ՀԻՄԱ


ԼԻԼԻԹԸ, ԶՈՐԻԿԸ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, ԼԵՎՈՆԸ, ԽՈՐԵՆԱՑԻՆ, ՄԵՆՔ


Սկիզբը՝ ԹԵ ԻՆՉ ՀԱՍԿԱՑԱ ԵՍ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
 ԴԵՌ ՀԱՐՈՒՍՏ ՉԵ՞Ս
ՄՈԴԵԼԸ ՓՈԽԵԼ Ա ՊԵՏՔ
Ի՞ՆՉ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ
ԹԱԹԱՐ ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ
ԹԵ ՈՆՑ ԷԴ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԵՂԱՎ
ՀՈԻՇԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ
ԹԵ ՈՆՑ ՄԵԶ ԴՈՒՐՍ ԴՐԵՑԻՆ ԽԱՂԻՑ

Մի քանի օր առաջ Լիլիթ Պիպոյանի համերգն էր Կինոմոսկվայում։ Ով որ լսել ա Լիլիթին՝ ուրեմն կպատկերացնի ինչ էր, ով չի լսել՝ դժվար ա փոխանցել կատարվածը։ Երջանկության երկու ժամ էր։ Բայց չէ, երկու ժամ երևի չտևեց համերգը, մեկ էլ Լիլիթը ասեց՝ «վերջին երկու երգը կկատարեմ իրար հետևից, քանի որ շուտով էս դահլիճում կինոյի սեանս ա սկսվելու», ու սիրտս կանգնեց։

Լիլիթը համերգը նվիրել էր տարիներ առաջ մահացած հոր՝ նկարիչ Սուրեն Պիպոյանի 95-ամյակին, երգում էր, իսկ էկրանին հոր նկարներն էին։ Ու նաև՝ Զորիկ Գալստյանի լուսանկարները։ Զորիկը կենդանի լիներ, տեսներ իրա նկարները՝ էսքան խոշոր պլանով, Լիլիթի երգերի հետ։ Ես 14-րդ շարքում էի նստած, դիմացս ու աջից հիմնականում 20-30 տարեկաններ էին, երգի առաջին հնչյունների հետ՝ մեկ էլ սկսում էին Լիլիթի հետ երգել։ Տոնի զգացողություն էր դահլիճում, չնայած երգերի մի ոչ փոքր մասը ողբերգական էին, վերջին երգն էլ՝ կորստի ու կարոտի երգ։

Հետո համերգը ավարտվեց, հանդիսատեսը դուրս էր գալիս՝ զրուցելով, իսկ ես իրանց հետ ոտքս կախ էի գցում, որովհետև դա ոչ թե պարզապես զրույց էր, այլ Լիլիթի երգերի քննարկումն էր։ Հետո էդ քննարկումը շարունակվեց Կինոմոսկվայի բակում, հետո քայլում էի Թումանյանով, ու դիմացս տենց քսան տարեկանին մոտ տղա- աղջիկ էին քայլում, էլի Լիլիթի երգերից էին խոսում։ Մեկ էլ կողքս մի ձայն ասեց՝ «Մամ, ոնց որ Երևանը փոխվել ա, ուրիշ ա»։ Շրջվեցի՝ դեռահաս աղջիկ էր, մոր հետ։ Երեքով ժպտացինք։

Հասա տուն՝ ֆեյսբուքը Բագրատյանի գրառումն էր քննարկում։ Կարդացի, տխրեցի։ Շատ տխրեցի։ Շատ շատ։ Սկզբում փորձում էի չկենտրոնանալ ասվածի վրա, մոռանալ։ Բայց չստացվեց, Պետրոսը Բագրատյանին Ուրվագիծ կանչեց, ու կենացները քաղցրացան։  


