ՀԻՄԱ


ԹԱԹԱՐ ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ


Սկիզբը՝ ԹԵ ԻՆՉ ՀԱՍԿԱՑԱ ԵՍ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
 
ԴԵՌ ՀԱՐՈՒՍՏ ՉԵ՞Ս
ՄՈԴԵԼԸ ՓՈԽԵԼ Ա ՊԵՏՔ
Ի՞ՆՉ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ

"Ինչ պետություն ենք մենք ուզում" տեքստիս արձագանքներում կար մի առարկում, որը մտածելու տեղիք ա տալիս։ Անդրադառնալով Արմեն Գրիգորյանի էն մտքին, թե «մեր նման երկրների զարգացման հեռանկարը պետության լիազորությունների քչացումն ա, այլ ոչ թե շատացումը», ես գրել էի, թե «սա իհարկե մենակ Արմեն Գրիգորյանի դիրքորոշումը չի, այլ շատ տարածված մոտեցում ա և Հայաստանում տիրապետող մոտեցումը»։ Հրայր Մանուկյանն ու Արթուր Մինասյանը սրան առարկեցին, գրելով թե հակառակը՝ հայաստանցիները պետությունից շատ մեծ ակնկալիքներ ունեն և սա մի մեծ մասով պայմավորվում ա սովետական տարիներից եկող հիշողություններով։ Ես սրա հետ համաձայն եմ իհարկե, մենակ թե՝ դա իմ ասածին չի հակասում, որովհետև ես խոսում էի ոչ թե բնակչության տրամադրությունների, այլ քաղաքագետների ու նաև քաղաքական գործիչների շրջանում տիրապետող մոտեցման մասին։ Էդ մոտեցումը, ընդ որում, հենվում ա հենց էն համոզումի վրա, որ պետությունից եկող մեծ ակնկալիքները սովետական իներցիա են, անցողիկ են, ժամանակի հետ կանցնեն, դրանց վրա պետք չի հենվել։

Ի դեպ, Արթուր Մինասյանը, մեկնաբանելով իմ նյութը և առարկելով թե սոցիալական հարցերը Հայաստանում միշտ էլ կարևորվել ու քննարկվել են, ի թիվս այլ օրինակների, հիշատակել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի «Հանդարտ խոհերը», գրված 2008-ի հունվարին՝ նախագահական ընտրություններից առաջ, որպես նախընտրական ծրագիր։ Ժամանակին կարդացել էի իհարկե, բայց տարիներ են անցել, ասեցի նորից կարդամ։  Դուք էլ կարող եք կարդալ, ստեղ ա՝ 
«Հանդարտ խոհեր»։ Հետաքրքիր ա, որ էս տեքստում սովետական ժամանակների հիշողությանը, կարելի ա ասել, կենտրոնական տեղ ա հատկացված։ Տեր-Պետրոսյանը դա անվանում ա ««կորուսյալ դրախտի» հուշ»։ Եվ ասում ա՝ այո, սովետական տարիներին մարդիկ սոցիալապես ապահով էին, հետո սովետական կայսրությունը փուլ եկավ, բոլոր նորանկախ հանրապետությունները հայտնվեցին ծանր դրության մեջ, և հակառակ որ մեր համակարգային բարեփոխումները հաջող էին, հակառակ որ դրանց արդյունքում արդեն 1994-ին տնտեսական աճ արձանագրեցինք, մեկ ա, հայաստանցին սովետական տարիների համեմատ վատ էր ապրում և ինչ էլ անեինք, դժգոհ էր մնալու։ Այսինքն Տեր-Պետրոսյանը պնդում ա, թե էն հսկայական դժգոհությունը, որ բնակչության շրջանում առաջացավ իրա նախագահության տարիներին, կապ չուներ տարված քաղաքականության հետ, գործված սխալների հետ, ասում ա՝ էդ դժգոհությունը անխուսափելի էր, ինչ էլ անեինք, լինելու էր։ Սա «Հանդարտ խոհերի» առաջին գլուխն ա։

