ՀԻՄԱ


ԹԵ ԻՆՉ ՀԱՍԿԱՑԱ ԵՍ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ


Ես Ամերիկա հաճախ եմ գնում։ Հարցեր կան մեջս՝ Ամերիկայի հետ կապված։ Ես ծնվել եմ էն երկրում, որ փորձում էր կառուցել դրախտը երկրի վրա։ Չհաջողվեց, Սովետական Միությունը քանդվեց։ Ամերիկային նույն բանը կարծես թե հաջողվել էր։ Ամեն դեպքում՝ երբ որ Թրամփը ասում ա՝ I want to make America great again, ինքը հենց էդ նկատի ունի՝ որ ամերիկացիներին հաջողվել էր կառուցել ամենալավ երկիրը, բայց հետո ինչ-որ բան սխալ գնաց ու հիմա էդ սխալը պետք ա ուղղել։ Եվ էն տասնյակ միլիոնավոր ամերիկացիները, որոնք քվեարկեցին Թրամփի օգտին, հավանաբար նույնպես էդ կարծիքին են։

Էս անգամ իմ ամերիկյան ճամփորդության առանցքներից մեկը հենց Թրամփի ֆենեմենն էր՝ ուզում էի հասկանալ ինչու են ամերիկացիք իրան ընտրել։ Դրա համար բավական բազմազան երթուղի էի ընտրել՝ Սիեթլ, Սան Դիեգո, Սան Անտոնիո, Բոքա Ռաթոն, Սենթ Լուիս, կամ եթե նահանգներով ասեմ՝ Վաշինգտոն, Կալիֆորնիա, Տեխաս, Ֆլորիդա, Միսուրի։ Սան Դիեգոյում բանաստեղծական երկու ընթերցումի պետք ա մասնակցեի, իսկ Սենթ Լուիսում Poetry Scores միությունը կազմակերպել էր իմ բանաստեղծություններով գրված երգերի երեկո, էդ երկուսը այցելությանս գործնական մասերն էին, մնացածը «ազատ ծրագիր» էր՝ հանդիպում էի մարդկանց, զրուցում էի, հարցեր տալիս։ Հանդիպածս մարդկանց մեջ իհարկե նաև ամերիկահայեր կային, ընդ որում խիստ բազմազան ամերիկահայեր՝ Հայաստանից վերջերս գնացածներից մինչև Հայաստանը երբեք չտեսածները, բայց իմ հարցումը բնավ ամերիկահայերի վրա չէր կենտրոնացած և զրուցակիցներիս մեջ, մանավանդ Սան Դիեգոյում և Սենթ Լուիսում, հայերը փոքրամասնություն էին։

Ամերիկյան էս ճամփորդությանս մասին դեռ չեմ որոշել, թե ինչ ֆորմատով եմ գրելու՝ ընթացքում կերևա։ Բայց իմ համար պարզ ա արդեն՝ որն էր էն գլխավոր հայտնագործությունը, որ ես արեցի էս անգամ Ամերիկայում։ Էդ հայտնագործությունը Թրամփի հետ կապված չի, Հայաստանում գործող համակարգին ա վերաբերում։

Անկախացումից ի վեր Հայաստանում գործել են բազմաթիվ ընդդիմություններ՝ էս կամ էն հաջողությամբ մարդկանց հանելով պայքարի: Բայց Հայաստանում գործող սոցիալ-տնտեսական համակարգը քննության առարկա չի դառնում ընդդիմության կողմից (պատմության գիրկն անցած կոմունիստներին և մեկ-երկու՝ քաղաքական ռեալ ազդեցություն չունեցող խմբերին չհաշված)։ Խոսք ա գնում ընդամենը համակարգի այլասերման («մոնղոլ-թաթարականացման»), բայց ոչ երբեք՝ դրա ճիշտ կամ սխալ տարբերակը ընտրած լինելու մասին։

Երբ Սովետական Միությունը քանդվեց, մեզ ինքնին հասկանալի էր թվում, որ մենք ընտրում ենք «շուկայական տնտեսությունը»։ Լավ, ընտրեցինք, բայց չէ՞ որ շուկայական տնտեսությունը կամ ավելի կարճ ասած, կապիտալիզմը, տարբերակներ ունի։ Կա Միացյալ Նահանգների տարբերակը՝ երբ պետությունը հնարավոր նվազագույն ձևով ա մասնակցում եկամուտների բաշխմանը, կա եվրոպական տարբերակը, երբ որ ձախերի երկարատև պայքարի արդյունքում պետությունը ավելի լայն պարտավորություններ ա ստանձնել՝ ապահովելու քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը, և եվրոպականի մեջ էլ կա շվեդական տարբերակը, որը շատերը համարում են սոցիալիզմի տարատեսակ։ Դուք հիշո՞ւմ եք՝ Հայաստանում երբևէ քննարկում գնացած լինի էն մասին, թե որ տարբերակն ա մեզ ավելի հարմար: Ես որ՝ չեմ հիշում նման բան։


Իսկ շշմելուն էն էր, որ ամերիկյան վերջին այցելությանս ընթացքում ես հանկարծ հասկացա՝ Հայաստանում փաստորեն գործում ա կապիտալիզմի ամերիկյան տարբերակը։ Բայց մենք չենք խոսում դրա մասին։

Շարունակությունը՝ 
ԴԵՌ ՀԱՐՈՒՍՏ ՉԵ՞Ս
ՄՈԴԵԼԸ ՓՈԽԵԼ Ա ՊԵՏՔ
Ի՞ՆՉ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ
ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ
ԹԵ ՈՆՑ ԷԴ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԵՂԱՎ
ՀՈԻՇԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ
ԹԵ ՈՆՑ ՄԵԶ ԴՈՒՐՍ ԴՐԵՑԻՆ ԽԱՂԻՑ
ԼԻԼԻԹԸ, ԶՈՐԻԿԸ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, ԼԵՎՈՆԸ, ԽՈՐԵՆԱՑԻՆ, ՄԵՆՔ