ՀԻՄԱ


ՆԱԽԿԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ

Էս տեքստը երեք տարի առաջ եմ գրել, բայց ակտուալ ա նաեւ էսօր՝ 2016թ․
Ես արդեն մոտ երկու ամիս ա Ավստրիայում եմ՝ Եվրոպայի ամենաբարեկեցիկ երկրներից մեկում: Սա իմ ամենաերկար բացակայությունն ա Հայաստանից, բայց սրա ամենակարեւոր տարբերությունը իմ մյուս ճամփորդությունների համեմատ դա չի, այլ էն, որ հիմա ես հստակորեն զգում եմ՝ իմ մեջ վերջնականորեն կոտրվել-վերացել ա աշխարհի նկատմամբ վախը: Կարճ եւ գուցե ոչ էնքան ճշգրիտ ձեւակերպում տվեցի՝ «աշխարհի նկատմամբ վախ», նկատի ունեմ էն զգացողությունը, որ դու ու քո երկիրը մի տեղում եք, մնացած աշխարհն ու մնացած աշխարհի մարդիկ՝ մեկ ուրիշ տեղում, մեկ ուրիշ կարգավիճակի հարթության վրա:

Սովետական ժամանակներում արտասահմանը պարսպից կամ վարագույրից էն կողմ էր: Հետո պարիսպը վերացավ, վարագույրը կարծես թե բացվեց, բայց մեկ ա՝ կա վիզա ստանալու հետ կապված դժվարությունը, նաեւ, որ ավելի կարեւոր ա՝ Հայաստանի ու զարգացած երկրների կենսամակարդակի միջեւ եղած տարբերությունը, որոնք նոր տեսակի մի պարիսպ են գոյացնում: Տարբեր փառատոների ու գրական միջոցառումների հաճախակի մասնակցելու արդյունքում երբ իմ համար երկրից դուրս գալն իրա նախկին «էկզոտիկ» սրությունը կորցրեց, ես հասկացա թե ինչքան կարեւոր բան ա դա՝ դուրս գալ «էկզոտիկ» հարաբերման վիճակներից, երբ մի կողմից արտասահմանն ա քո համար էկզոտիկ պտուղ, մյուս կողմից արտասահմանցու համար քո երկիրն ա էկզոտիկ վայր, հետաքրքիր հաճախ հենց դրանով՝ իրա «վայրենությամբ»: Ու էս վերջին հանգամանքը հաճախ գայթակղություն ա ծնում՝ հոգեբանորեն ֆիքսվել հենց «էկզոտիկ երկրի քաղաքացի / արվեստագետ» կարգավիճակի վրա, որի համար արտասահմանյան կազմակերպությունները երբեմն հատուկ բաժին կամ կետ ունեն իրանց ծրագրերում/օրակարգերում: Բայց ես միշտ գիտակցաբար մերժել եմ էդ կարգավիճակը եւ միշտ աշխատել եմ հարաբերությունները կառուցել «էկզոտիկան» շրջանցելով, ձգտել եմ հասնել հորիզոնական հարաբերման: Ոնց որ ասեցի տեքստիս սկզբում՝ ներկա այցելությանս ժամանակ զգացի, որ առնվազն հոգեբանական մակարդակում, դրան հասել եմ:

Ինձ թվում ա, հոգեբանական մի բարդույթ կա, որը խանգարում ա մեզ՝ Հայաստանի խնդիրները լուծելիս: Մենք հաճախ էն զգացողությունն ունենք, թե մեր հետ կատարվողը արտակարգ՝ կարգից դուրս, աշխարհից դուրս, տրամաբանությունից դուրս բան ա, որի հետ ոչ մի բան համեմատվել չի կարող: Սա՝ իռացիոնալ-հուսահատական մակարդակում: Իսկ ռացիոնալ մակարդակում՝ շատերը, երբ որ Հայաստանը համեմատելով որեւէ զարգացած երկրի հետ ինչ-որ միտք ես հայտնում, անմիջապես առարկում են թե՝ Հայաստանի նման երկիրը չի կարելի համեմատել զարգացած երկրների հետ, մեզանում գործում են ուրիշ օրենքներ, ուրիշ օրինաչափություններ, մենք պետք ա նախ մեր նման երկրներին հատուկ հարցերը լուծենք, հետո նոր՝ կարող դառնանք մեծ հարցեր լուծելու:

Ես էս վերջին մտքի հետ, ու սա սկզբունքային հարց ա, համաձայն չեմ: Ժամանակը չի նստում քեզ սպասում, որ դու նախ քո բ. կարգի խնդիրները լուծես, հետո անցնես ա. կարգի խնդիրներ լուծելուն, նման հերթականություն սահմանելու դեպքում դու կլռվես կմնաս բ. կարգում ու քո համար երբեք չի գա ա. կարգի խնդիրներ լուծելու ժամանակը: Եթե ուզում ես զարգանալ, ոչ թե գոյատեւել, դու պետք ա քեզ ու քո երկիրը զգաս ամբողջ աշխարհի կոնտեքստում եւ քո առաջ դնես մեծ խնդիրներ: Մեծ խնդիրներ դնելիս են փոքր խնդիրները դառնում լուծելի, ոչ թե հակառակը:


մայիս, 2013թ․, Վիեննա, MuseumsQuartier