ՀԻՄԱ


ԱՆՏԻՊՈԵԶԻԱ, ԿԱՄ ԵՐԲ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՉԻ ՓՆՏՐՈՒՄ ԱԼԻԲԻ

Էս տեքստը «Գրական թերթում» տպագրվել ա 2000 թվին։ Սրանում ես ձեւակերպել եմ անտիպոեզիան՝ որպես ժամանակակից հայ բանաստեղծության գլխավոր ուղղություն։ Գրածս շատ սուր արձագանքներ ունեցավ էն ժամանակ՝ շատերը հետաքրքրված էին, շատերն էլ՝ զայրացած։ Էդ արձագանքների մի մասը բանավոր էր, բայց մի մասն էլ արձանագրված ա գրավոր, հիմնականում հենց նույն «Գրական թերթում» ( Զավեն Բեկյան, Անտիպոեզիայի ժամանակը, ԳԹ #13-14, 2000թ, Սեյրան Գրիգորյան, Հայաստանի պոեզիան անկախության շրջանում, զեկուցում ՀԳՄ 13-րդ համագումարում, ԳԹ, #9-10, 2001թ, Սուրեն Աբրահամյան, Անտիպոեզիա, թե՞ գրոտեսկային ֆոլկլորիզմ, ԳԹ, #25, 2001թ)։ Վերջերս պատահաբար մեկ էլ լսում եմ գրաքննադատ Հասմիկ Հակոբյանի խոսքը Բուն TV-ով՝ «Անկախության շրջանի բանաստեղծությունը»: Հաղորդումը 2013-ին ա արված, բայց  ես չէի լսել, պատահաբար ու նոր նկատեցի, քանի որ ֆեյսբուքի ֆրենդներիցս մեկը ինչ-որ առիթով նոր էր դրել ֆեյսբուքի պատին։ Էս տեսանյութում Հասմիկն ասում ա՝ «Վիոլետ Գրիգորյանը եւ Արմեն Շեկոյանը ստեղծեցին անտիպոեզիա հասկացությունը»։ Հասմիկ ջան, անտիպոեզիա հասկացությունը՝ որպես գրական ուղղության անուն, Վիոլետն ու Արմենը չեն ստեղծել, ես եմ ստեղծել, իմ հոդվածից ա գալիս։ «Անտիպոեզիան» իհարկե Արմեն Շեկոյանի գրքի վերնագիրն էր, բայց հենց էդքանն էլ կմնար՝ գրքի անուն, եթե ես իմ հոդվածը չգրեի եւ չձեւակերպեի դա որպես գրական ուղղություն, վերլուծելով Արմենի ու Վիոլետի գործերը՝ որպես էս ուղղության դրսեւորումներ։ Եթե դու խոսում ես անտիպոեզիա հասկացությունից, բայց անտեղյակ ես դրա նախապատմությանը, դա շատ տխուր ա։ Չեմ ուզում ավելի վատը մտածել՝ որ գուցե տեղյակ ես, բայց չես գիտակցում որ պետք ա նշել անունս։ Ես գրաքննադատ չեմ, բայց մեկուկես տասնամյակ առաջ գրեցի էս հոդվածը, քանի որ տեսնում էի, թե ինչ հետաքրքիր գործընթացներ կան բանաստեղծության մեջ, իսկ դրանց իմաստավորումը ուշանում էր։ Ես տվեցի դրանց իմաստավորումը, ու հիմա դրա վրա ես հենվում՝ անցյալը վերլուծելիս։ Բայց էդ անցյալն էր, երեկը։ Էսօր արդեն նոր զարգացումներ են գնում մեր բանաստեղծության մեջ, ու դարձյալ՝ իմաստավորումը չկա, ուշանում ա։ Իմաստավորողը հենց մեկը դու պետք ա լինեիր, այնինչ դու խոսում ես էսօրվա բանաստեղծության մասին ու ասում ես՝ նոր զարգացումներ չկան։ Տխուր ա շատ։

ԱՆՏԻՊՈԵԶԻԱ, ԿԱՄ ԵՐԲ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՉԻ ՓՆՏՐՈՒՄ ԱԼԻԲԻ
«Գրական թերթ», #10, 2000թ.

