ՀԻՄԱ


ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ու ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ


Տղաների խփվելն ու օրերով անթաղ մնալը ազդել էր վրաս, իսկ մեկի մարմինն ու մյուս երկուսի ածխացած աճյունները կրակի տակից հանելու գործողությունը լրիվ տակնուվրա արեց։ Ոնց որ սառն ու տաք ցնցուղ լիներ՝ իրար հետեւից։ Անպաշտպան լինելու զգացողություն, հետո՝ պաշտպանված լինելու զգացողություն, բայց կիսատ։ Իրար հետ խառնած։ Գործողությունն իսկապես փայլուն էր եւ վկայեց, արդեն որերորդ անգամ, որ մենք լավ բանակ ունենք։ Բայց էդ փաստը՝ որ մենք լավ բանակ ունենք, անընդհատ ապացուցման կարիք ա զգում, ու դրա մեջ աննորմալ բան կա։ Տենց չպետք ա լիներ։

Ամենահստակ ապացույցը, որ մենք լավ բանակ ունենք, ղարաբաղյան հաղթանակն ա։ Մեր բանակը ձեւավորվեց պատերազմի ընթացքում եւ կայացավ հաղթանակի հիմքի վրա։ Բայց մեր հավաքական գիտակցությունն էդ հաղթանակը չի ընկալում որպես հաստատ ու վերջնական հաղթանակ, դրա համար էլ մեր բանակի որակներն անընդհատ ապացուցման կարիք են զգում մեր իսկ համար։ Ու սրա պատճառը բանակի մեջ չի, սրա պատճառը բանակից դուրս ա։ 

Ի վերջո ի՞նչ ա նշանակում բանակ եւ ի՞նչ ա նշանակում հաղթանակ։ Բանակը միայն զենքն ու զինվորներ-սպաները չեն, բանակը նախ եւ առաջ կազմակերպված-համակարգված գործելու կարողությունն ա, դրանից ա ծնվում հաղթանակը։ Նույն ձեւով՝ համակարգված գործելու հավաքական կարողությամբ ա նաեւ կառուցվում պետությունը։ Ու քանի որ էսօր մենք էն զգացողությունն ունենք, որ չենք կարողացել արժանապատիվ պետություն կառուցել, մեր գիտակցությունն անընդհատ կասկածի տակ ա առնում նաեւ մեր բանակի կայացածությունը։

Նշածս դաժան գիտակցությունը՝ որ մենք չենք կարողացել արժանապատիվ պետություն կառուցել, մեզ խանգարում ա հիշել, որ նույն էդ ժամանակ՝ 90 ականների սկզբին, երբ որ կայանում էր մեր բանակը, նաեւ մեր պետությունն էր սկիզբ առնում, եւ սկիզբը էսօրվա նման չէր, սկիզբը արժանապատիվ էր։ Ուրեմն ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց հետո։ Ոնց որ ասեցի արդեն, թե բանակ կառուցելու, թե պետություն կառուցելու համար նույն կարողությունն ա պահանջվում՝ համակարգված գործելու հավաքական կարողությունը, մենակ թե ակնհայտ ա որ պետությունն ավելի բարդ համակարգ ա, քան բանակը։ Եթե բանակի դեպքում թիրախն ու հակառակորդը դրսում են, պետության դեպքում բախվող շահերը ներսում են, եւ պետք ա գտնել էն ճկուն կառուցվածքը, որի ներսում էդ շահերի բախումը չի թուլացնի պետությունը, այլ հակառակը՝ կուժեղացնի։ Սա դժվար գործ ա, շատ դժվար գործ, ու էդ դժվար գործը մենք դեռ իրագործել չենք կարողացել։

Էսօր դեռ չենք կարողացել, բայց վաղը, հավատում եմ, կկարողանանք։