ՀԻՄԱ


ՀՂՈՒՄ «ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԻՆ»


Շատ տարիներ առաջ էր, Սովետական Միությունը կար դեռ, բայց Գորբաչովի Պերեստրոյկան արդեն սկսվել էր,  «Գարունում» մի հոդված տպագրվեց, կոչվում էր «Ասպետական հոգիներ» (#11, 87թ)։ Հեղինակը՝ գրող Ռաֆայել Աթայանը, պատմում էր Ներսիկ Ստեփանյանի, Աղասի Խանջյանի, Սահակ Տեր-Գաբրիելյանի և 30-ականների այլ կոմունիստ գործիչների, նրանց կյանքի և մահվան հանգամանքների մասին։ Բոլոր պատմություններն էլ շատ հետաքրքիր էին, մանավանդ որ հեղինակը պատմում էր որպես ժամանակակից և որոշ կարևոր դեպքերի մասնակից, բայց Աղասի Խանջյանի պահով՝ ոչ միայն պարզապես հետաքրքիր էր, այլ նաև անակնկալ, քանի որ Աթայանը, հանգամանալի անդրադառնալով նրա մահվան հանգամանքներին, պնդում էր, թե Խանջյանը ինքնասպան ա եղել, ոչ թե սպանվել Բերիայի կողմից։ 

Որպես էս պնդումի ոչ միակ, բայց կարևոր հիմնավորում, հեղինակը բերում էր կնոջը՝ Ռոզա Վինզբերգին, մահվանից անմիջապես առաջ Խանջյանի գրած նամակը․ «Ինչպես պատմում էր ինձ Ռոզան, արդեն կրկին Երևանում, իր հետպատերազմյան առաջին գալստյանը (Բերիայի դատապարտվելուց կարճ ժամանակ անց), Աղասու՝ իրեն ուղղված ձեռագիր նամակում կային հիշատակումներ այնպիսի ինտիմ հանգամանքների մասին, որ միայն իրեն ու նրան էին հայտնի և ըմբռնելի, որոնց ուրիշ որևէ մեկը ոչ ծանոթ էր, ոչ էլ կարող էր հասկանալ, թե ինչ բան է դա, առավել ևս՝ գրել այդ մասին։ Հետևաբար, նամակի իսկությունը որևէ տարակույսի ենթակա չէր, հրաժեշտի այդ նամակի, գրված ինքնասպանությունից անմիջապես առաջ, հավանաբար միայն րոպեներ առաջ» (էջ 61, #11, 87թ)։ 

Եթե ձեր մեջ հարց առաջացավ, թե ինչո՞ւ Խանջյանի կինը հենց Ռաֆայել Աթայանին պետք ա պատմեր սրա մասին, ասեմ որ Աթայանը, լինելով «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղար, հաճախ ա շփվել, բավական մոտ ա եղել Աղասի Խանջյանի հետ, նրա մահվանից հետո ինքն էլ ա մի քանի տարի աքսորում անցկացրել, իսկ ավելի ուշ՝ արդեն Ստալինի մահից հետո, երբ կատարվում էր անհատի պաշտամունքի դատապարտում, մասնակից ա եղել մեղադրվածների գործերի վերանայմանը։ 

Աթայանը բացատրում ա նաև, թե ոնց եղավ, որ  Բերիայի գործի մեղադրական եզրակացության մեջ նշվեց, թե նա ա սպանել Խանջյանին։ Բացատրությունն էս ա՝ Ժորա Ծատուրովը, որ Բերիայի մարդկանցից ու Խանջյանի հետապնդողներից էր եղել, բայց  ինքն էլ 1953թ․ աքսորում էր գտնվում, հասկանալով, որ «իբրև հավաստի վկա գործին խառնվելով», կարող ա միավոր հավաքի,  «սիբիրյան հեռուներից սկսում է իր ծառայությունն առաջարկել՝ յոթ փականքի տակ գտնվող իր վաղեմի տիրոջը «մերկացնելու», իբր թե ստույգ գիտե, թե նա իր ձեռքով է խփել Խանջյանին։  ..․Հետո, Երևան վերադարձած, նա նույնիսկ պարծեցել էր, թե ինքն էլ օգնել է Բերիայի մերկացմանը ու պահանջել համարժեքը, այն է՝ վերականգնում և համապատասխան պաշտոն...» (էջ 61, #11, 87թ)։

