ՀԻՄԱ


ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ


Ես նոր եմ գլխի ընկնում որ լրիվ նոր սերունդ ա եկել։ Դե գիտեի իհարկե, բայց մի տեսակ վերացական գիտեի։ Հիմա կոնկրետ գիտեմ։ Որովհետեւ ավելի շա՞տ եմ սկսել շփվել ջահելների հետ, թե՞ որովհետեւ սկսել եմ ուշադրություն դարձնել էն հանգանմանքի վրա, որ էն, ինչը կարծում էի բոլորը գիտեն, էնքան էլ տենց չի։ Երեւի՝ երկրորդը։ Ամեն ինչ 88-ից սկսվեց, ուզում էի ասել՝ 88-ի հետ կապված։ Ես միշտ կարծել էի՝ 88-ը մի բան ա, որ բոլոր հայաստանցիները նույն ձեւով են հիշում։ Հետո Աշոտ Սարգսյանը գրեց 88-ի շարժումը աղավաղված ներկայացնող դասագրքի մասին, ու ես սկսեցի հարցուփորձ անել շուրջբոլորս, հասկանալու համար ոնց են մարդիկ 88-ը հիշում։ Հենց էդ ժամանակ էլ նկատեցի, թե ինչքան շատ են նրանք, որ 88-ին դեռ ծնված չեն եղել կամ շատ փոքր են եղել։  Էդքան շատ ժամանակ ա անցել փաստորեն։ Դարձել ա պատմություն։ 

Պատմությունը մեկն ա, բայց նաեւ մեկը չի, տարբեր ա, կախված նրանից, թե որն ա սկզբնակետը, որի շուրջ հավաքվում ա պատմությունը։ Սովետական Միությունում, որտեղ ես ծնվել էի, սկզբնակետը 1917-ի հեղափոխությունն էր։ Հայաստանի Հանրապետությունում, որի ստեղծումը ես տեսել եմ, սկզբնակետը 1988-ն ա։  Եվ քո ինքնատեղադրումը պատմության եւ աշխարհի մեջ հենց էդ սկզբնակետից ա կախված, նրանից, թե քո գիտակցության մեջ ոնց ա պատկերանում էդ սկզբնակետը։  Դա վերաբերում ա թե՛ նրանց, ովքեր էդ սկզբնակետը սեփական աչքերով տեսել են, թե՛ նրանց, ովքեր տարիքի բերումով դա տեսնել չէին կարող եւ 88-ի մասին պատկերացում են կազմում ոչ թե ուղղակիորեն, այլ փոխանցումի միջոցով։  Վերջերս ես ինքս ինձ համար պարզեցի, որ էդ փոխանցման հետ կապված մեծ խնդիրներ կան։ Ու հարցն էն չի, որ 88-ը տարբեր ձեւով ա մեկնաբանվում (եթե 88-ի մասին Հայաստանում բանավեճ լիներ, դրանից մենք բոլորս միայն կշահեինք), այլ էն, որ փոխանցումը հիմնականում կատարվում ա առասպելների մակարդակում, ու հաճախ՝ քաղքենիական ճղճիմ առասպելների։

Սովետական Միությունը, որից անկախացավ Հայաստանը, ուներ ծրագիր՝ կոմունիզմի կառուցումը։ Դրա համար միլիոնավոր կյանքեր էին զոհաբերվել՝ թե որպես ինքնակամ ինքնազոհաբերում, թե որպես կոմունիզմի կառուցմանը խանգարողների ռեպրեսիվ վերացում։
 Բայց ամենավերջում՝ իմ կյանքի տարիներին, կոմունիզմի կառուցմանը ոչ ոք արդեն չէր հավատում, եւ հսկա երկիրը տաշեղի պես մեկ էլ հանկարծ փուլ եկավ, Սովետական Միությունը պաշտպանողներ համարյա չգտնվեցին։ Հայաստանի Հանրապետությունը չի ստեղծվել հատուկ հասարակարգ՝ կոմունիզմի նման մի բան, կամ կոմունիզմին հակառակ մի բան, ստեղծելու նպատակով։ Ոմանք պնդում են, թե Հայաստանի ներկա Հանրապետությունը ընդհանրապես չի էլ ստեղծվել, գիտակցաբար չի էլ անկախացել, ուղղակի Սովետական Միությունը փուլ եկավ, բոլորը անկախացան, դե Հայաստանն էլ բոլորի հետ «ստիպված» անկախացավ։ Ավելի վտանգավոր սուտ դժվար ա պատկերացնել, ու շատ կարեւոր չի՝ ստողը գիտակցաբա՞ր ա ստում, թե առանց հասկանալու։ Անկախացումը անկախություն գոռալն ու անկախական պլակատներ ծածանելը չի, անկախացումը ինքնիշխան վարք դրսեւորելն ա, ինքնուրույն, սեփական հանրության շահից ելնող գործողություններ ծավալելը։ Եվ 88-ին կատարվեց հենց դա։ Եվ կատարվեց բնավ ոչ հեշտությամբ, ոչ ինքնաբերաբար։ 1988 թվի փետրվարին, երբ որ Ղարաբաղյան շարժումը սկսվեց, կային Մոսկվայի օգնությամբ, գորբաչովյան Պերեստրոյկայի շրջանակներում, «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսներով հարցը լուծելու ակնկալիքներ, ու եթե հենց դրանով, էդ ակնկալիքների անհիմն եղած լինելու փաստի արձանագրումով էլ ամեն ինչ ավարտվեր, ոչ մի բան տեղի չէր ունենա, 88-ը չէր լինի, 88-ի շարժումը չէր լինի փաստորեն։ Բայց եղավ։ Եղավ, որովհետեւ նորաստեղծ Ղարաբաղ կոմիտեն կարողացավ կատարել ակնկալիքների տեղաշարժ՝ Մոսկվայից դեպի սեփական ուժերը, նորաստեղծ Ղարաբաղ կոմիտեն, հենվելով հայաստանցիների կամքի եւ վճռականության վրա, կարողացավ Երեւանը դարձնել քաղաքական գործոն։ Ու դա հենց անկախացումն էր։

