ՀԻՄԱ


ԿԱՎԱՖԻՍՆ ՈՒ «ՄԵՂՔԸ»


Սկիզբը տես՝ ԿԱՎԱՖԻՍԻ ՄԱՍԻՆ և ԿԱՎԱՖԻՍԻ ՄԱՍԻՆ / վիճելի / 2 


Իմ ասածը՝ որ Կավաֆիսի գրածներում լուռ բանավեճ կա քրիստոնեության հետ, բավական սառն ընդունվեց և համաձայնողներ համարյա չեղան։ Արթուր Միրզոյանն էլ առարկեց, թե եթե Կավաֆիսը քրիստոնության հետ բանավիճել ուզեր, բացահայտ կխոսեր, ոնց որ սեփական սեռականության մասին ա բացահայտ գրում։ Հետաքրքիր առարկում ա, փորձենք խնդիրը հասկանալ։

Կոնստանտինոս Կավաֆիսը ոչ միայն կենդանության օրոք գիրք չի հրատարակել, այլ նույնիսկ ամսագրերում չի հրապարակվել՝ մինչև կյանքի ամենավերջին տարիները։ Ոչ թե մերժել են, այլ հենց ինքը չի փորձել հրապարակվել, բանաստեղծությունները տարածել ա միայն ընկերների շրջանում՝ ձեռագրերով։ Ամենայն հավանականությամբ, դրա պատճառը պետք ա որ Կավաֆիսի սեռական կողմնորոշումը լիներ՝ Կավաֆիսը գեյ էր, նրա բանաստեղծությունները կարդալով անհնար ա դա չհասկանալ, իսկ դա՝ որպես նույնասեռական ճանաչվելը, կարող էր վնասել նրա սոցիալական ստատուսին, առանց էն էլ Կավաֆիսը՝ սնանկացած առևտրականների զավակ, երանելի սոցիալ-ֆինանսական վիճակում չէր։ Դրա համար էլ Կավաֆիսը տպագրվելու և գրական շրջանակներ մուտք գործելու փորձեր արել ա միայն կյանքի վերջին տարիներին՝ երբ որ արդեն թոշակի էր անցել։

Այսինքն Կավաֆիսը բնույթով հանրային մարդ չէր, հանրային բանավեճեր չի վարել։ Կավաֆիսի հեղափոխականությունը բանաստեղծության մեջ ա,  ու բանավեճն էլ ա բանաստեղծությունների մեջ։ Կավաֆիսը հույն էր, հույն ուղղափառ եկեղեցին դատապարտում էր (ու ինչքան գիտեմ՝ մինչև էսօր էլ դատապարտում ա ) նույնասեռականությունը։ Այնինչ Կավաֆիսը ոչ միայն չի թաքցնում, որ նույնասեռական ա, այլ անում ա շատ ավելի համարձակ մի բան, մի բան, որը, ինչքան հիշում եմ, և ոչ մի ուրիշ բանաստեղծ չի արել՝ սեփական պոեզիայի հիմքում, բաց տեքստով, որպես կենտրոնական արժեք, դնում ա հենց էն, ինչի համար եկեղեցին դատապարտում ա նույնասեռականությունը՝ մարմնական վայելքը, որը մարմնական վայելք լինելուց բացի ուրիշ ոչ մի հավելյալ («հոգևոր») իմաստ չունի․
   

ՄԻ ԳԻՇԵՐ   

Էժան, կեղտոտ սենյակ էր, 
կասկածելի գինետան կտուրում ծվարած։ 
Պատուհանից եթե նայեիր, երևում էր փողոցը՝ 
ցեխոտ ու նեղ։ Ցածից քաղաքի աշխատավորների 
ձայներն էին հասնում վերև՝ թուղթ էին խաղում, 
ձայները գլուխները գցած, վավաշոտ կատակներ անելով, 
մեկումեջ էլ գոռում էին որ խմիչք բերեն։   

Ու հենց էդ անշուք, նվաստ անկողնում 
ես վայելեցի իմ սիրածի մարմինը, ու նրա կարմիր, 
լիքը շուրթերի մեջ էնքան գինի կար, որ հիմա, 
էսքան տարիներ հետո, երբ գրում եմ էս տողերը, 
տանը, միայնակ նստած, դրանց հիշողությունը նորից 
հարբացնում ա ինձ։  

Քրիստոնեական աշխարհայացքի մեխը մեղքի հասկացությունն ա։ Մարդս մեղավոր ա, ասում ա քրիստոնեությունը, բայց եթե թողություն խնդրի աստծուց, նրա մեղքերը կներվեն։ Այնինչ Կավաֆիսի տեքստերում «մեղք» հասկացությունը կա միայն էն «պատմական» բանաստեղծություններում, որտեղ ուշ հելլենիստական կամ բյուզանդական շրջանի քրիստոնյաների մասին ա խոսվում ( ու դրանցում էլ քրիստոնեությունը եկել ա՝ Կավաֆիսի սիրած հունական աստվածներին սպանելու), մնացած դեպքերում Կավաֆիսի տեքստերում չկա ոչ մեղք բառը, ոչ էլ մեղքի հասկացությունը։ Փոխարենը, կա ճիշտ հակառակը՝ էս կյանքը բավականաչափ վայելած չլինելու (քրիստոնյան կասեր՝ «բավականաչափ մեղանչած չլինելու») տխրությունը․
 

ԾԵՐ ՄԱՐԴԸ   

Սրճարանի աղմուկի մեջ, գլուխը սեղանին թեքած, միայնակ, 
առանց ընկերակից, տարիքով մի մարդ ա նստած, 
չի էլ նայում առաջը դրված լրագրին։   

Ծերության բերած խեղճության միջից, դրա բերած 
դատարկությամբ շրջապատված, նա մտածում ա թե ինչ քիչ 
վայելեց տարիները երբ ուժ ուներ, ճարտասան էր ու գեղեցիկ։
 
Գիտի որ արդեն տարիքն առել ա՝ անհնար ա չզգալ 
ու չտեսնել։ Բայց ոնց որ երեկ լիներ որ ջահել էր, ընդամենը 
երեկ։ Էնքան արագ թռան տարիները։   

Ու հիմա նա մտածում ա Խոհեմության մասին՝ էդ խաբեբայի, 
որ ասում էր՝ «Վա՛ղը, վա՛ղը, դեռ լիքը ժամանակ կա», 
ու ինքը հիմարի պես հավատաց դրան։   

Հիմա հիշում ա կրքերը, որ զսպեց, ուրախությունները, 
որոնցից հրաժարվեց։ Եվ ինչքան ծիծաղելի ա արդեն դրա 
պատճառը՝ հիմար զգուշավորությունը։ Բայց մարդը 

ծեր ա արդեն, հիշողությունները տագնապ են պատճառում, 
երկար մտածելուց միտքը մշուշվում ա, աչքերը փակվում են, 
ու մարդը ննջում ա՝ սրճարանում, գլուխը սեղանին դրած։

Տես նաև՝ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ Ա ԾՆՎՈՒՄ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁՅԱՆ ՀԱՄԱՐ փառատոն
և ԿԱՎԱՖԻՍ / բանաստեղծություններ

Էս թեմայի հետ կապ ունի նաև՝ ՄԱՐՄՆԻ ՔԱՅՔԱՅՈՒՄԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