ՀԻՄԱ


88-Ը ԿԱՄ ՉՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱՂԹԱՆԱԿ

Էս նյութը գրել եմ անցած տարի։ Նորից եմ դնում, քանի որ ակտուալությունը չի կորցրել, ցավոք։

Ֆեյսբուքից իմացա, որ Հարություն Մարությանը Ամերիկյան համալսարանում դասախոսություն ա կարդալու Ղարաբաղյան շարժման մասին։ Շատ էի ուզում ներկա լինել, բայց առողջական խնդիրներս վերջին պահին կանգնեցին առաջս ու անհնարին դարձրին գնալս։ Ուրախացա որ տեսագրություն կար։ Իրիկունը նստեցի նայեցի ամբողջ երկու ժամը ու մի տեսակ տխրություն իջավ վրաս։ Դահլիճն էնքան էլ լիքը չէր, բայց դա՞ էր արդյոք տխրությանս միակ պատճառը։ Երեւի չէ։ Մի տեսակ կիսատ բան կար, պակասող բան։

Ու խնդիրն էն չի, որ Ամերիկյան համալսարանի դահլիճը կիսադատարկ էր, խնդիրն էն որ դահլիճը մի տեսակ վախենում էր ոգեւորվել։ Իսկ ավելի մեծ խնդիրն էն ա, որ դահլիճը, էդ իմաստով, Հայաստանի էսօրվա հոգեվիճակն էր երեւի թե ներկայացնում։ Իսկ Մարությանն ասում էր, որ 88-ը հայկական հեղափոխություն էր, ու որ էդ հեղափոխությունը մի կողմից էական դեր խաղաց Սովետական Միության, նաեւ ամբողջ սոցիալիստական բլոկի ապամոնտաժման մեջ՝ որպես սովետական հանրապետությունների դեմոկրատական շարժումների եւ նաեւ արևելաեվրոպական 1989 թ. հեղափոխությունների շարքի առաջնեկ, մյուս կողմից՝ մնաց որպես չճանաչված եւ չգնահատված հեղափոխություն։


Էսօրվա պես հիշում եմ՝ պատմական 88-ի փետրվարից ընդամենը մի քանի ամիս առաջ էր, բանաստեղծություններս «Գարունում» տպագրվում էին, գնացել էի շարվածքը սրբագրելու։ «Պիոների» խմբագրությունում, որը հենց նույն «Գարունի» շենքում ա գտնվում, բանավեճի բռնվեցի «մեր ժողովուրդը համակերպվող ա» հավերժական թեմայով։ Պերեստրոյկան սկսվել էր, ռուսական մամուլը լիքն էր թարմ ու անսպասելի հրապարակումներով, իսկ Հայաստանը, ըստ իմ զրուցակիցների, իբր թե արջի ականջում քնած էր, քանի որ «մեր ազգը կռիվ տվող չի, մեր ազգը համակերպվող ա»։ Ընդ որում կռիվ տալ ասելով զրուցակիցներս բնավ փողոց դուրս գալը նկատի չունեին, նման նախադեպ էն ժամանակ Սովետական Միությունում չկար, այլ նկատի ունեին սովետի տարիներին ցենզուրայի պատճառով «դարակներում մնացող» վեպ գրելն ու պերեստրոյակայի տարիներին դրա մասին մամուլում համարձակ հոդված տպելը։ Ես իմ զրուցակիցներին համոզել չկարողացա, բայց մեր զրույցից ընդամենը ամիսներ անց հայ ժողովուրդը զանգվածաբար դուրս եկավ փողոց ու էլ տուն չգնաց, տարիներ շարունակ տարբեր ձեւերով կռիվ տվեց, մինչեւ որ հաղթեց։



Նշածս «տարբեր ձեւերը» ներառում էին թե՛ ցույցեր ու երթեր, թե՛ նստացույցեր ու հացադուլներ, թե՛ գործադուլներ, թե՛, ամենավերջում, նաեւ կռիվ տալը բառիս ամենաբուն իմաստով՝ զենքը ձեռքին։ Եվ նշածս բոլորը, անխտիր բոլորը, աննախադեպ էին, առաջին անգամն էին սովետական տարածքում, իսկ մի մասը նաեւ՝ ամբողջ սոցիալիստական ճամբարում։ Հաղթանակը, որ ձեռք բերվեց էդ աննախադեպ ձեւեր ընդունած պայքարի արդյունքում, հիմնական երկու բաղադրիչ ուներ՝ Ղարաբաղը եւ ինքնություն / անկախությունը։ Էսօրվա մեր անոգեւորված վիճակը կարծում եմ առաջին հերթին պայմանավորված ա նրանով, որ մենք էս երկու ձեռքբերումն էլ կասկածի տակ ենք դնում, մեզանից շատերին թվում ա՝ մենք դրանք, առնվազն երկրորդը, կորցնելու ճանապարհին ենք, կամ արդեն կորցրել ենք։Կա նաեւ կարծիք, թե իրականում մենք չենք էլ անկախացել, այլ «անկախությունը մեր գլխին նվերի պես ընկել ա»՝ Սովետական Միության քանդվելով։ Էս լուրջ հարց ա ու արժի էս հարցին ավելի մանրամասն անդրադառնալ։