Քաղաքական գործոն դառնալու համար Հայաստանը չունի ոչ նավթ, ոչ էլ որեւէ այլ բնական ռեսուրս։ Հայաստանի ռեսուրսը, եւ հզոր ռեսուրսը, հայ ժողովրդի կամքն ա, հայ ժողովրդի դարավոր նպատակադրումը՝ վերականգնելու կորցրած պետականությունը։ Էդ նպատակադրումը հայոց քաղաքական մտքի առանցքն ա առնվազն վերջին չորս դարերում:  Իհարկե,  88-ին հայաստանցին ոչ թե «Անկախ պետականություն» էր գոռում, այլ «Ղա-րա-բաղ», բայց «Ղա-րա-բաղ» գոռալու իմաստը հենց էդ ա՝ հայոց պետության վերականգնումը, հայաբնակ հողերը հավաքում ես, որ պետությունդ դրանց վրա ստեղծես։ (Իսկ թե ինչու մենք ի վերջո մեկի տեղ երկու պետություն ստեղծեցինք, էդ ուրիշ խոսակցություն ա, որը մեզ կշեղեր բուն թեմայից)։ Սեփական պետականությունը վերականգնելու ճանապարհին մենք ծանր կորուստներ ենք ունեցել, 1915-ի խոշորագույն կորուստը ներառյալ, դրա համար էլ ազգային պետականությունը հայի համար կենտրոնական արժեք ա, շատ ավելի թանկ արժեք, քան բազմաթիվ ուրիշ ազգերի համար։ Եթե մյուս կարեւորագույն արժեքները՝ արդարությունը, ազատությունը, եւ մյուսները, գումարվում են սրան, գրանցվում են հսկա արդյունքներ։ Ղարաբաղյան հաղթանակը՝ մեզանից նյութական ռեսուրսներով բազմակի ուժեղ հակառակորդի դեմ, հենց նման գումարման արդյունքում արձանագրվեց՝ որովհետեւ կռվող տղաները գիտեին, վստահ էին, որ արդարությունն իրանց կողմում ա, եւ վստահ էին նաեւ, որ նահանջի տեղ չկա, որ պարտության դեպքում Հայաստան չի լինի։

Ցավոք, հետո լիքը բան սխալ ճանապարհով գնաց։ Սխալները կուտակվեցին, կուտակվեցին, եւ էսօր հասել ենք մի դրության, երբ որ հայաստանցիների մի մեծ մասի գիտակցության մեջ արդարությունն ու Հայաստան պետությունը դարձել են իրար հակադիր հասկացություններ։
 Ու սա աղետ ա։ Էլ չասած որ ոմանց գիտակցության մեջ Ղարաբաղն ու Հայաստանն են շրջվել իրար դեմ, ինչը մյուս աղետն ա։ Արժեքները իրար գումարվելու փոխարեն իրարից հանվում են, տալով մի մեծ եւ ահարկու զրո։

Հայաստանն էս վտանգավոր վիճակից դուրս կբերի էն քաղաքական գործիչը կամ քաղաքական ուժը, որը կկարողանա երկու կարեւորագույն արժեքները՝ Հայաստանն ու արդարությունը, նորից դարձնել գումարելիներ։

Տեքստը նախ հրապարակվել ա սյունակումս, 2015թ․
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