, քանի որ իրա տեքստերում երեւում ա համաշխարհային ու հայ պոեզիայի հարստության թե յուրացումը, թե շարունակության հնարավորությունը: Շատ կուզենայի, որ հնարավորությունը իրականություն դառնար, ոչ թե լռվեր կորեր, ոնց որ եղել ա շատ հայ տաղանդավոր բանաստեղծների հետ:
 

Սպասենք Ավետիքի գրքին ու դրա քննարկումին )):