ՀԻՄԱ


ՄԵՆՔ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ


Մեր փոստատարն ամեն անգամ հորս թոշակը բերելիս խոսում ա Ռուսաստանի մասին՝ թե ինչ ահավոր բաներ են կատարվում էդ երկրում, թե ոնց ռուսների պատճառով աշխարհի հերն անիծվելու ա, որովհետեւ էդ Պուտինը, էդ Պուտինը.. լրիվ իրան կորցրել ա։ Լսում եմ ու ծիծաղում եմ։ Ինչի՞ ես ծիծաղում, հարցնում ա մեր փոստատարը։ Դե ձեզ լսում եմ, ու հիշում եմ թե մեր ժողովուրդը ինչ կույր ու անվերապահ սիրով ա սիրում ռուսներին, ասում եմ։ Մեր փոստատարը կարծես հեգնանքս չի նկատում, ասում ա՝ հա, հենց դրա պատճառով էլ մտանք էդ ախմախ Մաքսային միությունը, ու ոչ մեկը ձեն չհանեց, ռուսների դեմ ոչ մեկը չի ուզում խոսի։ Հա, ասում եմ։ Ու ժպտում եմ։

Ռուսաստանի նկատմամբ մեր ժողովրդի «կույր եւ անվերապահ սիրո» մասին էս վերջերս ահավոր շատ եմ լսում՝ ընկերներիցս, հեռու եւ մոտ ծանոթներիցս, որոնց մեծագույն մասն էդ սերը, մեղմ ասած, չի բաժանում։ Ստացվում ա հայ ժողովուրդը Հայաստանի բնակչությունն ա՝ հանած իմ ընկերները, հեռու եւ մոտ ծանոթները։ Կարծում եմ ստեղ խնդիր կա, եւ գործ ունենք միֆականացված պատկերացման հետ։ Ընդ որում միֆականացումն էլ կրկնակի ա՝ միֆ միֆի մասին։ Փորձեմ հերթով բացատրել։

Ես հիշում եմ սովետական տարիների շքերթները, երբ որ պարտադիր արտասանվում էր Համո Սահյանի բանաստեղծությունը՝

«Թե հոկտեմբերյան դրոշի փայլից
Չշիկներ ճակատն Արագածի,
Իր մութ այրերում շունչը կփչեր
Այրերի երկիր Հայաստանս»:


Էս քառատողում պատկերավոր ներկայացված ա սովետահայ գաղափարախոսության պաշտոնական թեզը՝ հայ-ռուսական հարաբերությունների հարցում։ Բացարձակ ստի վրա՞ էր հենվում պրոպանգանդիստական էդ թեզը, թե՞ տակը որոշակի ճշմարտություն այնուամենայնիվ կար։ Ես պատմաբան չեմ եւ դժվարանում եմ էս հարցին միանշանակ պատասխանել, քանի որ խնդիրը բավական բարդ ա։ Մի կողմից՝ ակնհայտ ա որ 1920 թվին Առաջին հանրապետությունը թուրքական հարձակմանը չէր կարողանում հակահարված տալ եւ որոշակի ճշմարտություն կա էն պնդումի մեջ, թե սովետականացումով Արեւելյան Հայաստանի բնակչությունը փրկվեց Արեւմտյան Հայաստանի ճակատագրից, բայց մյուս կողմից էլ՝ կարմիր Ռուսաստանն ինքը «իմպերիալիստական» Հայաստանի Հանրապետությանը խփողներից մեկն էր եւ Հայաստանի վրա հարձակվող թուրքական բանակը ռուսների ուղարկած ոսկիների շնորհիվ էր լավ զինված։ Փաստեր, որոնց մասին սովետական պատմագրությունը լռում էր։

Բայց փրկիչ Ռուսաստանի միֆն իհարկե սովետական շրջանում չի ծնվել, ավելի հին ժամանակներից ա գալիս։ Աբովյանն իրա բազմաչարչար «Օրհնվի էն սհաթը» գրել ա 19-րդ դարի կեսերին. «Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց» («Վերք Հայաստանի»)։ Ինչո՞ւ ա գրել Աբովյանն էս տողերը։ Աբովյանի ապրած ժամանակը բավական հեռու ա ու ես դժվարանում եմ էս հարցին միանշանակ, վստահ պատասխանել, կարող եմ միայն ենթադրություն անել։ Կարծում եմ դա միայն Աբովյանի կարծիքը չէր։ Հայաստանի ազատագրության գաղափարը փայփայողների մտքում էդ գաղափարը կապվել էր ռուսների հետ եւ Հայաստանի անցումը՝ Պարսկաստանից Ռուսաստանին, էդ ճանապարհին դիտվում էր որպես դրական երեւույթ։ Եւ պատմականորեն եթե նայենք՝ դա իրականում հենց դրական էր երեւի։ Ուրիշ բան, որ կային չափազանցված ակնկալիքներ, եւ ոգեւորության մեջ Ռուսաստանը երեւում էր վարդագույն գույներով։ Շատ շուտով պարզվելու էր, որ ակնկալիքները ուտոպիստական էին, եւ էդ ակնկալիքներն ունեցողների առաջ, էդ թվում՝ Աբովյանի առաջ, պարզվելու էր իրականության դեմքը, որը տվյալ դեպքում կայսերական Ռուսաստանի դեմքն էր։ Գրական-մանկավարժական-լուսավորչական գործունեության ընթացքում Աբովյանն անընդհատ բախվելու էր ցարական կառույցների դիմադրությանը եւ իզուր չի, որ գրողի անհետացման վարկածներից մեկը աքսորվելն ա Սիբիր։ Դժվար ա ասել, եթե Աբովյանը իսկապես աքսորված լիներ Սիբիր եւ աքսորում հնարավորություն ունենար նորից գրել, արդյո՞ք նորից կգրեր՝ Օրնվի էն սհաթը։ Ինձ թվում ա՝ «ռսի օրհնված ոտի» տեղ ավելի չափավոր ու հավասարակշռված բան կգրեր։