Հաջորդ գլխում արդեն հայտնվում են ավազակապետությունը, թաթար-մոնղոլները, որոնք «հանցավոր եւ, ի բնե, հակազգային գործունեություն» են վարում։ Տեր-Պետրոսյանը կոչ ա անում նախագահի պաշտոնը նորից վստահել իրեն, ոչ թե Սերժ Սարգսյանին, որն ավազակապետության մարդն ա։ Մենակ թե ՀՀ առաջին նախագահը մոռանում ա բացատրել, թե ոնց եղավ, որ էդ ավազակապետությունը ստեղծվեց։ Չլինի՞ ավազակ մոնղոլներին 
Քոչարյանը բերեց Արցախից։ Բայց Թոխմախի Մհերն ու Լիսկան էլ հո Արցախից չեկա՞ն, բոլորս էլ հիշում ենք, որ անկախության առաջին տարիներից կային։ Այսինքն վերլուծության փոխարեն կատարվում ա զգացմունքային պիտակավորում, էն էլ էն տեսակ պիտակավորում՝ «թաթար-մոնղոլ», որը ներքին խնդիրը նույնացնում ա արտաքին թշնամու հետ, դիտարկում որպես դրսից ներմուծված։

Լևոն Տեր-Պետրոսյանը նորից նախագահ դառնալ չկարողացավ, Ռոբերտ Քոչարյանը կարծես չի էլ փորձում նորից մտնել քաղաքականություն, իսկ այ Սերժ Սարգսյանը լավ ամրապնդեց սեփական դիրքերը և, ամենայն հավանականությամբ, շարունակելու ա մնալ որպես առաջին դեմք։ Հայաստանի վրա կախված ա խորը լճացման վտանգը։ Եթե մենք ուզում ենք, որ էդ լճացումը տեղի չունենա, ճիշտ կլինի վերջ տանք զգացմունքային պիտակավորումներին, 
«ավազակներ», «թաթար-մոնղոլներ», «ի բնե հակազգային» տիպի որակումներին և փորձենք վերլուծել ու հասկանալ, թե ոնց եղավ, որ անցած քսանհինգ տարում բոլորով եկանք ու հանգեցինք էս իրավիճակին, որից ոչ մեկս գոհ չենք։

Կարծեմ էսօր արդեն բոլորի համար պարզ ա, որ անցած քսանհինգ տարում դրսից ոչ մոնղոլներ են եկել, ոչ էլ կարմիր բանակն ա ներխուժել, ինչ որ եղել ա, եղել ա ներսից՝ սխալներն էլ են եղել ներսից, դրանք ծնող ու սնող պատճառներն էլ են եղել ներսում։ Էդ պատճառները հիմա էլ կան, բայց դրանք մեր գլխին դատավճիռ չեն, եթե հասկանում ես խնդիրը որն ա, որտեղից ա գալիս, միշտ էլ կարող ես լուծում գտնել։ Ու եթե տրամադրված ես լուծում գտնելուն, կհասկանաս որ իրողությունները սովորաբար միանշանակ դրական կամ բացասական չեն լինում, նպատակ դնելու դեպքում դրանք միշտ կարելի ա օգտագործել էն ձևով, որ նպաստեն դեպի առաջ շարժմանը։ Ասվածը վերաբերում ա, մասնավորապես, մեր սովետական ժառանգությանը։ Դրանում թե բացասական, թե նաև դրական կողմեր կան, ու մեզանից ա կախված՝ մենք էդ ժառանգությունը ոնց կօգտագործենք։ Էն, որ հայաստանցին սովետական տարիներին սովորել էր սոցիալապես ապահով կյանքին, սովետական ժառանգության դրական կողմերից ա։ Դա չպետք ա դիտել որպես անցյալի մնացուկ, դա մեր ժառանգած սոցիալական կապիտալն ա, որն ուղղակի ներկայի պահանջներին հարմարացվելու կարիք ունի։ Էն, որ հայաստանցին ահավոր դժգոհ ա էսօրվա վիճակից, էդ էլ ա կապիտալ։ Բայց մենակ էն դեպքում, եթե դժգոհությունը կարողանանք հանել լացի ու հայհոյանքի մայթից և դնենք հակառակ մայթին՝ երբ նպատակդ ոչ թե լացելն ու լացացնելն ա, այլ ռեալ այլընտրանք գտնելը։ 

Շարունակությունը՝ ԹԵ ՈՆՑ ԷԴ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԵՂԱՎ
 ՀՈԻՇԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ
ԹԵ ՈՆՑ ՄԵԶ ԴՈՒՐՍ ԴՐԵՑԻՆ ԽԱՂԻՑ
ԼԻԼԻԹԸ, ԶՈՐԻԿԸ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, ԼԵՎՈՆԸ, ԽՈՐԵՆԱՑԻՆ, ՄԵՆՔ