ՀԻՄԱ


ՄԵՆՔ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՑԻՔ


Անցած շաբաթ ամերիկացի գրողներ էին եկել Հայաստան՝ Այովայի համալսարանի մի ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչը ԱՐԻ հիմնադրամն էր, և Արևիկ Աշխարոյանը հենց սկզբից ինձ հրավիրեց մասնակցելու կայանալիք քննարկումներից մեկին՝ «Գրելու պատասխանատվությունը» թեմայով, որպես բանախոսներից մեկը։ Ուրախությամբ համաձայնեցի։ Թեման ինքնին հետաքրքիր էր, իսկ ամերիկացի գրողների մասնակցությամբ՝ էլ ավելի հետաքրքիր կլիներ։ Նշածս հանդիպումը կիրակի էր լինելու, մինչև էդ էլի միջոցառումներ կային, որոնց մեծ մասին մասնակցեցի։ Տպավորությունս լավ էր՝ մեզ հյուր եկած գրողները հետաքրքիր զրուցակիցներ էին, Արևիկը բավական ճկուն էր վարում հանդիպումները և բոլորը կարողանում էին արտահայտվել, դահլիճն էլ, չնայած ամեն անգամ տարբեր կազմ ուներ, բայց հիմնականում լավն էր՝ խոսակցության կայանալու հետ խնդիրներ չէին առաջանում։

Կիրակի օրվա համար ես իհարկե գրավոր տեքստ չէի գրել, բայց մտքումս ուրվագծել էի ասելիքս։ Պատմելու էի էն մասին, թե ինչ էր նշանակում գրող լինելը սկզբում՝ երբ նոր էի սկսել գրել, ու ինչ կատարվեց հետո՝ երբ Սովետը քանդվեց ու Հայաստանն անկախացավ։ Կիրակին եկավ, գնացի գտա «Բյուրո» կոչվող վայրը, որտեղ կայանալու էր քննարկումը։ Դահլիճում կային թե ծանոթ, թե բազմաթիվ անծանոթ դեմքեր՝ հիմնականում երիտասարդ։ Ծանոթները հայ և ամերիկացի գրողներն էին, հայաստանաբնակ-սփյուռքահայ մտավորականները, հիմնականում՝ Ամերիկյան համալսարանում դասախոսող։ Իսկ անծանոթները, հետո պետք ա հասկանայի, հիմնականում Ամերիկյան համալսարանի Creative Writing կոչվող ծրագրի ուսանողներն էին։ Էդ ծրագիրը վարող դասախոսը՝ Արտո Վոնը, էդ օրվա մեր քննարկման բանախոսներից էր, մյուս հայ բանախոսը բանաստեղծ Աննա Դավթյանն էր, իսկ ամերիկացիներից կային երկու բանախոս՝ բանաստեղծներ Քրիս Մերիլն ու Մայքլ Քոլիերը։ Նախ Քրիսը խոսեց, բավական կարճ, հետո բարձրախոսը փոխանցեց Արտոյին, որն էլի շատ կարճ խոսեց, ու հիշում եմ էդ կարճ խոսքի մեջ ասեց՝ «ես խորշում եմ բոլոր տեսակի նացիոնալիստներից»։

