ՀԻՄԱ


ԱՄԱՆՈՐԻ ՄԱՂԹԱՆՔ


Ես Սովետական Միությունը չէի սիրում, որովհետեւ Սովետական Միությունը ստիպում էր ինձ ստել դպրոցում ու համալսարանում։ Ես Սովետական Միությունը չէի սիրում, որովհետեւ գիտեի, որ կառուցված ա Հայաստանի առաջին Հանրապետության կործանումի վրա։ Բայց ես չէի պատկերացնում, որ Սովետական Միությունը կարող ա փուլ գա։ Իմ աչքերի առաջ՝ փուլ եկավ։ Նոր տարում մաղթում եմ, որ նույնքան անհնար թվացող մի բան կատարվի, էն տեսակ մի բան, որից հետո շուրջբոլորը ամեն ինչ կփոխվի։



Ես էս տարի, լրիվ անակնկալ, հանկարծ հայտնաբերեցի, որ հայաստանցիների մի մեծ մասը 88-ը չի հիշում։ Սկզբում նկատեցի, որ 88-ի մասին համարյա բան չգիտեն էդ տարիներին կամ հետո ծնվածները։ Լավ, զարմացած հարցրի ինքս ինձ, դասագրքերում 88-ի մասին կարգին գրված չի, բայց  երեխաները հենց մենակ իրանց ծնողների պատմածով կարող էին, չէ՞, իմանալ, ուրեմն ծնողները կարգին չեն պատմում։ Ինչո՞ւ։ Մոռացե՞լ են։ Հնարավո՞ր բան ա մարդը էդ տեսակ բանը տեսնի ու մոռանա։ Ի վերջո հասկացա որ՝ հնարավոր ա։ Հնարավոր ա, եթե մարդկանց հոգեվիճակն ու մթնոլորտը էն տեսակ փոխվի, որ սեփական աչքերով տեսածը թվա անհնար կամ սուտ։ Ի դեպ, 88-ից առաջ էլ էր Հայաստանում էն տեսակ մթնոլորտ, որ եթե մեկին ասեիր՝ մարդիկ շուտով դուրս են գալու փողոց եւ ամիսներով տուն չեն գնալու, հետո ինքնուրույն ջոկատներ են կազմելու, գնալու են կռվեն զոհվեն, քեզ կասեին՝ դու գիժ ես։ Որովհետեւ Սովետական Միության վերջին՝ բրեժնեւյան տարիներին սրճարաններում եւ ճաշասենյակներում համատարած ծաղրվում էին ոչ միայն հեռուստացույցից դեռ իներցիայով պրոպագանդվող կոմունիստական գաղափարը, այլեւ գաղափարներն ու գաղափարին հավատացող մարդիկ՝ ընդհանրապես։ Բայց 88-ը տեղի՛ ունեցավ։ Հետադարձ հայացքով մենք գիտենք, որ Սովետական Միությունը փուլ էր գալու շուտով, բայց էն ժամանակ ոչ ոքի մտքով դա չէր անցնում։ Քաղբանտարկյալ ասած երեւույթն էլ դեռ ոչ ոք չէր վերացրել՝ բանտերը լիքն էին։ Ուրեմն ռիսկ էր փողոց դուրս գալը, գործադուլ անելը, բայց մարդիկ էդ ռիսկին գնացին, ու գնացին ոչ թե պարզապես տասնյակներով կամ հարյուրներով, այլ հազար հազարներով՝ ծնելով ամենազանգվածային շարժումը ամբողջ սոցիալիստական ճամբարում։ Ուրեմն հայաստանցիների քաղքենիությունն ու ցինիզմը վերեւի՝ երեւացող շերտն էին, իսկ տակը ուրիշ բան կար։ Տակը կար ռիսկի գնալու եւ եղածը փոխելու ձգտում։ Հենց էդ ձգտումն էր, որ 88-ին ժայթքեց եւ Հայաստանի Հանրապետությունը հենց էդ ժայթքումից ա ծնվել՝ ժողովրդական շարժումից։ Դրա համար էլ հիմքը ամուր ա ու չի երերում՝ հակառակ գլխին եկած բոլոր փորձանքներին, մասնավորապես՝ էսօրվա իշխանությունների տեսքով։

2008-ը 88-ի յուրովի կրկնությունն էր՝ արդեն նոր պայմաններում։ Շատ բան տարբեր էր իհարկե, բայց ամենագլխավորը նույնն էր՝ մարդիկ հազար հազարներով ոտքի կանգնեցին եւ ռիսկի գնացին՝ վտանգի տակ դնելով իրանց կարիերան, իրանց աշխատանքը։ Որովհետեւ փոփոխությունների ռեալ հեռանկար տեսան։ 2008-ի շարժումը պարտվեց, փոփոխությունների հեռանկարը հեռացավ, եւ շարժմանը մասնակցած հայաստանցիների մի մեծ մասը «հետ փոխվեց»՝ անճանաչելի ա դարձել հիմա։ Բայց 2008-ի շարժումը պտուղներ տվել ա։ Պտուղը էն քիչ մարդիկ են, որ վերցրել են փորձը, պահել են հույսը եւ շարունակում են պայքարել  փոփոխությունների համար՝ էսօրվա ոչ էնքան նպաստավոր պայմաններում։ Ու եթե էդ մարդիկ կան, ու եթե հայաստանցիների՝ հույսը վերագտնելու դեպքում անմիջապես ոտքի կանգնելու ապացուցված հատկությունը կա, ուրեմն մնում ա նպաստավոր պայմանները գան։ Իսկ դրանք ի վերջո միշտ, վաղ թե ուշ, գալիս են։ Մաղթենք, որ գան ոչ թե ուշ այլ վաղ՝ հենց եկող տարում։

Էս տեքստը նախ հրապարակվել ա ԹԵՐԹ․am-ի իմ սյունակում՝  ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