ՀԻՄԱ


ԹԵ ՈՆՑ ՄԵԶ ԴՈՒՐՍ ԴՐԵՑԻՆ ԽԱՂԻՑ


Սկիզբը՝ ԹԵ ԻՆՉ ՀԱՍԿԱՑԱ ԵՍ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
 ԴԵՌ ՀԱՐՈՒՍՏ ՉԵ՞Ս
ՄՈԴԵԼԸ ՓՈԽԵԼ Ա ՊԵՏՔ
Ի՞ՆՉ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ
ԹԱԹԱՐ ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ
ԹԵ ՈՆՑ ԷԴ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԵՂԱՎ
ՀՈԻՇԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ

Անցած անգամ ասեցի արդեն, բայց մի անգամ էլ կրկնեմ՝ Հայաստանի երեք նախագահներն էլ Արցախյան շարժման ծնունդ են, էդ շարժման մեջ էական դեր խաղացած և հենց էդ շարժման արդյունքում իշխանության եկած մարդիկ։ Ակնհայտորեն՝ երեքն էլ էն կարծիքին են, թե որպես նախագահ արել են առավելագույնը, որ հնարավոր էր ստեղծված իրավիճակում։ Հայտնի խոսք կա չէ՞՝ քաղաքականությունը հնարավորի արվեստն ա։ Այո, երևի ճիշտ ա էդ խոսքը։ Մենակ թե՝ հնարավորը նախորոք տրված հաստատուն մեծություն չի, ամեն քաղաքական գործիչ ինքն ա որոշում՝ ինչքանն ա հնարավոր, հիմնվելով որոշակի հաշվարկների վրա։ Եթե մեկը փորձեր հաշվարկել Ադրբեջանի դեմ պատերազմում Հայաստանի հաղթանակի հնարավորությունը, հաշվի առնելով  միայն երկու կողմերի ունեցած զենքը, թվաքանակը, տարածքը և ֆինանսները, կարող էր ասել՝ Հայաստանի հաղթանակի շանսերը մոտենում են զրոյի։ Բայց մենք հաղթեցինք։ Ուրեմն կար գործոն, որը նպաստեց մեր հաղթանակին, ով որ էդ գործոնը հաշվի չէր առնի, սխալ հաշվարկ կաներ։ Էդ գործոնի անունն ա՝ հանրային կամք։ 1988-ի շարժումը հայաստանցիներիս հանրային կամքի դրսևորումն էր և Արցախյան հաղթանակը դրա պտուղն էր։ Ուրեմն ինչո՞ւ նույն գործոնը անկախացումից հետո չաշխատեց ներքին դաշտում՝ չօգնեց մեզ կառուցելու մեր ուզած արժանապատիվ Հայաստանը։ Էս տխուր փաստը պետք ա որ պատճառ ունենա, և էդ պատճառը հասկանալ ա պետք՝ ոչ թե պարզապես էս կամ էն քաղաքական գործչի, քաղաքական ուժի սխալները վերհանելու, այլ կատարված սխալը ուղղելու և մեր ունեցած հզոր էդ գործոնը որպես կապիտալ նորից աշխատացնելու համար։

