ՀԻՄԱ


«ԵՐԵՎԱՆԻ ՍՏՈՐ ԺԱՐԳՈՆԸ»

Էս տեքստը անցած տարվա փետրվարին եմ գրել՝ բլոգումս, բայց  ակտուալությունը բնավ չի կորցրել, դրա համար դնում եմ կայքումս
----

Վերջերս մասնակցում էի լեզվի հարցերին նվիրված քննարկման։ Բանախոսների թվում էր Հենրիկ Հովհաննիսյանը, բանախոսության թեման էր, եթե ճիշտ եմ հիշում՝ «Լեզվի գեղագիտությունը»։ Հենրիկ Հովհաննիսյանը նախ ասեց, որ մարդու լեզուն, կենդանի լինելու համար, պետք ա ունենա որեւէ բարբառային հենք, եւ ինքը հարգանքով ա վերաբերվում հայերենի բոլոր բարբառներին, հետո հայտարարեց, թե տանել չի կարողանում էն խոսքը, որի մեջ կա «երեւանյան ստոր ժարգոնը»։

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի դահլիճում, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը, ահագին մարդ կար, բայց ոչ ոք էդ արտահայտությունից կարծես թե չվրդովվեց, ընդհակառակը՝ լսվեցին հավանության բացականչություններ։ Հանդիպումը երկու մասից էր բաղկացած՝ նախ բանախոսություններն էին, հետո դրանց քննարկումը, ու քանի որ ոչ Հենրիկ Հովհաննսիյանը, ոչ ես երկրորդ մասին չմասնակցեցինք, առիթ չունեցա անդրադառնալու «երեւանյան ստոր ժարգոնի» մասին պնդումին։ Քանի որ խնդիրը համարում եմ շատ կարեւոր, ուզում եմ դրան անդրադառնալ հիմա։

Ժարգոնը հասարակական որոշակի նեղ շերտի պատկանող հատուկ լեզուն ա, օրինակ՝ գողերը սովորաբար ունենում են իրանց ժարգոնը, տարիքային որոշակի խմբեր, ասենք՝ դեռահասները, ուսանողները, կարող են ունենալ իրանց ժարգոնը, եւ այլն, եւ այլն։ Այսինքն թե՝ Երեւանը չի կարող ունենալ սեփական ժարգոն, «Երեւանի ժարգոն» արտահայտությունը նոնսենս ա։ Փաստն էն ա, որ Հովհաննիսյանի ելույթում խոսքը ոչ թե ժարգոնի, այլ Երեւանի խոսակցական լեզվի մասին էր, մասնավորապես՝ «ա» օժանդակ բայի մասին, որը բոլոր երեւանցիների (եւ ոչ միայն երեւանցիների) խոսակցական լեզվի բաղադրիչն ա։ Այսինքն, սեփական վերաբերմունքը ճշգրիտ արտահայտելու դեպքում բանախոսը պետք ա ասեր՝ «Երեւանի ստոր խոսվածքը»։ Բայց նեգատիվ վերաբերմունքը էլ ավելի ուժեղացնելու համար, գիտակցորեն թե ենթագիտակցորեն սխալ էր անում՝ խոսվածքի տեղ գործածում էր ժարգոն բառը, որը, ի տարբերություն խոսվածքի, ավելի նեգատիվ իմաստ ունի։

Քննարկումը, որի մասին ասեցի, մոտ տաս օր առաջ էր։ Էն ժամանակից անընդհատ ուզում էի գրեմ էս դեպքի մասին, ու զբաղված լինելով՝ չէի հասցնում։ Իսկ գրել անպայման էի ուզում, որովհետեւ «երեւանյան ստոր ժարգոն» արտահայտությունը՝ վատ թաքնված հակաերեւանականությամբ, իմ մեջ արթնացրել էր ուրիշ համանման հիշողություններ, որոնք իրար կողքի շարվելով՝ գծում են բավական չարագուշակ մի պատկեր։

