Photos


against a background of Van city ruins

















Turkish parallels

(This is a fragment from the essay I wrote after my travel to Turkey in 2004. All personal names have been changed)

Անկարայից Վան թռանք ինքնաթիռով, ու ես Վանում հայտնվեցի միանգամից։ Որ Վանում հիմա քրդեր են ապրում՝ գիտեի։ Որ հին քաղաքը չկա՝ գիտեի։ Բայց երբ որ տեսա՝ պարզվեց ոչ մի բան էլ չգիտեի, որովհետեւ քրդերի Ներկայությունն ու հին քաղաքի Բացակայությունը մի բան էր, որ նախօրոք անհնար էր պատկերացնել։

Լիճը երեւաց դեռ ինքնաթիռից, ահագին ժամանակ թռչում էինք ջրի վրայով ու իջանք հենց ափին. լիճը մեծ էր ու նման էր ծովի: Նոր քաղաքը լճից ահագին հեռու են սարքել, նոր քաղաքում լիճը չես տեսնում, փոխարենը հանկարծ կողքիդ են հայտնվում եւ ուշադիր քեզ են նայում սարերը, ուզում ես անընդհատ կողքիդ մնան ու քեզ նայեն, բայց շենքերը խանգարում են:


Քրդերը քաղցրախոս են: Նույնիսկ երբ որ անգլերեն են խոսում, բառերը թաթախում են շարբաթի մեջ: Շարբաթն էնքան շատ ա, կաթում ա վրադ ու զգուշացնում, որ թատրոն ա, ուղղակի չհասկանաս: «Որտեղի՞ց եք»` հարցնում ա:  «Հայաստանից»: «ՙԲարո՜վ, բարո՜վ էկաք, էս ձեր տունն ա, ձեր տունն եք էկել, ձեզ ամենալավ սենյակս տամ` թագավորական համար ա»: Թագավորական համարը սովետական հանրակացարանների սենյակներն ա հիշացնում, մենակ ավելի փոքր ա:  «Էս լավը չի, ավելի լավը չունե՞ք»:  «Ունեմ` մենակ հատուկ հյուրերի համար եմ պահում, հայերիդ  որ չտամ`  ո՞ւմ պետք ա տամ»: Հատուկ հյուրերի համար պահված սենյակը ճիշտ նախորդ սենյակից ա, բայց կեղտոտ ...


Վանում խելքը գլխին հյուրանոց գտնելը դժվար գործ էր, մինչեւ գտանք` օրը կիսվեց, բերդ գնալիս` արդեն իրիկուն էր դառնում, բերդ որ բարձրացանք` մայր մտնող արեւի տակ առարկաները անբացատրելի գույն ունեին: «Քանի մութը չի ընկել, արի գնանք հին քաղաքի ավերակները տեսնեն»,  ասեցի Վիգենին, ինքը նախորդ տարի Վանում արդեն եղել էր, ասեց` «Ո՞ւր գնանք, ցած նայի` տես»:


Ես ցած նայել էի, բայց չէի հասկացել որ տեսնում եմ, որովհետեւ ցածում էնքան էլ ավերակներ չէին. աջում կապույտ լիճն էր, ձախում, բերդի ուղիղ ոտքերի տակ, քաղաքի բացակայությունն էր` կանա՜չ խոտհարք:
 

«Ես առաջ չգիտեի ուրիշ հայեր էլ կան, կարծում էի` դե մեր մոտի հայերն են», հիշեցի Լաթիֆեի խոսքերն ու հանկարծ պատկերացրի Հայաստանի բացակայությունը` Վանից մինչեւ Սեւան` կանա՜չ խոտհարք, Սեւանից էն կողմ` երեւի Վրաստան...  Բայց Հայաստանը կար, եթե լավ հեռադիտակ ունենայի, Երեւանը Վանի բերդից երեւալու էր ...

(You can find all of the essay at Hetq.am`
here, here, here and here)