ՀԻՄԱ


ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ



Արդեն որերորդ անգամ ֆեյսբուքյան, և ոչ միայն ֆեյսբուքյան, հրապարակումներում հանդիպում եմ հայրենիքի և պետության հակադրությանը։ Գրում են՝ հայրենիքը պետությունը չի, դու պետությունը կարող ես չսիրել, բայց հայրենիքն ուրիշ ա։ Առաջին անգամ ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին կարդացի նման գրառում, ինձ թվաց՝ ինչ որ մեկի անհասկացողության էպիզոդիկ դրսևորումն ա, իրարից  չի տարբերում իշխանություններին ու պետությունը։ Հետո նույն բանը լսեցի երկրորդից, երրորդից, ու հասկացա որ խնդիր կա։

Դժվարանում եմ կողմնորոշվել՝ գիտակցված քարոզչություն կա՞ ընկած սրա հիմքում, թե չէ։ Եթե իշխանական քարոզչության հետ գործ ունենք, բավական նուրբ ու խորամանկ քարոզչություն ա։ Արտաքուստ՝ ընդամենը հայրենիքը բոլոր դեպքերում պաշտպանելու հայրենասիրական կոչ ա անում, տակից՝ նույնացնելով իշխանություններին պետության հետ, դրանով իսկ, ընդդիմադիր լինելը փաստորեն նույնացնում ա հակապետական գործունեության հետ և փորձում ա իշխանություններին հավերժության անձնագիր տալ։ Իսկ եթե ոչ մի գիտակցված քարոզչություն էլ չկա, այլ ընդամենը ինքնաբուխ ձևով կատարվում ա պետության և իշխանությունների նույնացում, որն էլ հանգեցնում ա պետության և հայրենիքի հակադրումին, ուրեմն է՛լ ավելի վատ, ուրեմն հայաստանցու գիտակցության մեջ հիվանդագին շարժեր են կատարվում, սպառնալով հետ շրջել անկախության հիմնական ձեռքբերումը։

Հայրենիքը, այո, լրիվ նույնական չի պետության հետ։ Երբ պետությունը կորցնում ես,  հայրենիքը միանգամից չի վերանում, մնում ա մարդկանց գիտակցության մեջ՝ որպես հիշողություն, իսկ հիշողությունն էլ ծնում ա պետությունը վերականգնելու ցանկություն։ Որովհետև էդ վիճակը՝ երբ հայրենիք ունես, իսկ պետություն չունես, առողջ չի։ Առողջ չի, որովհետև եթե հայրենիք ունես, բայց պետություն չունես, էդ նշանակում ա քո հայրենիքը մեկ ուրիշի պետության մեջ ա, ու անգամ եթե դու քո հայրենիքում ես, մեկ ա՝ ուրիշի պետության մեջ ես ապրում։ Եվ էս դեպքում՝ երբ քո սեփական պետությունը չունես,  երկու հիմնական տարբերակ ա մնում։ Առաջին տարբերակն էն ա, երբ էդ ուրիշի պետությունը քո համար դառնում ա թշնամի պետություն, քանի որ քո հայրենիքի տեղում ա, և դու չես կորցրել ցանկությունը՝ վերականգնելու քո սեփական պետությունը քո հայրենիքում։ Էս էր տարբերակը Օսմանյան կայսրությունում, ցարական Ռուսաստանում։ Սովետական Հայաստանն էս առաջինի բավական յուրօրինակ մի դրսևորումն էր։ Իսկ երկրորդ տարբերակը հիմնականում գործում ա սփյուռքում, երբ հայրենիքը մարդու ապրած տեղում չի, այլ հեռուներում։ Էս դեպքում պետությունը, որում ապրում ես, քո հայրենիքի հաշվին չի, և ասենք ԱՄՆ-ում ապրող հայը ուրախությամբ կընդունի էդ պետությունը՝ որպես իրա պետություն։ Իսկ հայրենի՞քը։ Իսկ հայրենիքը կդառնա հեռավոր մշուշի մեջ կորած մի բան, լավագույն դեպքում՝ մշակութային ֆենոմեն, ինքնության մաս, բայց ոչ երբեք՝ քաղաքական ռեալություն։

Նշածս երկու տարբերակներից, ազգային պետականության շահից եթե նայենք, գերադասելին առաջին տարբերակն ա, քանի որ երկրորդի դեպքում հայրենիքը կորցնում ա քաղաքական չափումը և կապը պետականության հետ։ Սա հստակ երևաց 1988-ի շարժման ժամանակ, որը սկսվելով որպես Բաքվի դեմ ուղղված պահանջատիրական շարժում, ի վերջո վերաճեց Մոսկվայի դեմ ուղղված ազատագրական շարժման, ու որպես էդպիսին՝ դեմ առավ սփյուռքի հիմնական «քաղաքական» կառույցների անհասկացողությանը։

Բայց ի վերջո, Հայաստանն անկախացավ՝ ստեղծվեց Հայաստանի ներկա Հանրապետությունը, որն արդեն 25 տարեկան ա։ Անցած 25 տարում տարբեր իշխանություններ են եկել ու գնացել։ Բոլորից էլ դժգոհություն ա եղել և Ազատության հրապարակը ավելի շատ լիքն ա եղել, քան դատարկ։ Մարդիկ եկել են հրապարակ, քանի որ վստահ են եղել, որ իրանք են հենց Հայաստան պետությունը և իրանց իրավունքն ա՝ փոխել իշխանություններին, որոնցից դժգոհ են։ Իսկ այ նրանք, ովքեր թողել հեռացել են, դրանով իսկ հրաժարվել են Հայաստան պետությունից, իրանց պահելով միայն հայրենիքը, որը կարելի ա սիրել նաև հեռվից։

Ապրիլյան պատերազմի օրերին ֆեյսբուքում լայնորեն տարածվում էր նաև էսպիսի մի չարագուշակ ասույթ՝ «Դուք գիտե՞ք մեկ ուրիշ երկիր, որից հեռանում են խաղաղ ժամանակ և վերադառնում են՝ երբ պատերազմ ա»։  Ու սա, կարծես թե, որպես գովասանք էր գրված, ըստ երևույթին, գրողներն ու տարածողները չէին հասկանում իրանց ասածի չարագուշակ բնույթը, երևի իրանց թվում էր գովում են հեռացածներին, որոնք հերոս են՝ պատերազմական վտանգի պահին, անգամ կյանքը վտանգելով, պատրաստ են գալ ու կռվել հայրենիքի համար, իսկ խաղաղ ժամանակ հեռացել են, երևի որովհետև «պետությունը լավը չի»։

Իսկ դաժան իրողությունն էն ա, որ ուզում ես հազար անգամ կռվի ու հայրենիքն ազատագրի, եթե հետո, դժգոհ լինելով իշխանություններից և իշխանություններին էլ նույնացնելով պետության հետ, դու հեռանալու ես դեպի ուրիշ, ավելի լավ պետություններ, հենց դրանով իսկ նպաստելու են նրան, որ Հայաստան պետությունը թույլ լինի, իսկ եթե պետությունը թույլ եղավ, հաղթանակը հնարավոր չի լինելու պահել, և թափված արյունը ջուրն ա լցվելու։

Նախ հրապարակվել ա ԹԵՐԹ․am-ի իմ սյունակում՝  ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