ՀԻՄԱ


ԹԵ ՈՆՑ ԷԴ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԵՂԱՎ


Սկիզբը՝ ԹԵ ԻՆՉ ՀԱՍԿԱՑԱ ԵՍ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
 
ԴԵՌ ՀԱՐՈՒՍՏ ՉԵ՞Ս
ՄՈԴԵԼԸ ՓՈԽԵԼ Ա ՊԵՏՔ
Ի՞ՆՉ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ
ԹԱԹԱՐ ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ


Զարմանալի բան պատահեց։ Նախորդ նյութս գրելուց հետո («Թաթար-մшնղոլների առասպելը»), պետք ա անցնեի հաջորդին, վերնագիրն էլ արդեն մտքումս ունեի՝ «Թե ովքե՞ր են էսօր իշխում Հայաստանում», մեկ էլ հանկարծ ֆեյսբուքում նկատեցի սենց մի հղում՝ Արցախյան ազատամարտը հովանավորվել է ստվերային տնտեսության գումարներով. Հրանտ Միքայելյան //Հայաստանում ստվերային տնտեսության 25-ամյա ոդիսականը: Հետաքրքրեց շատ։ Գնացի Կովկաս ինստիտուտ, վերցրեցի Հրանտ Միքայելյանի նոր հրատարակված էդ գիրքը՝ Теневая экономика Армении (Հայաստանի ստվերային տնտեսությունը)։ Կարդացի մի շնչով։ Հայաստանի Հանրապետության քառորդարյա պատմությունն ա, ներկա տնտեսական համակարգի ստեղծման պատմությունը, շարադրված գիտական վերլուծողի մեկնակետով՝ հեղինակի համակրանքները կամ հակակրանքները էս կամ էն նախագահի, էս կամ էն քաղաքական ուժի նկատմամբ, եթե կյանքում, չգիտեմ, գուցե գոյություն ունեն էլ, գրքում չեն զգացվում։
 
Փորձեմ, հնարավորինս կարճ, վերաշարադրել մի մասը գրքում արված եզրակացությունների, որոնք հենվում են այլ հեղինակների գիտական վերլուծությունների, զանազան վիճակագրական տվյալների, ինչպես նաև ՀՀ պատմության մեջ որոշիչ դեր խաղացած անձանց հետ կատարած հարցազրույցների վրա։

Սովետական Միությունում շուկայական տնտեսությունն արգելված էր դեռ 30-ական թվերից։ Բայց դրա որոշ մանր դրսևորումներ միշտ էլ մնացել էին, իսկ Սովետի վերջին տարիներին դրանք ավելի տարածվեցին և սկսեցին ընդունել նաև համեմատաբար խոշոր ձևեր։ Սովետական Միությունում առկա շուկայական տնտեսությունը Գրոսմանն անվանում ա «երկրորդ տնտեսություն»։  Դրա լեգալ ձևերից էին, օրինակ, գյուղացիների տնամերձ հողամասերը, անշարժ գույքի սեփականատեր լինելը, դրանց շինարարությունը, նաև վարձով տալը։ Կիսալեգալ ձևերից էին՝ մասնավոր բժշկական ծառայությունները, թարգմանությունները, բուհ ընդունվելու համար պարապելը, կենցաղային նորոգումները, և այլն։ Եվ կային շուկայական տնտեսության ստվերային՝ սովետական օրենքներով արգելված դրսևորումները, որոնց մեջ էին մտնում, օրինակ, սպեկուլյացիան՝ դրսից բերված կամ դժվար ճարվող ապրանքները պաշտոնական գնից թանկ վերավաճառելը, պաշտոնների վաճառքը, պետական գույքի յուրացումը, և վերջապես՝ ընդհատակյա «ցեխերը», որտեղ արտադրում էին հիմնականում կենցաղային ապրանքներ և որոնք ֆորմալ կապերով հաճախ կապված էին պետական ձեռնարկությունների հետ․ էդ ընդհատակյա ցեխերի տնօրենները՝ ցեխավիկները, հաճախ հենց սովետական գործարանների արտադրամասերի՝ ցեխերի վարիչներն էին։

Սկսելով վերակառուցումը, Գորբաչովը նախ «Անհատական աշխատանքային գործունեության մասին», հետո՝ «Կոոպերացիայի մասին» օրենքներով լայնացրեց լեգալ ձևով շուկայական տնտեսություն վարելու հնարավորությունները Սովետական Միությունում, նպատակ ունենալով այն հանելու ստվերից։ Բայց դրված նպատակին հասնել չհաջողվեց և ստվերային մասը սովետական տնտեսության մեջ Վերակառուցման տարիներին շարունակում էր աճել։ Մասնավորապես Հայաստանում, որտեղ 1988-ին սկսվել էր Արցախյան շարժումը, առևտրի մեջ ստվերային մասը էնքան աճեց, որ 1991-ին առևտրի արդեն կեսից ավելին, ըստ որոշ տվյալների, կատարվում էր ստվերում։

