Books


ՍԱԼԱԹ ԿՐԱԿՆՈՑՆԵՐՈՎ / SALAD WITH SHOTS

Designed by Mkrtich Matevosian. actual art, 2011

The book is available at Artbridge, ClubNoyan tapan Ilik bookstores and cafes in Yerevan, Abril  bookstore in Glendale, Los Angeles.




ապակե պատեր
սրճարան
ծովային կենդանիներով սալաթ
նարինջ
կարմիր նարինջ
կլոր կտրտել շարել են ափսեի եզրով
սիրուն ա
գարեջուր կիլիկիա մեծ
կրակոց
շատ մոտից էր
ու ոնց որ իսկական էր ոչ թե կինո
ով որ խոսում էր լռեց
հիմա լուռ ա
նորից կրակոց
կողքիս ապակին փշրվեց լցվեց սալաթիս մեջ
ծովային կենդանիներ
կարմիր նարինջ
սպիտակ ապակի
սիրուն ա
բայց պետք ա զգուշացնեին որ չի ուտվի
թե չէ մենյուն պարզապես ասում էր
սալաթ կրակոցներով


Կուզեի անպայման նշել, որ այս բանաստեղծությունը` Երկու sms, 2008-ի այդ օրերի լավագույն դոկումենտներից մեկը կմնա մինչեւիսկ այն ժամանակ, երբ այդ օրերի պատմությունն ինքը արդեն մի տողով տրվելիք պարզ փաստ դառնա: Բովանդակությունից այն կողմ` ինձ հետաքրքրողն այստեղ բանաստեղծումն է: Այն հետաքրքիր մի բան է ինձ բերում: Կանչելով, մոտեցնելով, ուզենալով այդ հեղափոխությունը` այն կանչող բանաստեղծությունը իր բուն տեքստ-մարմնով ու կառույցով հեղափոխության միջոցները, զենքերն ու գործիքնե՛րը չի, որ կիրառում է, դրանցո՛վ չի, որ ազդում է ինձ վրա: Թող որ տողերը հատ-հատ, հատու ու "ընդհատվող" են, դինամիկ ռիթմի մեջ դրված, բայց ազդելու, հուզիչ լինելու ամենամեծ բաժինը, գաղտնիքը եթե կուզեք, կրկնումինն է, հիմնականում բանաստեղծության առաջին հատվածի սահել-բացվել-գնալունն ու, պտույտով վերադառնալով, բանաստեղծությունը շրջագծելունը: Ընդհանրապես, անկախ իր ողջ հատուությունից, Մարինե Պետրոսյանի բանաստեղծությունը իր ներքին եզրով սահելու մի գաղտնիք ունի, որը թանկ բան է: Ընդգրկման մի ռակուրսի մասին կուզեի ասել, որ հետաքրքիր է ինձ համար. կռվով, "պերմանենտ կռվով", անգամ օգնություն չակնկալելու պարագայում, բայց, մեկ է, նորի, մեծի, հզորի իր պահանջը գոռալով հանդերձ` հեղինակի ստեղծած բանաստեղծական դաշտը տեսնում, ցավ է զգում ու "ապրելու տարածություն" է փորձում ստեղծել քանդվող-անհետացողի համար, նույնիսկ եթե այն "մռայլ էր ու այլանդակ", եւ հենց բանաստեղծությունն է տալիս նրան որպես ապրելու տարածություն (Ապրելու տարածություն):
/ Նաիրա Հարությունյան, երկու նավ Հայաստանի ծովափին, Արտերիա, 2011 /