ՀԻՄԱ


ՀՈԻՇԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ

Սկիզբը՝ ԹԵ ԻՆՉ ՀԱՍԿԱՑԱ ԵՍ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
 ԴԵՌ ՀԱՐՈՒՍՏ ՉԵ՞Ս
ՄՈԴԵԼԸ ՓՈԽԵԼ Ա ՊԵՏՔ
Ի՞ՆՉ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ
ԹԱԹԱՐ ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ
ԹԵ ՈՆՑ ԷԴ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԵՂԱՎ

Հայաստանի երեք նախագահներն էլ Արցախյան շարժման ծնունդ են, էդ շարժման մեջ էական դեր խաղացած և հենց էդ շարժման արդյունքում իշխանության եկած մարդիկ։ Ակնհայտորեն՝ երեքն էլ էն կարծիքին են, թե որպես նախագահ արել են առավելագույնը, որ հնարավոր էր ստեղծված իրավիճակում։ Տեր-Պետրոսյանը «Հանդարտ խոհերում» պնդում ա, թե դժգոհության հսկայական ալիքը, որ բարձրացավ իրա նախագահության տարիներին, ոչ թե գործված սխալների հետևանքն էր, այլ անխուսափելի իրողություն՝ հետսովետական շրջանում ամեն տեղ էլ ժողովրդի կենսամակարդակը կտրուկ ընկնում էր և ինչ էլ արվեր՝ մարդիկ դժգոհ էին մնալու։  Հենց էս համոզումն էլ, անկասկած, ազդեց 1996-ի ընտրություններում Տեր-Պետրոսյանի պահվածքի վրա։ Քոչարյանը խոսելու տաղանդ առանձնապես չունի, փոխարենը՝ սիրում ա կրակել, և 2008-ին կրակոցներով ասեց՝ ես ճիշտ էի, դուք ինձ չհասկացաք։ Սերժը չի էլ պատրաստվում հեռանալ, որ հեռանալիս կրակի կամ չկրակի, ասում ա՝ ինչքան ուզում եք հայհոյեք ինձ, ես չեմ ջղայնանում, դա իմ իշխանության վրա չի ազդում, դուք հայհոյեք, ես իմ անելիքն եմ անում։ Եվ շղթան փակվում ա։ Առաջանում ա քարկապ։

Ո՞նց կտրենք էս քարկապը։ Ոնց կտրելը հասկանալու համար նախ պետք ա հասկանալ, թե ոնց էդ քարկապը ստեղծվեց։ Իսկ դրա համար պետք ա նախ երկու տասնամյակ հետ գնալ, հասնել անկախության առաջին տարիներին, երբ քարկապը դեռ չկար։ Ես էդ տարիները հիշում եմ։ Համալսարանն արդեն ավարտել էի, սրբագրիչ էի աշխատում «Հայաստանի Հանրապետություն» թերթում։ Ափսոս էն ժամանակ դեռ էսօրվա պես ակտիվ չէի, թե չէ լիքը բան հիմա առաջին ձեռքից կհիշեի, ոչ թե կկռահեի կամ ուրիշների պատմածներով կիմանայի։ Բայց մեկ ա, անգամ եթե անկախության առաջին տարիներին կատարվող իրադարձությունների ակտիվ մասնակիցը չեմ եղել, ես էդ տարիները ապրել եմ, հիշում եմ։ Հիշում եմ ոնց լույսերը մեկ էլ գնացին ու չեկան։ Ավելի ճիշտ, չէ, ամեն օր երկու ժամով գալիս էին, հետո էլի գնում։ Հիշում եմ ոնց տրանսպորտը Երևանում կանգնեց ու տենց կանգնած էլ մնաց երկար ժամանակ, մենակ մետրոն էր աշխատում, ու ես բախտավոր էի, որովհետև մետրոյի «Բաղրամյան» և «Բարեկամություն» կայարանները մեր տնից տենց մի տասնհինգ-քսան րոպեի ճամփա են , բայց էդ՝ ցերեկը, գիշերները մետրո չկար, մետրոն մինչև տասնմեկն էր աշխատում, իսկ իմ սրբագրիչի աշխատանքը թերթում հաճախ ավելի ուշ էր վերջանում, մինչև մամուլի շենքից հասնում էի մետրո, դռներն արդեն փակված էին լինում, ոտքով «Հանրապետության հրապարակ» կայարանից մինչև Արաբկիրի մեր կողմերը մի երկու ժամ տևում էր, իսկ եթե ձմեռ էր ու սառույց՝ հաճախ ավելի երկար։ Հիշում եմ, հրապարակով էի անցնում դեպի պրոսպեկտ, որ գոնե մի քիչ լույս լինի, և իսկապես՝ կառավարության շենքում միշտ մի լույս վառվում էր, մտածում էի՝ երևի Հրանտ Բագրատյանը դեռ տուն չի գնացել ՃՃ: Բայց անգամ Երևանի գլխավոր հրապարակում՝ սովորաբար էդ մի լույսն էր վառվում, էն էլ՝ շենքի ներսում, իսկ դրսում համատարած մութ էր լինում, հաճախ էլ՝ լիքը շներ։ Ես շներից չեմ վախենում ու զգացածս, հիշում եմ, վախ չէր, այլ բոլորովին ուրիշ զգացում՝ ոնց որ Բեքեթի պիեսի ներսում ապրեիր։ Մի անգամ էլ, հիշում եմ, մի խումբ կովերի տեսա Բաղրամյանի վրա՝ շարժվում էին դեպի Օպերա։ Ափսոս էն ժամանակ լուսանկարներ չէի անում, մեկ-մեկ ինքն ինձ հարցնում եմ՝ վստա՞հ ես որ իրական էին էդ կովերը, Մարինե, թե՞ երևակայությունդ աշխատել ա։ Բայց ոնց որ՝ իրական էին կովերը։ Պատահում էր նաև որ ոտքով տուն չէի գնում, մնում էի խմբագրությունում մինչև բոլորն աշխատանքն ավարտեն ու խմբագրության մեքենան մեզ տանի հասցնի մեր տները։ Էդ տարբերակը էն առավելությունն ուներ, որ հաճախ գիշերով մտնում էինք փուռ, հաց էինք վերցնում՝ առանց հերթ կանգնելու, իսկ հացն էն ժամանակ ոսկու գին ուներ, ու դա շներն էլ վայթե գիտեին, որովհետև մի անգամ երբ որ խմբագրության մեքենան կանգնեց մեր բակում ու ես հացս գրկած երջանիկ-երջանիկ մտնում էի մուտք, մեկ էլ շները վրա տվեցին։ Շշմելուն էն ա որ ես սրա շարունակության մանրամասները չեմ հիշում, բայց փաստն էն ա որ կենդանի եմ մնացել։

