ՀԻՄԱ


ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ Ա ԾՆՎՈՒՄ


Կոնստանտինոս Կավաֆիսը կենդանության օրոք ոչ մի գիրք չի հրատարակել, հայտնի չի եղել՝  ոչ Ալեքսանդրիայում, որտեղ ապրում էր, ոչ հայրենիքում՝ Հունաստանում։ Կավաֆիսը ոչ մի գրական շարժման չի մասնակցել, ոչ մի ուղղության ներկայացուցիչ չի։ Կյանքի մեծագույն մասն անցկացրել ա Ալեքսանդրիայում, որը գավառական քաղաք էր՝ Բրիտանական կայսրության հեռու ծայրամասերից մեկում։ Ուրեմն ո՞նց ա ստացվել, որ էսօր Կավաֆիսը աշխարհի ամենահայտնի բանաստեղծներից ա։ Շատ պարզ՝ Կավաֆիսին «հայտնագործել են» իրա ժամանակակից անգլիացի գրողները։ Նախ և առաջ՝ Էդվարդ Ֆորսթերը, որը նախ հոդված ա գրում Կավաֆիսի մասին՝ Athenaeum ամսագրում, հետո տեղադրում էդ տեքստը Ալեքսանդրիայի մասին իրա գրքում՝ Pharos And Pharillon, որը, որը լայն լսարան ունեցավ։ Ֆորսթերը հետևողականորեն հրապարակում էր Կավաֆիսին անգլիական մամուլում, և շուտով նրանով սկսեցին հետաքրքվել նաև ուրիշ եվրոպացի գրողներ։ Հետաքրքվեցին, տեսան, արժևորեցին։ Որպես քսաներորդ դարի կենտրոնական բանաստեղծներից մեկին։ Որը գավառում էր ստեղծագործում, բայց կենտրոնական դարձավ։ Որովհետև իրան արժևորողներն էին կենտրոնում։

Այո, Ալեքսանդրիան քսաներորդ դարասկզբին գավառ էր։ Համարյա ոնց որ Կարսը՝ Չարենցի ծննդավայրը։ Բայց դա էն գավառն էր, որի փոշու տակ ննջում ա եվրոպական քաղաքակրթության մի հիմնային արարի հիշողությունը՝ թե ոնց հույները մնացին քրիստոնեության տակ։ Ֆորսթերի գիրքը հիմնականում հենց դրա մասին ա։ Կավաֆիսի բանաստեղծություններն էլ են մի մեծ մասով դրա մասին։ Ուրեմն ո՞նց կարող էր Ֆորսթերը Կավաֆիսին չտեսնել, եթե Կավաֆիսը էդ ննջած թվացողի կենդանի հառնումն ա։

Երբ որ Կավաֆիսի մասին կարդում եմ՝ «20-րդ դարի կենտրոնական բանաստեղծներից մեկը», միշտ Չարենցին եմ հիշում ու տխուր ժպտում եմ։ Որովհետև Չարենցը հաստատ ավելի պակաս խոշոր բանաստեղծ չի, քան Կավաֆիսը։ Ու ես դա գիտեմ։ Բայց իմ իմանալը՝ ի՞նչ։ Ես չեմ կարող Չարենցին դուրս բերել կենտրոն, որովհետև ինքս կենտրոնում չեմ։ Ու ոչ ոք, որ կարդում ու հասկանում ա Չարենց՝ կենտրոնում չի։ Փակ շրջան։

Գրականությունը վազքի մրցում չի, ոչ էլ ծանրամարտ ա, որ Արթուրը կամ Արմինեն ամենաարագը վազեն, ամենածանրը բարձրացնեն, ու դառնան չեմպիոն։ Գրական տեքստի լավն ու վատը, թույլն ու ուժեղը որոշելու չափանիշներ կան, գոյություն ունեն, բայց դրանք՝ էդ չափանիշները,  դասագրքերում դնելի չեն, հանրամատչելիորեն սահմանելի չեն, որպեսզի բոլորը կարդան ու հասկանան։ Ոչ էլ աստվածային հայտնությամբ ա տրվում էդ չափանիշների գիտակցումը, այլ ձեռք ա բերվում՝ կոնկրետ գրական միջավայրում, կոնկրետ գրական շփումների արդյունքում։ Կավաֆիսի ժամանակի Ալեքսանդրիայում էդ գրական միջավայրը չկար, փոխարենը կար Եվրոպայում՝ Լոնդոնում, Փարիզում  (Հեմինգուեյը նույն էդ ժամանակ՝ քսաներերորդ դարասկզբին, Ամերիկան էր գրական առումով գավառ համարում, դրա համար էլ թողեց գնաց Փարիզ): Հենց էդ գրական միջավայրն էլ, որը ոչ միայն կար, այլ նաև կշիռ ուներ հասարակության մեջ, Կավաֆիսին, ի թիվս այլոց, արժևորեց որպես խոշոր բանաստեղծի և էդ արժևորումը ընդունելի դարձրեց միջազգային հանրության կողմից։

