ՀԻՄԱ


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ 1988 և 2018


Էս տեքստը գրել եմ 1988-ի Շարժմանը նվիրված գիտաժողովի համար, որը ցավոք չկայացավ։ Տեքստի գլխավոր միտքը շատ ակտուալ ա ինձ թվում։ Ուրախ կլինեմ եթե կարդաք ու ձեր կարծիքն ասեք

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ 1988 և 2018

Էս գիտաժողովի մասին երբ հայտարարվեց, տարեսկիզբն էր, թավշե հեղափոխությունը դեռ չէր սկսվել։ Ու ես մասնակցության հայտիս մեջ ուրիշ թեմա էի նշել, մտադիր էի պարզել՝ ինչպես էր ընկալվում անկախացման և հասարակարգի փոփոխության միջև եղած կապը Շարժման ժամանակ և անկախության առաջին տարիներին, կա՞ր արդյոք քննարկում դրա շուրջ։ Բայց երբ կոնկրետ սկսեցի աղբյուրներն ուսումնասիրել որ նյութը գրեմ, արդեն հեղափոխությունը եղել ու հաղթել էր։ Ու անհնար էր արդեն 1988-ի շարժման մասին մտածել դրանից դուրս, իմ համար մեկնակետը միշտ էսօրն ա։ Դրա համար էլ գրածս ուրիշ բան ստացվեց, ուրիշ բանի մասին ստացվեց, էն մասին, թե որն ա կապը 1988-ի շարժման և 2018-ի հեղափոխության միջև։

Նախատեսածս աղբյուրները չփոխվեցին, կարդացի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների, հոդվածների, հարցազրույցների «Ընտրանին» /2006թ/, Վազգեն Մանուկյանի «Հայկական երազանքը գոյատևման փակուղումը» /2002թ/, Համբարձում Գալստյանի «Հոդվածներ, հուշագրություներ, հարցազրույցները» /2002թ/, Էդվարդ Եգորյանի «Տեր կանգնենք մեր վաղվա օրվանը» /2003թ/։ Հինգ օրում իրար հետևից կարդացի։ Առավոտից իրիկուն ուրիշ ոչ մի բան չէի անում, մենակ դրանք էի կարդում։ Ու ներկա Հայաստանի ստեղծման տարիները եկան անցան առաջովս։ Ու հենց էդ օրերին էլ Նիկոլի վարչապետության հարյուր օրվան նվիրված հանրահավաքը եղավ, որտեղ ինքը խոսեց ուղիղ դեմոկրատիայի, Հանրապետության հրապարակը նոր ժամանակների Ագորա դարձնելու մասին։  Ու ես պարզ տեսա կապը՝ մեր անկախության առաջին տարիների և էսօրվա միջև, տեսա սլաքը, որ գալիս ա էնօրվանից մինչև էսօր։ Դա իհարկե պարզ ու միագիծ կապ չի, էդ սլաքն էլ ուղիղ չի գալիս, հսկա շեղումներ ա տալիս, ու ես հասկացա որ մեր ներկա հեղափոխությունը էդ շեղումների իմաստավորման  արդյունքում ա ծնվել, էդ շեղումների հաղթահարման փորձ ա։ Ու հիմա իմ վերլուծության մեջ ես փորձելու եմ ներկայացնել էդ սլաքը՝ որ տեսա, դրա շեղումներն ու վերադարձը դեպի նախնական ուղղություն։