Բագրատյանի թե գրառումը, թե հարցազրուցը լիքն էին տրամաբանության օրենքներին հակասող պնդումներով, վիրավորական հայտարարություններով։ Վիրավորական՝ Հայաստան երկրի հանդեպ, որի վարչապետն էր ինքը մի օր։ Վարչապետը ո՞րն ա, ինչո՞ւ եք ամեն բառ վերցնում թարգմանում, էս ինչ շովինիզմ ա։ Հայաստանս ո՞րն ա, ի՞նչ Հայաստան, աշխարհի մեծերը մեզ Արմենիա են ասում, մենք ի՞նչ իրավունք ունենք մեզ Հայաստան ասենք։ Ես վաղուց արդեն հայերեն չեմ գրում, շատ ժամանակ ա խլում։ Մեր լեզուն աղքատ ա, հայերեն նախադասությունները երկար են ստացվում։ Եվ ընդհանրապես՝ հայերեն գրելս ո՞րն ա, ինչո՞ւ անգլերեն չգրենք։

Էս ի՞նչ ա կատարվում, Մարինե, դու մի ժամանակ էս մարդուն հարգում էիր, ընտրությունների ժամանակ՝ պաշտպանում էիր։ Իրա հե՞տ են տարօրինակ բաներ կատարվում, թե՞ դու էիր խաբված, դու էիր պատրանքների մեջ։ Ոնց հասկանում եմ՝ ավելի շուտ երկրորդը։ Դու Լևոն Տեր-Պետրոսյանին էլ էիր հարգում, իրան էլ էիր պաշտպանում, էն էլ ոնց էիր պաշտպանում, վերջում տեսա՞ր ինչ արեց։ Վերջում վեր կացավ ասեց՝ մենք զրո ենք, ոչ մի բան ենք, Հայաստանը ռեսուրս չունի, եթե Ադրբեջանի հետ հենց հիմա չհաշտվեցինք, վերջանալու ենք գնանք։ Ու ինքն էլ շատ լավ գիտի, որ Ադրբեջանի հետ հաշտվելու տարբերակ էսօր չկա, այսինքն փաստորեն ասում ա՝ վերջ, էլ ի՞նչ Հայաստան, Հայաստանը վերջացած ա։

Էս ի՞նչ ա նշանակում, Մարինե։ Էս նշանակում ա՝ դու մեծ, շատ մեծ թյուրիմացության մեջ ես եղել ու ժամանակն ա դրանից ազատվել։ Ամենասկզբում, երբ որ մեր երկիրը անկախացավ, դու մտածում էիր՝ ես բանաստեղծ եմ, քաղաքականությունը իմ գործը չի, տղերքը կան, լավ էլ զբաղվում են, լավ կլինի։ Հետո, երբ որ տեսար՝ չէ, լավ չի լինում, տղերքը խրվել են, ավելի մոտ եկար քաղաքականությանը և սկսեցիր գրել դրա մասին։ Բայց մեկ ա՝ դու էլի վստահում էիր իրանց։ Դու մտածում էիր՝ սկզբից ամեն ինչ ճիշտ ա եղել, հետո են խրվել։ Քո մտքով ո՞նց անցներ, որ իրանք հենց սկզբից չեն հավատացել Հայաստանի ուժին։

Դու թյուրիմացության մեջ ես եղել, Մարինե։ Դրա համար էլ գրիչը քո ձեռքին էր, բայց դու ոչ քո խաղն ես խաղացել։ Սխալ ես արել։ Ժամանակը եկել ա՝ քո խաղը խաղաս։ Խորենացի Մովսեսը ասում էր․ սահման քաջաց՝ զենն յուրյանց։ Զենքը քո ձեռքին ա, Մարինե։ Քո ձեռքին ավելի զորավոր զենք կա, քան Հայաստանի նախկին վարչապետի, քան Հայաստանի նախկին նախագահի ձեռքին։ Տեր կանգնի քո զենքին, որովհետև էդ մենակ քոնը չի, էդ Հայաստանի զենքն ա, Հայաստանի զորությունն ա՝ Հայաստանի, որին կոչ են անում զինաթափվել։ Չէ, մենք զինաթափվողը չենք,  դու գտի քո ընկերներին, Մարինե։  Որ մենք մեր խաղը խաղանք։ Վաղուց ժամանակն ա։ 


Շարունակելի


Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի