ՀԻՄԱ


Ի՞ՆՉ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ



Սկիզբը՝ ԹԵ ԻՆՉ ՀԱՍԿԱՑԱ ԵՍ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
 
ԴԵՌ ՀԱՐՈՒՍՏ ՉԵ՞Ս
ՄՈԴԵԼԸ ՓՈԽԵԼ Ա ՊԵՏՔ

Էսօր սահմանադրության օրն ա։ Հայոց պետականության տոնը։ Անցած տեքստումս գրել էի՝ «Պետք ա մեծացնել սեփական քաղաքացիների հանդեպ հայոց պետության պարտավորությունները, սահմանադրորեն ամրագրել դա և պահանջել՝ որպես իմպերատիվ։ Հայաստանում ապրող յուրաքանչյուրը պետք ա ունենա ապրելու մարդավարի պայմաններ՝ անգամ եթե գործարարությամբ չի զբաղվում և հարստանալու հեռանկար չունի։ Հայաստանը պետք ա դառնա սոցիալական պետություն»։ Արման Աղաջանյանը առարկեց, գրելով՝ «Բայց Սահմանադրության մեջ արդեն իսկ, հենց առաջին հոդվածով, ամրագրված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է»: Նայեցի, և իսկապես, գրած ա՝ «Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Կասեք՝ Մարինե, չէիր կարո՞ղ գրելուց առաջ մի հատ նայել ։ Բայց իմ մտքով չի անցել, որովհետև մնացած բոլոր բնորոշումների շուրջ հայոց քաղաքական դաշտում խոսակցություն կա, իսկ սոցիալականի շուրջ՝ ոչ։ Որ ընտրություններ կեղծող երկիրը ժողովրդավարական երկիր չի կարող համարվել՝ էդ ամեն օր լսում ենք, որ Հայաստանը ինքնիշխանության հետ կապված խնդիրներ ունի՝ էդ էլ ենք լսում, որ Հայաստանի ներկա դատաիրավական պրակտիկան և «իրավական պետություն» հասկացությունը հակասության մեջ են՝ դրա մասին շատ ենք խոսում, բայց դուք հիշո՞ւմ եք հանրային խոսակցություն Հայաստանի՝ սոցիալական պետություն լինել-չլինելու մասին։ Ես որ՝ չեմ հիշում։ Դրա համար էլ իմ մտքով չէր անցնում, որ մեր սահմանադրությանն մեջ նման բան ա գրած։

Ի դեպ, ես անդրադարձել էի նաև նրան, թե ինչու սոցիալական պետություն լինել-չլինելու հարցը Հայաստանում չի քննարկվում։ Որովհետև «մենք մտածում ենք թե չենք հարստացել, որովհետև մեզ մի խումբ մարդիկ չթողեցին հարստանալ, էդ մի խումբ մարդիկ ամեն ինչ վերցրին իրանց ձեռքը, մենակ իրանք հարստացան, մեզ թողեցին դուրս։ Այ երբ որ էդ մի խումբ մարդկանց կարգի հրավիրենք, երբ որ հարստացման մոնոպոլիան իրանց ձեռքից վերցնենք, էն ժամանակ էլ ամեն ինչ լավ կլինի, էն ժամանակ բոլորը իրանց աշխատանքով կկարողանան հարստանալ և Հայաստանում անապահովներ չեն լինի»։ Ու գրել էի նաև, որ դա պատրանք ա, քանի որ «Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակչության ամենաունևոր մեկ տոկոսը տիրապետում ա երկրի ամբողջ հարստության 43 տոկոսին։ ․․ ենթադրենք մի օր մենք էլ ենք Հայաստանում հասնում սրան՝ վերացնում ենք մենաշնորհները, գործարարներին կաշկանդող չգրված օրենքները և «դառնում ենք Ամերիկա»։ Այսինքն բնակչության մեկ տոկոսը, ճակատի արդար քրտինքով, տեր ա դառնում Հայաստանի հարստության 43 տոկոսին։ Արդյո՞ք սա պայծառ հեռանկար ա մեզ համար։ Կարծում եմ՝ չէ։ Էդ ինչքան հարուստ պետք ա լինի Հայաստանը, որ բնակչության 99 տոկոսը տիրապետի հարստության ընդամենը 57 տոկոսին, և ամեն մեկին բավարար չափով եկամուտ հասնի՝ ապահով ապրելու համար»։