Արցախյան շարժումն սկսվեց որպես խաղաղ սահմանադրական շարժում, բայց ի վերջո հանգեց զինված հակամարտության։ 1991-ին, Հայաստանի անկախացման հենց առաջին տարում, հակամարտությունն արդեն տեղային կռիվներից վերաճել էր ծավալուն պատերազմի։ Իսկ Հայաստանը բանակ չուներ։ Հայաստանը խոշոր հաշվով պետական տնտեսություն էլ արդեն համարյա չուներ, քանի որ սովետական համակարգը, որի մասն էր կազմել Հայաստանի տնտեսությունը, շատ արագ փլուզվել էր։ Ուրեմն որտեղի՞ց պետք ա գային նորանկախ Հայաստանի ֆինանսները։ Բնական ա որ, մի հիմնական մասով՝ ստվերից։ Ի դեպ, հիշենք, որ դա դեռ Սովետի ստվերն էր ու ընկալվում էր որպես ավելի շատ դրական, քան բացասական բան։ Ստվերային տնտեսության ոչ քիչ թվով ներկայացուցիչներ գնացին ու կռվեցին Արցախյան պատերազմում։ Շատերն էլ ինքնակամ տրամադրեցին իրանց կուտակած փողը՝ բանակի և ռազմական տնտեսության կարիքների համար։ Համազգային շարժում էր ու համազգային կռիվ։ Դեռ չկար, դեռ նոր էր ծագելու օլիգարխներ հասկացությունը, օլիգարխիկ համակարգ հասկացությունը, դեռ նոր էր խորանալու սոցիալական շերտավորումը Հայաստանում և առաջանալու զանգվածային դժգոհությունը։

Պլանային տնտեսության փլուզումը, որ դրամատիկ ընթացք ուներ համարյա բոլոր հետսովետական երկրներում, Հայաստանում էլ ավելի էր ծանրանում երկրաշարժի, պատերազմի և դրա արդյունք՝ փակ սահմանների հետևանքով։ Ընդամենը մի քանի տարում Սովետական Հայաստանի հսկա արդյունաբերությունը ամբողջովին վերացավ, դրանից մնացին միայն սննդի արդյունաբերության մի փոքր մասն ու էլեկտրակայանները։ Վերացածների մեջ էին առաջնակարգ էն ձեռնարկությունները, որոնց արտադրանքի գնորդը ՍՍՀՄ ռազմա-արդյունաբերական կոմպլեքսն էր եղել—ու արդեն չկար։ Այսինքն ներկա Հայաստանի տնտեսության հիմքում սովետական տնտեսությունը չի, այլ սովետական ժամանակների «երկրորդ տնտեսությունը», որը էն գլխից մի մեծ մասով ստվերի մեջ էր, իսկ անցումային շրջանի դաժան պայմաններում էլ ավելի մխրճվեց ստվերի մեջ, քանի որ ստվերից դուրս դժվար կլիներ գոյատևելը։

Անկախության առաջին տարիներին գոյատևման խնդիր լուծում էին բոլորը։ Գոյատևման խնդիր լուծում էին նորանկախ Հայաստանի քաղաքացիները, քանի որ կենսամակարդակի կտրուկ անկում էր տեղի ունեցել, աշխատավարձը կրճատվել էր ութ անգամ, իսկ պետությունը չէր կարողանում լուծել զբաղվածության, սոցիալական ապահովության հարցերը։ Պետությունն ինքը գոյատևման խնդիր էր լուծում, քանի որ պատերազմի մեջ էր, պատերազմը ռեսուրս էր պահանջում, իսկ ռեսուրս չկար։ Ավելի ճիշտ, եղած ռեսուրսը ստվերում էր, և պետությունը հենց էդ եղած ռեսուրսն էլ մեծ մասամբ օգտագործում էր։ Բայց ստվերային բիզնեսն էլ էր անկախության առաջին տարիներին գոյատևման հարց լուծում՝ մեծ փողեր կուտակել համարյա անհնար էր դարձել թե՛ էն պատճառով, որ փողը, էդ թվում կամավոր, ուղղվում էր ռազմական-պետական ծախսերին, թե՛ էն պատճառով, որ էդ տարիներին մոլեգնում էր հիպերինֆլյացիան։

Հենց էս պայմաններում էլ ձևավորվեցին հայոց նոր պետության և հայոց գործարար խավի, նաև՝ հայոց պետության և հայոց «հերոս տղերքի» փոխհարաբերությունները, որոնք առայսօր ավելի շատ ոչ ֆորմալ, քան ֆորմալ դաշտում են, ավելի շատ ստվերում են, քան լույսի մեջ։ Նախ ստվերային բիզնեսն էր օգնում պետությանը, մասնավորապես բանակին, պատերազմի ժամանակ, հետո արդեն պետությունն էր, «լավության տակ հո չէ՞ր մնալու», օգնում ստվերային բիզնեսին, որ շարունակի ստվերում մնալ և կարողանա նորից արագ ռեսուրսներ հավաքել։ Բավական տրամաբանական, բայց փակ շղթա։