Ալիբի փնտրող և չփնտրող բանաստեղծների մասին միտքն ինձ հուշեց Միխայիլ Բախտինը, որն իր «Բառարվեստի գեղագիտության» մեջ գրում է. «Անհնար է ապացուցել սեփական ալիբին կեցության դիպվածում»։ Իսկ Բախտինի այս արտահայտությանը ես հանդիպեցի, որովհետև ուզում էի հոդված գրել և նույնիսկ որոշել էի վերնագիրը` «Խոսքը և իրականությունը»։  Վարդան Ջալոյանն ասեց` «Ռոզենշտոկն արդեն գրել ա, տա՞մ կարդաս»։  Ու տվեց փիլիսոփա Ռոզենշտոկ­-Խյուսիի «Խոսք և իրականություն» գիրքը, որտեղ էլ հանդիպեցի Բախտինից վերոնշյալ մեջբերմանը։

«Խոսել,­ ասում է փիլիսոփան,­ նշանակում է գտնվել իրականության խաչի կենտրոնում»։  Ռոզենշտոկի իրականության խաչն ունի երկու առանցք` ներս-դուրս և հետ-առաջ։ Դրանք կեցության տարածքային և ժամանակային առանցքներն են։ Խոսելով`  մարդը աշխատեցնում է այդ առանցքները։ Ասելով «այստեղ», նա իր ներսի տարածքներից նայում է դուրս` դեպի արտաքին իրականությունը, և արտաքին իրականությունից դեպի ներս` իր ներքին գիտակցությունը։ Ասելով «այժմ», մարդն իրեն տեղադրում է անցյալի և ապագայի արանքում։

Կրկնենք ուրեմն` խոսել, նշանակում է գտնվել իրականության խաչի կենտրոնում։ Իսկ պոեզիան խո՞սք է, թե խոսքի տարատեսակ։ Ըստ Ռոզենշտոկի` վերջինը։ Փիլիսոփայի պատկերացմամբ` պոեզիան խոսքի այն տարատեսակն է, որն իրականության քառաթև խաչի մի թևն է ներկայացնում` դեպի ներս, արտահայտելով մարդու ներքինը, նրա ցանկությունները։

Պոեզիայի մասին այս շատ տարածված, ավելին` գերիշխող տեսակետն է ահա, որ բանաստեղծին մղում է ստեղծելու անտիպոեզիա` իր ներքին տարածքներից շրջվելու դեպի դուրս, դեպի «կեղտոտ» իրականությունը, ընդգրկելու համար իրականության ողջ խաչը` ամբողջությամբ։

Այսքանը` իբրև տեսական նախաբան։ Հիմա անցնեմ անտիպոեզիայի գործնական դրսևորումներին։

Նախ` ի՞նչ կատարվեց հայ բանաստեղծության մեջ վերջին տասնամյակում, այն բանից հետո, երբ պատմությունը կտրուկ շրջադարձ կատարեց և հասարակական կեցության կորը, որի կորությունն այնքան աննշան էր, որ այն զրոյին զուգահեռ քարշ եկող գիծ էր հիշեցնում, հանկարծ թռավ վեր։

Բանաստեղծների մի մասը պարզապես թողեց բանաստեղծությունը և մտավ քաղաքականություն։ Սա ալիբի չփնտրելու ամենակարճ եղանակն էր։ Մյուս մասը, ճիշտ հակառակը, շարունակեց ապավինել «հավերժական ժամանակի մեջ ստեղծվող մաքուր պոեզիային, որն այսրոպեական ժամանակի հետ առնչություն չունի», այլ խոսքով` պնդեց իր ալիբին։ Եթե խորքին նայենք, թե առաջին, թե երկրորդ ուղիով գնացածներին միացնում է պոեզիայի նույն  ըմբռնումը, այն է` պոեզիան ալիբի է, թաքստոց։ Պարզապես առաջինները դուրս են եկել այդ թաքստոցից, երկրորդները ավելի են խորացել նրանում։

Հետաքրքիր է, որ 20­-րդ դարավերջի հայ հեղափոխությունը, ի տարբերություն շատ այլ հեղափոխությունների, չստեղծեց իր հեղափոխական պոեզիան։ Երևի պատճառներից մեկն էլ դարասկզբի հեղափոխականների հակաօրինակն էր, հակաօրինակ, որովհետև դեռ երեկ պարտադրվում էր դասագրքերով, ուրեմն և` վանող էր։ Փոխարենը ծնվեցին Արմեն Շեկոյանի «Անտիպոեզիան» և Վիոլետ Գրիգորյանի «Քաղաքը»։