88-ի սկզբին Ղարաբաղյան շարժումը Սովետական Միությունից Հայաստանը անջատելու խնդիր իսկապես չէր դնում, նրանք, ովքեր նման խնդիր դնում էին, հիմնականում՝ Հայրիկյանն ու Ազգային ինքնորոշման մյուս անդամները, շատ քիչ կողմնակիցներ ունեին։ Բայց ինչքան շարժումը թափ առավ, էնքան Հայաստանը փաստացի սկսեց իրան դրսեւորել որպես ավելի ու ավելի անկախ երկիր։ Ոնց որ Մարությանն ա նշում, 88-89-90-ի Հայաստանում, չնայած դե յուրե առաջվա պես նույն՝ սովետական-կոմունիստական իշխանությունն էր, բայց իրական՝ դե ֆակտո իշխանությունը պատկանում էր Օպերայի հրապարակին եւ Ղարաբաղ կոմիտեին։ Մարությանը, ցույցերի, երթերի, նստացույցերի ժամանակ պարզվող կարգախոսների վերլուծությամբ հստակ ցույց ա տալիս նաեւ, թե ոնց Ղարաբաղյան շարժման ընթացքում փոխվում էր հայաստանցու ինքնությունը՝ խնդրողից, խնդրագրեր ուղարկողից հայաստանցին վերածվում էր որոշումներ ընդունողի եւ իրագործողի, սեփական ճակատագիրը սեփական ձեռքը վերցնողի։ Ասեմ որ էս էդ խնդրագրերը տեսել եմ, դրանք հիմա էլ գրապահարանիս խորքերում թղթապանակի մեջ մի տեղ պահված կան՝ Մոսկվային ուղղված, մեծ մասամբ ռուսերեն, խնամքով մեքենագրված ու ձեռքից ձեռք անցած։ Դրանք լրիվ ուրիշ՝ անցյալ դարձած դարաշրջանի վկաներն են, եւ դրանց դարաշրջանը Հայաստանում անցյալի գիրկն անցավ ոչ թե Գեկաչեպեից հետո Սովետական Միության փլուզումով, այլ դրանից շատ առաջ, ներհայաստանյան գործընթացի՝ Ղարաբաղյան շարժման արդյունքում։ Սկզբում տիրապետողն իսկապես խնդրանքներն ու խնդրագրերն էին՝ ուղղված Մոսկվային։ Պատասխանը եղավ «մի խումբ ծայրահեղականների» մասին զայրացնող ձեւակերպումը։ Եվ զայրացած հայաստանցիները Ազատության հրապարակից սկսեցին արդեն ոչ թե խնդրանքներ ուղղել Մոսկվա, այլ պահանջներ։ Պատասխանը դարձյալ նույնն էր։ Ի վերջո շատ արագ հասունացավ գիտակցումը, որ ոչ խնդրանք ա պետք ուղղել ոչ պահանջագիր, այլ պետք ա գործել, եւ դա՝ ինքնուրույն գործելու, խնդիրները սեփական ուժերով լուծելու վճռականությունը, հենց անկախության հիմքն էր ու հիմնաքարը, եւ դա գործնականում իրագործվեց՝ ի վերջո Ղարաբաղը ազատագրվեց հենց էդ ձեւով։ Պնդել, թե անկախությունը Հայաստանի գլխին ընկավ որպես ճակատագրի նվեր, նշանակում ա չիմանալ կամ չհասկանալ Ղարաբաղյան շարժումը, որովհետեւ անկախացումը հենց սեփական որոշումներ ընդունելու կարողություն ձեռք բերելն ա, իսկ հայաստանցին Ղարաբաղյան շարժման ընթացքում եւ շնորհիվ հասավ հենց դրան։ Դե յուրե անկախացումը տեղի ունեցած փաստացի անկախացման դե յուրե ձեւակերպումն էր ընդամենը, որ գալու էր վաղ թե ուշ, եւ եկավ՝ 1991-ին։



Իսկ ի՞նչ եղավ հետո եւ ինչո՞ւ կորավ ոգեւորությունը՝ մեր ձեռք բերածով։ Պատասխանը մի կողմից շատ պարզ ա ու ակնհայտ, մյուս կողմից՝ հեչ էլ պարզ չի։ Ոգեւորությունը կորավ, որովհետեւ բոլոր հաղթանակները սկզբում էին եւ սկզբում էլ մնացին, դրանց նորերը չհաջորդեցին։ Սա պատասխանի պարզ մասն ա։ Իսկ բարդ մասը էն ա, թե՝ ո՞նց պետք ա լիներ, որ սենց չլիներ։ Մի կողմից թվում ա՝ մենք մեր սխալները լավ էլ հասկանում ենք ու ոտքի ենք կանգնում որ դրանք ուղղենք։ Բայց արդյունք չի գրանցվում՝ արդեն ինչքան ժամանակ։ 88-ի ձեւը անընդհատ կրկնվում ա, բայց դրա ամենակարեւոր մասը՝ հաղթական հանգուցալուծումը, չէ, դեռ ոչ մի անգամ չի կրկնվել։

Դաժան զգացողություն ա, երբ բոլոր հաղթանակներդ մնացել են ամենասկզբում։