«Գարուն» ամսագիրը էդ ժամանակ մոտ 70 հազար տպաքանակ ուներ և եթե մի բան դրանում տպագրվեր, ամբողջ Հայաստանը կարդում էր։ Ես դա քաջ գիտեի։ Ու անհամբեր սպասում էի, թե ուրիշ ինչ կգրվի սրա մասին, ուրիշ ինչ հիմնավորումներ կբերվեն՝ Խանջյանի ինքնասպանության վարկածը հաստատող կամ հակառակը՝ ժխտող։ Բայց հիմնավորումներ չբերվեցին, որպես արձագանք Աթայանի գրածին հնչեց  միայն գրավոր հայհոյանք, ստալինա-բերիայոտ ոճով՝ տո դու ո՞նց ես ռիսկ անում նման բան պնդես, տո դու ո՞վ ես որ նման բան պնդես։ 

Համարյա երեսուն տարի ա անցել, բայց էսօրվա պես հիշում եմ, թե ոնց էի շշմել։ Ու վերջ, դրանով ամեն ինչ վերջացավ, ուրիշ ոչ մի բան սրա մասին չգրվեց։ Էն ժամանակ պարբերականները շատ չէին, մի հատ «Գրական թերթ» կար, «Գարունից» բայց մի հատ էլ «Սովետական գրականություն» ամսագիր կար, բոլորն էլ ստանում ու կարդում էի, ավելի ընդհանուր, ոչ գրական թերթերն էլ էի ստանում՝ «Ավանգարդ», «Երեկոյան Երևան», «Խորհրդային Հայաստան» (մենակ ես չէ, հայաստանցիների մի մեծ մասը դրանք բոլորը ստանում էր, մանավանդ որ հիմնարկներում թերթ բաժանորդագրվելը պարտադիր էր)։ Չէ, Խանջյանի ինքնասպանության մասին Աթայանի գրածին, նշածս հայհոյանք-սաստում-գոռոցից բացի, ուրիշ արձագանք չեղավ։ Էդ սաստում-գոռոցն էլ հավանաբար «Գարունում» չէր, վերևում նշածս պարբերականներից որևէ մեկում էր, քանի որ ես հատուկ տետր ունեի՝ «Գարունի» կարևոր հրապարակումների մատենագիտություն էի պահում էն անհամացանց  ժամանակներում, հենց էդ տետրում էլ մի քանի օր առաջ նայեցի գտա Աթայանի հոդվածի համարը, իսկ նշածս արձագանքի համարը չկա, չի նշված։ Ու քանի որ համարը չգտա, ու քանի որ 29 տարի ա անցել, էդ գոռացողի անունը, սենց ասեմ՝ 100 տոկոս հավանականությամբ չէ, այլ 99 տոկոս հավանականությամբ եմ ճիշտ հիշում՝ Դավիթ Գասպարյան։ 

Ինչո՞ւ հիշեցի էս պատմությունը։ Երբեք էլ չէի մոռացել, մեխված էր հիշողությանս մեջ։ 1987-ին ես դեռ նոր-նոր բանաստեղծություններիս առաջին շարքն էի տպագրել «Գարունում», դեռ հոդվածներ չէի գրում։ Հետո, երբ արդեն գրում էի և ահագին ընթերցող ունեի, միշտ ուզեցել եմ անդրադառնամ սրան, բայց միշտ ժամանակ չի եղել, մտածել եմ՝ ավելի հրատապ խնդիրներ կան։ Մինչև որ հասկացա՝ էս խնդիրը հենց ամենահրատապներից ա։ Հիմա բացատրեմ՝ ինչու։

