ՀԻՄԱ


ՄՈԴԵԼԸ ՓՈԽԵԼ Ա ՊԵՏՔ


Սկիզբը՝ ԹԵ ԻՆՉ ՀԱՍԿԱՑԱ ԵՍ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ,
 
ԴԵՌ ՀԱՐՈՒՍՏ ՉԵ՞Ս

Ի՞նչ նկատի ունեմ ես, երբ ասում եմ՝ Հայաստանում մենք վերցրել ենք կապիտալիզմի ամերիկյան տարբերակը։ Բացատրեմ։

Հայաստանում էսօր գործող նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակն ու զանազան այլ թոշակները սիմվոլիկ գումար են ՝դրանցով փաստացի հնարավոր չի ապրել։ Ու սա նոր բան չի, երեկ ստեղծված իրավիճակ չի, սենց ա անկախացումից ի վեր։ Իսկ մենք անկախ ենք արդեն 25 տարի։ Մտածեք մի րոպե՝ 
25 տարի, ամբողջ քառորդ դար շարունակվում ա էս ամաչելու վիճակը։ Ու մենք հանդուրժում ենք։ Փոխվել են նախագահներ, եղել են բազմաթիվ ընդդիմություններ, եղել ա հսկա քաղաքական պայքար, բայց հանրային օրակարգում երբեք չի դրվել էս հարցը։ Իհարկե, սոցիալական հարցերի մասին խոսվել ա, թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու անհրաժեշտության մասին խոսվել ա, բայց էսօրվա թոշակներն ու մինիմալ աշխատավարձը կարելի ա մի քիչ բարձրացնել, ու դրանք էլի չհերիքեն նորմալ ապրելու համար։ Խոսքս նրա մասին ա, որ հայոց պետությունը վերցնի հստակ պարտավորություն՝ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար ապահովելու արժանապատիվ ապրելու նյութական պայմաններ։ Եվ էդ պարտավորությունը հստակ ամրագրված լինի մեր Սահմանադրության մեջ որպես իմպերատիվ՝ եթե իշխանությունները չեն կարողանում դա ապահովել, ուրեմն ոչ լեգիտիմ են ու պետք  հեռանան։

Ինչո՞ւ էս պահանջը, որպես իմպերատիվ, անցած քսանհինգ տարիների ընթացքում չի դրվել Հայաստանի քաղաքական օրակարգում։ Որովհետև արդեն քառորդ դար ա անցել Սովետական Միության փլուզումից, բայց մեր մտածողության մեջ շարունակում ա գործել անկախացման էդ տարիների մտածողական կաղապարը։ Մենք ոգևորված էինք, մեզ թվում էր՝ քարից հաց քամող հայի համար կապանքները վերացված են ու մենք շատ արագ բոլորով հարստանալու ենք՝ «ոնց որ Ամերիկայում»։ Բայց տենց չեղավ ու էսօր էն ժամանակների ոգևորությունն արդեն չկա։ Ոգևորությունն արդեն վաղուց չկա, բայց էն ժամանակների մտածողական կաղապարը շարունակում ա մեր մեջ գործել, մենք մտածում ենք, թե չենք հարստացել, որովհետև մի խումբ մարդիկ մեզ  չթողեցին հարստանալ, էդ մի խումբ մարդիկ ամեն ինչ վերցրին իրանց ձեռքը, մենակ իրանք հարստացան, մեզ թողեցին դուրս։ Այ երբ որ էդ մի խումբ մարդկանց կարգի հրավիրենք, երբ որ հարստացման մոնոպոլիան իրանց ձեռքից վերցնենք, էդ ժամանակ արդեն ամեն ինչ լավ կլինի, բոլորն իրանց աշխատանքով կկարողանան հարստանալ և Հայաստանում անապահովներ չեն լինի։