Բայց մի պատճառ էլ կա, թե ինչու մեզանում չեն պահանջում, որ Հայաստանի՝ սոցիալական պետություն լինելու մասին սահմանադրական դրույթը գործնականում կիրառվի։ Էդ պատճառը հասկացվում ա Արմեն Գրիգորյանի մի մեկնաբանությունից։ Արմենը ֆեյսբուքում, իմ տեքստի տակ,  գրել էր՝ «Մեր նման պետություններում դու ինչքան շատ ռեսուրսներ դնես պետության ձեռքում, որ իբրև մարդկանց օգնի, էնքան էդ փողերը ուտվելու են, ներկայում լիքը սոցիալական ծրագրեր կան, բայց հիմնականում չեն աշխատում, որովհետև կոռումպացված իշխանություն կա։ Ըստ իս մեր նման երկրների զարգացման հեռանկարը պետության լիազորությունների քչացումն ա, այլ ոչ թե շատացումը»։

Սա իհարկե մենակ Արմեն Գրիգորյանի դիրքորոշումը չի, այլ շատ տարածված մոտեցում ա և Հայաստանում տիրապետող մոտեցումը։  Առաջին հայացքից էս մոտեցումը թվում ա հիմնավորված։ Հայաստանի պետական համակարգը ներկայումս իսկապես կոռումպացված ա, իսկ պահաջել որ պետությունը կատարի սոցիալական լինելու իրա պարտավորությունը, նշանակում ա պահանջել պետության դերի մեծացում։ Ուրեմն ի՞նչ անենք։ Ոչ մի բան էլ չանենք կամ պահանջենք պետության լիազորությունների էլ՞ ավելի քչացում։ Ի՞նչ ա դա մեզ տալու։ Ունենալու ենք էն, ինչ ունենք։

Իմ առաջարկածը լրիվ ուրիշ մոտեցում ա՝ ելնել ոչ թե նրանից, ինչ կա, այլ նրանից, ինչը պետք ա մեզ։ Հայաստան պետությունը պետք ա լինի սոցիալական պետություն՝ մեր պետության կառույցը պետք ա հավաքվի բոլոր հայաստանցիների համար արժանապատիվ կյանք ապահովելու նպատակի շուրջ։ Հայաստան պետությունը իշխանությունները չեն, Հայաստան պետությունը մենք բոլորս ենք։ Եթե էսօր մենք եկել հասել ենք նրան, որ Հայաստան պետությունը նույնացնում ենք իշխանությունների հետ, և իշխանություններին չվստահելով, պետությանը չենք վստահում, ուրեմն անցած տարիների մեր պայքարում առանցքային սխալ ա եղել։

Քառորդ դար առաջ, երբ որ Սովետը քանդվեց, մենք ընտրեցինք կապիտալիզմն ու ազատ շուկայական տնտեսությունը։ Էսօր Հայաստանում կապիտալիզմ ա և գործում են շուկայական օրենքները։ Բայց լրիվ ազատ չեն գործում՝ կան մենաշնորհներ։ Մինչև հիմա տիրապետող ա եղել էն մոտեցումը, թե հարցերի հարցը հենց էդ ա՝ որ կան մենաշնորհներ և այլ սահմանափակումներ։ Այ եթե դրանք վերացվեն, Հայաստանն արագ կզարգանա և ամեն ինչ լավ կլինի։ Բայց էս մոտեցումը տանում ա փակուղի։ Էսքան տարիների փորձը կարծեմ բավարար էր հասկանալու համար, որ հայոց բիզնես խավը պայքարելու ջիղ առանձնապես չունի և պայքարելու փոխարեն գերադասում ա հարմարվելու տարբերակը։ Ուրեմն մոտակա հեռանկարում էս դաշտում մեծ փոփոխություններ ակնկալելը իրատեսական չի։ Մեր հույսը կապելով չկայանալիք փոփոխությունների հետ, մենք մեզ  դատապարտում ենք փակուղային իրավիճակի։

