ՀԻՄԱ


ԿԱՎԱՖԻՍԻ ՄԱՍԻՆ / վիճելի/ 2


Սկիզբը տես՝ ԿԱՎԱՖԻՍԻ ՄԱՍԻՆ 


Կավաֆիսի գրական ժառանգությունը ծավալով մեծ չի՝ ավարտված բանաստեղծությունները երկու հարյուրի էլ չեն հասնում։ Դրանց մի մեծ մասը «պատմական» բանաստեղծություններ են՝ Կավաֆիսը «վերապատմում ա» պատմիչների և ուրիշ հին հեղինակների գործերից մեզ հասած պատմություններ, հիմնականում՝ հելլենիստական աշխարհի, Հին Հռոմի, Բյուզանդիայի ժամանակներից։ Վերապատմում ա և բանավիճում, բայց բանավիճում ա շատ նուրբ ձևով, հունական ձևով՝ ոնց որ երևի կասեր ինքը, ընդամենը՝ պատմության մեջ փոխում ա շեշտերը, երբեմն՝ կենտրոնական հերոսներին տանում ա հետ, ոչ կենտրոնականներին՝ բերում առաջին պլան, հաճախ էլ օգտագործում ա հեգնանքը, որը նույնպես բավական նուրբ ա, կարող ես տեսնել, բայց կարող ես նաև չտեսնել, կամ էլ՝ չտեսնելու տալ։ Ի դեպ, Կավաֆիսին բնագրով կարդալիս նրա հեգնանքը նկատելը պետք ա որ ավելի հեշտ լինի, քանի որ, մի տեղ կարդացել եմ՝ Կավաֆիսը եթե հանգ ա օգտագործում, ուրեմն հեգնում ա։

Կավաֆիսից կատարած իմ առաջին երկու թարգմանությունները հենց նշածս պատմական բանաստեղծություններից են՝ 
«Աստված լքում ա Անտոնիոսին» և «Մանվել Կոմնենոս»։ Երկուսի հերոսներն էլ հայտնի պատմական դեմքեր են, առաջինում՝ հռչակավոր Մարկոս Անտոնիոս զորավարը,  երկրորդում՝ ոչ պակաս հռչակավոր Մանվել Կոմնենոս կայսրը։ Երկու բանաստեղծության մեջ էլ հերոսները կանգնած են մահվանը դեմ հանդիման, Անտոնիոսի մահվան մասին ուղղակիորեն չի ասվում, բայց մենք պատմությունից լավ գիտենք, որ Անտոնիոսի պարտությունը հենց իրա մահն էր նշանակում՝ Ակտիումի ճակատամարտում նրան հաղթելուց հետո Օկտավիանոսը ներխուժեց Եգիպտոս, և Անտոնիոսը, հաղթանակի ոչ մի հնարավորություն այլևս չտեսնելով, ինքնասպան եղավ։ Հիմա տեսնենք թե զորավարն ու կայսրը, առաջինը՝ հռոմեացի, երկրորդը՝ բյուզանդացի, այսինքն թե՝ քրիստոնյա, ոնց են դիմավորում մահը․

Մի մռայլ սեպտեմբերյան օր
կայսր Մանվել Կոմնենոսը
զգաց որ մահը մոտեցել ա։
Պալատական ծախված աստղագուշակները
սկսեցին դուրս տալ թե նրան
դեռ բազում տարիներ են մնում ապրելու,
բայց կայսրը նրանց չէր լսում,
հիշելով կրոնական ավանդությունը,
նա հրամայեց՝ վանքից բերեցին
եկեղեցական հանդերձանք,
ու կայսրը հագավ դա՝ ուրախ,
որ նմանվում ա աբեղայի։  
 

Էս Կոմնենոսն ա։ Մանվել Կոմնենոս կայսրը մահվանից առաջ «նմանվում ա աբեղայի»։ Այսինքն ապաշխարում ա։ Թողություն ա խնդրում գործած մեղքերի համար։ Կամ որ նույնն ա թե՝ հրաժարվում ա իրա ապրած կյանքից։ Որովհետև քրիստոնեական մտածողության համաձայն՝ ամեն մարդու կյանք ա մեղքերով լի, էլ ուր մնաց՝ կայսրինը։ Որպես կայսր դրախտ մտնել հնարավոր չի։ Պետք ա հրաժարվես։ Դառնաս աբեղա։

Երանի նրանց, որ հավատում են
 
և կայսր Մանվելի նման
ավարտում են կյանքը`
իրանց կրոնի հագուստով
համեստորեն հանդերձված:  

Ես հունարեն չգիտեմ, տեղյակ չեմ՝ հունարեն բնագրում վերևի քառատողը հանգավորված ա թե չէ, բայց իմ համար հստակ ա որ Կավաֆիսը վերջին տողերում հեգնում ա։ Հստակ ա, որովհետև կարդացել եմ Կավաֆիսի բանաստեղծությունները և ծանոթ եմ նրա վերաբերմունքին՝ մեղք հասկացությանն ու մեղք համարվող բաներին։ Բայց դա դեռ թողնենք մի կողմ, գանք Մարկոս Ավրելիոսին․ 