Շատ խորացա՞ հիշողությունների մեջ։ Ուղղակի նախ ինքս ինձ էի ուզում հիշացնել էդ օրերի մթնոլորտը։ Քառորդ դար ա անցել, ահագին բան մոռացվել ա։ Բայց մի բան հաստատ հիշում եմ՝ հակառակ որ դժվար, իսկապես շատ դժվար տարիներին էին, ես ոչ մի անգամ չեմ ափսոսացել, որ Սովետը փուլ եկավ, գրողներիս բարեկեցությունն էլ՝ հետը։ Մինչև փուլ գալը, ես հասցրեցի մեկ ու միակ անգամ սովետական հոնարար ստանալ, «Գարունում» տպագրված առաջին բանաստեղծական շարքիս հոնարարն էր։ Գնացի մամուլի շենքի առաջին հարկում հերթ կանգնեցի, ու մեկ էլ ինձ լիքը փող տվեցին։ Ես էն ժամանակ էլ, էսօրվա պես, կարճ տողերով էի գրում, հաճախ ամեն տողում մի բառ էր, իսկ բանաստեղծության հոնարարը տողերով էին հաշվում, ու ստացվել էր որ ամեն բառիս ահագին փող էին տվել։ Էլ չկրկնվեց՝ ես ոչ մի անգամ բանաստեղծության համար էդքան փող չստացա։ Կարո՞ղ էի չէ ափսոսալ, որ Սովետը փուլ ա եկել ու ինձ էլ փող չեն տալիս։ Մենակ փողը չէր, Սովետի ժամանակ գրողները հասարակության մեջ շատ բարձր կարգավիճակ ունեին, իսկ հիմա չունեն։ Կարող էի չէ՞ ես ափսոսալ, որ էդ ամեն ինչը գնաց գրողի ծոցը։ Բայց ես չէի ափսոսում, հակառակը՝ ոգևորված էի։ Էս ամեն ինչը չեմ պատմում, որ ինքս ինձ գովեմ, պատմում եմ, որ բացատրեմ՝ ինչու չէի ափսոսում կորցրածս։ Որովհետև էն, ինչ գտել էի, ավելի կարևոր էր իմ կորցրածից։ Սովետական ապահով ու փակ պատերը փուլ էին եկել, ու իմ առաջ արդեն ամբողջ աշխարհն էր՝ փոթորկոտ, վտանգավոր աշխարհը, ինը բալանոց ալիքներով։ Եվ էդ ալիքներն ասում էին՝ Մարինե, արի տեսնենք դու ինչի ես ընդունակ։

Ես հիմա էլ եմ ոգևորված։ Անցած քսանհինգ տարիների ընթացքում իմ ոգևորությունը բնավ չի նվազել, հակառակը՝ աճել ա։ Բայց իմ ոգևորությունը ընկերներ քիչ ունի Հայաստանում։ Ինչո՞ւ։ Որովհետև ես, որպես գրող, առանձնահատուկ վիճակում եմ, գրողը/արվեստագետը կարող ա գործել նաև մենակ, իրա ջանքերի արդյունքը հանրային վիճակից շատ կախված չի, լավ գրող կարելի ա լինել նաև վատ երկրում, էն երկրում, որտեղ մարդիկ կորցրել են առաջ շարժվելու զգացողությունը։ Ու Հայաստանի թիվ մեկ խնդիրը հենց էդ ա՝ որ մարդիկ կորցրել են առաջ շարժվելու զգացողությունը, որ դիմացը հեռանկար չեն տեսնում։

Բայց էդ ի՞նչ բան ա՝ առաջ շարժվելու էդ զգացողությունը, էդ ո՞նց եղավ, որ 1988-ի ծովածավալ շարժումից հետո մեկ էլ հանկարծ ընթացքի էդ  զգացողոթյունը կորավ, ո՞նց եղավ, որ էդ զգացողությունը վերականգնելու բոլոր փորձերը՝ առաջինը, երկրորդը, երրորդը , չորրորդը․․ ներող, էնքան շատ էին, թիվը կորցրել եմ, բոլորն անխտիր ձախողվեցին։ Էդ ո՞նց եղավ։ Ու ո՞րն էր այլընտրանքը։ Կարո՞ղ էր տենց չլինել։

Շարունակությունը՝ ԹԵ ՈՆՑ ՄԵԶ ԴՈՒՐՍ ԴՐԵՑԻՆ ԽԱՂԻՑ
ԼԻԼԻԹԸ, ԶՈՐԻԿԸ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, ԼԵՎՈՆԸ, ԽՈՐԵՆԱՑԻՆ, ՄԵՆՔ




Լուսանկարը՝ Գերման Ավագյանի