Անկախության առաջին տարիներին իշխանության գլուխ էին Ղարաբաղ կոմիտեի տղաները, նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Թե Ղարաբաղ կոմիտեն, թե մանավանդ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության էին եկել հսկայական ժողովրդականության ալիքի վրա։ Բայց որպես հարթակային-հանրահավաքային ընդդիմություն ժողովրդականություն վայելելը ուրիշ բան ա, որպես իշխանություն ժողովրդականություն վայելելը՝ ուրիշ, շատ ավելի դժվար բան։ Էս երկրորդը ավելի դժվար ա միշտ, բոլոր պայմաններում։ Իսկ Հայաստանում դժվարությունը կրկնապատկվում-եռապատկվում էր՝ եղած համակարգի փլուզման, երկրաշարժի, պատերազմի, բլոկադայի պատճառով։ Սրա մասին բոլորս գիտենք։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Արդյունքում եղավ էն, որ ոգևորության մեծ ալիքի վրա իշխանության եկած Ղարաբաղ կոմիտեի տղաների և նախագահ դարձած Տեր-Պետրոսյանի նկատմամբ արագ սկսեց աճել դժգոհությունը։ Ի՞նչ արեցին անկախացած Հայաստանի առաջին իշխանությունները ի պատասխան սրա, ի՞նչ դիրքորոշում որդեգրեցին։ Ու ո՞նց եղավ, որ էդ դժգոհությունը, պատասխան չգտնելով, ի վերջո հասարակության մի ոչ փոքր մասի մեջ վերաճեց ատելության։ Ես միշտ ուզեցել եմ սա հասկանալ և դրա համար ոչ միայն հետադարձ հայացքով վերլուծել եմ էդ ժամանակների իրադարձությունները, այլև փորձել եմ հանրային և անձնական զրույցների ընթացքում հարցեր տալ նշածս ժամանակների կարևոր գործող անձանց՝ փորձելով հասկանալ իրանց մտածածը ։ Ու եկել եմ էն եզրակացության, որ ՀՀ առաջին իշխանությունների դիրքորոշումը էս ա եղել՝ մենք ճիշտ ենք, բայց մեզ մեկ ա չեն հասկանա։ «Ինչու ենք մենք ճի՞շտ։ Նախ՝որովհետև տնտեսության անկումը Սովետի փլուզումից հետո անխուսափելի էր, դա մեզանից չէր կախված, բայց եթե մարդն էսօր սկսել ա շատ ավելի վատ ապրել քան երեկ էր, դու ինչ էլ անես կամ ասես, իրա աչքին մեղավոր դուրս կգաս՝ եթե իշխանություն ես։ Ու երկրորդ, որովհետև մենք գործում էնք ծայրահեղ ծանր իրավիճակում՝ հին համակարգի փլուզում, երկրաշարժ, պատերազմ, բլոկադա, էդ ծանր իրավիճակը մեզ թելադրում էր անել քայլեր, որոնք օրենքը երբեմն շրջանցում էին, սակայն անհրաժեշտ էին Հայաստանի համար, բայց դա հո չե՞ս կարող բացահայտ ասել, որ բոլորը իմանան։ Մենք արել ենք տվյալ իրավիճակում առավելագույն հնարավորը»։

Էս դիրքորոշման մեջ իհարկե ռացիոնալ հատիկ կա, բայց սա կես ճշմարտությունն ա, ամբողջ ճշմարտությունը չի։ Փորձեմ բացատրել՝ ինչու։

Համաձայնենք, որ պատերազմն, այո, արտակարգ իրավիճակ էր ստեղծում, և «ստվերային» քայլերը կարող էին անխուսափելի լինել նման իրավիճակում։ Նախորդ տեքստումս («Թե ոնց էդ ամեն ինչը եղավ»), որտեղ անդրադառնում էի Հրանտ Միքայելյանի «Հայաստանի ստվերային տնտեսությունը» աշխատությանը, դրա մասին էր հենց խոսք գնում։ Պատերազմ վարելու համար պետք են մեծ փողեր, մեծ փողերը հիմնականում ստվերում էին և ստվերից էլ վերցվել են։ Հետո մատուցված ծառայության համար պետք էր փոխհատուցել, և ստվերային օգնություն տրամադրած գործարարները (կամ ապագա գործարարները) ստացել են մենաշնորհներ, օրենքը շրջանցելով՝ ազատվել են հարկերից։ Ենթադրենք՝ սա անխուսափելի էր, ենթադրենք՝ էս ձևով պետք ա Հայաստանում ստեղծվեր հարուստ գործարարների խավը։ Իսկ հասարակության մնացա՞ծ մասը։ Անխուսափելի՞ էր, որ հասարակության ամբողջ մնացած մասը, քաղաքական գործիչներից ու խոշոր գործարարներից բացի, հայտնվեր խաղից դուրս վիճակում։ Եվ դա՝ 1988-ի համաժողովրդական շարժումից հետո։ Եվ դա՝ Արցախի հաղթական պատերազմից հետո։