Հետո խոսքն ինձ փոխանցեցին։ Սկսեցի նրանից, որ Սովետական Հայաստանում գրողը արտակարգ բարձր կարգավիճակ ուներ, ու նշեցի դրա երկու հիմնական նախադրյալները՝ մեկը հայոց պատմությունից եկող, մյուսը՝ սովետական կոնտեքստից։ Հիմա, հետադարձ վերլուծությամբ, հասկանում եմ որ հենց սկզբից «նացիոնալիստական» քայլ կատարեցի՝ առաջին նախադրյալը նշելիս տվեցի Տիգրան Մեծի անունը։ Ասեցի, որ եթե պատմությանդ ոսկեդարը մեր թվարկությունից առաջ ա՝ Տիգրան Մեծի օրոք, իսկ հետո սկսվում ա անկումների շարքը և պետականություն արդեն չունես, ուրեմն քաղաքական գործիչներ էլ չունես, գրողը նոր գործառույթ ա ստանձնում՝ դառնում ա հիշողության պահողը և ապագայի գծագիրը գծողը։ Էս հանգամանքը կար վաղուց, իսկ սովետականացումից հետո հայ գրողի դերն էլ ավելի մեծացավ, որովհետև եթե խոսքիդ համար քեզ հալածում են և կարող են անգամ գնդակահարել, դրանով խոսքդ էլ ավելի մեծ կարևորություն ա ստանում։  Էսքանն ասեցի, հասա շրջադարձի կետին՝ 88, Սովետի քանդվելը, Հայաստանի անկախանալը, պատերազմ։ Էնքան խիտ էր ամեն ինչ, պետք ա արագ նշեի, որ հասնեի գլխավոր պահին, երբ Հայաստանում բոլորը սկսեցին հարցնել՝ «Ո՞ւր են գրողները, ուր են գրողները, ինչո՞ւ չեն խոսում, ինչու մեզ տանջող հարցերին չեն պատասխանում»։ Գլխավոր ասելիքս դրանից հետո էր գալու, գլխավոր ասելիքս էն էր, որ գրականությունը արագ ու հեշտ պատասխաններ չի տալիս, որ գրականությունը հենց էն տարածքն ա, որտեղ դա հնարավոր ա՝ տալ ոչ հեշտ, ոչ պարզունակ պատասխաններ։


Հուզվել էի, արագ էի խոսում։ Կարո՞ղ ա էնքան արագ էի խոսում, որ անհասկանալի էր դարձել։ Բայց չէ, կողքիս նստած ամերիկացի բանաստեղծի անմիջական արձագանքը, որն զգում էի, կարծես ասում էր որ խոսքս տեղ ա հասնում։ Արագ արագ նշեցի էդ բոլորը՝ 88, Սովետի քանդվելը, Հայաստանի անկախանալը, պատերազմ, և  ուրախացած, որ արդեն հասել եմ գլխավորին, ասեցի՝ «Հիմա անցնեմ բուն ասելիքիս ․․․», ու ․․․․ դահլիճից ծափահարեցին։ Թշնամական ծափեր էին, ասում էին՝ կարճ կտրի, Մարինե։ Սիրտս ծակեց, բայց փորձեցի շարունակել, չեմ հիշում մեկ թե երկու նախադասություն էի ասել, մեկ էլ բարձրախոսից լսվեց Արևիկի ձայնը՝ «Խնդրում եմ ամփոփիր խոսքդ, Մարինե»։ Իրավունքների ակնհայտ խախտում էր, որովհետև նախորոք խոսքի տևողության ռեգլամենտ չէր սահմանվել, որը ես խախտած լինեի, բայց դահլիճն իմ դեմ էր, ու ես չկարողացա դիմադրել։ Մի երկու նախադասություն ասեցի, արդեն չեմ հիշում ինչ, ու լռեցի։ Սրտիս խորքում դեռ հույս կար, մտածում էի՝ հարցերի ժամանակ, եթե անդրադարձ լինի ասածներիս, գուցե կարողանամ ասելիքս ավարտել, բայց էդ էլ չստացվեց։ Ես պարտվեցի։ Դահլիճը սառն էր ու թշնամական։ Բայց ինչո՞ւ։


Եթե խնդիրը անձնական լիներ՝ իմ անձով պայմանավորված լիներ, ես սրա մասին չէի գրի։ Բայց հետադարձով վերլուծեցի, տեսա որ անձս տվյալ դեպքում առանձնապես կապ չուներ, խնդիրը գաղափարական էր։ Դրա համար էլ որոշեցի գրել սրա մասին և ֆեյսբուքիս պատին անգամ գրելիքիս նախնական վերնագիրը դրեցի՝ «Մենք ու ամերիկացիները»։ Դեռ չգիտեմ՝ կպահեմ էդ վերնագիրը թե չէ, առաջին հայացքից ոնց որ թե ճիշտ վերնագիր չի,  իմ խոսքը ընդհատողն ամերիկացիները չէին, ընդհակառակը՝ ինձ ամենաուշադիր լսողը հենց ամերիկացի բանաստեղծներն էին և քննարկման ընթացքում էլ իմ ասածներին անդրադարձողը հենց իրանք էին, բայց մեկ ա՝ պատահածի մեջ ամերիկացիների գործոնը կար, պատահածը հենց ամերիկացիների հետ հանդիպման կոնտեքստում էր։ Դեռ գրեմ ավարտեմ՝ պարզ կլինի։

Ինչո՞ւ եմ ասում՝ պատահածի հիմքը գաղափարական էր։ Որովհետև երբ հետադարձով հիշում ու վերլուծում եմ էդ օրը խոսվածը, իմ համար ակնհայտ ա դառնում, որ ես դահլիճին իմ դեմ հանեցի ոչ թե «երկար խոսելով», այլ՝ պատմությունից խոսելով։ Երբ բոլոր հինգ բանախոսներս արդեն խոսել էինք ու սկսվել էր հարց ու պատասխանը, Արտո Վոնը հանկարծ մի ռեպլիկ արեց, թե՝ «Հայերիս պատմությունը մեզ խեղդում ա»։ Քանի որ դրան ոչ մի պատմությանը առնչվող հարց չէր նախորդել, էդ ռեպլիկն ամենայն հավանականությամբ հենց ինձ էր ուղղված՝ պատմությունից հենց ես էի խոսել։ Ինչո՞ւ էի խոսել։ Որովհետև մեր պատմությունն ինձ ոչ թե խեղդում ա, այլ տալիս ա՝ երազանք։ Այ հիմա հասկացա, որ «Մենք ու ամերիկացիները» վերնագիրը ճիշտ էի ընտրել։ Հիմա բացատրեմ՝ ինչու։

Մենք ու ամերիկացիք մեկ ընդհանրություն ունենք՝ երկուսս էլ երազանքի ազգ ենք։ Բայց ամերիկյան երազանքը իրագործված երազանք ա, հայկականը՝ դեռ չիրագործված։ Ու քանի որ տենց ա, քանի որ հայկական երազանքը դեռ իրագործված չի, շատ հայերի, մասնավորապես իրանց առաջադեմ ինտելեկտուալ համարող հայերի թվում ա, թե հայկական երազանքը սխալ երազանք ա, նացիոնալիստական երազանք ա։ Նացիոնալիզմն էլ, դե, վատ բան ա: Չնայած որ լավ մտածես, հեչ պարզ չի որն ա ավելի նացիոնալիստական՝ գնաս հնդկացիների հողերի և արյունի վրա երջանիկ կյանքդ ստեղծես, թե հենց էն տեղում քո երջանիկ կյանքը ստեղծես, որտեղ ապրել ես դարերով։ Բայց շատ չխորանանք՝ ամերիկացիները իրանց երազանքի երկիրը հաջողությամբ ստեղծել են։ Մենք մերը դեռ չենք ստեղծել՝ մեր ունեցածը մեր ուզածը չի։ Որ դեռ չենք կարողացել՝ դրանում մեր երազա՞նքն ա մեղավոր։ Ինչո՞ւ, որովհետև մեր հողի ու մեր պատմության հե՞տ ա կապված։ է եթե կապված չլիներ, եթե մեր երազանքը ոչ թե երջանիկ Հայաստանի, այլ պարզապես երջանիկ կյանքի, երջանիկ երկրի երազանք լիներ, բոլորս կգնայինք ապրելու էնտեղ, որտեղ էդ երազանքն արդեն իրագործված ա։ Կգնայինք Ամերիկա։

Վերջում, երբ քննարկումն արդեն ավարտվել էր, ամերիկացի գործընկերս ինձ նվիրեց իրա գիրքը, ու ես ասեցի՝ «Մնաք բարով, ո՞վ գիտի, մեկ էլ կհանդիպենք թե չէ»։ Զրուցակիցս ժպտաց՝ «Դե եթե մի օր արտագաղթեք, շատ հավանական ա որ Ամերիկայում կհանդիպենք»։ Ես բարձր ծիծաղեցի՝ «Չէ, ես բացառվում ա որ արտագաղթեմ»։ Ու ավելացրի՝ «Ես նացիոնալիստ եմ, հայկական երազանք ունեմ»։ 

P.S. Ամենավերջին պարբերության ամենավերջին նախադասությունը ("Ու ավելացրի՝ «Ես նացիոնալիստ եմ, ․․") գրական հնարանք ա։ 


ՀՀ-ն ու ԱՄՆ-ը 25 տարի ա՝ դիվանագիտական հարաբերություններ ունեն