Books


ԿԱՐՄԻՐ ԱՖԻՇ /RED POSTER

actual art. 2011. Designed by Mkrtich Matevosian.

The book contains essays first published in Haikakan jamanak daily (2007-2009), as well as in Lragir.am (2010) and 7or.am (2010-11)

The book is available at Artbridge MetroClubNoyan tapan Ilik bookstores and cafes in Yerevan, Abril  bookstore in Glendale, Los Angeles.




THE TIME HAS COME TO QUIT THE MARSHES: an essay written on the eve of the Armenian presidential election, 2008


ՃԱՀԻՃԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Նոր տարվա հետ կապված իմ ամենավառ հիշողությունը գալիս ա մանկությունից: Դրա մեջ տոնական սովորական ատրիբուտիկա չկա՝ ոչ Ձմեռ պապ, ոչ տոնածառ, միայն ձյուն, նոր եկած ձյուն, որ խշրտում էր սապոգներիս տակ: Իմ սապոգները կարմիր ու նոր էին, ճռռում էին, եւ դրանց ճռռոցն ու ձյան խշրտոցը առաջացնում էին ձայնային մի խառնուրդ, որից գլուխս պտտվում էր: Էս հիշողությունը հստակ գործողության վայր ունի՝ Գուլակյան-Վաղարշյան խաչմերուկի մոտակայքը, որտեղով ես հիմա էլ օրումեջ անցնում եմ: Եւ ամեն անգամ անցնելիս մտածում եմ՝  ինչ տարբեր էր աշխարհի ֆորմատն էն ժամանակ: Ես չորս թե հինգ տարեկան էի, իմ ձեռքը հորս ձեռքի մեջ էր, եւ շրջապատող աշխարհը ուժի ու կանոնավորության մի կեղեւ ուներ: էնքան ամուր, որ ջարդելու ցանկություն էր առաջանում: Իմ ամբողջ պատանեկությունն անցավ «կեղեւ ջարդելու» էդ ցանկությունն առարկայացնելու փնտրտուքի մեջ: Բայց ինչքան հեռու են արդեն էդ ժամանակները՝ մնացին անցած հազարամյակում: Էսօր պարզից էլ պարզ  ա արդեն, որ աշխարհը կեղեւ չունի: Անպաշտպան ա, ոնց որ երեխան: Ու երբ որ ասում եմ՝ «էսօր», էդ բառի մեջ կան իմ անձնական ժամանակը, աշխարհի ժամանակը, եւ Հայաստանի ժամանակը: Ու էս ձմեռը հենց նրանով ա ֆանտաստիկ, որ էդ երեք ժամանակները խառնվել մի գետի մեջ՝ հոսում են պատուհանիս տակով: Էս զգացողությունը, որ ժամանակը գետ ա ու հոսում ա պատուհանիս տակով, ես մեկ էլ 88-ին ունեի: Բայց էն ժամանակվա գետն ուրիշ էր:  Ջրերն էնքան հեշտ ու էնքան հանկարծ էին բարձրացել, որ դրանց ակունքն ասես հեքիաթի մեջ լիներ: Հեքիաթն ավարտվեց՝ ջրերը հետ քաշվեցին: Ու ջրերի հետ հեռացավ իմ երկար ձգված պատանեկությունը, մնաց գիտակցությունը, որ աշխարհը կեղեւ չունի, որ կյանքն էնքան հեշտ ա քանդվում, իսկ սարքվում ա ահավոր դժվար:
Ու հիմա, պատշգամբիցս նայելով ցած՝ ձյուների մեջ կորած Երեւանին, ես մտածում եմ՝ էս անգամ Թումանյան Հովհաննեսի ծննդյան օրը նշելու ենք բաց երկնքի տակ: Փետրվարի 19-ին կհավաքվենք Ազատության հրապարակում՝ իրա արձանի շուրջը, ու էլ չենք ցրվի: Որովհետեւ եթե հաղթանակը շուտ գա՝ դեռ առաջին փուլում, պետք կլինի մի քիչ կանգնել՝ պաշտպանելու համար մեր թիկունքը: Իսկ եթե հաղթանակը հանկարծ ուշանա, ուրեմն կկանգնենք ավելի երկար: Էս անգամ մենք երեւի ավելի քիչ լինենք, քան 1988-ին էինք, բայց փոխարենը կկանգնենք մինչեւ վերջ: «Մենք» ասելով ես նկատի չունեմ մենակ նրանց, ում սկսել են անվանել «լեւոնական»: Էս ընտրություններն ընդամենը Լեւոնի ու Սերժի միջեւ չեն: Փետրվարի 19-ին ընտրատեղամասերից ուղիղ Ազատության հրապարակ են գալու բոլոր նրանք, ովքեր ուզում են վերադարձնել Հայաստանը: Որովհետեւ Հայաստանը գողացել են: Ու էս անգամ գողը Հազկերտը չի, այլ Հազկերտի մարզպանի մարզպանը: Ու էն փաստը, որ Սերժը դժվար թե հասկանա «մարզպան» բառի լրիվ իմաստը, չի խանգարում իրան լինել հենց էդ: Որովհետեւ ինքը ոչ թե նշանակումով ա մարզպան, այլ տեսակով: Ու ողբերգությունն էն ա, որ էդ տեսակը