ՀԻՄԱ


«ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿՆ ՈՒ ՄԵՆՔ

Էս նյութը գրել  ու հրապարակել եմ 2016թ․ ապրիլի 25-ին

Ապրիլ 24-ի երեկոյան «Ավրորա» մրցանակաբաշխության տեսանյութն էի նայում։  Տպավորություններս բավական հակասական էին, պատկերը պարբերաբար կանգնացնում, հետ ու առաջ էի տալիս, որ մտքերս մի քիչ պարզվեն։  Մտա նախաձեռնության կայքը, կարդացի մրցանակի հիմնավորումն ու նկարագրությունը՝

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։

Լավ գաղափար ա չէ՞։ Իրագործումն էլ էր ամենաբարձր մակարդակի, մեկ էլ ե՞րբ էր Երեւանը տեսել էսքան նոբելյան մրցանակակիր ու Ջորջ Քլունի։ Բա ի՞նչն էր վատը, կհարցնեք դուք։ Վատը հեփի էնդի էն տրամադրությունն էր, որ տիրում էր դահլիճում։ Օպերային աստղ Հասմիկ Պապյանն ու «Վաշինգթոն փոստի» սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը՝ հաղորդավարի դերում, անվերջ պատմություններ էին պատմում բարու հաղթանակի մասին եւ մանկան պես ժպտում։ Իսկ պակիստանցի Սայիդա Ֆաթիման՝ մրցանակի հավակնորդ, բեմ բարձրանալով նախ չէր կարողանում խոսել, լացում էր, հետո արցունքները սրբեց ու ասեց՝ «Երբ որ ես 36 տարի առաջ սկսում էի իմ պայքարը, համերկրացիներս դեմ էին, ամեն ինչ արեցին որ ինձ սպանեն։ Իսկ հիմա ես այստեղ եմ եւ "Ավրորա" մրցանակի թիմն ու մարդասիրությանը հավատացող միջազգային համայնքը իմ կողքին են․․․ Ես կշարունակեմ իմ պայքարը եւ մենք միասին կփոխենք աշխարհը, մենք միասին կտեսնենք այն աշխարհը, որտեղ տեղ չի լինի անարդարության համար»։

Ֆաթիման Պակիստանում պայքարում ա պարտքի դիմաց ստրկական աշխատանք կատարողների ազատագրման համար։ Եզրափակիչ դուրս եկած մյուս գործիչներն էին ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան, որը չի հեռանում Սուդանի պատերազմական շրջանից՝ հակառակ ռմբակոծումներին, հայր Բեռնարդ Կինվին՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում գործող կաթոլիկ միսիոներ, որն ապաստան ա տալիս եւ պաշտպանում բոլոր հալածվածներին՝ անկախ կրոնից, ինչպես նաեւ «Խաղաղության տուն» ապաստանի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն՝ ազգամիջյան կոտորածների թատերաբեմ դարձած Բուրունդիից։ «Ավրորա» մրցանակն ի վերջո ստացավ վերջինս՝  Մարգարիտ Բարանկիցեն։

Նախաձեռնության հիմնական նպատակադրումը կարծես թե պարզ ա՝  կոտրել լացող ազգի կարծրատիպը եւ ցույց տալ, թե մենք արդեն ոչ մեկից ոչինչ չենք խնդրում, հիմա ուժեղ ենք եւ ինքներս ենք մրցանակ տալիս ուրիշներին։ Բայց արդյո՞ք սրա մեջ կեղծիք չկա։ Ընդ որում մեկի տեղ առնվազն երկու կեղծիք։


Փորձեք դնել ձեզ էն մարդկանց տեղը, որոնց փրկելով՝ հիշյալ չորս մարդասերները դարձել են «Ավրորա» մրցանակի հավակնորդ։ Ձեզ արդյո՞ք չէր զայրացնի հեփի էնդի էն ծափավառ ու խանդավառ մթնոլորտը, որ տիրում էր դահլիճում։ Չէ՞ որ իրականում չկա ոչ մի հեփի էնդ, այլ կա ուղիղ հակառակը։ Ֆաթիման ինչքան էլ ստրկացված աշխատավոր փրկի, մեկ ա՝ Պակիստանում մարդիկ նորից ու նորից ստրկացվում են։ Ինչքան էլ հոգեւորականը, բժիշկը կամ ապաստան հիմնողը մարդկանց օգնեն, Աֆրիկայում պատերազմները շարունակվում են, եւ մարդիկ նորից ու նորից սպանվում են։