Արդեն ասեցի, Աթայանի հոդվածին հետևած սաստում-հոխորտանքը ձեռքիս տակ չկա, բայց ես հիշում եմ դրա հիմքում ընկած գլխավոր միտքը՝ «ամբողջ հայ ժողովուրդը գիտի, որ Աղասի Խանջյանին սպանել են, դու ո՞վ ես, քանի՞ գլուխ ունես, որ հակառակը պնդես»։ Ու սա՝ երբ որ կոնկրետ հիմնավորումներին հակադրվում ա «ամբողջ հայ ժողովուրդը գիտի, որ․․» թրի պես ամեն ինչ կտրող «արգումենտը», շատ վտանգավոր ֆենոմեն ա, որը, ցավոք, շատ ակտուալ ա էսօր։ 

Իսկապես, շատ շատերի վկայությամբ, երբ 1936թ հուլիսի 9-ին Խանջյանը գնաց Անդրերկրկոմի բյուրոյի նիստին և Թիֆլիսից ետ բերեցին նրա դին, հանրության մեջ, հակառակ ինքնասպանության պաշտոնական վարկածին, անմիջապես տարածվեց էն կարծիքը, թե Խանջյանին սպանել են։ «Հակառակ ինքնասպանության պաշտոնական վարկածին» չի նշանակում՝ պաշտոնական վարկածից անկախ, այլ նշանակում ա՝ էդ վարկածին հակառակ, ժողովրդական լեզվով ասած՝ էդ վարկածին ինադու։ Մանավանդ որ, ինքնասպանությունը պաշտոնապես ներկայացվում էր որպես մեղադրանք, որպես Խանջյանի՝ սեփական սխալներն ուղղելու անկարողության վկայություն, և հենց դրանով իսկ՝ սխալներ կատարած լինելու անուղղակի պնդում։ Ու քանի որ ինքնասպանությունը ներկայացվում էր որպես մեղադրանք, ժողովուրդը բնազդով վանում էր էդ միտքը՝ փարվելով սպանության մտքին։ Սա հոգեբանորեն լավ հասկանալի ա՝ 36 թիվն էր, բռնաճնշումները վաղուց սկսված էին, դրանց դեմն առնելու կամ բարձրաձայն դրանց մասին խոսելու ոչ մի հնարավորություն չկար, բողոքի միակ հնարավոր ձևը փաստորեն էս էր՝ պաշտոնապես ասվածին չհավատալը։ Բայց եթե մի բան հոգեբանորեն հասկանալի ա, էդ չի նշանակում՝ ճիշտ ա և համապատասխանում ա իրականությանը։ Միֆերը քաղաքականության անբաժանելի մասն են, դա հասկանալու համար պատմության խորքերը գնալու կարիք չկա, դա ակնհայտ ա նաև ներկայում։ Միֆը երբեք դատարկ տեղում չի ծնվում, միշտ հոգեբանական հիմք ա ունենում, բայց դրանով չի դադարում միֆ լինելուց և չի դառնում իրական։ Թե անցյալի, թե ներկայի կարևոր խնդիրների հետ գործ ունենալիս, շատ կարևոր ա էդ երկուսը՝ տարածված կարծիքն ու իրական փաստը, իրարից տարբերելը։

Ես իհարկե հաստատ համոզված չեմ, թե Խանջյանն ինքնասպան ա եղել։ Եթե էս հարցի շուրջ նորմալ քննարկում գնար, գուցե սպանության վարկածի համար ևս բերվեին փաստական հիմնավորումներ։ Բայց հենց էդ ա, որ տեղի չի ունենում։ Բոլորովին վերջերս Խանջյանի մահվան 80 տարին էր լրանում, վերջին տարիներին գրված նյութեր նորից շրջանառվեցին,  և դրանցում, Խանջյանի մահվան պահով,  պարզապես նշվում ա, թե՝ «Պաշտոնական վարկածի համաձայն ինքնասպանություն էր, սակայն արդեն այն ժամանակ բոլորը լավ հասկանում էին, որ սպանել էին» («Երևան» ամսագիր, #10, 2010): Երկաթե արգումենտ ա չէ՞՝ «բոլորը լավ հասկանում էին»։ Ի՞նչն էին լավ հասկանում, որ Աղասի Խանջյանը ինքնասպան լինել չէ՞ր կարող։ Ինչո՞ւ։ Որովհետև կոմունիստի համար ինքնասպան լինելը ամո՞թ էր համարվում։