Իմ համոզմամբ, սա՝ Հայաստանի հանրության մեծագույն մասի խաղից դուրս վիճակում հայտնվելը, հենց էն գլխավոր պատճառն ա, որը հենց սկզբից կասեցրեց և մինչև էսօր կասեցված ա պահում Հայաստանի զարգացումը։ Եվ դա՝ Հայաստանի հանրության խաղից դուրս հայտնվելը, բնավ անխուսափելի չէր, դա տեղի ունեցավ անկախացումից հետո իշխանության եկած մարդկանց որոշակի գաղափարական մոտեցումների արդյունքում։

Էն, որ սովետական տնտեսական համակարգի արագ փլուզումից հետո հայաստանցիների նյութական վիճակը կտրուկ վատացավ, ամենայն հավանականությամբ իսկապես անխուսափելի էր։ Բայց արդյո՞ք եթե հայաստանցին անկախացումից հետո սկսեց նյութապես վատ ապրել, դրանից անխուսափելիորեն հետևում էր ատելությունը նորանկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Ոչ, իմ հաստատ համոզմամբ՝ չէր հետևում, եթե իշխանությունները կարողանային հայաստանցուն ներկայացնել արժանապատիվ ապագայի հեռանկար, նոր Հայաստանի հեռանկար, որը կառուցելու համար՝ արժեր դիմանալ ժամանակավոր դժվարություններին,  և ամենակարևորը՝ եթե հայաստանցին զգար, որ էդ նոր Հայաստանի կառուցումը իրանից ա կախված, որ իրա ջանքը սպասված ա ու գնահատված։ Ինչո՞ւ սա տեղի չունեցավ, ինչո՞ւ հայաստանցիների մի մեծ մասը անկախացումից հետո հանկարծ իրան զգաց լքված ու անպաշտպան (և շարունակում ա նույն զգացումն ունենալ մինչև էսօր, ատելով Հայաստանի բոլոր՝ եկող ու գնացող իշխանություններին): Գուցե որովհետև իշխանությունների համար իրավիճակը ծայրահեղ լարված էր և նրանք քաղաքացիների հետ երկխոսության գնալու ժամանակ ուղղակի չունեի՞ն։ Իհարկե, կար նման բան՝ իրավիճակի լարվածություն, ժամանակի սղություն, պահի տակ որոշումներ ընդունելու ստիպվածություն։ Բայց երբ վերհիշում ենք անկախության առաջին տարիների գաղափարական դիսկուրսը, տարիների հեռվից պարզ երևում ա, որ Հայաստանի հանրությանը խաղից դուրս թողնելու գլխավոր պատճառը բնավ էլ ժամանակի սղությունը չի եղել։

Անկախության առաջին տարիների կենտրոնական բանավեճը Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի միջև էր, Վազգենն ասում էր՝ մենք համաշխարհային ազգ ենք, պետք ա զարգացման հատուկ ծրագիր մշակենք, Լևոնն ասում էր՝ մենք սովորական ազգ ենք, պետք ա ուղղակի սովորական պետություն կառուցենք։ Համոզվելու համար, որ խոսքն ընդամենը քաղաքական հակառակորդի «ինադու» ասված խոսքի մասին չի, այլ հաստատուն համոզմունքի, հիշենք առաջին նախագահի մյուս երկու հայտնի հայտարարությունները՝ «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է», «մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, Սերգո ջան, լավ չես ապրի»։ Երբ որ էս երեք պնդումները դնում ենք իրար կողք, պարզ ա դառնում թե ինչու Հայաստանի հանրությունը, 88-ին Արցախի համար ոտքի կանգնելուց և պատերազմում հաղթելուց հետ, հանկարծ դուրս մնաց խաղից և ի վերջո օտարվեց սեփական պետությունից։ Որովհետև Արցախյան հաղթանակից հետո պահանջվում էր հենց ազգային ծրագիր՝ էդ հաղթանակը պահելու, որպես էդ հաղթանակի շարունակություն՝ բոլորիս ընդհանուր ջանքերով էն հզոր պետությունը կառուցելու համար, որը մեր հաղթանակի արժանի շարունակությունը կլիներ և դրա անդառնալիության գրավականը։ Այնինչ Հայաստանի առաջին նախագահը և նրա մոտեցումները պաշտպանող քաղաքական թիմը ազգային ծրագիրը համարում էին կեղծ կատեգորիա։ Փոխարենը՝ սկսեցին «սովորական երկրի» կառուցումը։ Բնականաբար՝ կապիտալիստական երկրի։ Ու բնականաբար՝ նախ պետք էր էդ երկրի խոշոր բիզնեսը ստեղծել՝ ամեն գնով, ձեռքի տակ եղած բոլոր, էդ թվում՝ ստվերային միջոցներով։ Ու բնականաբար՝ խոշոր գործարարները ընդամենը մի փոքր խումբ մարդիկ են։ Մնացած հայաստանցիների նյութական վիճակը քանի որ կտրուկ վատացավ, իրանք՝ այսինքն բնակչության բացարձակ մեծամասնությունը, բնականաբար դժգոհ կլինեն։ Տենց ա լինելու, ուրիշ տարբերակ չկա։ Ու քանի որ դժգոհ են, ընտրությունների ժամանակ մեզ դեմ կքվեարկեն։ Ընտրություններով իշխանության կգա «համաշխարհային ազգից» խոսողը։ Բայց դա աղետ կլինի, ինքը «ֆաշիստ» ա։ Ուրեմն ընտրությունները պետք ա կեղծել։

