ՀԻՄԱ


1915-Ի ԳԼԽԱՎՈՐ ԴԱՍԸ

1915։ Անցած տարի հարյուրամյակն էր։ Մեկ դարը քիչ չի՝ եղածը հաղթահարելու համար։ Ու էդ իմաստով, էս տարին ավելի կարեւոր ա քան անցած տարին, էս տարվա ապրիլի 24-ին կերեւա ՝ մենք Եղեռնը հաղթահարել ենք թե չէ։

Հաղթահարելու ճանապարհը մոռանալը չի, այլ ճիշտ հիշելը։ Թե ինչու եղավ էն, ինչը որ եղավ։ Գլխավոր պատճառը։ Թուրքերի բարբարոսությունը չէր գլխավոր պատճառը։ Ոչ էլ մեր թուլությունն էր՝ «էնքան թույլ էինք մեզ կոտորեցին»։ Եթե մենք էնքան թույլ լինեինք, որ թուրքերի համար վտանգ չներկայացնեինք, մեզ վերացնելու կարիքը չէր զգացվի։ Հայերս ուժ էինք Օսմանյան կայսրությունում։ Թուրքերը տեսան մեր ուժը եւ էդ ուժի վեկտորը իրանց դեմ էր ուղղված։ Կապ չունի՝ մեր կուսակցությունները Արեւմտյան Հայաստանում պետություն ստեղծելու ծրագիր ունեին թե չէ, եթե էդ ժամանակ անգամ չունեին, վաղը կունենային՝ ուժը կար։  Թուրքերը տեսան մեր ուժը եւ հիմքից վերացրին, նախքան մենք կհասցնեինք էդ ուժը կազմակերպել։ Էդ էր գլխավոր պատճառը՝ էն, որ մենք մեր ուժին տեր կանգնել չկարողացանք։ Ու կորցրինք Արեւմտյան Հայաստանը։

Էդ ամեն ինչը մեկ դար առաջ էր։ Եղեռնին հաջորդեցին Առաջին հանրապետության երկու տարիները, հետո Սովետական Միության տասնամյակները։ Առաջին հանրապետությունը փաստորեն դեռ կարգին չծնված մահացավ, իսկ սովետական տարիները, պետականության առումով, ընդմիջման տարիներ էին, ու նաեւ՝  էներգիա հավաքելու տարիներ։ 1988-ին էդ էներգիան պայթեց։ Եվ Սովետական Միության ավերակների վրա 1991թ․ ստեղծվեց  Հայաստանի ներկա Հանրապետությունը։ Հայաստան նոր պետության ստեղծման հենց առաջին տարիները պատերազմի տարիներ էին, եւ էդ պատերազմում մենք հաղթեցինք։ Հետո ինչ-որ բան սխալ գնաց։ Հաղթանակը մոռացվեց։ 

Մեր հաղթանակը մոռանալը վտանգավոր ա։ Վտանգավոր ա երկու առումով։ Նախ, եթե հաղթանակդ մոռանում ես, երկրումդ տիրող մթնոլորտը, ինքնավստահության ու լավատեսության փոխարեն, լցվում ա նեգատիվիզմով ու հոռետեսությամբ, ինչին բոլորս ենք ականատես։ Բայց մի ավելի մեծ վտանգ էլ կա։ Եթե մենք մոռանանք մեր սեփական հաղթանակը, էդ չի նշանակի մեր հակառակորդն էլ ա դա մոռանալու։ Չէ, հիշելու ա։ Պարտությունն ու կորուստը անհնար ա մոռանալ։ Մեր հակառակորդը հիշելու ա կորուստը եւ փորձելու ա հետ բերել։ Ուրեմն հաղթանակին պետք ա տեր կանգնել։ 

Հաղթանակին տեր կանգնել՝ նշանակում ա որպես պետություն համարժեք լինել էն հայտին, որ ներկայացրել ես։ Ադրբեջանի դեմ տարած մեր հաղթանակը էս տարածաշրջանի ուժեղ պետությունը լինելու հայտ էր։ Մանկամտություն կլիներ մոռանալ դրա մասին։ Եթե մենք մոռանանք էլ, մեր կողքինները հիշում են։ Ուրեմն պետք ա տեր կանգնենք մեր հայտին եւ առաջին քայլը արած լինելով, անենք նաեւ երկրորդը՝ կառուցենք էդ ուժեղ պետությունը։ Ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակը աղետն ա։



Տեքստը նախ հրապարակվել է Մարինե Պետրոսյանի սյունակում՝ 

1915-Ի ԳԼԽԱՎՈՐ ԴԱՍԸ