ՀԻՄԱ


ԴԵՌ ՀԱՐՈՒՍՏ ՉԵ՞Ս


 
Սկիզբը՝ ԹԵ ԻՆՉ ՀԱՍԿԱՑԱ ԵՍ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ գնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ դառնալու ամերիկացի։ Ինչո՞ւ։ Հիմնականում՝ որ հարստանան։ Շատ հարստանան և արագ հարստանան։ Արագ և շատ հարստանալու հնարավորությունները ամենամեծն են Ամերիկայում։ Ամեն դեպքում՝ ամերիկացիների մեծագույն մասը և աշխարհի բնակչության մեծագույն մասը հենց տենց են մտածում։ Դրա համար էլ աղքատներն Ամերիկայում լուռ են։ Կան, բայց ոնց որ չլինեն, ձայն չեն հանում։ Եթե հանրային կարծիքը պնդում ա, թե երկրում հարստանալու բոլոր պայմանները ստեղծված են, 
իսկ դու, հակառակ դրան, չես հարստացել, ուրեմն դուրս ա գալիս հենց ինքդ ես մեղավոր, էլ ո՞նց բողոքես։

Իսկ հանրային կարծիքը, առնվազն մինչև վերջերս, իսկապես հենց տենց էլ պնդում էր և դա ամերիկյան գաղափարախոսության հաղթանակն էր։ Կապ չունի ով ես դու, որտեղից ես եկել Ամերիկա, եթե դու խելք ունես, աշխատել սիրում ես ու համառ ես, դու կհասնես քո երազանքին՝ կդառնաս հարուստ ամերիկացի, ասում ա ամերիկյան գաղափարախոսությունը, որը հաղթած գաղափարախոսություն ա՝ ընդունված ա ամերիկացիների մեծամասնության կողմից, էդ թվում նրանց կողմից, ովքեր դեռ չեն հասել իրանց երազանքին՝ չեն հարստացել, բայց դրա հույսը պահում են:  Թե հույսը չպահեն ի՞նչ պետք ա անեն, պետք ա ասեն՝ անխելք էինք, չկարողացանք հարստանալ, բայց դա էնքան էլ հաճելի խոստովանություն չի լինի։

Դրա համար էլ աղքատներն Ամերիկայում, ոնց որ ասեցի, հիմնականում լուռ են , ձայն չեն հանում և առանձնապես տեսանելի չեն։ Տեսանելին միայն հոմլեսներն են, ոչ ամերիկյան բառով ասած՝ բոմժերը, ովքեր արդեն աշխատանք չունեն, անտուն են, ովքեր արդեն դուրս են մղված հասարակությունից։ Բայց լուռ աղքատներ ասելով ես բնավ հոմլեսներին նկատի չունեի, այլ նրանց, ովքեր հասարակությունից դուրս մղված չեն, անտուն չեն, աշխատանք ունեն, բայց աղքատ են։ Ամերիկայում բազմաթիվ են էն մարդիկ, ովքեր աշխատանք ունեն, բայց էդ աշխատանքի դիմաց տրվող վարձատությունը կենսական ծախսերը չի փակում, մանավանդ՝ եթե ընտանիք ու երեխաներ ունենաս։ Դրանք հիմնականում էն աշխատանքներն են, որոնք բոլորը կանեն՝ դրա համար կրթություն պետք չի։ Ամերիկայում լավ վարձատրվող աշխատանքները հիմնականում էն աշխատանքներն են, որոնք ունենալու համար պետք ա լավ կրթություն, իսկ լավ կրթությունն Ամերիկայում հեշտ չի՝ լավ կրթությունը փողով ա, և բավական թանկ ա։ Ստացվում ա փակ շրջան։ Բայց էս էլ դեռ բոլորը չի, լավ աշխատավարձ ունեցող ամերիկացին էլ իրան սոցիալապես շատ ապահով չի զգում էդ երկրում, քանի որ էն օրենքները, որոնք եվրոպական երկրների մեծ մասում էսօր գործում են և մարդում պաշտպանում աշխատանքը կորցնելուց, Ամերիկայում չկան, և մրցակցության արդյունքում, որի շունչը բոլորը զգում են իրանց թիկունքում, մարդու մեջ անընդհատ նստած ա աշխատանքը կորցնելու վախը։

