ՀԻՄԱ


ԿԱՎԱՖԻՍԻ ՄԱՍԻՆ



Կոնստանտինոս Կավաֆիսը էսօր աշխարհում ամենահայտնի հույն բանաստեղծն ա,  Հոմերոսին ու անտիկներին չհաշված, և ընդհանրապես՝ աշխարհի ամենահայտնի բանաստեղծներից մեկն ա։ Հայերեն թարգմանված կա, բայց իմաստավորված չի։ Ուզում եմ խոսակցություն բացել Կավաֆիսի մասին, քանի որ իրա արածը առնչվում ա ինձ, և վստահ եմ ոչ միայն ինձ, հուզող ամենաէական հարցերի հետ։

Կավաֆիսը (1863 –1933) հույն ա, գրել ա հունարեն, ծնվել և կյանքի մեծ մասն ապրել ա Ալեքսանդրիայում՝ Ալեքսանդր Մեծի հիմնած քաղաքում, որն էդ ժամանակ բրիտանական գաղութ էր՝ ամբողջ Եգիպտոսի հետ միասին։ Կյանքի օրոք գիրք չի հրատարակել, միայն կյանքի վերջին տարիներին սկսել ա թեթևակի հայտնի դառնալ գրական շրջանակներում, բայց իսկապես հանրահայտ դարձել ա մահից հետո, և դրանում առանցքային դեր են խաղացել Կավաֆիսի անգելերեն ու ֆրանսերեն թարգմանվելը և նրա արածի արժևորումը՝ եվրոպացի հայտնի բանաստեղծների կողմից։ Մասնավորապես, Կավաֆիսի մեծ սիրահար էր հայտնի անգլիացի բանաստեղծ Օդենը, որը Կավաֆիսի գործերի անգլերեն լիակատար ժողովածուի նախաբանում գրում ա․

«Երեսուն տարի առաջ հանգուցյալ պրոֆեսոր Դոքինսը առաջին անգամ ծանոթացրեց ինձ նրա պոեզիային, և էդ ժամանակերից մինչև հիմա Կավաֆիսը ազդում ա իմ գրելու վրա, ուզում եմ ասել՝ բանաստեղծություններ կան, որոնք, եթե Կավաֆիսին չճանաչեի, լրիվ ուրիշ ձևով կգրեի, կամ էլ ընդհանրապես չէի գրի։ Բայց ես ժամանակակից հունարեն մեկ բառ անգամ չեմ հասկանում, և Կավաֆիսի բանաստեղծություններին ծանոթացել եմ անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանություններով։

Սա շփոթեցնում և մի քիչ էլ անհանգստացնում ա ինձ։ Ես միշտ համոզված եմ եղել, կարծում եմ՝ բանաստեղծություն գրող բոլոր մյուսների նման, թե  արձակի և պոեզիայի հիմնական տարբերությունը թարգմանելիության հետ ա կապված՝ արձակը կարող ես թարգմանել ուրիշ լեզվի, իսկ պոեզիան չես կարող։ Բայց եթե հնարավոր ա եղել, որ ես՝ որպես բանաստեղծ, ազդվեմ էն բանաստեղծություններից, որոնք միայն թարգմանաբար եմ կարդացել, ուրեմն էդ նշածս համոզումը վերանայման կարիք ունի։

Ուրեմն պոեզիայում կան տարրեր, որոնք անբաժանելի են բնագրի բառային արտահայտումից, և կան՝ որ բաժանելի են: ... »
Հետո Օդենը մանրամասն անդրադառնում ա էդ պոեզիայի էդ երկու տեսակի տարրերին՝  թարգմանելի և անթարգմանելի։ Խոսքը չերկարելու համար էդ հատվածը բաց եմ թողնում, եթե կուզենաք կարդալ Օդենի ամբողջ նախաբանը, կարող եք նայել ստեղ՝ «Օդենի նախաբանը Կավաֆիսի գրքում»։ Հետո Օդենը գրում ա՝
 
« Բայց պոեզիայի էս բոլոր թարգմանելի տարրերը, որոնք վերևում հիշատակեցի, Կավաֆիսին չեն վերաբերում։ Ազատ ու թեթև յամբական չափի մեջ, որը Կավաֆիսը սովորաբար օգտագործում ա, մեծ նորություն չկա, մենք դրան ծանոթ ենք։ Նրա ոճի ամենից յուրօրինակ կողմը, թե բառապաշարում և թե շարահյուսության մեջ օգտագործվող՝ ժողովրդական և մաքրամոլ-գրական հունարենի խառնուրդը, անթարգմանելի ա։ Անգլերենում չկա ոչինչ , որ համեմատելի լինի հունարենում առկա՝ ժողովրդական և մաքրամոլ-գրական լեզուների միջև առկա էն հակադրությանը, որի շուրջ թե գրական, թե քաղաքական կրքեր էին բորբոքվում։ Մենք ընդամենը ունենք մի կողմից ստանդարտ անգլերեն, մյուս կողմից տեղական բարբառներ, և անգլերենի թարգմանողը չի կարող փոխանցել Կավաֆիսի էս ոճական հմարքը, ոչ էլ անգլիացի բանաստեղծը կարող ա օգտագործել դա։ 
 Կավաֆիսի պատկերավորության մասին էլ չենք կարող խոսել, քանի որ նա երբեք չի օգտագործում ոչ համեմատություններ, ոչ էլ փոխաբերություններ, ինչի մասին էլ խոսի՝ տեսարանի, դեպքի թե զգացմունքի, նրա տողերում կա միայն զուտ փաստական նկարագրություն՝ առանց որևէ զարդարանքի։