Այո, Աղասի Խանջյանը կոմունիստ էր։ Ամեն ինչից դատելով՝ հավատավոր կոմունիստ էր, հավատում էր, ավելի ճիշտ՝ հավատացել էր, որ բոլշևիզմը մարդկանց, ու նաև հայաստանցիներին,  երջանկություն կբերի։ Ու նաև ազնիվ մարդ էր։ Ու նաև խելացի մարդ էր։ Ազնիվ ու խելացի մարդը 1936-ին չէ՞ր տեսնում ինչ ա շուրջը կատարվում, չէ՞ր տեսնում թե գաղափարախոսությունը, որին անկեղծորեն հավատացել էր, ինչ ա բերում մարդկանց գլխին։ Անհնար ա չտեսներ՝ որպես Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար ամեն ինչից տեղյակ էր։ Ու նաև, անհնար ա, որ չհասկանար՝ բանը բանից անցել ա, արդեն ոչինչ փոխել հնարավոր չի։ Ազնիվ մարդու ինքնասպան լինելը մի՞թե անբնական ա նման իրավիճակում։ 

Ես ընդհանուր իրավիճակը նկարագրեցի միայն։ Իսկ Աթայանը, նշածս հոդվածում, շատ ավելի կոնկրետ, շատ ավելի մանրամասն բացատրում ա, թե ինչ թակարդում էր հայտնվել Աղասի Խանջյանը 1936 թվին։ Դեռ մայիսին ձերբակալել էին հայտնի գործիչ Ներսիկ Ստեփանյանին։ Մինչև էդ Հայաստանի կուսակցական ղեկավարությունը «ահազանգ» էր ստացած եղել՝ Ստեփանյանի «անբարեհուսության» մասին, բայց ՀԿԿ Կենտկոմի վերահսկիչ հանձնաժողովը, քննելով ահազանգը, մեղավորություն չէր գտել Ներսիկ Ստեփանյանի արտահայտած համարձակ մտքերում։ Եվ ահա 1936թ հուլիսի 9-ի Անդրերկրկոմի բյուրոյի նիստում, որից Խանջյանը կենդանի չվերադարձավ, նրան մեղադրել էին «զգաստությունը կորցրած լինելու», Ներսիկ Ստեփանյանին վերաբերող ահազանգը անտեսելու մեջ և հանձնարարել էին հսկողության տակ առնել «Ստեփանյանի խմբակի գործի» հետաքննությունը։ Հենց սա էր թակարդը։ Որովհետև Ներսիկ Ստեփանյանը Ստալինի և Բերիայի առաջ իսկապես «աններելի մեղքեր» ուներ գործած՝ սեփական օրագրում սևով սպիտակի վրա գրել էր, թե ինչ ա մտածում անձի պաշտամունքի մասին, Բերիային համեմատել էր Աբդուլ Համիդի հետ։ Սրա մասին հանրությանը հայտնի դարձավ իհարկե շատ ուշ՝ Ստալինի մահից և անձի պաշտամունքի դատապարտումից հետո, բայց Աղասի Խանջյանը սա պետք ա որ իմանար դեռ էն ժամանակ։ Այսինքն՝ մարդուն, մահվանից բացի, թողել էին մեկ ելք, անպատիվ ելք՝ գլուխն ազատել, ձերբակալված Ներսիկին սևացնելով և նրա գործը, կուսակցական հանձնարարության համաձայն, ավարտին՝ գնդկահարության հասցնելով։ Նման անպատիվ քայլի Աղասի Խանջյանը չի գնացել։ Նախընտրել ա մահը։