Մնացած առումներով իրարից շատ հեռու այս երկու գրքերին միացնողը այն է, որ երկուսի մասին էլ ասում են` «Սա պոեզիա չի»։ Շեկոյանի «Անտիպոեզիան» առավել գրկաբաց ընդունվեց մերձգրական և, այսպես ասենք, արտագրական շրջանակներում` լրագրողական և քաղաքական։ Բուն գրական շրջանակներում տիրապետող վերաբերմունքը տարուբերվում է տարակուսանքի և թշնամանքի միջև։ Ինչ վերաբերում է Վիոլետի «Քաղաքին», ապա Ռազմիկ Դավոյանը այս գրքի` պոեզիայի ժանրում պետական երկրորդ մրցանակին արժանանալը բացատրեց այսպես` «Քաղաքը» ժողովածուն ... ավելի շատ, իմ կարծիքով, քաղաքի համայնապատկեր է» (Առավոտ, 11 դեկտ. 99թ.)։

Հետաքրքիրն ու ոչ պատահականը այն է, որ «ոչ պոեզիա» ստեղծելու այս հանգրվանին, միանգամայն տարբեր ճանապարհներով, եկել-հասել են իրարից այնքան տարբեր երկու բանաստեղծ։

Արմեն Շեկոյանը հայ գրականություն էր մտել ամենևին ոչ իբրև հեղափոխիչ, ճիշտ հակառակը, նրա պոեզիան «դասականության» ընդգծված նշաններ ուներ։ Այնինչ իր վերջին գիրքը ակնհայտ ծրագրային է, և այդ ծրագիրը ձևակերպված է վերնագրում և իրագործված հստակորեն։ Ինչպե՞ս։

Օգտագործված հիմնական միջոցը արվեստում վաղուց հայտնի մի երևույթ է, որ կոչվում է իջեցում. երկնայինը իջեցվում է հողեղենին, հավերժականը` առօրեականին, վեհը` ծիծաղելիին, Դոն Կիխոտի կողքին դրվում է Սանչո Պանսան, իսկ Դուլսինեան փոխվում է գեղջկուհու։

Բերեմ երկու օրինակ։ Առաջին բանաստեղծությունը կոչվում է «Երկու մադրիգալ».

1.
Ծառերի պես աճում ենք, բայց
էլ չենք կանաչում։
Հին սիրածիս հազիվհազ եմ
արդեն ճանաչում։

Հանդիպել եմ նրան հիմի
քրջի բազարում.
ո՜նց է փոխվել իմ երբեմնի
հավքը հազարան։

2.
Իմ սիրելին դարձել է մի
ճարպագունդ մսեղ։
Նվիրեցի նրան հին մի
վերմակի ասեղ,
քանզի ոչուփուչ իմ հոգում
ծաղկեփունջ չկար...
Ո՞ւր ես, լուսե՜, ո՞ւր ես, օ՜ քուր,
ալբոմիս նկար...

Այստեղ իջեցման թիրախ են գալանտ պոեզիան` մի կողմից, ինքը` բանաստեղծը` մյուս կողմից, և երկուսն էլ իջեցված-բերված են դեպի այսօրվա իրականության խիստ որոշակի մի մանրամասն` Քրջի բազարը։

Երկրորդ բանաստեղծությունը կոչվում է «Օրակարգի հարց».

Էս օրերի օրակարգում
հարցերն էին անհոգի։ 

Ընկել ու էլ ինձ չեմ հարգում,
թեպետ ունեմ մեծ հոգի։

Ընկել ու էլ Քեզ չեմ հուզում...
Գցել ու չես բարձրացրել...
Ո՜վ անհայտ Մին, խի՞ չես ուզում
կյանքս մի քիչ քաղցրացնել։

Ուշադրություն դարձնենք, որ այստեղ նույնպես իջեցման սլաքը երկթև է, ու եթե մի թևը գնում­-հասնում է Թումանյանի քառյակներին, ապա մյուսն ուղղված է իր` բանաստեղծի կողմը։ Սա էական հանգամանք է, որ բանաստեղծություններին տալիս է ներքին լարվածություն, չի թողնում, որ դրանք վերածվեն պամֆլետի։

Եվ վերջապես նկատենք, որ «Անտիպոեզիա»-ում իջեցված է նաև լեզուն։ Այն թողնված է հնարավորին չափ «հում» ու չզտված, բանավոր խոսքին հնարավորինս մոտ։

Եվ այսպես` անտիոեզիա. ծրագիր և իրագործում։ Ի՞նչ ունենք արդյունքում։ Արդյունքում ունենք խոսք, որ կենդանի է։ Իսկ կենդանի խոսքը մեզ չի թաքցնում իրականությունից, այլ հակառակը` բացում է դեպի այդ իրականությունը` վկայելով այն։