Ուրեմն էդ ի՞նչն ա, որ կա Կավաֆիսի բանաստեղծություններում, դիմանում ա թարգմանությանը և հուզում մեզ։ Ոչ էնքան ճշգրիտ եթե ձևակերպեմ, դա ձայնի տոնայնությունն ա, անհատական խոսքը։ Ես կարդացել եմ Կավաֆիսի գործերը՝ շատ տարբեր մարդկանց կողմից թարգմանված, բայց դրանցից յուրաքանչյուրը անմիջապես ճանաչվում էր՝ հենց որպես Կավաֆիսի կողմից գրված բանաստեղծություն։ Նրա ամեն գործ կարդալիս ես զգում եմ, որ գործ ունեմ աշխարհին ուղղված յուրահատուկ հայացք ունեցող մարդու հետ։ Ինձ մի քիչ տարօրինակ ա թվում, որ ինքնաբացահայտող խոսքը թարգմանելի լինի, բայց տեսնում եմ որ հենց տենց էլ կա։ Եվ գալիս եմ էն եզրակացության, որ առանց բացառության բոլոր մարդ էակներին հատուկ միակ որակը եզակիությունն ա, իսկ մյուս կողմից՝ ցանկացած առանձնահատկություն, որը միայն տվյալ անհատին չի բնորոշ, այլ էս կամ էն ամբողջ խմբին, ասենք՝ շեկ մազերը կամ անգլերեն լեզուն, ենթադրում ա այլ առանձնահատկությունների գոյություն, որոնք էս դասակարգման արդյունքում մերժվում են։ Ուրեմն որքանով որ էս կամ էն բանաստեղծությունը կոնկրետ մշակույթի ծնունդ ա, էնքանով դժվար ա թարգմանվում մեկ այլ մշակույթի լեզվի, իսկ որքանով որ էդ բանաստեղծությունը եզակի մարդ էակին ա արտահայտում, էնքանով հեշտ կամ էլ դժվար ընկալելի ա՝ թե օտար մշակույթի կրողի, թե հենց տվյալ բանաստեղծի մշակութային խմբին պատկանողի համար հավասարապես։

Բայց եթե Կավաֆիսի պոեզիայի կարևորությունը նրա ձայնի եզակի հնչերանգի մեջ ա, ուրեմն քննադատին բան չի մնում ասելու, քանի որ քննադատությունը կարող ա միայն համեմատել։ Ձայնի եղակի հնչերանգը անհնար ա նկարագրել, այն կարելի ա միայն նմանակել՝ ծաղրանմանակելով կամ մեջբերելով»։
 Օդենի եզրակացության հետ ես մի մասով համաձայն եմ, մյուս մասով ոչ։ Այո, Կավաֆիսի ուժը անհատական հայացքի մեջ ա և դա ամենից հստակ  երևում ա Կավաֆիսի ժառանգության մի հիմնական մասը կազմող էն տեքստերում, որտեղ պատմվում են հին աշխարհի պատմությունից մեզ քաջ հայտնի դեպքեր՝ դրանք միշտ դիտված են լինում նոր անկյունից։ Բայց անհատական հայացքը ոչ թե փակում ա խոսակցությունը, ոնց որ Օդենն ա կարծում ( «ուրեմն քննադատին բան չի մնում ասելու»), այլ ճիշտ հակառակը՝ բացում ա խոսակցության դուռը, հնարավորություն ա ստեղծում անկեղծ ու դժվար խոսակցության համար։

 Անկեղծ ու դժվար, շատ դժվար խոսակցության համար։ Քանի որ Կավաֆիսը, թվացյալ պարզ պատմություններ պատմելով, գնում հասնում ա քրիստոնեական աշխարհայացքի հիմքերին ու կասկածի տակ առնում դրանք։

Շարունակությունը՝ ԿԱՎԱՖԻՍԻ ՄԱՍԻՆ/ 2 ,
ԿԱՎԱՖԻՍՆ ՈՒ «ՄԵՂՔԸ» ,
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ Ա ԾՆՎՈՒՄ ,
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁՅԱՆ ՀԱՄԱՐ փառատոն


Տես նաև՝ ԿԱՎԱՖԻՍ / բանաստեղծություններ