Մի շատ կարևոր բան էլ հիշենք՝ Հայաստանի միակ խնդիրը տնտեսության վատ վիճակը չի։ Նույնքան, կամ գուցե էլ ավելի մեծ խնդիր ա հայաստանցիների անվստահությունը սեփական պետության հանդեպ։ Դա պետականության հիմքում դրված ռումբ ա։ Առանց էդ խնդիրը լուծելու մենք առաջ շարժվել չենք կարող։ Ուրեմն պետք ա ոչ թե պետության հանդեպ անվստահությունն ընդունել որպես հիմք, որպես անշրջելի փաստ, այլ պետք ա որպես իմպերատիվ դնել հենց էդ անվստահության հաղթահարումը։ Մենք նորից պետք  ա քննարկենք մեր պետության՝ մեր առաջ ունեցած պարտավորությունները և կոնկրետացնենք սոցիալական պետության մեր պատկերացումը։

Շուկայի հիմքում նյութական շահն ա, առանց էդ շահը հաշվի առնելու՝ տնտեսությունը գործել չի կարող և իմ առաջարկածը կապիտալիզմից հրաժարվելը չի։ Բայց նյութական շահը ավելի շատ բաժանելու հատկություն ունի, ավելի շատ մարդկանց իրար դեմ ա հանում, քան միավորում։ Միայն նյութական շահը որպես հիմք ընդունելով, մենք մեր պետությունը կառուցել չենք կարող։ Նյութական շահից բացի կան ուրիշ շահեր, որոնք ավելի շատ միավորում են մեզ, քան բաժանում։ Դրանք հանրային շահեր են, կամ ուրիշ ձևակերպումով՝ ազգային շահեր։ Հայոց պետության մեջ մենք պետք ա մեխանիզմներ մշակենք՝ առանձին ամեն մեկիս նյութական շահն ու բոլորիս հանրային շահը համատեղելու համար։ Դա հեշտ գործ չի, բայց հնարավոր ա՝ հաջողված պետությունները տենց են աշխատում։ Իսկ մենք էս խնդիրը չենք էլ դրել մեջ առաջ։ Վաղուց ժամանակն ա։

Ու խնդրեմ չասեք՝ դա անհնար ա, որովհետև ներկա իշխանություններն էս խնդիրը լուծել չեն կարող։Իմ առաջարկածն էն ա, որ նախ բոլորով սոցիալական պետության մեր պատկերացումը քննարկենք։ Քննարկենք, թե որն ա մեր ուզածը, թե որն ա մեր երկրին հարմար։ Հետո արդեն, համաձայն դրա, պատվեր տանք քաղաքական դաշտին։ Որ ձևավորվի էդ պատվերը կատարելու ընդունակ ընդդիմություն։ Մենք էս գործը ոչ մի անգամ չենք արել։

Շարունակությունը՝ ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ
ԹԵ ՈՆՑ ԷԴ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԵՂԱՎ
ՀՈԻՇԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ
ԹԵ ՈՆՑ ՄԵԶ ԴՈՒՐՍ ԴՐԵՑԻՆ ԽԱՂԻՑ
ԼԻԼԻԹԸ, ԶՈՐԻԿԸ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, ԼԵՎՈՆԸ, ԽՈՐԵՆԱՑԻՆ, ՄԵՆՔ