1988-ին, երբ սկսվեց Շարժումը, Հայաստանը սովետական սոցիալիստական հանրապետություն էր։ Ես ինքս բանասիրականը նոր էի ավարտել, պարզ հիշում եմ էդ ժամանակները։ 1915-ը դարասկզբին էր եղել, առաջին հանրապետությունը ընդամենը երկու տարի էր ապրել, իսկ սովետական կարգերը արդեն յոթ տասնամյակից ավել կային, հեղափոխության տարիները մնացել էին կինոների մեջ, ստալինյան տարիները մնացել էին նրանց հիշության մեջ ովքեր հիշում էին, նույնիսկ բրեժնևյան տարիներն էին արդեն անցյալ դարձել, Բրեժնևը մեռել էր, հետո էլի մի քանիսը եկան ու արագ մեռան գնացին, Գորբաչովն էր 1988-ին Կենտկոմի առաջին քարտուղարը և Վերակառուցում էր սկսել՝ երկրի համակարգը նորացնում էր։ Վերակառուցման շրջանակներում սովետական գրաքննությունը ահագին թուլացել էր, սկսել էին տպագրվել բաներ, որ առաջ արգելված էին, սկսել էին բարձրացվել հարցեր, որ առաջ անհնար էր բարձրացնել, ու հենց էս տրամաբանության մեջ էլ բարձրացվեց Ղարաբաղի հարցը։ Հարցը բարձրացնողները կոնկրետ մարդիկ էին, կոնկրետ ծրագիր էին կազմել, կազմակերպչական աշխատանք էին տարել, հասել էին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի որոշմանը, հետո էդ որոշման լուրը հասցրին Երևան, նաև Երևանում հանրահավաք կազմակերպեցին։ Սովետական ժամանակներում մենք հանրահավաք ասված բանը մենակ հեռուստացույցով էինք տեսել կամ կինոյում, հիմա տեսանք մեր աչքերով, գնացինք մասնակցեցինք։ Մենակ էդ փաստի մեջ արդեն ֆանտաստիկ բան կար, բայց էլ ավելի ֆանտաստիկը հանրահավաքին մասնակցողների թիվն էր, որը շշմելու արագությամբ աճեց և շուտով էն տպավորությունն էր, թե ամբողջ Երևանն ա լցվել հրապարակ ու փողոց։ Ես էսօրվա պես հիշում եմ էդ տպավորությունը, դա մոռանալու բան չի։ Եվ բոլորի մեջ զարմանք կար։ Մարդիկ իրար էին նայում՝ իրանք իրանց վրա զարմացած։ Էն, որ Ղարաբաղի հարցը մարդկանց կհուզի՝ որպես ազգային հարցի մի մաս, դրանում ոչ մի զարմանալու բան չկար իհարկե, բայց որ էդքան մարդ միասին պատրաստ կլինեն գործողության՝ այ էս էր զարմանալին։ Իսկ հանրահավաքի դուրս գալը սովետական իրականության մեջ ոչ թե պարզապես գործողություն էր, այլ հստակորեն՝ ռիսկային գործողություն։

Պատմածս 1988 թվականի փետրվարին էր՝ երեսուն տարի սրանից առաջ։ Բոլորդ գիտեք թե դրանից հետո՝ անցած երեսուն տարում, ինչեր եղան։ Սովետական Միությունը փուլ եկավ, Հայաստանը անկախ պետություն ա էսօր։ Ղարաբաղում պատերազմ եղավ, էդ պատերազմում մենք հաղթեցինք, էսօր Ղարաբաղը ավելի մեծ ա, քան ԼՂԻՄ-ն էր։ Իսկ Հայաստանի ներքին քաղաքական կյանքում շատ տխուր բաներ եղան։ Ոչ ամուր տնտեսություն կարողացանք կառուցել, ոչ էլ քաղաքական գործող ինստիտուտներ։ Իսկ ամենակարևորը՝ ժողովուրդը, հազիվ ձեռք բերած, շուտով նորից կորցրեց իշխանությունը, կորցրեց սեփական երկրում բան որոշելու իրավունքը։ Էս էր ամենամեծ ձախողումը։ Ու հենց դրա համար էլ պետք եղավ նորից հեղափոխություն անել։