Անտիպոեզիայի «անտի»-ն ուղղված է պոեզիայի ինքնավարության դեմ, որովհետև ինքնավարության երազանքը կեցության դիպվածում ալիբի ունենալու երազանքն է, կամ եթե Վիոլետ Գրիգորյանի օգնությանը դիմելով ասենք` «իրականության ականապատված հարթակներին ոտքը չդնելու» երազանքը։

Ալիբի չփնտրելու մյուս ցայտուն դրսևորումն, ինչպես ասացի, Վիոլետ Գրիգորյանի «Քաղաքն» է։ Քաղաքը Երևանն է։ Այն Երևանը, որում մենք ապրում ենք։ Միայն թե` ստեղծագործության մեջ այն դուրս է բերված սովորական ժամանակից և դրված է միֆական ժամանակի մեջ։

Պոմպեուհու կերպարը, որ մարմնավորում է երկրաշարժը, մի կողմից միֆականացնում է մեր այսօրը, մյուս կողմից տանում­-միացնում է այն պատմական հեռու ժամանակներին` գծելով իրականության խաչի ժամանակային առանցքը։

Խաչի մյուս` ներս­-դուրս առանցքը գծված է, մի կողմից`  այսօրվա իրականության կոնկրետ ատրիբուտիկայի գերմանրամասն ու գերտպավորիչ թվարկմամբ, մյուս կողմից` բանաստեղծական ես-ի ծայրահեղ ընդգծմամբ։

Իրականության խաչն, այսպիսով, ամբողջովին  «բռնված է» և ամբողջովին էլ տեղափոխված միֆի մեջ։ Ընդ որում հակադիր և անհամատեղելի թվացող եզրեր միացնելով` բանաստեղծությունը ձեռք է բերել հսկայական պայթուցիկ լիցք։

Հիշենք, որ միֆը օտարման ձև է. միֆականացնել իրականությունը, նշանակում է օտարել-հեռացնել այն։ Իսկ «Քաղաքում» ոչ միայն իրականությունն է միֆականացված, այլև բանաստեղծն է օտարված` վերածված պերսոնաժի.

«Ախչի Վիոլետ, չըլնեմ չիմանամ` ոտքդ հողին դիպցնես, հողը ոտքդ կկրծի, չըլնեմ չիմանամ` սիրտդ մարդու վստահես, մարդը սիրտդ կկրծի....»։

Սակայն զարմանալի բան` ինչպես որ օտարվելով` իրականությունն է ավելի ճանաչելի դարձել, այնպես էլ պերսոնաժի վերածվելով` բանաստեղծի ես­ն է էլ ավելի ընդգծվել։ Այստեղ է ահա այս գործի գաղտնիքը, նրա ներքին լարվածության աղբյուրը։

Ես առանձնացրի Արմեն Շեկոյանի «Անտիպոեզիան» և Վիոլետ Գրիգորյանի «Քաղաքը», որպես երկու ամենացայտուն դրեսևորումները ներկայիս հայ բանաստեղծության գլխավոր ուղղության, որն է` անտիպոեզիա։

Ընդհանրապես հակապոեզիան բանաստեղծության պատմությանը լավ հայտնի երևույթ է, քանի որ այդ պատմությունը միշտ առաջ է գնացել ինքն իրեն ժխտելով­-հաղթահարելով­-վերածնելով։  Ընդ որում հակապոեզիան սովորաբար առաջ է մղվում պատմության շրջադարձային պահերին, երբ կեցությունը հերթական անգամ կորցնում է իր իմաստը և ներկայանում իբրև դիպված։ Նման պահերին իրականության մեկ թևին փարված մնացող պոեզիան դադարում է կենդանի խոսք լինելուց և դառնում է մեռյալ։ Նորից կենդանանալու համար այն պետք է ծնվի իբրև հակապոեզիա, պետք է ձգտի ընդգրկել իրականության խաչի չորս թևերը միաժամանակ, պետք է շրջվի դեպի դուրս` դեպի «կեղտոտ» իրականությունը, դեպի դիպվածը, պետք է փորձի պոեզիայից վերաճել խոսքի` իմաստ տալու համար դիպվածին և փրկելու համար խելագարությունից։

Որովհետև, ինչպես ասում է փիլիսոփան, անխոս իրականությունը տանում է դեպի խելագարություն։


տես նաեւ՝  ԱՆՏԻՊՈԵԶԻԱ // 12 ՏԱՐԻ ԱՆՑ