Հայ ոչ մի բանաստեղծ չի արժանացել նման արժևորման, բացառությամբ, թերևս, Նարեկացու, որը մահվանից բազում դարեր անց, թեև ոչ լիարժեք, բայց կարծես մուտք գործեց միջազգային գրական, կամ գուցե սենց ասենք՝ գրական-գիտական շրջանակներ, «Մատյանի» թարգմանության և որոշակի արժևորման արդյունքում։

Գրականության կայացման համար կա երկու անհրաժեշտ պայման։ Առաջինը, բնականաբար, տեքստերի ստեղծումն ա։ Բայց դա բավարար չի։ Պետք ա նաև խոսակցություն։ Խոսակցություն ստեղծված տեքստերի մասին։ Ես միշտ փնտրել եմ էդ խոսակցությունը ու երջանիկ եմ եղել՝ երբ գտել եմ։ Իսկ հաճախ նաև ինքս եմ խթանել ու կայացրել էդ խոսակցությունը, մանավանդ երբ դրա պակասությունն եմ տեսել։ Ճիշտ ոնց որ հիմա՝ Կավաֆիսի հետ կապված։

Ես Կավաֆիս առաջին անգամ կարդացել էի վաղուց՝ առնվազն մի տասը տարի առաջ։ Շատ դուր էր եկել ու չի բացառվում՝ նաև ազդել էր իմ սեփական ստեղծագործության վրա։ Երբ որ երկու ամիս առաջ իմացա խորվաթների հիմնադրած ««50 ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՁՅԱՆ ՀԱՄԱՐ» » միջազգային փառատոնի մասին և համաձայնեցի նաև Երևանում նման փառատոն կազմակերպելու առաջարկին, շատ ուրախացա, իմանալով որ էս տարվա փառատոնը նվիրվում ա Կավաֆիսին, քանի որ դրա մեջ հնարավորություն տեսա՝ բանաստեղծության մասին հետաքրքիր խոսակցություն սկսելու։

Բայց երևի ճիշտ կլինի, որ ես ««50 ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՁՅԱՆ ՀԱՄԱՐ» փառատոնի մասին մի քիչ ավելի մանրամասն պատմեմ։ Փառատոնը, արդեն ասեցի, հիմնադրել են խորվաթները՝ 2012-ին, Զագրեբում։ Ձյուն գալու օրվա երեկոյան հավաքվում են որևէ բացօթյա տեղ և երեք հոգի բանաստեղծություն են կարդում՝ իրանց սեփական գործերը և նաև էն  դասական բանաստեղծի գործերը, որը նախօրոք ընտրված ա լինում էդ տարվա համար։ Էս տարի, ոնց որ ասեցի, Կավաֆիսն ա ընտրված։ Փառատոնը միջազգային ա, արդեն տեղի ա ունեցել, Խորվաթիայից բացի, նաև Ֆինլանդիայում, Ֆրանսիայում և Կոսովոյում, և դեռ ընդլայնվելու հակում ունի։

Էս տարի «ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՁՅԱՆ ՀԱՄԱՐ»  փառատոնը տեղի կունենա նաև Երևանում։ Մի օր՝ երբ որ ձյուն գա, իրիկունը կհավաքվենք Չարենցի արձանի մոտ։ Բանաստեղծություն ենք կարդալու ես, Ավետիք Մեջլումյանն ու Թագուհի Թորոսյանը։ Մեր բանաստեղծությունները, նաև Կավաֆիսինը։ Հետո կգնանք մոտակա մի սրճարան ու կխոսենք գրականությունից։ Իվենթը ֆեյսբուքում շուտով կսարքեմ՝ հրավիրելու բոլորիդ։  

Տես նաև՝ ԿԱՎԱՖԻՍԻ ՄԱՍԻՆ
ԿԱՎԱՖԻՍԻ ՄԱՍԻՆ / վիճելի / 2
 ԿԱՎԱՖԻՍՆ ՈՒ «ՄԵՂՔԸ»
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁՅԱՆ ՀԱՄԱՐ փառատոն

 և ԿԱՎԱՖԻՍ / բանաստեղծություններ