ԱՍՏՎԱԾ ԼՔՈՒՄ Ա ԱՆՏՈՆԻՈՍԻՆ


Երբ հանկարծ, կեսգիշերին, լսես
անտես թափորի ձայնը, որ անցնում հեռանում ա
անկրկնելի երաժշտությամբ, բարձր ձայներով,
մի՛ անիծիր բախտդ որ քեզ լքեց, դեմքդ մի շրջիր 
և մի՛ սգա, որ կյանքիդ գործը ձախողվեց, որ ծրագրերդ
պարզվեց պատրանք էին բոլորը—ի՞նչ օգուտ սգալուց։
Որպես քաջ մարդ, որպես վաղուց 
ամեն ինչի պատրաստ մարդ, դու մնաս բարով ասա 
նրան՝ քո սիրած Ալեքսանդրիային, որ հեռանում ա։ 


Էս բանաստեղծության վերնագիրը Կավաֆիսը վերցրել ա Պլուտարքոսից, որը պատմում ա, թե ոնց Օկտավիանոսի կողմից Ալեքսանդրիայում պաշարված Մարկոս Անտոնիոսը հանկարծ երաժշտության ձայներ ա լսում և տեսնում հեռացող թափորը՝ Դիոնիսոս աստվածը, որի հովանավորյալն էր Անտոնիոսը, երգ ու նվագով լքում էր նրան։ Անտոնիոսը պարտվել էր, հաղթելու հնարավորություն արդեն չուներ, աստված նրան լքել էր, մնում էր մեռնել։ Ի՞նչ ա անում Անտոնիոսը մեռնելուց առաջ, կամ ավելի ճիշտ՝ ի՞նչ խորհուրդ ա տալիս Կավաֆիսը նրան՝ դեպի մահ գնացող Անտոնիոսին։ Ասում ա՝ մի սգա, մի ողբա, քեզ պահիր քաջ մարդու նման։ Ի՞նչ ա նշանակում էս «մի սգա»-ն, գուցե նշանակում ա՝ հրաժարվի՞ր ապրած կյանքիցդ, ապրած սերերիցդ, որովհետև պատրա՞նք էին։ Ոչ իհարկե, ճիշտ հակառակը, Կավաֆիսը ասում ա՝ վերջին անգամ ես սիրածդ Ալեքսանդրիան տեսնում, վայելի՛ր, վերջին անգամ վայելի՛ր․

Որպես քաջ մարդ, որպես վաղուց
ամեն ինչի պատրաստ մարդ, որպես մեկը 
 որ արժանի էր էս քաղաքն ունենալու, 
 ամուր քայլերով մոտեցիր պատուհանին
և լսիր հուզված, բայց առանց ողբի, առանց կականի
—էս քո վերջին վայելումն ա—լսիր անկրկնելի ձայները
անտես հեռացող թափորի և մնաս բարով ասա
նրան՝ Ալեքսանդրիային, որին կորցնում ես
։


 Ուշադրություն դարձրեք՝ «որպես մեկը, որ արժանի էր էս քաղաքն ունենալու»։ Ի՞նչ ա սրա անունը։ Հպարտություն։ Հենց էն, ինչը քրիստոնեության մեջ ոչ թե արժեք ա, այլ հակառակը՝ մեղք։ Խոնարհվիր, ասում ա քրիստոնեությունը։ Եվ Մանվել Կոմնենոս քրիստոնյա կայսրը մահվան մոտենալուն պես հենց էդ էլ անում ա՝ խոնարհվում ա։ Ապաշխարում ա։ «Նմանվում ա աբեղայի»։ Իսկ Մարկոս Անտոնիոսին Կավաֆիսը ճիշտ հակառակն ա ասում, ասում ա՝ գլուխդ բարձր պահի, մի՛ սգա, մի՛ ողբա, վայելի՛, վերջին անգամ վայելի՛ քո սիրած Ալեքսանդրիան։

Վայելքի հարցը կենտրոնական հարց ա Կավաֆիսի համար և  դրան տրամագծորեն հակադիր պատասխան էին տալիս քրիստոնեությունն ու հունական, պայմանականորեն ասած, հեթանոսությունը (ասում եմ՝ պայմանականորեն ասած, որովհետև «հեթանոսը» քրիստոնյաների ստեղծած բառն ա, հին հույներն ու հռոմեացիները իրանք իրանց հեթանոս չէին անվանում): Վայելքը, մարմնական վայելքը ուղիղ գծով կապված ա գեղեցկության՝ մարմնական գեղեցկության հետ, որը կենտրոնական արժեք էր հին հույների համար, ուրեմն արժեք էր նաև մարմնական վայելքը, իսկ քրիստոնեության մեջ մարմնական վայելքին տրվելը մեղք ա համարվում, քրիստոնությունը արժևորում ա միայն «հոգևոր» վայելքը, հոգևորն էլ ձևակերպում ա որպես մարմնականի հակընդդեմը։

Շ
արունակությունը տես՝ ԿԱՎԱՖԻՍՆ ՈՒ «ՄԵՂՔԸ»
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ Ա ԾՆՎՈՒՄ ,
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁՅԱՆ ՀԱՄԱՐ փառատոն

Տես նաև՝  ԿԱՎԱՖԻՍ / բանաստեղծություններ