Ու եղավ էն, ինչ որ եղավ։ 1996-ի նախագահական ընտրությունները կեղծվեցին։ Դրան հետևած զարգացումները ստեղծեցին էն չարագուշակ փակ շրջանը, երբ որ հայաստանցու հանրային կամքը, որպես առանցքային գործոն մեր երկրի զարգացման հիմքում դրվելու փոխարեն, իշխանությունների կողմից սկսեց ընկալվել որպես սպառնալիք, իսկ ընդդիմությունների կողմից՝ որպես նույն էդ իշխանությունների դեմ ճնշման գործիք, որն ընտրությունների ժամանակ հմտորեն օգտագործում ես, իսկ ընտրություններից հետո՝ էլ արդեն պետք չի, դեն ես շպրտում, մարդկանց նետելով հուսախաբության փոսը։

 Էս անվերջ թվացող ցիկլը, Սերժի կատարած սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ոնց որ թե ավարտվեց։ Հայաստանի քաղաքական կյանքում մեծ լռություն ա։ Ընդմիջում։ Արժեր ընդմիջումն օգտագործել մտածելու վրա, անկախության անցած քսանվեց տարիների փորձը վերլուծելու վրա։ Որպեսզի գտնենք այլընտրանքը։ Էն պետությունը, որ մենք էսօր ունենք, մեր՝ հայաստանցիներիս կարողությունների արտացոլումը չի։ Մեր կարողությունները շատ ավելին են, մենք մեր կարողությունը մեր երկրում օգտագործել չենք կարողանում և էն հսկա դժգոհությունը, որ կա մեզանում, հենց դրանից ա գալիս։ Եվ սխալը կատարվել ա հենց սկզբից՝ երբ ընդունվեց սովորական պետություն կառուցելու կարգախոսը։ Սովորական պետություններ չեն լինում։ Ամեն պետություն յուրահատուկ ա, ոնց որ ամեն ժողովուրդ ա յուրահատուկ։ Սովորական պետություն կառուցելու անվան տակ, Հայաստանում փաստացի կառուցվել ա պետություն մի խումբ հարուստների և մի խումբ պաշտոնավորների համար, մնացածս մնացել ենք խաղից դուրս։

Մեզ ուրիշ Հայաստանի ծրագիր ա պետք։ Ուրիշ Հայաստանի շինարարության ծրագիր։ Էն տեսակ Հայաստանի, որտեղ մենք՝ Հայաստանի հանրությունը, չենք լինի խաղից դուրս վիճակում։ 

Շարունակությունը՝
ԼԻԼԻԹԸ, ԶՈՐԻԿԸ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, ԼԵՎՈՆԸ, ԽՈՐԵՆԱՑԻՆ, ՄԵՆՔ