Հայաստանում դարավոր արմատներ ունի: Որովհետեւ էս հողն անցած երեք հազար տարվա մեջ շատ քիչ ա եղել Հայաստան, ավելի շատ եղել ա սրա-նրա պրովինցիան: Ու պատանեկան ռոմանտիզմ էր մտածելը, թե Հայաստանը վերականգնելն էր ամենադժվար գործը, դրանից հետո ամեն ինչ կլինի ավելի հեշտ: Ոչինչ հեշտ չեղավ, ամեն ինչ գնալով ավելի խճճվեց, ու էսօրվա վիճակով մենք փաստորեն կորցրել ենք Հայաստանը: Աննկատ ու անարյուն ենք կորցրել, առանց կռվի ենք տվել, որովհետեւ Հայաստանը ոչ թե գրավել են, այլ գողացել, ու գողը ներսից ա: Ու որովհետեւ հիմարի պես քնել ու մեր ամենաթանկ բանն առանց կռվի ենք տվել, հիմա արդեն կռիվն անխուսափելի ա: Ու պետք ա հստակ գծել սահմանը, որ կռիվը մինչեւ վերջ ազնիվ լինի, ու բոլորով կանգնենք՝ ինչքան պետք եղավ: Բաժանման գիծը մեզանից դուրս չի, Տղմուտ գետն էս անգամ մեր ներսով ա անցնում: Դիմացը կանգնած ա մեկը, որի միակ հաղթաթուղթը մեր միջի կասկածն ա: Էդ կասկածն ասում ա՝ գուցե իսկապե՞ս էս երկրի կարողությունը սերժական մարզպանությունից ավելի բարձր «չի ձգում»: Բայց էս երկրի կարողությունը մեր ամեն մեկիս կարողությունների գումարն ա: Ու էս տեսակ կասկածը ցրելու մենակ մի ճանապարհ կա՝գործողությունը: Փետրվարի19-ին մենք կհավաքվենք Ազատության հրապարակում՝ տեսնելու մեզ ինչ ափ ա դուրս բերում մեր հավաքական գործողությունը: Ու վերջապես կերեւա հորիզոնը, որին էնքան կարոտել էինք: Նորից կերեւա ճանապարհը, որ մեզանից գողացել էին: Մանկությունը երբեք չի կրկնվում, ու երբեք չի կրկնվի իմ ճռճռան, կարմիր սապոգների տակ խշրտացող ձյունը, որից գլուխս պտտվում էր: Էդ ձյունն էնքան փափուկ էր, դրա միջով ճանապարհ բացելու համար հերիքում էր իմ մանկական ոտքերի փոքրիկ ուժը: Բայց ճանապարհներ կան, որ բացվում են ավելի դժվար: Ճանապարհներ կան, որ մենակ  չես բացի, դրանք բացելու համար պետք ա հավաքական կարողություն: Փետրվարի 19-ը ցույց կտա մեր հավաքական կարողության չափը: Ինչքան որ մեր կարողությունն ա՝ էդքանով էլ կբացվի հորիզոնը: Ու որ բացվեց, արդեն չի փակվի: Մարզպանությունը Հայաստանից հենց դրանով ա տարբերվում՝ հորիզոնի բացակայությամբ: Մեզանից լավ ո՞վ ա ծանոթ անապագա ու անհորիզոն գոյության կծու համին:  «Հանրապետական» անունը գիշերով թռցրած հագուստի նման թարս հագած մի կուսակցություն մեզ փորձում ա համոզել, թե էդ կծու համը մեր հայրենի, «ցեղական» համն ա: Այնինչ մենք էս երկիրը սկսել էինք կառուցել որպես հանրապետություն, ոչ թե ցեղապետություն:  Որպես հակառակորդ մենք Մոսկվան ու Բաքուն էինք պատկերացնում, ու չնկատեցինք, թե ոնց մեզ կուլ տվեց մեր հայրենի՝«ցեղական» ճահիճը: Ու հիմա կա ընդամենը երկու տարբերակ՝ կամ դուրս գալ տիղմից, կամ մնալ տիղմում: Երրորդ տարբերակն էսօր չկա, երրորդ, չորրորդ եւ մնացած բոլոր տարբերակները կհայտնվեն վաղը, երբ որ դուրս եկած կլինենք բաց ճանապարհ: Իսկ էդ «վաղը» բերելու ենք մենք: Բերելու ենք, հակառակ կանաչ ու դեղին գորտերի, որոնք կռռում են, թե մենք ճահիճի կանաչ ջրերին ենք արժանի, թե դրանք մեր հայրենիքն են: Բայց մենք մարդ ենք, ոչ թե գորտ, ու ճահիճը չի կարող լինել մեր հայրենիքը: Մեր շուրջը լերդացած էս կանաչ ջրերի կծու համը մեր դարավոր խեղճության համն ա, գումարած թարմ սխալները, որ հենց մենք են գործել: Որովհետեւ մենք մարդ ենք ու սխալական: Մենք մեր սխալները կուղղենք, բայց դրա համար նախ պետք ա դուրս գալ ճահիճից: Ու մենք դա կանենք, բոլորով միասին, Թումանյան Հովհաննեսի ծննդյան օրը: Քիչ մնաց:
                                                                
«Հայկական ժամանակ», 8 հունվար 2008