George Santayana. Skepticism and Animal Faith, The Life of Reason (excerpts). Translated by Marine Petrossian. Artasahmanyan grakanutiun magazine, No. 2, 2004.




Այսպիսով ես ո´չ մարդու գործողության կամ Կամքի զորությունը, ո´չ էլ դրա անկանխորոշվածությունն եմ ժխտում, այլ միայն՝ ոգու կամ երևակայական առարկաների կախարդական միջամտությունը նյութի հոսքին։

Տիեզերքը, որքան էլ որ կտրտված և անտրամաբանական լինի նրա ընթացքը, այն է, ինչ որ ինքը կա որպես ամբողջություն, իսկ որպես ամբողջություն այն պատահական է, այնպես որ ես նվազագույն իսկ հավատ կամ հույս չտածելով ինդետերմինիզմի հանդեպ, այնուհանդերձ տեսնում եմ, որ գոյություն ունեցող ողջ կանոնավորությունը հարաբերական է ու փաստացի և ոչ մի դեպքում պարտադրված չէ գոյությանը որևէ էության կամ օրենքի կողմից։ Այն ազատությունը որն այդքան շատ մարդիկ՝ ուսյալ կամ անուս, ցանկանում են ունենալ, կենսական ազատություն է՝ ինքդ դու լինելու և կյանքի դուռը բախող՝ հուգուդ*  ներուժը լույս աշխարհ հանելու ազատությունը։ Այս ազատությունը գոյություն ունի, ու թեև հոգու ձեռք բերած սովորությունների համաձայն տարբեր ձևափոխությունների ենթակված, այն հիմնարար կերպով պատկանում է ողջ կյանքին, կարող ենք ասել նույնիսկ՝ ողջ փոփոխություններին։ Ամեն ինչ այն է, ինչ որ է՝ իր իսկ սեփական նախաձեռնությամբ, ոչ թե որովհետև որևէ այլ երեևույթ դրա նման է եղել նախկինում և ստիպել է նրան կրկնել այդ էությունը։ Բոլոր էությունները կրավորական են, և գոյության հորձանքն իր ամեն կետում նույնքան ինքնուղղորդվող է, որքան ինքնուղղորդվող էր ի սկզբանե։ 

Ինչ վերաբերում է ոգուն հատուկ ազատությանը, ապա այստեղ գործ ունենք ոչ թե նյութը շարժող մոգական ուժի հետ, այլ այն փաստի հետ, որ երբեմն ազատագրվում ես հուզական շեղումներից և քեզ հնարավորություն է տրվում լինել մաքուր ոգի։

* - Հոգի - Հոգին (psyche), ըստ Սանտայանայի, մարդու ֆիզիկական մարմնի բնական կառույցն է՝ իր ժառանգական գծերի ամբողջությամբ։



Ես կարծում եմ ազատության և անհրաժեշտության մասին հին բանավեճը միշտ էլ բարոյապես դատարկ է եղել, որովհետև որն էլ որ իշխողը լինի ֆիզիկական ծննդյան շղթայում՝ շարունակականությունը թե թարմ սկիզբը, օրենքը թե դիպվածը, ոգին երկու դեպքում էլ խաղ է փաստերի հետ։ Բարոյապես հնարավոր ազատությունն ու տիրապետումն այլ տեսակի են, դրանք առնչվում են ոչ թե փաստերի ծագմանը, այլ կապվածությունների իմաստնությանը։ Կապվածությունները կարող են ազատագրել սիրտը կամ ստրկացնել այն։ Եվ հարցն այստեղ լավ ու վատ ճակատագիրը կամ դիպվածը չէ, այլ այն՝ մենք  խաբվե՞լ, թե չենք խաբվել մեր հետաքրքրությունների սկզբնական ընտրության ժամանակ։

###
Գոյությունը պատճառազուրկ է՝ ըստ էության է պատճառազուրկ, որովհետև եթե մտածեի թե տեսնում եմ դրա պատճառը, ստիպված էի լինելու փնտրել այդ պատճառի պատճառը, ad infinitim*։ Ես պետք է բավարարվեմ «որովհետև»-­ից առաջ՝ զուտ փաստի մոտ կանգ առնելով։ 

###
Ապացույց փնտրող քննադատի համար բանականության ամենից խորքային կանխադրույթներն ամենից կամայականն են։ Եվ իսկապես, կա՞ ավելի կամայական բան, քան գոյությունն է։ 

ad infinitim - մինչև անսահմանություն