Ռուսաստանի հանդեպ մեր վերաբերմունքում մենք հենց դրա կարիքն ունենք՝ չափավորության եւ հավասարակշռության, որը մեզ մինչեւ հիմա պակասել ա եւ հիմա էլ ահավոր պակասում ա։ Սովետական պրոպագանդան չէր լռում ցարական բռնաճնշումների մասին, որոնց ենթարկվել են հայ հանրային գործիչները։ Բայց սովետական պրոպագանդան դրան տալիս էր խստորեն դասակարգային բացատրություն, «ցարական ռուսաստան» բառակապակցության մեջ շեշտը դնում էր ՑԱՐԱԿԱՆ-ի վրա, իսկ Հայաստանը Ռուսաստանին միացվելու 150 ամյակը 1978 թվին տոնվում էր անսահման եւ անվերապահ ցնծությամբ՝ որպես հայոց փրկության եւ հայ-ռուսական ՀԱՎԵՐԺ միավորման տարեդարձ։ Խնդիրը, կրկնում եմ, հենց էդ չափազանցման մեջ ա, թե չէ Հայաստանի միավորումը Ռուսաստանին իսկապես պատմականորեն դրական դեր խաղաց մեր ազգի ճակատագրում, կարծեմ թե պատմաբանները սրան չեն առարկի։ Չափազանցվելով, հարցը միֆականանում ա, եւ մտնում մի կողմից՝ «հավերժ, ընդմիշտ, փրկություն», մյուս կողմից, որպես սրան հակադրություն, «հավերժ, նենգ, թշնամի» կատեգորիաների իռացիոնալ ոլորտ։

Ասելիքիս ամենակարեւոր մասին անցնելուց առաջ փորձեմ որոշ ամփոփում անել։ Հայաստանի միացումը Ռուսաստանին, ամենայն հավանականությամբ, իսկապես դրական դեր ա խաղացել մեր ազգի պատմական ճակատագրում։ Հայաստանի սովետականացման դրական դերը էնքան էլ միանշանակ չի, ավելի շուտ դա չարյաց փոքրագույնի ընտրություն էր, չնայած կարող են լինել նաեւ այլ կարծիքներ։ Բայց նախ ռուսներից չափազանցված ակնկալիքները, հետո արդեն սովետական պրոպագանդան էս հիմքի վրա ստեղծեցին փրկարար ռուսի, հավերժ բարեկամ Ռուսաստանի միֆը։ Իմ համար դժվար ա միանշանակ ասել՝ սովետական տարիներին հայ ժողովրդի որքան մասն էր, որ հավատում էր էդ միֆին, որքան մասն էր, որ անկեղծ ոգեւորությամբ կկրկներ «Օրհնվի էն սհաթը, երբ ռսի օրհնված ոտը » կամ ՝ «Թե հոկտեմբերյան դրոշի փայլից / Չշիկներ ճակատն Արագածի, / Իր մութ այրերում շունչը կփչեր / Այրերի երկիր Հայաստանս»: Հավատացողներ իհարկե կային, եւ քիչ չէին։ Բայց արդյո՞ք էնքան շատ էին, որ դա խանգարեր նոր, անկախացող Հայաստանին՝ ռուսների հանդեպ վարել նոր, ավելի հավասարակշիռ եւ անկախ քաղաքականություն։ Իմ կարծիքով՝ չէ, էնքան շատ չէին, որ խանգարեին։ Իմ էս կարծիքի հիմքում ոչ թե ենթադրությունն ա ընկած, այլ իրական փաստերը, որոնք ես շատ լավ հիշում եմ։ 88-ի շարժումը ամենասկզբում որպես թիրախ ուներ Բաքուն եւ Ազատության հրապարակում մի շատ կարճ ժամանակ կարելի էր տեսնել «Լենին, պարտիա, Գորբաչով» տիպի կարգախոսներ։ Բայց սա շատ կարճ տեւեց, նոր Ղարաբաղ կոմիտեն ոչ միայն շարժման մեջ մտցրեց դեմոկրատական պահանջների բաղադրիչը, այլ նաեւ շարժման թիրախի ուղղությունը փոխեց՝ Բաքվից տեղափոխելով դեպի Մոսկվա, որպես ղարաբաղյան պահանջատիրության հիմնական հասցեատեր դիտելով Մոսկվայի կենտրոնական իշխանություններին։ Եւ քանի որ դա արվեց քաղաքականապես գրագետ ձեւով, կարծեցյալ «անհույս ռուսասեր» հայ ժողովրդի լայն զանվածների կողմից չեղավ ոչ մի զարմանք կամ առավել եւս վրդովմունք, թե ինչու եք դուրս գալիս Մոսկվայի դեմ։ Հետո Հայաստանն անկախացավ, եւ թվում էր՝ միֆականացումը հայ-ռուսական հարաբերություններում պետք ա բնական ճանապարհով տեղը զիջեր ռացիոնալ մոտեցումներին։