Բայց արդյո՞ք ռեալիստական ա էս ակնկալիքը Հայաստանի համար՝ ներկա մոդելի դեպքում։

Հարստությունը կուտակվելու հատկությունը ունի, կամ ոնց որ հայտնի ասացվածքն ա ասում՝ փողը փող ա բերում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտնի ա որպես մարդկանց հարստանալու ամենամեծ հնարավորությունները տվող երկիր։ Մարդիկ հավատում են որ զրոյից սկսելով կարող են հարուստ դառնալ և հենց էդ ակնկալիքով էլ աշխարհի բոլոր ծայրերից գնում են էդ երկիր՝ դառնալու ամերիկացի։ Եվ ի՞նչ ունեն ամերիկացիք արդյունքում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակչության ամենաունևոր մեկ տոկոսը տիրապետում ա երկրի ամբողջ հարստության 43 տոկոսին։ Շշմելու թվեր են չէ՞։ Ես չեմ հնարել, կարդացեք էս հոդվածը՝ Average America vs the One Percent. Կարող եք ասել՝ տարբերությունն էն ա, որ Ամերիկայում էդ մեկ տոկոսը ազնիվ աշխատանքով ա դարձել հարուստ, ոչ թե ի սկզբանե մենաշնորհ ա ունեցել։ Ենթադրենք (չնայած շատ ամերիկացիներ չեն հավատում սրան)։ Ենթադրենք մի օր մենք էլ ենք Հայաստանում հասնում սրան՝ վերացնում ենք մենաշնորհները, գործարարներին կաշկանդող զանազան չգրված օրենքները և «դառնում ենք Ամերիկա»։ Այսինքն բնակչության մեկ տոկոսը, ճակատի արդար քրտինքով, տեր ա դառնում Հայաստանի հարստության 43 տոկոսին։ Արդյո՞ք սա պայծառ հեռանկար ա մեզ համար։ Կարծում եմ՝ չէ։ Էդ ինչքա՞ն հարուստ պետք ա լինի Հայաստանը, որ բնակչության 99 տոկոսը տիրապետի հարստության ընդամենը 57 տոկոսին, և ամեն մեկին բավարար չափով եկամուտ հասնի՝ ապահով ապրելու համար։ Անհնար ա նման բան մոտակա հեռանկարում։ Հիշենք որ Ամերիկան էսօրվա հարուստ Ամերիկան ա դառել ոչ թե ընդամենը ամերիկացիների աշխատանքով, այլ հնդկացիների հողերին տիրանալով, սևերին ստրկացնելով և շահագործելով, «դեմոկրատիա հաստատելու ազնիվ առաքելությամբ» էս ու էն երկիր ներխուժելով ու զանազան նավթահանքերի տերուտիրական դառնալով, և այլն, և այլն։ Հայաստանն էս տեսակ «գունագեղ» հնարավորություններ չունի։ Փոխարենը, Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր ա՝ շրջապատված փակ սահմաններով։

Ուրեմն պետք ա տեսնել վերջապես, որ ամերիկյան մոդելը Հայաստանին հարմար չի գալիս։

Պետք ա փոխել էդ մոդելը։ Պետք ա մեծացնել սեփական քաղաքացիների հանդեպ հայոց պետության պարտավորությունները, սահմանադրորեն ամրագրել դա և պահանջել՝ որպես իմպերատիվ։ Հայաստանում ապրող յուրաքանչյուրը պետք ա ունենա ապրելու մարդավարի պայմաններ՝ անգամ եթե գործարարությամբ չի զբաղվում և հարստանալու հեռանկար չունի։ Հայաստանը պետք ա դառնա սոցիալական պետություն։

Մենք պետք ա էս նպատակը հստակ դնենք մեր առաջ և հանրային քննարկում սկսենք էն մասին, թե ոնց արագ հասնենք սրան։

Շարունակությունը՝ 
ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ
ԹԵ ՈՆՑ ԷԴ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԵՂԱՎ
ՀՈԻՇԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ
ԹԵ ՈՆՑ ՄԵԶ ԴՈՒՐՍ ԴՐԵՑԻՆ ԽԱՂԻՑ
ԼԻԼԻԹԸ, ԶՈՐԻԿԸ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, ԼԵՎՈՆԸ, ԽՈՐԵՆԱՑԻՆ, ՄԵՆՔ





Ոսկե հորթը, Նյու Յորք