ՀԻՄԱ


ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁՅԱՆ ՀԱՄԱՐ փառատոն


Էս ձմռանը, ձյունոտ մի օր, երեկոյան, հավաքվելու ենք Չարենցի արձանի մոտ և բանաստեղծություն ենք կարդալու՝ ես, Թագուհի Թորոսյանը, Ավետիք Մեջլումյանը։ Կարդալու ենք մեր բանաստեղծություններից, ու նաև՝ Կավաֆիս։

Էս փառատոնը խորվաթներն են հիմնադրել, մի քանի տարի առաջ։ Անունը դրել են՝ 50 POEMS FOR SNOW, այսինքն թե՝ «50 բանաստեղծություն ձյան համար»։ Էս 50 թիվը պայմանական ա, դրա համար էլ ես գերադասեցի անվանել պարզապես «Բանաստեղծություններ ձյան համար»։ Փառատոնը միջազգային ա, արդեն տեղի ա ունեցել, Խորվաթիայից բացի, նաև Կոսովոյում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Բուլղարիայում, և դեռ ընդլայնվելու հակում ունի։

Փառատոնի մասին կարող եք կարդալ ստեղ՝ 
50 POEMS FOR SNOW ։ Դրա նկարագրության մեջ ասվում ա՝ 50 POEMS FOR SNOW is a no-budget international poetry festival taking place once a year on the first night after (serious) snowfall, այսինքն թե՝ «50 ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՁՅԱՆ ՀԱՄԱՐ փառատոնը պոեզիայի անբյուջե միջազգային փառատոն ա, որ տեղի ա ունենում ամեն տարի՝ առաջին ( լուրջ) ձյանը հետևող երեկոյան»։ Հիշում եք երևի, որ էս տարի նոյեմբերին Երևանում ձյուն եկավ, բայց ես որոշեցի էդ երեկոյան չանել ընթերցումը, ոչ էնքան էն պատճառով, որ էդ ձյունը «լուրջ» չհամարեցի, որքան էն պատճառով, որ իմ համար շատ կարևոր են ընթերցումին նախորդող ու հաջորդող քննարկումները։

Փառատոնի նկարագրության մեջ նաև ասվում ա՝ Three poets perform three poems of their own (poems do not have to be about snow) adding one more by a classic author to whom the festival is dedicated that year. The upcoming festival (winter 2016/2017) is dedicated to Constantine Cavafy. «Երեք բանաստեղծ կարդում են երեք իրենց գրած բանաստեղծություն (դրանք պարտադիր չի ձյան հետ կապ ունենան), ու նաև մեկ գործ այն դասական բանաստեղծից, որին այդ տարի նվիրվում է փառատոնը։ 2016/2017-ի ձմռան փառատոնը նվիրվում է Կոնստանտինոս Կավաֆիսին»։ Կավաֆիսը իմ սիրած բանաստեղծներից ա ու էս փառատոնը շատ լավ առիթ էր Հայաստանում նրա մասին խոսակցություն սկսելու համար։

Ես Կավաֆիսից կատարեցի մի քանի թարգմանություն, ու նաև գրեցի մի քանի խոհեր նրա մասին։ Դրանք կարող եք կարդալ ստեղ՝
ԿԱՎԱՖԻՍ / բանաստեղծություններ
ԿԱՎԱՖԻՍԻ ՄԱՍԻՆ
ԿԱՎԱՖԻՍԻ ՄԱՍԻՆ / 2 
ԿԱՎԱՖԻՍՆ ՈՒ «ՄԵՂՔԸ»
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ Ա ԾՆՎՈՒՄ

Ոնց որ արդեն հասկացաք երևի, Կավաֆիսի մասին խոսակցությունը չի վերաբերում միայն իրան, այլ պոեզիային՝ ընդհանրապես։ Դրա համար էլ առաջիկա մի օր, երբ որ ձյուն գա, մենք երեկոյան կհավաքվենք Չարենցի արձանի մոտ, բանաստեղծություն կկարդանք, բանաստեղծություն կլսենք, հետո կգնանք մոտակա սրճարաններից մեկը և կշարունակենք զրույցը պոեզիայի, ու ոչ միայն պոեզիայի մասին։  


Տեղը՝ Չարենցի արձանի մոտ, ընտրեցի թե էն պատճառով, որ Չարենցի թեկուզ սիմվոլիկ ներկայությունը կօգնի բանաստեղծության մասին խոսակցությանը, թե էն պատճառով, որ հարմար ա ձմեռային երեկոյան բանաստեղծություն կարդալու համար՝ հարթակ կա թե կարդացողների, թե ունկնդիրների համար, անգամ եթե դրանք շատ լինեն։

Նախօրոք շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կգան ու կմասնակցեն փառատոնին, ու նաև հետաքրքիր առաջարկություններ կանեն՝ հաջորդ տարի այն շարունակելու համար։
 
Հ․Գ․ Չարենցի արձանի տեղը իհարկե գիտեք՝ Օղակաձև զբոսայգում, Ռադիոտան և Շախմատի տան մոտ։ 

Տես նաև՝  ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁՅԱՆ ՀԱՄԱՐ փառատոնը Երևանում




















"https://www.youtube.com/embed/muvF3QZvqlw" frameborder="0" allowfullscreen>