ՀԻՄԱ


ՄԱՐԴԸ ՔԱՐԵՐԻ ՄԵՋ


Ներքեւի տեքստը «Գրական թերթի» համար եմ գրել: Կարինե Խոդիկյանը խնդրեց, Արմենի 60 ամյակի առթիվ էջ էին պատրաստում, ու չէի կարող մերժել, քանի որ Արմենի գրականության մասին գրելը միշտ հաճույք ա իմ համար:

Ոչ միայն հաճույք ա, այլ նաեւ օգտակար ա, փորձով գիտեմ: Որովհետեւ իմ հայտնի «Անտիպոեզիան» էլ Արմենի մասին էր (նաեւ Վիոլետի), ու գրելով էդ էսսեն, ես լիքը բան իմ համար պարզեցի, մի քիչ էլ հորինեցի, ու էդ իմ պարզածն ու նաեւ հորինածը մի խոշոր չափով որոշեցին նաեւ իմ բանաստեղծության հետագա ճանապարհը: Էս դեպքում` չգիտեմ էս գրածիս երկարաժամկետ ազդեցությունը ոնց կարտահայտվի, բայց կարճաժամկետը հարբեցնող էր` բառիս բուն իմաստով: Էս փոքրիկ տեքստը գրելու համար ես պահարանիցս հանեցի Արմենի բոլոր յոթ բանաստեղծական գրքերը ու ամբողջ երկու օր կարդացի ծերից ծեր: Հետո նստեցի ու էս տեքստը գրեցի: Գրեցի, ուղարկեցի, ու հաջորդ մի քանի օրերին խմածի պես էի: Սկզբում չէի հասկանում ինչ ա կատարվում, ինչու եմ տենց ոգեւորված, բայց մի առավոտ երբ զարթնեցի ու զգացի որ հանգավոր տեքստ եմ մտքիս մեջ արտասանում, գլխի ընկա որ Արմենի տեքստն ա էդ, Արմենի ազդեցությունն ա: Իմ էդ օրերի` դեկտեմբերի 21,22, 23, 24-ի ֆեյսբուքյան գրառումներում էս պատմածս վկայված ա: Հիշում եմ` պատանեկությանս տարիներին մեկ էլ Ֆրանսուա Վիյոնն էր ինձ տենց հարբացնում` միջնադարի ֆրանսիացի բանաստեղծը: Գրեցի էս տողն ու հանկարծ գլխի ընկա որ պատահականություն չի դա: Նույն գինին ա երկուսի դեպքում էլ` թե Վիյոնի, թե Շեկոյանի: Երկուսի բանաստեղծություններում էլ մարդկային կյանքն ա` վերեւն ու ներքեւը, հատակն ու երկինքը, կոպիտն ու քնքուշը, սարսափելին ու հրճվալին խառնած իրար: Մարդը` ոնց որ կա: Կյանքը` ոնց որ կա: Բայց սիրելի: Էդ սերն ա, որ հարբեցնում ա:

ՄԱՐԴԸ ՔԱՐԵՐԻ ՄԵՋ

Ժամանակներ կան, երբ պոեզիան հարգված ա դահլիճներում, ապահով տեղավորված քննադատների գրախոսականներում ու ընթերցողների սիրո մեջ: Նման ժամանակներում սովորաբար հարց չի առաջանում` ինչո՞ւ ես գրում, արածիդ իմաստը ո՞րն ա: Արմեն Շեկոյան բանաստեղծը գրական աշխարհ մտավ եւ առաջին գրքերը հրապարակեց հենց նման ժամանակներում: Հետո ուրիշ ժամանակներ եկան: ԽՍՀՄ փլատակների տակ մնացին ոչ միայն գրահրատարակչության, քննադատության եւ այլ հարակից համակարգերը, այլ նաեւ, միառժամանակ, անհետացավ ընթերցողը: Ես ինքս հենց էդ ժամանակ եմ մտել գրականություն եւ էսօրվա պես հիշում եմ էդ տարիների սառնամանիքը: Շատերը մնացին բքի տակ, չհաղթահարեցին ճամփան` դեպի նոր գրական տարածք ու նոր ընթերցող: Արմենը էն եզակիներից էր, որ դուրս եկավ փորձությունից` ուժեղացած ու հաղթած:

Հետաքրքիր կլիներ հասկանալ` ինչու: Ինձ թվում ա` ես պատասխանը գիտեմ: Ճգնաժամը չկարողացավ կոտրել, հակառակը` ուժեղացրեց Շեկոյան բանաստեղծին, որովհետեւ Արմենը կարողացավ էդ ճգնաժամը մտցնել պոեզիա: Խոսքը մարդու ճգնաժամի մասին ա: Հասարակական մեծ ցնցումները` հեղափոխություներ, պատերազմներ, հենց նրանով են ահռելի, որ սրում են մարդու ճգնաժամը: Էդ ճգնաժամը միշտ կա, հավերժաբար կա, բայց հասարակական կատակլիզմների ժամանակ մերկանում ա ողջ դաժանությամբ: Ու եթե բանաստեղծը կարողացավ խոսքի մեջ տեղավորել էդ մերկ դաժանությունը, կնշանակի հաղթել ա:

Արմենը կարողանում ա անել հենց դա` խոսքի մեջ ա բերում կյանքի դաժանությունն ու էդ դաժանության մեջ` մարդուն: Իրականության ընթացիկ նշանների առատությունը, որ կա Արմենի տեքստերում, ստեղծում ա էն պաշտպանական ցանցը, որը թույլ չի տալիս` պոեզիան լողա մարդուց կտրված «հոգեւորի» ամպերի մեջ: Արմենի գործերում կա ոչ թե վերացական «հոգեւորը», այլ մարդու հոգին, որը խփվում ա պատերին ու քարերին: Էդ պատերն ու քարերը` մեզ բոլորիս շրջապատող իրականության փաստականությունն ու մարմնականությունը բերելով խոսքի մեջ, բանաստեղծը ստեղծում ա էն տարածքը, որի մեջ մենք մահկանացու, այսինքն թե` մենակ մարդ ծնված լինելով հանդերձ, միասին ենք ու ոչ մենակ:

Բանաստեղծները, որոնց հիշում ենք կամ չենք հիշում, միշտ էդ երանելի տարածքն են փորձել ստեղծել իրանց գրածի մեջ : Ու երբեմն, ոնց որ Արմենի դեպքում, կարողացել են:

Գ.Թ. 27 դեկ 2013

Էս տեքստը նախ հրապարակվել ա "Գրական թերթում՝ ՄԱՐԴԸ ՔԱՐԵՐԻ ՄԵՋ