ՀԻՄԱ


ՕԴԵՆԻ ՆԱԽԱԲԱՆԸ՝ ԿԱՎԱՖԻՍԻ ԳՐՔՈՒՄ


Երեսուն տարի առաջ հանգուցյալ պրոֆեսոր Դոքինսը առաջին անգամ ծանոթացրեց ինձ նրա պոեզիային, և էդ ժամանակերից մինչև հիմա Կավաֆիսը ազդում ա իմ գրելու վրա, ուզում եմ ասել՝ բանաստեղծություններ կան, որոնք, եթե Կավաֆիսին չճանաչեի, լրիվ ուրիշ ձևով կգրեի, կամ էլ ընդհանրապես չէի գրի։ Բայց ես ժամանակակից հունարեն մեկ բառ անգամ չեմ հասկանում, և Կավաֆիսի բանաստեղծություններին ծանոթացել եմ անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանություններով։  

Սա շփոթեցնում և մի քիչ էլ անհանգստացնում ա ինձ։ Ես միշտ համոզված եմ եղել, կարծում եմ՝ բանաստեղծություն գրող բոլոր մյուսների նման, թե  արձակի և պոեզիայի հիմնական տարբերությունը թարգմանելիության հետ ա կապված՝ արձակը կարող ես թարգմանել ուրիշ լեզվի, իսկ պոեզիան չես կարող։ Բայց եթե հնարավոր ա եղել, որ ես՝ որպես բանաստեղծ, ազդվեմ էն բանաստեղծություններից, որոնք միայն թարգմանաբար եմ կարդացել, ուրեմն էդ նշածս համոզումը վերանայման կարիք ունի։

Ուրեմն պոեզիայում կան տարրեր, որոնք անբաժանելի են բնագրի բառային արտահայտումից, և կան՝ որ բաժանելի են։ Ակնհայտ ա, օրինակ, որ հոմոֆոն՝ նույնահունչ բառերի օգնությամբ ստեղծված մտային զուգորդումները / ասոցիացիաները/ կգործեն միայն էն լեզվում, որտեղ տվյալ բառերը նույնահունչ են։ Միայն գերմաներենում ա, որ Welt-ը կհանգավորվի Geld-ի հետ, և միայն անգլերենում ա հնարավոր Հիլեր Բելոկի հայտնի բառախաղը՝  

 When I am dead, I hope it may be said:
‘His sins were scarlet, but his books were read’  

Երբ որ բանաստեղծը, ասենք որպես մաքուր քնարերգու, ավելի շատ «երգում ա», քան «խոսում», նա համարյա երբեք թարգմանելի չի։ Քեմպիոնի գրածի «իմաստը» անբաժանելի ա նրա օգտագործած բառերի հնչողությունից և դրանց ստեղծած ռիթմից։ Հնարավոր ա պատկերացնել, որ երկու լեզուների հավասարապես տիրապետող պոետը կարողանար իրա նույն բանաստեղծությունը գրել էդ երկու լեզուներով, բայց եթե մեկ ուրիշը էդ տեքստերից յուրաքանչյուրը բառացի թարգմաներ մեկ լեզվից մյուսին, ընթերցողը չէր կարողանա տեսնել դրանց միջև եղած կապը*։  

 Մյուս կողմից, բանաստեղծական տողերի մեջ օգտագործված տեխնիկական հնարքները կարող են ընկալվել նաև բանաստեղծական տողերից անկախ։ Առանց ուելսերեն իմանալու էլ ինձ կարող ա  ոգևորի ուելսական չափածոյում շատ տարածված ներքին հանգերն ու ալիտերացիաները անգլերեն բանաստեղծության մեջ կիրառելու հնարավորությունը։ Հասկանալով որ դրանք նույնությամբ անգլերենում պատճենվել չեն կարող, ես նոր ու հետաքրքիր էֆեկտներ կարող եմ ստանալ՝ դրանք ձևափոխելով։  

Թարգմանության փորձությանը դիմացող բանաստեղծական մյուս տարրը համեմատություններն ու փոխաբերություններն են, քանի որ դրանց հիմքը ոչ թե տեղական լեզվական առանձնահատկություններն են, այլ բոլոր մարդկանց հատուկ զգայական փորձը։ Պինդարոսին հունարեն կարդալու կարիք չունեմ, վայելելու համար վայելչագեղ հմտությունը, որով նա նկարագրում ա Դելոս կղզին․  

 .. անշարժ հրաշքը լայնարձակ հողի,
 որին մահկանացուները Դելոս են կոչում,
իսկ Օլիմպոսի երանելիները՝ մուգ կապույտ երկրի փայլատակող աստղ։