Հայաստանցի-ղարաբաղցի տխուր եւ վտանգավոր հակադրության շրջանակներում, որպես էդ հակադրությունը սնուցող գործոններից մեկը, կա մի ամբողջ կոնցեպցիա՝ «երեւանյան քաղաքական մշակույթի» մասին՝ հանգամանալից շարադրված Հայկազն Ղահրիյանի «Երկու ղարաբաղցի, եւ «երեւանյան քաղաքական մշակույթը» հոդվածում։ «Լրագրի» խմբագիրը պնդում ա, թե Հայաստանի մայրաքաղաքի մշակույթը «երեւանյան-թուրքմենական» մշակույթ ա, որի հիմքում ընկած են «մայլան ու ռաբիսը», եւ որ, մեջբերում եմ՝ «երեւանյան քաղաքական մշակույթն» ի սկզբանե բացառում է պետությունն ու պետական մտածողությունը եւ ի վիճակի չէ ձեւավորել սեփական իշխանություն»։

Հայաստան-սփյուռք՝ բարդ հարաբերությունների շրջանակներում, կա ողբերգական մի տեսություն, որի կրողներն են սփյուռքի ամենալուրջ մտավորականները։ Համաձայն էդ տեսության, որն առավել հանգամանալի շարադրված ա Գրիգոր Պըլտյանի «Դեպի մեծ փոխաբերություն» գրքում, սիրելով ներկա Հայաստանը, դու դրանով իսկ ջնջում ես քո ներսում էն մյուսը՝ Արարատից էն կողմ ընկածը, կորսվածը, այսինքն թե՝ դավաճանում ես կորսվածին։ Սա իհարկե ոչնչից սարքված տեսություն չի, ունի որոշակի հիմքեր մարդկային հոգեբանության մեջ։ Պըլտյանի նշածս վիպակը սկսվում ա Երեւանի կոնկրետ տեսարաններով, որոնք նկարագրված են որպես վուլգար ու անսիրելի, հետո արդեն, վիպակի վերջում, սահմանի վրա կանգնած ու դեպի Արարատ նայող հեղինակը շարադրում ա ասածս ողբերգական կոնցեպցիան. սիրել հնարավոր ա երկուսից մեկը՝ կամ սահմանից էն կողմինը, որը ոչնչացված ա փաստացի ու ապրում ա միայն որպես հիշողություն քո հոգում, կամ էլ էս մեկը, ներկա իրականը՝ Երեւանը, որը սիրելով, դու էն մեկը՝ հիշողության մեջ ապրողը, ոչնչացնում ես նաեւ քո ներսում։

Նշածս երկուսը՝ ղարաբաղյանն ու սփյուռքյանը, Երեւանի «անսիրելիությունը» հիմնավորող ամբողջական կոնցեպցիաներ են, բայց էդ երկուսի կրողներից բացի կան բազմաթիվ մտավորական ու հանրային գործիչներ, որոնք թեեւ Երեւանի «անսիրելիությունը» ձեւակերպող հստակ տեսություն չունեն, Երեւանի անսիրելիության մասին հստակորեն չեն էլ արտահայտվում, փոխարենը շատ են սիրում խոսել հայկական բարձր մշակույթից, դրա դրսեւորումները պատկերացնելով ինչ-որ ուրիշ տեղ՝ ժամանակային եւ տարածական հեռվում, իսկ «մանրն» ու «ցածրը»՝ ներկայում, էսօրվա մեջ, երեւանցու մեջ։

Ես միշտ կողմնակից եմ եղել բազմազան Հայաստանի՝ թե քաղաքական, թե մշակութային առումով։ Հիմա էլ եմ դրա կողմնակիցը, հիմա էլ եմ վստահ, որ բազմազանությունը, բազմաշերտությունը մեր ուժն են՝ թե մշակույթում, թե քաղաքականության մեջ։ Բայց հայկականության բազմազան շերտերը ուժ են դառնում, երբ որ կա կենտրոն։ Դրանք Երեւանով են ուժ դառնում։

Երեւանը պարզապես քաղաք չի, նույնիսկ՝ ընդամենը մայրաքաղաք էլ չի։ Երեւանը էն միակ կետն ա, որտեղ իրար են միանում մեր մարմինն ու մեր միտքը՝ որպես պետություն մեր գոյությունը հնարավոր դարձնող բավարար խտությամբ եւ ինտենսիվությամբ։ Էն սարսափելի արտագաղթը, որը ներկա թափով շարունակվելու դեպքում վաղը հարցականի տակ կդնի մեր պետության գոյությունը, իմ հաստատ համոզմամբ, կապված ա մեր հավաքական մտքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով առաջացած հիվանդագին տենդենցների հետ, որոնց մասին ես խոսեցի եւ որոնք խանգարում են մեզ սիրել մեր իսկ մայրաքաղաքը՝ մեր իսկ մարմինը։