Արդեն ասեցի վերևում, որ էս տեքստը գրելու համար նստեցի կարդացի ժողովածուները էն մարդկանց, որոնցից մեկը Հայաստանի առաջին նախագահն ա եղել, մյուսը՝ առաջին վարչապետը, երրորդը՝ Երևանի առաջին քաղաքապետը, դե Եգորյանն էլ՝ Եգորյանն ա եղել։ Էդ ժողովածուները բոլորը ոգևորված սկսվում, վերջում ավարտվում են աղետով կամ փակուղով։ Եգորյանի ելույթները, հոդվածները սկզբում հանդարտ են ու ինքնավստահ, վերջում դառնում են ջղայնացած, հետո մահն ա վրա հասնում։ Համբարձումի հուշերը, անգամ Բուտիրկայում անցկացրած ծանր օրերի մասին հուշերը, պայծառ են, հումորով, հետո քաղաքապետության ժամանակն ա գալիս, դառնությունը, ջղայնությունը, հուսահատությունը, սպանությունը։ Տեր-Պետրոսյանի ելույթներն ու հարցազրույցները սկզբից մինչև վերջ նույն ոճի մեջ են՝ հանդարտ, ինքնավստահ։ Բայց մեկ ա՝ ավարտվում են հրաժարականով։ Ժողովածուն 2006-ին ա լույս տեսել, բայց էսօր կարդալով, գիտես արդեն՝ հետո 2008-ն ա եղել և ավարտվել մարտի մեկով։ Իսկ ամենատխուրը երևի Վազգեն Մանուկյանի ժողովածուն էր՝ «Հայկական երազանքը գոյատևման փակուղում»։ Մեծ երազանքներ, որ ավարտվում են պատի առաջ։

Ինչ տարբեր կլիներ Հայաստանի ներկա Հանրապետության պատմությունը, եթե Վազգեն Մանուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև ընթացող վեճը՝ «համաշխարհայի՞ն ազգ թե սովորական ազգ», ընթանար որպես քաղաքական բանավեճ, ոչ թե վերաճեր ատելության և «էդ ֆաշիզմ ա» տիպի որակումների։  Ինչքան տարբեր կլիներ Հայաստանի ներկա Հանրապետության պատմությունը, եթե 1996 թվի ընտրությունները չկեղծվեին և Վազգեն Մանուկյանը դառնար ՀՀ երկրորդ նախագահ։ Բայց եղավ ինչ որ եղավ։ Եվ ՏԵր-Պետրոսյանն ի վերջո ստիպված եղավ հեռանալ, բայց հեռացավ ոչ թե ժողովրդի պահանջով, այլ ուժայինների պահանջով։ Էս էր ամենավտանգավորը։ Դա չարագուշակ նախադեպ էր։ 2018-ի ապրիլին, երբ որ Սերժ Սարգսյանը հեռացավ ժողովրդական պահանջի արդյունքում, էս չարագուշակ նախադեպը կոտրվեց։

Էսօր, երբ գրում եմ էս տողերը, 2018 թվի երկրորդ կեսն ա, թավշե հեղափոխությունն արդեն կատարվել ա։ Ու հիմա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի, Համբարձում Գալստյանի ու էդուարդ Եգորյանի գրքերը կարդալուց  և անկախության անցած տասնամյակների պատմությունը վերհիշելուց հետո, իմ համար հաստատ ա արդեն, որ թավշե հեղափոխությունը 1988-ին սկսված և հետո ընդհատված ու հետ շրջված հայկական հեղափոխության շարունակությունն ա։ Իսկ հայկական հեղափոխության գործող անձը Հայաստանի ժողովուրդն ա, և հայկական հեղափոխության մեխը հենց էդ ա՝ որ Հայաստանի ժողովուրդը դառնում ա գործող անձ։ Ուղիղ դեմոկրատիան, որը Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում հռչակեց որպես ներկայումս Հայաստանում գործող կառավարման համակարգ, ոչ միայն համապատասխանում ա էսօրվա մեր անցումային քաղաքական իրավիճակին, երբ հենց էն քաղաքական ուժերը, որոնց դեմ կատարվեց հեղափոխությունը, դեռ մեծամասնություն են կազմում խորհրդարանում, այլ նաև արդյունավետ կարող ա լինել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ Հայաստանի ամենամեծ քաղաքական ռեսուրսը ակտիվ ժողովուրդն ա, որի վրա էլ հենվում ա ուղիղ դեմոկրատիան։ Եվ անկախության տարիների ամենամեծ ձախողումը հենց էդ էր՝ որ ակտիվ ժողովրդի ռեսուրսը երկրի կառուցման մեջ չի օգտագործվել։ Նիկոլը հենց էդ սխալն ա ուղղում։




Լուսանկարը՝ Հարություն Մարությանի