Թվում էր՝ նշածս աղքատ մարդիկ, նաև՝ ոչ առանձնապես աղքատ, բայց աշխատանքը կորցնելու վախն իրանց ներսում անընդհատ ունեցող մարդիկ պետք ա որ քաղաքական հայացքներով ձախ լինեին,  ձախ գործիչներին պաշտպանեին, կողմ լինեին նրան, որ պետությունն ավելի շատ մասնակցեր եկամուտների բաշխմանը՝ հոգ տանելով ոչ ունևորների մասին, կողմ լինեին էն օրենքներին, որ կպաշտպանեին մարդուն՝ աշխատանքը կորցնելուց։ Բայց իրականությունը հակառակն ա։ Ձախական հայացքներ ունեցողներն Ամերիկայում, Եվրոպայի հետ համեմատած, շատ փոքրաթիվ են ու հիմնականում ինտելեկտուալ խավից են, իսկ աշխատավորների, էդ թվում ցածր վարձատրվող աշխատանք կատարողների մի մեծագույն մասը, հակառակը՝ աջ են, և դեմ են որ պետությունը հարստության վրա հարկեր դնի՝ ոչ ունևորների մասին հոգալու համար։ Ինչո՞ւ՝ գուցե զարմանաք դուք։  Որովհետև ամերիկյան գաղափարախոսությունն ասում ա՝ ազատ մրցակցությունը ամենակարևոր բանն ա, ազատ մրցակցությանը չի կարելի կպնել, դրանով ա Ամերիկան դառել Ամերիկա, ազատ մրցակցությունը բոլորին շանս ա տալիս, դու էսօր հարուստ չես, բայց վաղը կարող ես հարստանալ․ իսկ եթե պետությունը սկսի միջամտել եկամուտների բաշխմանը, մենք վերջում կունենանք  բոլշևիզմ, կունենանք Սովետական Միության նման մի բան, բայց Սովետական Միությունը հենց դրա համար էլ պարտվեց մեզ՝ որովհետև մեր երկրում ազատ մրցակցություն կա, իսկ իրանց մոտ չկար։

Սովետական Միությունը վաղուց արդեն չկա, բայց կոմունիստների նկատմամբ վախը մինչը էսօր էլ բավական ուժեղ ա Ամերիկայում և շատ բան ա պայմանավորում էդ երկրի քաղաքական համակարգում։ Եվրոպական չափանիշներով Օբաման դժվար ձախ համարվի, բայց մեծաթիվ ամերիկացիներ, մասնավորապես Թրամփի օգտին «Օբամայի ինադու» քվեարկածները վերջինիս հենց ձախ են համարում, մարդկանց առողջական ծախսերի պետական ֆինանսավորման Obamacare ծրագիրն էլ՝ թեքում դեպի բոլշևիզմ։ Ի դեպ, էն փաստը, որ Մեքսիկայի սահմանին պարիսպ դնելու և մահմեդական երկրներից զանգվածային ներհոսքի առաջն առնելու խոստումները էդքան մեծ դիվիդենտներ բերեցին Թրամփին, ոչ թե պարզապես ամերիկացիների շրջանում քսենոֆոբիայի տարածվածության մասին ա խոսում, այլ դարձյալ կապ ունի վերևում նշածս հանգամանքների հետ։  Քանի որ ներգաղթյալները, գոնե առաջին շրջանում, հիմնականում սոցիալապես կարիքավոր են, պետական օգնության մի մեծ մասը հենց նրանց էլ ուղղվում ա, այնինչ «ամերիկացի ամերիկացիների» մի ահագին մասը կարծում ա, որ էդ փողերը իրա գրպանից են գնում՝ իրա վճարած հարկերից։ Ու ամերիկյան առանձնահատկությունն էն ա, որ ոչ ունևորները մեծ մասամբ չեն ասում՝ հարուստների՛ց վերցրեք էդ փողերը, հարուստներից շա՛տ հարկեր վերցրեք, չեն ասում, որովհետև հույս ունեն, որ իրանք էլ են մի օր հարուստ դառնալու։ 

Էսքան ամերիկյան առանձնահատկությունների մասին խոսելուց հետո վերադառնամ իմ կարևոր մտքին՝ որ Հայաստանում փաստորեն մենք վերցրել ենք կապիտալիզմի ամերիկյան տարբերակը։

Շարունակությունը՝ 
ՄՈԴԵԼԸ ՓՈԽԵԼ Ա ՊԵՏՔ
Ի՞ՆՉ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ
ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ
ԹԵ ՈՆՑ ԷԴ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԵՂԱՎ
ՀՈԻՇԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ
ԹԵ ՈՆՑ ՄԵԶ ԴՈՒՐՍ ԴՐԵՑԻՆ ԽԱՂԻՑ
ԼԻԼԻԹԸ, ԶՈՐԻԿԸ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, ԼԵՎՈՆԸ, ԽՈՐԵՆԱՑԻՆ, ՄԵՆՔ