Բանաստեղծական պատկերները թարգմանելիս դժվարությունը սովորաբար գալիս ա նրանից, որ նոր լեզվի բառային պաշարը թուլ չի տալիս իմաստը փոխանցել առանց չափազանց շատ բառեր օգտագործելու, ինչի արդյունքում բնագրի ուժը թարգմանության մեջ կորում ա։ Օրինակ, Շեքսպիրի էս տողը՝ The hearts that spanielled me at heels, հնարավոր չի ֆրանսերեն թարգմանել, առանց փոխաբերությունը պակաս տպավորիչ համեմատությամբ փոխելու։  

Բայց պոեզիայի էս բոլոր թարգմանելի տարրերը, որոնք վերևում հիշատակեցի, Կավաֆիսին չեն վերաբերում։ Ազատ ու թեթև յամբական չափի մեջ, որը Կավաֆիսը սովորաբար օգտագործում ա, մեծ նորություն չկա, մենք դրան ծանոթ ենք։ Նրա ոճի ամենից յուրօրինակ կողմը, թե բառապաշարում և թե շարահյուսության մեջ օգտագործվող՝ ժողովրդական և մաքրամոլ-գրական հունարենի խառնուրդը, անթարգմանելի ա։ Անգլերենում չկա ոչինչ , որ համեմատելի լինի հունարենում առկա՝ ժողովրդական և մաքրամոլ-գրական լեզուների միջև առկա էն հակադրությանը, որի շուրջ թե գրական, թե քաղաքական կրքեր էին բորբոքվում։ Մենք ընդամենը ունենք մի կողմից ստանդարտ անգլերեն, մյուս կողմից տեղական բարբառներ, և անգլերենի թարգմանողը չի կարող փոխանցել Կավաֆիսի էս ոճական հմարքը, ոչ էլ անգլիացի բանաստեղծը կարող ա օգտագործել դա։  

Կավաֆիսի պատկերավորության մասին էլ չենք կարող խոսել, քանի որ նա երբեք չի օգտագործում ոչ համեմատություններ, ոչ էլ փոխաբերություններ, ինչի մասին էլ խոսի՝ տեսարանի, դեպքի թե զգացմունքի, նրա տեղերում կա միայն զուտ փաստական նկարագրություն՝ առանց որևէ զարդարանքի։  

Ուրեմն էդ ի՞նչն ա, որ կա Կավաֆիսի բանաստեղծություններում, դիմանում ա թարգմանությանը և հուզում մեզ։ Ոչ էնքան ճշգրիտ եթե ձևակերպեմ, դա ձայնի տոնայնությունն ա, անհատական խոսքը։ Ես կարդացել եմ Կավաֆիսի գործերը՝ շատ տարբեր մարդկանց կողմից թարգմանված, բայց դրանցից յուրաքանչյուրը անմիջապես ճանաչվում էր՝ հենց որպես Կավաֆիսի կողմից գրված բանաստեղծություն։ Նրա ամեն գործ կարդալիս ես զգում եմ, որ գործ ունեմ աշխարհին ուղղված յուրահատուկ հայացք ունեցող մարդու հետ։ Ինձ մի քիչ տարօրինակ ա թվում, որ ինքնաբացահայտող խոսքը թարգմանելի լինի, բայց տեսնում եմ որ հենց տենց էլ կա։ Եվ գալիս եմ էն եզրակացության, որ առանց բացառության բոլոր մարդ էակներին հատուկ միակ որակը եզակիությունն ա, իսկ մյուս կողմից՝ ցանկացած առանձնահատկություն, որը միայն տվյալ անհատին չի բնորոշ, այլ էս կամ էն ամբողջ խմբին, ասենք՝ շեկ մազերը կամ անգլերեն լեզուն, ենթադրում ա այլ առանձնահատկությունների գոյություն, որոնք էս դասակարգման արդյունքում մերժվում են։ Ուրեմն որքանով որ էս կամ էն բանաստեղծությունը կոնկրետ մշակույթի ծնունդ ա, էնքանով դժվար ա թարգմանվում մեկ այլ մշակույթի լեզվի, իսկ որքանով որ էդ բանաստեղծությունը եզակի մարդ էակին ա արտահայտում, էնքանով հեշտ կամ էլ դժվար ընկալելի ա՝ թե օտար մշակույթի կրողի, թե հենց տվյալ բանաստեղծի մշակութային խմբին պատկանողի համար հավասարապես։  

 Բայց եթե Կավաֆիսի պոեզիայի կարևորությունը նրա ձայնի եզակի հնչերանգի մեջ ա, ուրեմն քննադատին բան չի մնում ասելու, քանի որ քննադատությունը կարող ա միայն համեմատել։ Ձայնի եղակի հնչերանգը անհնար ա նկարագրել, այն կարելի ա միայն նմանակել՝ ծաղրանմանակելով կամ մեջբերելով։ 

* Կարծեմ Օդենը մի քիչ չափազանցում ա / Մ․Պ․

Թարգմանեց Մարինե Պետրոսյանը
W.H. Auden․ Introduction to Cavafy´s poems
From: The Complete Poems of Cavafy, 1961
Publisher: Harcourt, Brace and World, Inc., New York