Սկզբում կարծես թե հենց տենց էլ կար։ Բայց հետո, մանավանդ էս վերջին տարիներիս, տարօրինակ զարգացումներ սկսվեցին։ Սկիզբ առավ հայ-ռուսական հարաբերությունների միֆականացման նորագույն փուլը։ Էսօր հիմնական միֆաստեղծողները հայ-ռուսական դաշինքի երդվյալ հակառակորդներն են, ովքեր տարածում են երկու հիմնական միֆ.

ա. Ռուսաստանը Հայաստանի գլխավոր թշնամին ա։
բ. Հայ ժողովուրդը ստրուկի հոգեբանություն ունի եւ ուզում ա ապրել ռուսի լծի տակ։


Էս երկու միֆերը սնվում են մեկը մյուսով՝ մեկի սուտը սնում ա մյուսի սուտը։ Եթե ընդունենք առաջին կեղծ դրույթը՝ թե իբր Ռուսաստանը Հայաստանի գլխավոր թշնամին ա, էն փաստը, որ հայաստանցիները չեն դիմադրում Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալուն, իսկապես կարելի ա դիտել որպես անառողջ հոգեբանության դրսեւորում։ Բայց առաջին դրույթն իհարկե կեղծիք ա։ Ավելի ճիշտ՝ դա միֆ ա. հայ ժողովրդի հավերժ բարեկամ եւ փրկիչ Ռուսաստանի մասին միֆը եթե շուռ ես տալիս գլխի վրա, ստացվում ա Հայաստանի ամենից նենգ ու ամենից գլխավոր թշնամի Ռուսաստանի մասին միֆը, որից էլ բխեցվում ա թշնամու առաջ խոնարհվող ստրուկ հայ ժողովրդի մասին միֆը։ Ռուսների հետ մեր հարաբերությունները նորմալ կառուցելու համար պետք ա հրաժեշտ տալ միֆերին եւ դուրս գալ «փրկիչ թե թշնամի» կեղծ դիլեմայի փակուղուց։ Ռուսները ո՛չ մեր փրկիչն են, ո՛չ մեր թշնամին։ Այո, ռուսները պատմության ընթացքոււմ մեզ հաճախ «քցել են», բայց մեզ քցել են նաեւ ֆրանսիացիք՝ Կիլիկիայում, անգլիացիք՝ առաջին հանրապետության տարիներին, եւ այլն, եւ այլն։ Չքցվելու համար պետք ա միջազգային քաղաքականության տրամաբանությունը հասկանալ, որն առաջնորդվում ա շահերով, ոչ թե սիրով կամ ատելությամբ, ոչ թե հավերժ բարեկամի կամ հավերժ թշնամու միֆերով։

Հ.Գ. – Էսօր, երբ որ գրում եմ էս տողերը, ռուսական ռուբլու գահավիժումը շարունակվում ա, եւ ֆեյսբուքը ողողված ա խանդավառ ստատուսներով՝ «Տեսա՞ք, բա որ ասում էինք Ռուսաստանը կործանվում ա, չէիք հավատում»։ «Կործանում» բառը բավական անորոշ բառ ա, եթե դրա տակ հասկանանք Ռուսաստանի մասնատումը եւ վերանալը՝ որպես խոշոր պետություն, պարզ չի որքան ա էս սցենարը հավանական, փոխարենը պարզ ա մեկ ուրիշ բան՝ անգամ եթե էդ մասնատումը տեղի ունենա, դա չի լինելու ոչ մեկ օրում, ոչ էլ մեկ տարում։ Ու քանի որ տարածաշրջանի խոշորագույն երկրի զարգացումները անպայման ազդելու են Հայաստանի վրա, Ռուսաստանի նկատմամբ նշածս հավասարակշիռ եւ ռացիոնալ մոտեցումը պահանջում ա, որ մեր քաղաքական ուժերը ծրագիր ունենան՝ թե նման սցենարի դեպքում ինչ են առաջարկում անել։

Էս տեքստս նախ հրապարակվել ա իմ բլոգում՝ ՄԵՆՔ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