1915-ին, երբ որ Արեւմտյան Հայաստանում հայերը հազար հազարներով սպանվում էին, Ամերիկայի եւ Եվրոպայի մամուլը լիքն էր դրա մասին պատմող լուրերով, լուսանկարներով, կազմակերպվում էին հանգանակություններ, համերգներ՝ փող հավաքելու համար։ Նույնիսկ գտնվեցին մարդիկ, հիմնականում միսիոներներ, որ լսելով կատարվողի մասին, թողեցին Եվրոպան, տեղափոխվեցին Թուրքիա եւ մահից փրկեցին հազարավոր հայ որբերի։ Հիմա պատկերացրեք՝ ասենք էն ժամանակ համացանց լիներ, եւ դուք՝ էդ որբերից մեկը, նայեիք, թե ոնց են Եվրոպայում կամ Ամերիկայում ձեզ փրկած միսիոներին մրցանակ տալիս՝ խանդավառ ծափերի ուղեկցությամբ։ Ինքներդ ձեզ ավելի որբ չէի՞ք զգա էդ ծափերից։ Քեզ ու քո նման ուրիշների փրկած մարդասերն իհարկե արժանի ա երախտագիտության, բայց չէ՞ որ քեզ փրկել ա, իսկ ծնողներդ սպանված են, հարյուր հազարավորներ սպանված են։ Ցեղասպանությունն էլ շարունակվում ա։ Ուրեմն տեղի՞ն են արդյոք խանդավառ ծափերը։

Էս առաջին կեղծիքն ա՝ երբ որ հումանիզմի քողով ծածկվում ա բուն խնդիրը։ Ընդ որում սա էն կեղծիքն ա, որն էսօր շատ ակտուալ ա եւ բնորոշ աշխարհի հզոր երկրներին։ Ասենք, սիրիացի փախստականների մասին խոսելով , մոռացության են տալիս խնդրի ծագումը՝ թե ոնց եղավ, որ Սիրիան վերածվեց դժոխքի եւ մարդիկ սկսեցին փախնել էդ դժոխքից դեպի դրախտային Եվրոպա։ Պարադոքսն էն ա, որ Հայաստանը, բնավ չլինելով «դրախտային ապաստանի» էս ճամբարում, «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցով փորձում ա վիրտուալ կերպով ինքն իրան տեղավորել էդ շարքում։ Անշուշտ, մրցանակը տրվում ա ոչ թե Հայաստանի, այլ ցեղասպանությունը վերապրած հայերի անունից, եւ նախաձեռնության հեղինակ երեք հայերն էլ՝ Վարդան Գրեգորյանը, Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը, սփյուռքահայ են։ Բայց քանի որ մրցանակը Հայաստանում ա տրվում, ընկալվում ա որպես Հայաստանի կողմից տրվող մրցանակ։ Եւ հայաստանցիներից շատերի ոգեւորությունը, երեկ տեղի ունեցածով, հենց սրա հետ ա կապված՝ «մենք արդեն նախկին լացող ազգը չենք, միացել ենք հզորներին, մեր մոտ Քլունին ա գալիս մրցանակ տալիս, աշխարհի հետ ենք նստում վերկենում, մեր մրցանակը խաղաղությոն նոբելյան մրցանակի հետ են համեմատում արդեն»։

Բայց բոլորս էլ շատ լավ գիտենք որ սա խաբկանք ա։

«Ավրորա» մրցանաբաշխության հանդիսավոր երեկոյի ընթացքում մի քանի րոպե էկրանին հայտնվեցին, հետո անհետացան ապրիլյան չորսօրյա պատերազմի զոհերը։ Դուք ի՞նչ էիք զգում էդ տղաների նկարներին նայելով։ Ես վատ էի զգում։ Իրանց ոչ մի մարդասեր չէր կարող փրկել, որովհետեւ իրանք զինվոր էին, ոչ թե փախստական կամ որբ։ Ու վաղը եթե հանկարծ պատերազմ սկսվի, իրանց էլի ոչ մի մարդասեր չի փրկելու, իրանք էլի զոհվելու են։ Իսկ որպեսզի վաղը պատերազմ չսկսվի, մենք պետք ա ուժեղ լինենք որպես պետություն։ Էսօր ուժեղ չենք։

"Ավրորա" մրցանակաբաշխությամբ ուզում ենք աշխարհին ցույց տալ՝ ինչ մեծահոգի, ինչ ուժեղ ա հայությո՞ւնը։ Բայց ո՞նց ա հայությունը ուժեղ, եթե չենք կարողանում ուժեղ պետություն կառուցել։ Պաշտպանության նախարարին հարցնում են՝ ինչու են զոհվածները, համարյա բոլորը, անապահով ընտանիքներից, պատասխանում ա՝ որովհետեւ մեր ժողովրդի մեծ մասն աղքատ ա։ Ու մենք գիտենք որ՝ հենց տենց էլ կա։ Ապրիլյան էս օրերին, երբ որ պատերազմն ամեն վայրկյան կարող ա վերսկսվել եւ մեր դիրքերում մեր աղքատ ժողովրդի զավակներն են, մի՞թե հայ ազգի մեծահոգությունն արտահայտելու ամենաճիշտ ձեւը հեռավոր մայրցամաքի տառապյալ զավակներին փրկելու համար մարդասիրական շռայլ մրցանակներ տալն էր։ Ինձ թվում ա՝ չէ։ Որովհետեւ դրանից ոչ աֆրիկյան ժողովուրդների ցավն ա քչանում, ոչ էլ մեր երկիրը պահող տղաների ընտանիքներն են դառնում պակաս աղքատ։ Ընդամենը փայլփլուն դեկորացիաներով թատրոն ա, որի հիմնական հանդիսատեսը հենց ինքներս ենք։