Հենց էս պայմաններում էլ իրագործվեց սեփականաշնորհումը՝ սկսված առաջին նախագահի օրոք և շարունակված-ավարտված երկրորդ նախագահի օրոք։ Բայց ըստ Հրանտ Միքայելյանի, եղած տվյալները խոսում են էն մասին, որ սեփականաշնորհումը, դրան ուղեկցող կոռուպցիան և սեփականաշնորհված ակտիվների վաճառքից ստացված գումարները, հակառակ տարածված կարծիքի, առանցքային դեր չեն կատարել Հայաստանում նախնական կապիտալի կուտակման մեջ։ Շատ ավելի էական դեր են խաղացել ներմուծման մենաշնորհներն ու հարկերից խուսափելու հնարավորությունը, որոնք որոշակի գործարարներ ստանում էին՝ որոշակի ծառայությունների դիմաց։

Հրանտ Միքայելյանի գրքում կան շատ ուրիշ հետաքրքիր եզրակացություններ, բայց ես դրանց չեմ անդրադառնա, քանի որ գրածս առանց էդ էլ սովորականից երկարեց։ Ուղղակի ավարտելուց առաջ ուզում եմ բացատրել, թե ինչն էր զարմանալի, ինչու էի ամենասկզբում գրել՝ «զարմանալի բան պատահեց»։

Հիշում եք երևի, նախորդ տեքստս կոչվում էր՝ «Թաթար-մոնղոլների առասպելը»։ Արթուր Մինասյանի թեթև ձեռքով գրված մի քոմենթի պատճառով նստել նորից կարդացել էի Լևոն Տեր-Պետրոսյանի 2008-ին գրված «Նախընտրական ծրագիր կամ հանդարտ խոհերը» և ընկել մտքերի մեջ։ Տեր-Պետրոսյանը երկար, հանդարտ, հանգամանալի, խոսում ա Սովետական Միության վերջին տարիներից, հետո անկախության առաջին տարիներից, հետո մեկ էլ հայտնվում են թաթար-մոնղոլները ․․․ Բայց երբ որ 2008-ից ինը տարի անց, հանդարտ, շատ հանդարտ, կարդում ես էդ «Հանդարտ խոհերը», մեկ էլ հանկարծ պարզ տեսնում ես որ չկան ախր, հնարված են էդ մոնղոլները։

Ու տենց էլ գրել էի։

Ու քանի որ իմ հեռակա փոխհարաբերությունները ՀՀ առաջին նախագահի հետ մի քիչ բարդ են դասավորվել, ես վախենում էի որ ընկերներս նորից կասեն՝ «Մարինե, էլի սկսեցի՞ր»։ Դրա համար մտածում էի՝ էդ մոնղոլների թեման մի պահ հանգիստ թողնեմ նոր տեքստումս ու շարունակեմ մի քիչ ուրիշ կողմից։ Արդեն նստել էի էդ նոր տեքստս գրելու, մեկ էլ հանկարծ ֆեյսբուքում նկատում եմ էս հղումը՝ «Արցախյան ազատամարտը հովանավորվել է ստվերային տնտեսության գումարներով. Հրանտ Միքայելյան //Հայաստանում ստվերային տնտեսության 25-ամյա ոդիսականը»: Շարունակությունը դե պատմեցի, արդեն գիտեք։ Գնում գտնում եմ, կարդում եմ էդ գիրքը, որտեղ մեր քաղաքական, տնտեսական, ռազմական գործիչների նկատմամբ չկա ոչ գովասանք, ոչ մեղադրանք, այլ միայն՝ վերլուծություն, և էդ վերլուծությունը հստակ ցույց ա տալիս, որ այո, թաթար-մոնղոլներ անկախ Հայաստանում չկան ու չեն եղել, որ անկախացումից ի վեր՝ ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք, Հայաստանում գործել և գործում ա քաղաքատնտեսական նույն համակարգը՝ դրա ֆորմալ և ոչ ֆորմալ (ստվերային) բաղադրիչներով։

Էդ համակարգը մենք ենք ստեղծել, ոչ թե մոնղոլ թաթարները։ Եվ եթե մի օր փոխվի էդ համակարգը, փոխողն էլ ենք մենք լինելու, ոչ թե մոնղոլները կամ ֆրանկները։ Մենակ թե փոխելուց առաջ նախ պետք ա ճիշտ հասկանալ, ԹԵ ՈՆՑ ԷԴ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԵՂԱՎ, թե ոնց էդ համակարգը ստեղծվեց։

Շարունակությունը՝ ՀՈԻՇԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ
ԹԵ ՈՆՑ ՄԵԶ ԴՈՒՐՍ ԴՐԵՑԻՆ ԽԱՂԻՑ
ԼԻԼԻԹԸ, ԶՈՐԻԿԸ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, ԼԵՎՈՆԸ, ԽՈՐԵՆԱՑԻՆ, ՄԵՆՔ